«Մայիսի 27-ից հունիսի 2-ը: Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12-13, Ղուկաս 21. «Որդին գալու է իր Հօր փառքովը» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Մայիսի 27-ից հունիսի 2-ը Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12-13, Ղուկաս 21», «Որդին գալու է իր Հօր փառքովը» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.
Մայիսի 27-ից հունիսի 2-ը
Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21
«Որդին գալու է իր Հօր փառքովը»
Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1, Մատթեոս 25-ը, Մարկոս 12–13-ը, և Ղուկաս 21-ը, կարող եք հարցնել. «Այս գլուխներն ի՞նչ ուղերձներ ունեն ինձ համար: Իսկ իմ ընտանիքի՞: Իսկ իմ կոչմա՞ն համար»:
Գրի առեք տպավորությունները
Հիսուսի աշակերտները, հավանաբար, Նրա մարգարեությունը զարմանալի համարեցին. Երուսաղեմի վիթխարի տաճարը՝ հրեա ժողովրդի հոգևոր և մշակութային կենտրոնը, կկործանվի ամբողջովին և «այդտեղ քար քարի վերայ … չի թողուիլ որ չ’քանդուի»: Բնականաբար, աշակերտները կցանկանային ավելին իմանալ։ «Դորանք ե՞րբ կ’լինեն», հարցրին նրանք: «Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին»: (Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.2–4): Փրկիչի պատասխանները բացահայտեցին, որ մեծ կործանումը, որը տեղի կունենա Երուսաղեմում, մարգարեություն, որը կատարվեց մ.թ. 70 թվականին, համեմատաբար փոքր կլինի վերջին օրերին Նրա Գալուստի նշանների համեմատ: Արևը, լուսինը, աստղերը, ազգերը և ծովը, որոնք, թվում է, թե ավելի հաստատուն են, քան Երուսաղեմի տաճարը, պարզվում է ժամանակավոր են: Նույնիսկ «երկնքի զօրութիւնները կ’շարժուին» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.33): Եթե մենք հոգևորապես տեղեկացված ենք, այս խառնաշփոթը կարող է սովորեցնել մեզ մեր հույսը դնել իրապես որևէ մշտական երևույթի վրա: Ինչպես Հիսուսն է խոստացել. «Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։ … Եվ ով որ արժևորի իմ խոսքը, չի խաբվիլ» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.35, 37):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս
Ի՞նչ է Ջոզեֆ Սմիթ—Մատթեոսը:
Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս-ը, որը գտնվում է Թանկագին Մարգարիտում, հատված է Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից: Այն պարունակում է վերանայումներ վերջին հատվածը Մատթեոս 23-ի և ամբողջ Մատթեոս 24-ի համար (տես Աստվածաշնչի բառարան, «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն»): Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված վերանայումները վերականգնեցին թանկագին ճշմարտություններ, որոնք կորսված էին: Հատվածներ 12–21-ը Ջոզեֆ Սմիթ—Մատթեոսում վերաբերում են հին դարերում Երուսաղեմի կործանմանը, հատվածներ 21–55-ը պարունակում են մարգարեություններ վերջին օրերի մասին:
Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.21–37, Մարկոս 13.21–37, Ղուկաս 21.25–38
Փրկիչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ մարգարեությունները կարող են օգնել ինձ հավատքով դեմ առ դեմ կանգնել ապագային:
Իրադարձությունները, որոնք կտանեն մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը, կարող են անհանգստացնող լինել: Բայց երբ Հիսուսը մարգարեացավ այս իրադարձությունների մասին, Նա հորդորեց Իր աշակերտներին «չերկյուղել»(Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.23): Դուք ինչպե՞ս կարող եք «չերկյուղել», երբ լսում եք երկրաշարժերի, պատերազմների, խաբեբայությունների և սովի մասին: Մտածեք այս հարցի մասին, երբ կարդում եք այս հատվածները: Նշեք ձեր գտած ցանկացած քաջալերող խորհուրդ:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 29.14–21, 38.30, 45․16–52, 88.86–94, «Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը» Ավետարանական թեմաներ, topics.lds.org.
Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.26–27, 38–55, Մատթեոս 25.1–13, Ղուկաս 21.29–36
Ես պիտի միշտ պատրաստ լինեմ Փրկիչի Երկրորդ Գալուստին։
Աստված չի հայտնել «ոչ օրը եւ ոչ ժամը, որ նորանում մարդի Որդին կ’գայ» (Մատթեոս 25.13): Բայց Նա չի ցանկանում, որ օրը «հանկարծ» գա մեզ վրա (Ղուկաս 21.34), ուստի Նա մեզ խորհուրդ է տվել այն մասին, թե ինչպես պատրաստվել:
Այդ հատվածներն ուսումնասիրելիս, գտեք առակներն ու այլ համեմատությունները, որոնք Փրկիչն օգտագործել է, որ ուսուցանի մեզ միշտ պատրաստ լինել Նրա Երկրորդ Գալուստին: Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից։ Ոգեշնչվելով դրանցից, ի՞նչ եք ցանկանում անել:
Երկնային Հայրն ակնկալում է, որ ես խելամտորեն կօգտագործեմ Նրա տված պարգևները:
Փրկիչի ժամանակներում «տաղանդ»-ը վերաբերում էր փողին: Բայց տաղանդների մասին Տիրոջ առակը կարող է սովորեցնել մեզ, թե Նա ինչպես է ցանկանում, որ մենք օգտագործենք այն օրհնությունները, որոնք Նա տվել է մեզ: Տերն ակնկալում է, որ մենք կատարելագործենք այն ամենը, ինչ Նա է տվել մեզ: Երբ կարդում եք այս առակը, կազմեք մի քանի օրհնությունների և հնարավորությունների ցուցակ, որոնք Երկնային Հայրը տվել է ձեզ: Ի՞նչ է Նա ակնկալում, որ դուք կանեք այդ օրհնությունների հետ: Ինչպե՞ս կարող եք ավելի խելամտորեն օգտագործել այս պարգևները: Ինչպե՞ս են ձեր օրհնությունները բազմապատկվել, երբ ծառայել եք Տիրոջը։
Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ծառայում եմ Աստծուն:
Եթե երբևէ հետաքրքրվել եք, թե Տերն ինչպե՞ս կդատի ձեր կյանքը, կարդացեք ոչխարների և այծերի առակը: Երբ կանգնեք Քրիստոսի առաջ, ի՞նչը ավելի մեծ նշանակություն կունենա:
Տես նաև Մոսիա 2.17:
Արդյո՞ք ամուսնությունները կշարունակվեն Հարությունից հետո:
Ժամանակակից հայտնությունից մենք սովորում ենք, որ Հիսուսի հայտարարությունը՝ «Երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան», վերաբերում է նրանց, ովքեր չեն մտել սելեստիալ ամուսնության ուխտի մեջ (տես ՎևՈւ 132.15–16): Սելեստիալ ամուսնությունը, որում «մի տղամարդ (ամուսնանա) մի կնոջ հետ … նոր և հավիտենական ուխտով» կշարունակվի «ողջ հավերժության ընթացքում», եթե ամուսինն ու կինը հավատարիմ են իրենց ուխտին (ՎևՈւ 132.19):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին ուսումնասիրել այս գլուխը, հրավիրեք նրանց փնտրել Փրկիչի ուսմունքներն այն մասին, թե մենք ինչպես կարող ենք պատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին (տես օրինակ՝ հատվածներ 22–23, 29–30, 37, 46–48): Ձեր ընտանիքն ի՞նչ կարող է անել այս խորհրդին հետևելու համար:
Ի՞նչ է նշանակում արժևորել Աստծո խոսքը: Ինչպե՞ս կարող ենք անել սա մեր ընտանիքով: Այդպես վարվելով, ինչպե՞ս կօգնեք ձեզ խուսափել մոլորության մեջ ընկնելուց:
Դուք կարող եք օգտագործել տասը կույսերի նկարը, որն ուղեկցում է այս համառոտ շարադրանքին Մատթեոս 25.1–13-ը քննարկելու համար: Ընտանիքի անդամներն ի՞նչ մանրամասներ են տեսնում նկարում, որոնք նկարագրված են այս հատվածներում:
Արդյո՞ք ընտանիքի անդամները բավականություն կստանան՝ տանը փնտրելով ձեր թաքցրած յուղաներկի թղթե կաթիլները: Դուք կարող եք փակցնել թղթե կաթիլները առարկաներին, որոնք ներկայացնում են այն գործողությունները, որոնք ընտանիքի անդամները կարող են անել, որպեսզի ամրացնեն իրենց վկայությունները և պատրաստվեն Երկրորդ Գալուստին, ինչպես օրինակ՝ սուրբ գրությունները, եկեղեցու հագուստները կամ տաճարի նկարները:
Ընտանիքի անդամներն ի՞նչ կարող են սովորել այրի կնոջ օրինակից: Փրկիչն ի՞նչ ուսուցանեց Իր աշակերտներին նվիրատվությունների մասին։ Ցույց տվեք տասանորդի թերթիկը և քննարկեք ձեր ընտանիքի նվիրատվությունները Տիրոջը, նաև քննարկեք, թե այս նվիրատվություններն ինչպե՞ս են օգնում կառուցել Աստծո արքայությունը: Կա՞ն արդյոք նվիրատվություններ, որ ձեր ընտանիքը կատարում է, բայց չեն կարող գրանցվել տասանորդի թերթիկի վրա:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: