«Նոյեմբերի 10-16. «Ես տեսել եմ քո զոհաբերությունները՝ ի հնազանդություն»․ Վարդապետություն և Ուխտեր 129-132», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 129-132», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Նոյեմբերի 10-16. «Ես տեսել եմ քո զոհաբերությունները՝ ի հնազանդություն»
Վարդապետություն և Ուխտեր 129-132
Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը որոշ խորհուրդներ ի լուս բերեց հավերժությունից: Աստծո մեծությունը, երկնքի փառքը և հավերժության անսահմանությունը կարող են գրեթե ծանոթ թվալ վերականգնված ավետարանի լույսի ներքո, նույնիսկ մեզ նման սահմանափակ մտքերին: Վարդապետություն և Ուխտեր 129–32 հատվածների հայտնությունները լավ օրինակ են: Ինչպիսի՞ն է Աստված: Նա «մարմին` շոշափելի, ինչպես մարդունը»: Ինչպիսի՞ն է երկինքը։ «Միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր միջև» (Վարդապետություն և Ուխտեր 130․22, 2)։ Իրականում, երկնքի մասին ամենաուրախ ճշմարտություններից մեկն այն է, որ այնտեղ կարող են տեղ գտնել մեր փայփայած ընտանեկան հարաբերությունները, եթե կնքված լինեն համապատասխան իշխանության կողմից: Այդպիսի ճշմարտությունների շնորհիվ մենք կզգանք, որ երկինքն այնքան էլ հեռու չէ։ Այն փառավոր է, միևնույն ժամանակ՝ հասանելի։
Բայց երբեմն Աստված կարող է խնդրել մեզ որոշ բաներ անել, որոնք անհարմար և անհասանելի են թվում: Վաղեմի սրբերից շատերի համար բազմակի ամուսնությունը այդպիսի մի պատվիրան էր։ Մեծ փորձություն էր Ջոզեֆ Սմիթի, նրա կնոջ՝ Էմմայի և գրեթե բոլորի համար, ովքեր ստացան այն։ Այս փորձության միջով անցնելու համար նրանք պետք է ավելին ունենային, քան պարզապես համակրանքն էր՝ վերականգնված ավետարանի հանդեպ, նրանց անհրաժեշտ էր ունենալ հավատք առ Աստված, որը շատ ավելի խոր կլիներ։ Այդ պատվիրանն այսօր չկա, բայց այն մարդկանց հավատարիմ օրինակը, որոնք ապրել են այդ պատվիրանի համաձայն, մնացել է։ Եվ այս օրինակը ոգեշնչում է մեզ, երբ մեզանից պահանջվում է կատարել մեր «զոհաբերությունները՝ ի հնազանդություն» (Վարդապետություն և Ուխտեր 132․50)։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 130-132
Աստված ցանկանում է վեհացնել Իր զավակներին
Շատ բաներ կան, որ մենք չգիտենք վեհացման կամ սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանում այն կյանքի մասին, որով ապրում է Աստված: Դրանց մեծ մասը գուցե վեր է մեր ներկայիս հասկացողությունից։ Սակայն Աստված հայտնել է որոշ թանկագին մտքեր, որոնցից շատերը գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 130-32-ում։ Դուք կարող եք կարդալ՝ մտքում ունենալով հետևյալ հարցերը․ Ես ի՞նչ եմ սովորում Աստծո մասին։ Ի՞նչ եմ ես սովորում մահկանացու կյանքից հետո եկող կյանքի մասին։ Ինչպե՞ս է հավերժական կյանքի մասին այս տեղեկատվությունը օրհնում իմ կյանքը այժմ:
Տես նաև Our Hearts Rejoiced to Hear Him Speak, Revelations in Context, 277–80։
Վարդապետություն և Ուխտեր 130․20-21, 132․5
Աստված օրհնում է այն մարդկանց, որոնք հնազանդվում են Իր օրենքներին
Ձեր բառերով ասացեք, թե Տերն ինչ է ուսուցանում Վարդապետություն և Ուխտեր 130.20–21 և 132.5 հատվածներում: Խորհեք, թե ինչպես է այս սկզբունքը դրսևորվել ձեր կյանքում:
