«Նոյեմբերի 3-9. «Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար»․ Վարդապետություն և Ուխտեր 125-128», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 125-128», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Մենք նրանց հետ և նրանք մեզ հետ, Քեյթլին Քոնալի
Նոյեմբերի 3-9. «Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար»
Վարդապետություն և Ուխտեր 125-128
1840 թվականի օգոստոսին վշտահար Ջեյն Նեյմանը լսեց Մարգարե Ջոզեֆի խոսքը՝ իր ընկեր Սեյմուր Բրունսոնի թաղման արարողության ժամանակ։ Ջեյնի դեռահաս որդին՝ Սայրուսը նույնպես վերջերս էր մահացել։ Նրա վշտին ավելացել էր այն փաստը, որ Սայրուսը մկրտված չէր, և Ջեյնը անհանգստացած էր, չիմանալով, թե դա ինչ նշանակություն կունենա նրա հավերժական հոգու համար: Ջոզեֆը նույնն էր մտածում իր սիրելի եղբոր՝ Ալվինի մասին, որը նույնպես մահացել էր նախքան մկրտվելը։ Այդպիսով, մարգարեն որոշեց մյուսների հետ, ովքեր ներկա էին թաղման արարողությանը, կիսվել նրանով, թե Տերն ինչ էր հայտնել իրեն այն մարդկանց մասին, որոնք մահացել են՝ առանց ավետարանի արարողությունները ստանալու, և թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։
Մահացածների համար կատարվող մկրտության վարդապետությունը ոգևորեց սրբերին. նրանց մտքերն անմիջապես դարձան դեպի ընտանիքի հանգուցյալ անդամները։ Այժմ հույս կար նրանց համար։ Ջոզեֆը կիսում էր նրանց ուրախությունը։ Ավելի ուշ ուսուցանելով այս վարդապետության մասին, նա ուրախ և խանդավառ խոսքերով փոխանցեց այն, ինչ Տերն ուսուցանել էր իրեն մահացածների փրկության մասին. «Թող սարերն ուրախությունից գոչեն, և դուք, բոլոր հովիտներ, բարձր աղաղակեք. և դուք, բոլոր ծովեր և ցամաքներ, պատմեք զարմանալիքները ձեր Հավերժական Թագավորի» (Վարդապետություն և Ուխտեր 128․23)։
Տես Saints, 1:415–27, «Letters on Baptism for the Dead», Revelations in Context, 272–76։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Տերը ցանկանում է, որ ես հոգ տանեմ իմ ընտանիքի անդամների մասին
Անգլիայի միսիայից վերադառնալուց հետո, որը նրա ծառայած բազմաթիվ միսիաներից մեկն էր, Բրիգամ Յանգը ստացավ ևս մեկ կարևոր կոչում Տիրոջից: Նրան ասվեց «առանձնակի հոգալ իր ընտանիքի համար» (3-րդ հատված), որը տուժել էր իր բացակայությունից։ Երբ ուսումնասիրեք այս բաժինը, մտածեք, թե ինչու է Տերը երբեմն պահանջում զոհաբերություն մեր ծառայության մեջ: Ի՞նչ կարող եք անել ձեր ընտանիքի մասին հոգ տանելու համար:
Տես նաև «Take Special Care of Your Family», Revelations in Context, 242–49։
Վարդապետություն և Ուխտեր 127․2-4
Ես կարող եմ ապավինել Տիրոջը դժվարին պահերին
1842 թվականի օգոստոսին կեղծ մեղադրանքները և ձերբակալության սպառնալիքը կրկին ստիպեցին Ջոզեֆ Սմիթին թաքնվել։ Այնուամենայնիվ, այն խոսքերը, որ նա գրել էր սրբերին այդ ընթացքում (այժմ՝ Վարդապետություն և Ուխտեր 127), լի են լավատեսությամբ և ուրախությամբ։ Ի՞նչ են ուսուցանում Աստծո մասին 2-4 հատվածները, նաև այն մասին, թե դուք ինչպե՞ս կարող եք վերաբերվել ծաղրին և հակադրությանը։ Այս հատվածներից ո՞ր արտահայտությունները կարող են օգնել ձեզ, երբ հալածված եք զգում: Կարող եք գրել, թե ինչպես է Տերը սատարում ձեզ ձեր կյանքի «խորը ջրերում»։
Վարդապետություն և Ուխտեր 127․5-8, 128․1-8
«Ինչ-որ դուք կապեք երկրի վրա, կապված լինի երկնքում»
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 127․5–8, 128․1–8 հատվածները, փնտրեք պատճառները, թե ինչու Տերը Ջոզեֆ Սմիթին հատուկ ցուցումներ տվեց՝ մահացածների համար կատարվող մկրտությունները գրանցելու վերաբերյալ։ Ի՞նչ եք սովորում այդտեղից Տիրոջ և Նրա աշխատանքի մասին։ Ձեր կարծիքով, այս հրահանգն ինչպես կարող է կիրառվել ձեր անձնական ընտանեկան գրառումներում, ինչպիսիք են անձնական օրագրերը:
Մեր նախնիների համար տաճարային ծառայություններ կատարելու շնորհիվ մեր սրտերը կապվում են նրանց հետ։
Վարդապետություն և Ուխտեր 128․5-25
Իմ նախնիների փրկությունը էական է իմ փրկության համար
Նրանից, ինչ Աստված բացահայտեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, պարզ է դառնում, թե ինչու մեր նախնիները, որոնք չէին մկրտվել այս կյանքում, իրենց փրկության հարցում մեր օգնության կարիքն ունեն։ Մենք մկրտվում ենք նրանց անունից, որպեսզի նրանք կարողանան ընտրել՝ ընդունել կամ մերժել այս արարողությունը: Բայց Մարգարեն նաև ուսուցանել է, որ մեր նախնիների փրկությունը «անհրաժեշտ է և էական մեր փրկության համար»։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 128.15–18 հատվածները, մտածեք, թե ինչու է դա այդպես:
5-րդ հատվածն ուսուցանում է, որ մահացածների համար կատարվող մկրտության արարողությունը «նախապատրաստ[վ]ել է աշխարհի հիմնադրումից առաջ»։ Այդ ճշմարտությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Աստծո և Նրա ծրագրի մասին։ Երեց Դեյլ Գ․ Ռենլանդի «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում» ելույթը ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ այն: (Լիահոնա,մայիս 2018, 46-49)
Քահանայության արարողությունների և մահացածների մկրտության մասին ուսուցանելիս Ջոզեֆ Սմիթն օգտագործել է «կապող զորություն», «կապակցող օղակ» և «կատարյալ մի միացում» արտահայտությունները։ Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 128․5-25 հատվածները, փնտրեք այս և նմանատիպ այլ արտահայտություններ։ Կարո՞ղ եք պատկերացնել առարկաներ, որոնք կարող եք օգտագործել այս արտահայտությունները ցուցադրելու համար, օրինակ՝ շղթա կամ պարան: Ինչո՞ւ են դրանք լավ արտահայտություններ՝ այս վարդապետությունը նկարագրելու համար:
Հետևյալ հարցերի քննարկումը կարող է նաև օգնել ձեզ ուսումնասիրել այս հատվածները.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ մահացածների համար մկրտությունը կարելի է համարել «ամենափառավոր թեման, որը պատկանում է հավիտենական ավետարանին» (հատված 17)։ Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ այդպես զգալ:
-
Ինչպե՞ս կարող է երկիրն անիծվել, եթե «մի կապակցող օղակ չլինի հայրերի և զավակների միջև …» (հատված 18)։
-
19-25 հատվածների Ջոզեֆ Սմիթի խոսքերից որո՞նք են տպավորիչ ձեզ համար։ Այս հատվածներն ինչպե՞ս են փոխում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վերաբերմունքը: Ինչպե՞ս են դրանք փոխում ձեր նախնիների համար տաճարային ծառայության մասին ձեր վերաբերմունքը (տես նաև «Come, Rejoice», Hymns, 9):
Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո դուք ի՞նչ եք ոգեշնչվում անել ձեր նախնիների համար: FamilySearch.org մտքերը կարող են օգտակար լինել։
Ավետարանի գրադարանի «Ոգեշնչող տեսանյութեր» բաժինը «Տաճարային և ընտանեկան պատմություն» հավաքածուից կարող են ձեզ օգնել գործնականում՝ ոգեշնչող պատմություններով և ընտանեկան պատմության վերաբերյալ ղեկավարների ուղերձներով:
Օգտագործեք Եկեղեցու համապատասխան ռեսուրսները: «Եկ, հետևիր ինձ» համառոտ շարադրանքի հղումների միջոցով կարող եք հեշտությամբ բացել օգտակար ռեսուրսները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ և կիրառել ավետարանի ճշմարտությունները կամ գործել ըստ ստացած տպավորությունների: Օրինակ՝ վերոնշյալ FamilySearch հղումը հանգեցնում է այնպիսի գործողությունների, ինչպիսիք են՝ ձեր անձնական տոհմածառի ստեղծումը, տաճարային արարողությունների կարիք ունեցող նախնիներին գտնելը, տեսնել, թե որտեղից են եկել ձեր նախնիները կամ վերբեռնել ընտանեկան պատմությունը:
Տես նաև Քեվին Ռ. Դանքըն, «Ձայն ուրախության», Լիահոնա, մայիս 2023, 95-97։
«Փառահեղ և սքանչելի բան»
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.
«Բոլորի համար կատարած Հիսուսի Քավությունը ներկայացնում է մեծ հաղթական զոհաբերություն։ Նա տվեց օրինակ, որով դարձավ փոխանորդ ողջ մարդկության համար։ Այդ օրինակը, որի համաձայն մարդը կարող է գործել մեկ ուրիշի փոխարեն, առաջ է գնում Տիրոջ տան արարողություններում։ Այստեղ մենք ծառայում ենք նրանց փոխարեն, ովքեր մահացել են առանց ավետարանի իմացության։ Հնարավորություն կա ընդունելու կամ մերժելու կատարված արարողությունը։ Նրանք հավասար իրավունքներ ունեն այս աշխարհում քայլողների կողքին։ Մահացածներին տրվել է նույն հնարավորությունը, ինչ` ողջերին։ Կրկին, ինչպիսի փառահեղ և սքանչելի բան է Ամենազորն ապահովել Իր Մարգարեին տրված Իր հայտնության միջոցով» («Հրաշալի բաներ, որոնք Աստված հայտնի է դարձրել», Լիահոնա, մայիս 2005, 82-83)։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 126․3
Ես կարող եմ օգնել հոգ տանել իմ ընտանիքի մասին
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել, թե ինչպես ծառայել իրենց ընտանիքի անդամներին, քննարկեք Բրիգամ Յանգի մասին տեղեկատվությունը «Գլուխ 50. Սրբերը Նավուում» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 184 կամ Ավետարանի գրադարանի համապատասխան տեսանյութը), կամ ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 126-ը ձեր սեփական խոսքերով: Դուք կարող եք ընդգծել «առանձնակի հոգալ ընտանիքիդ համար» արտահայտությունը (հատված 3) և խոսել ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչ է նշանակում հատուկ հոգալ մեր ընտանիքների մասին:
1:33Chapter 50: The Saints in Nauvoo: January–July 1841
-
Ձեր և ձեր երեխաների համար գուցե հետաքրքիր լինի ընտանեկան նկարները դիտել (կամ նկարներ նկարելը), երբ դուք միասին խոսում եք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել «հոգալ» ընտանիքի անդամների մասին: Կարող եք նաև երգել նման մի երգ. «Home Can Be a Heaven on Earth», (Hymns, 298)։
Վարդապետություն և Ուխտեր 128․5, 12
Աստծո բոլոր զավակները պետք է հնարավորություն ունենան մկրտվելու
-
Հրավիրեք ձեր երեխաներին պարզել Վարդապետություն և Ուխտեր 128.1 հատվածից, թե ինչ թեմա էր զբաղեցրել Ջոզեֆ Սմիթի միտքը: Նրանք կարող են նաև կարդալ հատված 17-ը և գտնել, թե որ թեման էր նա համարում «ամենափառավորը»: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց գտածով և քննարկել, թե ինչու էր այդ թեման այդքան ոգևորիչ:
-
Բացի նրանից, որ ձեր երեխաներին կօգնեք պատրաստվել (և ապրել) ըստ իրենց մկրտության ուխտերի, դուք կարող եք օգնել նրանց իմանալ, թե ինչպես օգնել այն մարդկանց, որոնք չեն կապել այս ուխտերը իրենց կյանքի ընթացքում: Կարող եք պատմել ձեր երեխաներին ձեզ ծանոթ որևէ մարդու մասին, որը մահացել է առանց մկրտվելու: Ապա դուք կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 128.5 հատվածը և նայել տաճարի մկրտության ավազանի նկարին (ինչպես այս համառոտ շարադրանքի վերջում պատկերվածը): Ասացեք ձեր երեխաներին, թե ինչ եք զգում, երբ մկրտվում եք տաճարներում մահացած մարդկանց համար, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ուխտեր կապել Երկնային Հոր հետ:
Վարդապետություն և Ուխտեր 128․18
Երկնային Հայրն ուզում է, որ ես սովորեմ իմ ընտանիքի պատմությունը
-
Ձեր և ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել թղթե շղթա պատրաստելը ծնողների, տատիկների, պապիկների, նախապապերի անուններով և այլն (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Այնուհետև դուք կարող եք կիսվել միմյանց հետ, թե ինչ գիտեք այդ նախնիների մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.18 հատվածը, պարզելով, թե ինչ է «կապակցող օղակը», որը դարձնում է մեր ընտանեկան պատմությունը «ամբողջական և լրիվ»: Կարող եք նաև դիտել «Քաջություն. Կարծում եմ ես դա Նրանից եմ ստանում» տեսաֆիլմը (Ավետարանի գրադարան):
1:38Courage: I Think I Get It From Him
-
Լրացուցիչ միջոցառումներ, որոնք կօգնեն ձեր երեխաներին մասնակցել ընտանեկան պատմությանը, կարելի է գտնել «Տաճարը և Երջանկության ծրագիրը» հավելված Բ-ում կամ FamilySearch.org կայքում:
Տաճարային արարողություններն օգնում են մեզ միավորել ընտանիքները, ինչպես շղթայի օղակները:
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։