Երբեմն, նույնիսկ երբ մենք հնազանդվում ենք Աստծուն, օրհնությունները, որոնց համար մենք հույս ունենք, անմիջապես չեն գալիս: Ինչպե՞ս եք պահում ձեր հավատքն ու հույսը, երբ օրհնություններն անմիջապես չեք ստանում։ Մտքեր փնտրեք երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Մեր հարաբերությունը Աստծո հետ» ուղերձում, (Լիահոնա, մայիս 2022, 78–80)։
Տես նաև 1 Նեփի 17․35, Վարդապետություն և Ուխտեր 82․10։
Վարդապետություն և Ուխտեր 132․13-21
Երկնային Հայրը հնարավոր է դարձրել, որ ընտանիքները հավերժ լինեն
Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը վերականգնեց այն ճշմարտությունը, որ ամուսնությունը և ընտանեկան հարաբերությունները կարող են հավերժ լինել: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 132.13-21 հատվածները, փնտրեք արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ հասկանալ տարբերությունը հետևյալի միջև. ինչն է հավերժ «մնում», իսկ ինչը՝ ոչ: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ ամուսնական հարաբերությունները պետք է լինեն «[Տիրոջով]» (հատված 14):
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն իր «Գովք փրկարարներին» ուղերձում հակադրում է հավերժական ամուսնական հարաբերությունները «մեկանգամյա օգտագործման» իրերի հետ (Լիահոնա, մայիս 2016, 77–78): Ի՞նչ է ձեզ ուսուցանում այս հակադրությունն այն մասին, թե ինչպես սնուցել կամ պատրաստվել ամուսնական հարաբերություններին: Մտածեք այժմ և ապագայում ձեր ընտանեկան հարաբերությունների մասին, երբ կարդաք երեց Ուխդորֆի ուղերձը: Ի՞նչ եք սովորում այնտեղ, որը ձեր ընտանեկան հարաբերությունների համար ձեզ հույս է տալիս առ Քրիստոս:
Նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է այս խորհրդով, որը ստացել էր այն ժամանակ, երբ անհանգստանում էր իր ընտանեկան իրավիճակի համար. «Դուք պարզապես ապրեք սելեստիալ արքայությանն արժանի կյանքով և ընտանեկան ձեռքբերումներն ավելի հրաշալի կլինեն, քան դուք կարող եք պատկերացնել» («Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում», Լիահոնա, մայիս 2019, 25)։ Ինչպե՞ս կարող է այս խորհուրդը օգնել ձեզ կամ ձեր ծանոթին:
Տես նաև «Families Can Be Together Forever», Hymns, 300, Թեմաներ և հարցեր, «Ամուսնություն», Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 132․1-2, 29-40
Բազմակի ամուսնությունն ընդունելի է Աստծո համար միայն այն դեպքում, եթե Նա է պատվիրել դա
Շատերը, ովքեր կարդացել են Հին Կտակարանը, հավանաբար մտածել են այն փաստի մասին, որ Աբրահամը, Հակոբը, Մովսեսը և մյուսները ամուսնացել են բազմաթիվ կանանց հետ։ Արդյո՞ք Տիրոջ այս ծառաները շնություն էին անում: Աստված թույլատրե՞լ էր նրանց ամուսնությունները։ Ջոզեֆ Սմիթը նմանատիպ հարցեր ուներ: Փնտրեք պատասխանները, որոնք Աստված տվեց Վարդապետություն և Ուխտեր 132․1-2, 29-40։
Մի տղամարդու և մի կնոջ միջև ամուսնությունը Աստծո ամուսնության չափանիշն է (տես Պաշտոնական հայտարարություն-1 նախաբանը, Հակոբ 2․27, 30)։ Այնուամենայնիվ, եղել են ժամանակներ, երբ Աստված պատվիրել է Իր զավակներին կիրառել բազմակի ամուսնություն։
Վերականգնված Եկեղեցու վաղ տարիները եղել են այդ բացառության ժամանակահատվածները։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ վաղ շրջանում Սրբերի կողմից բազմակի ամուսնության կիրառման մասին, տես Mercy Thompson and the Revelation on Marriage (Revelations in Context, 281–93), Saints, 1:290–92, 432–35, 482–92, 502–4, Բազմակի ամուսնությունները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, Ավետարանի գրադարան, «Ինչու՞ էր անհրաժեշտ, որ Ջոզեֆ Սմիթը և մյուսները կիրառեն բազմակնությունը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 130․2, 18–19, 132․13, 19
Երկնային Հայրը ցանկանում է, որ ես կենտրոնանամ հավերժական բաների վրա
-
Ի՞նչ է մեզ ուսուցանում Վարդապետություն և Ուխտեր 132․13 հատվածը աշխարհիկ գործերի մասին։ Գուցե դուք և ձեր երեխաները ցանկանաք ճամպրուկ կամ պայուսակ հավաքել, վերցնելով այն իրերը, որոնք համաձայն Վարդապետություն և Ուխտեր 130․2, 18-19, 132․19 հատվածների, մենք կարող ենք մեզ հետ տանել հաջորդ կյանք։
Վարդապետություն և Ուխտեր 130․20–21, 132․5, 21–23
Աստված օրհնում է ինձ, երբ ես հնազանդվում եմ Նրա օրենքներին
-
Թերևս պարզ համեմատությունը կարող է սովորեցնել ձեր երեխաներին Աստծո պատվիրաններին հնազանդվելու մասին: Օրինակ՝ կարող եք խնդրել նրանց ուղղություն ցույց տալ՝ քայլելու դեպի ինչ-որ տեղ՝ դպրոց կամ Եկեղեցու շենք: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք չենք հետևում ցուցումներին: Ապա կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 130․21 հատվածը և համեմատել այս ուղղությունները Աստծո կողմից մեզ տրված պատվիրանների հետ:
-
Կարող եք նաև միասին երգել մի երգ հնազանդության մասին, օրինակ. «Keep the Commandments» (Children’s Songbook, 146-47), և Վարդապետություն և Ուխտեր 130.20–21 և 132.5 հատվածներում գտնել բառեր, որոնք նման են երգի բառերին։ Ինչպե՞ս է Աստված օրհնում մեզ, երբ մենք ձգտում ենք պահել Նրա պատվիրանները:
Վարդապետություն և Ուխտեր 130․22
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն անմահ ֆիզիկական մարմիններ
-
Վարդապետություն և Ուխտեր 130.22 հատվածը միասին կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք նայել Հիսուս Քրիստոսի նկարին և ցույց տալ Նրա աչքերը, բերանը և Նրա մարմնի այլ մասերը: Ձեր երեխաները կարող են ցույց տալ իրենց մարմնի այդ նույն մասերը: Ասացեք նրանց, թե ինչու է ձեզ համար կարևոր իմանալ, որ մեր մարմինները նման են Երկնային Հոր և Հիսուսի մարմիններին:
Վարդապետություն և Ուխտեր 132․19
Երկնային հայրը հնարավոր դարձրեց, որ ընտանիքները հավերժ միասին լինեն
-
Օգնեք ձեր երեխաներին մտածել օրինակներ այն բաների մասին, որոնք հավերժ չեն. ուտելիք, որը փչանում է, ծաղիկներ, որոնք թոշնում են և այլն: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.19 հատվածը և գտեք հիմնական արտահայտությունները, ինչպիսիք են՝ «հավիտենական ուխտ», «կնքված», «ողջ հավերժության ընթացքում» և «հավիտյանս հավիտենից»: (Տես նաև «Գլուխ 55. Հայտնություն ամուսնության մասին», Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 198–66, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում։) Կարող եք նաև դիտել ձեր ընտանիքի նկարները և վկայել, որ Տերը տաճարային արարողությունների և ուխտերի միջոցով հնարավոր է դարձրել, որպեսզի ընտանիքները հարատևեն: