Հին Կտակարան 2022
Մտքեր, որոնք պետք է պահել մտքում Հին Կտակարանը կարդալիս


«Մտքեր, որոնք պետք է պահել մտքում Հին Կտակարանը կարդալիս», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Մտքեր, որոնք պետք է պահել մտքում Հին Կտակարանը կարդալիս» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
մտքերի պատկերակ

Մտքեր, որոնք պետք է պահել մտքում

Կարդալով Հին Կտակարանը

Գտեք անձնական իմաստ

Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք այս տարի Հին Կտակարանը ուսումնասիրելու ձեր հնարավորության մասին: Ձգտո՞ւմ: Անորոշությո՞ւն: Վա՞խ: Բոլոր այդ զգացումները հասկանալի են: Հին Կտակարանը գրվածքների աշխարհի հնագույն հավաքածուներից մեկն է, և դա կարող է դարձնել այն ինչպես հուզումնալի այնպես էլ երկյուղալի: Այդ գրվածքները գալիս են մի հնադարյան մշակույթից, որը կարող է օտար թվալ, իսկ երբեմն էլ՝ տարօրինակ և նույնիսկ՝ տհաճ: Եվ այնուամենայնիվ, այս գրվածքներում մենք տեսնում ենք, որ մարդիկ ունենում են փորձառություններ, որոնք ծանոթ են թվում, և մենք նկատում ենք ավետարանական թեմաներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի աստվածության և Նրա ավետարանի մասին:

Այո, մարդիկ, ինչպիսիք էին՝ Աբրահամը, Սարրան, Աննան և Դանիելը, ապրում էին կյանքով, որը որոշ ձևերով շատ էր տարբերվում մեր կյանքից: Բայց նրանք ևս զգում էին ընտանեկան ուրախություն և ունենում ընտանեկան տարաձայնություններ, հավատքի պահեր և անորոշության պահեր և հաջողություններ ու անհաջողություններ, ինչպես բոլորս ենք զգում: Ամենակաևորը, նրանք հավատք էին գործադրում, ապաշխարում էին, ուխտեր էին կապում, ունենում էին հոգևոր փորձառություններ և երբեք չէին դադարում ջանքեր գործադրել` հնազանդվելու Աստծուն:

Եթե ուզում եք իմանալ՝ արդյոք դուք և ձեր ընտանիքն այս տարի կարող եք անձնական իմաստ գտնել Հին Կտակարանում, հիշեք, որ դա արեցին Լեքիի և Սարիայի ընտանիքը: Նեփին կիսվում էր Մովսեսի մասին պատմություններով և Եսայիայից ուսմունքներով, երբ նրա եղբայրները քաջալերանքի, ուղղման կամ հեռանկարի կարիք էին ունենում: Երբ Նեփին ասաց. «Հոգիս հրճվում է սուրբ գրություններով» (2 Նեփի 4.15), նա խոսում էր սուրբ գրությունների մասին, որոնք այժմ Հին Կտակարանի մասն են կազմում:

Փնտրեք Փրկիչին

Եթե զարմանում եք՝ արդյո՞ք դուք և ձեր ընտանիքը կարող եք ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին Հին Կտակարանը ուսումնասիրելու միջոցով, պահեք ձեր մտքում, որ Փրկիչն Ինքն է մեզ հրավիրում անել դա: Երբ Նա հրեաների առաջնորդներին ասաց. «Սուրբ գրքերը … վկայում են իմ մասին» (Հովահաննես 5.39), Նա խոսում էր այն գրվածքների մասին, որոնք մենք կոչում ենք Հին Կտակարան: Փրկիչին ձեր կարդացածի մեջ գտնելու համար գուցե հարկ լինի համբերությամբ խորհել և հոգևոր առաջնորդություն փնտրել: Երբեմն Նրան վերաբերող հղումները թվում են շատ ուղիղ, ինչպես Եսայիայի հայտարարությունում. «Մեզ համար մի մանուկ ծնուեցավ, մեզ մի որդի տրուեցավ. եւ … նորա անունը կկոչուի … Խաղաղութեան Իշխան» (Եսայիա 9.6): Այլ տեղերում Փրկիչը ներկայացված է ավելի նրբորեն՝ խորհրդանիշերի և նմանությունների միջոցով, օրինակ՝ կենդանիների զոհաբերությունների նկարագրությունների միջոցով (տես Ղևտացոց 1.3–4) կամ Հովսեփի պատմությունում, ով ներում է իր եղբայրներին և փրկում նրանց սովից:

Եթե դուք ձգտում եք ավելի մեծ հավատքի Փրկիչի հանդեպ Հին Կտակարանն ուսումնասիրելիս, դուք կգտնեք այն: Հավանաբար սա կլինի ձեր ուսումնասիրության նպատակը այս տարի: Աղոթեք, որ Հոգին առաջնորդի ձեզ գտնելու և կենտրոնանալու այն հատվածների, պատմությունների և մարգարեությունների վրա, որոնք ձեզ ավելի կմոտեցնեն Հիսուս Քրիստոսին:

Նկար
հնագույն մարգարեն գրելիս

Հին Կտակարանի մարգարե, ըստ Ջուդիթ Ա. Մեհրի

Աստվածայնորեն պահպանված

Մի՛ սպասեք, որ Հին Կտակարանը կներկայացնի մարդկության մանրակրկիտ և ճշգրիտ պատմություն: Դա այն չէ, ինչ փորձում էին ստեղծել բնօրինակի հեղինակները և կազմողները: Նրանց ավելի մեծ մտահոգությունը Աստծո մասին ինչ-որ բան սովորեցնելն էր Իր զավակների համար Նրա ծրագրի մասին, թե ինչ է նշանակում լինել Նրա ուխտի ժողովուրդը, և այն մասին, թե ինչպես փրկագնում գտնել, երբ մենք չենք ապրում համաձայն մեր ուխտերի: Երբեմն նրանք դա անում էին պատմական իրադարձությունները պատմելով, ինչպես հասկանում էին դրանք, ներառյալ՝ պատմություններ մեծ մարգարեների կյանքից: Ծննդոցը սրա մի օրինակ է, ինչպիսիք են՝ Յեսու, Դատավորաց և Ա և Բ Թագավորաց գրքերը: Բայց Հին Կտակարանի մյուս գրողներն ընդհանրապես նպատակ չէին դրել պատմական լինել: Փոխարենը՝ նրանք դասավանդում էին արվեստի այնպիսի գործերի միջոցով, ինչպիսիք են բանաստեղծությունը և գրականությունը: Սաղմոսներն ու ասացվածքները պատկանում են այս խմբին: Եվ հետո կան մարգարեների թանկագին խոսքերը՝ Եսայիայից մինչև Մաղաքիա, որոնք Աստծո խոսքն էին՝ ուղղված հնադարյան Իսրայելին, և Աստվածաշնչի հրաշքի միջոցով այսօր էլ մեզ հետ են խոսում:

Արդյո՞ք այդ բոլոր մարգարեները, բանաստեղծները և կազմողները գիտեին, որ իրենց խոսքերը կարդացվելու էին մարդկանց կողմից ողջ աշխարհով մեկ հազարավոր տարիներ անց: Մենք չգիտենք: Բայց մենք զարմանում ենք, որ դա հենց այն է, ինչ պատահեց: Ազգեր վեր կացան և ընկան, քաղաքներ նվաճվեցին, թագավորներ ապրեցին և մահացան, բայց Հին Կտակարանը հարատևեց դրանց բոլորին, սերնդից սերունդ, դպիրից դպիր, թարգանությունից թարգմանություն: Իհարկե որոշ բաներ կորսվել կամ փոփոխվել են, և այնուամենայնիվ, ինչ-որ կերպ հրաշքով պահպանվել է այդքան շատ բան:1

Սրանք ուղղակի մի քանի բաներ են մտքում պահելու համար, երբ կարդում եք Հին Կտակարանը։ Գուցե Աստված պահպանել է այդ հնագույն գրվածքները, որովհետև Նա գիտի ձեզ և զգում է, թե ինչի միջով եք անցնում: Միգուցե Նա ձեզ համար հոգևոր ուղերձ է պատրաստել այս խոսքերում, մի բան, որը ձեզ ավելի կմոտեցնի Նրան և կկառուցի ձեր հավատը Նրա ծրագրի և Նրա սիրելի Որդու հանդեպ: Միգուցե Նա ձեզ կուղղորդի դեպի մի հատված կամ մի գաղափար, որը կօրհնի ձեր ճանաչած մեկին, մի ուղերձ, որը դուք կարող եք կիսել ընկերոջ, ընտանիքի անդամի կամ ընկերակից Սրբի հետ: Այնքան շատ հնարավորություններ կան: Միթե՞ հուզիչ չէ այդ մասին մտածել:

Գրքեր Հին Կտակարանում

Հին Կտակարանի քրիստոնեական տարբերակների մեծ մասում գրքերը այլ ձևով են դասավորված՝ ի տարբերություն նրա, թե ինչպես էին դրանք դասավորվել, երբ առաջին անգամ հավաքվել էին մեկ ժողովածուի մեջ: Այսպիսով, մինչ եբրայերեն Աստվածաշունչի գրքերը բաժանվում են երեք դասի՝ օրենսդրական, մարգարեական և գրվածքներ, քրիստոնեական Աստվածաշունչերի մեծամասնությունը գրքերը դասակարգում է չորս դասի՝ օրենսդրական (Ծննդոց-Օրինաց), պատմական (Յեսու-Էսթեր), բանաստեղծական գրքեր (Հոբ Սողոմոնի երգ երգոցը), և մարգարեական (Եսայիա- Մաղաքիա):

Ինչո՞ւ են կարևոր այդ դասերը: Որովհետև իմանալը, թե ինչ տեսակի գիրք եք ուսումնասիրում, կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես ուսումնասիրել այն։

Ահա մի բան, որը պետք է մտքում պահել, երբ սկսեք կարդալ «օրենքը» կամ Հին Կտակարանի առաջին հինգ գրքերը: Այս գրքերը, որոնք վերագրվում են Մովսեսին, հավանաբար ժամանակի ընթացքում անցել են բազմաթիվ դպիրների և կազմողների ձեռքով: Այնուամենայնիվ, Մովսեսի գրքերը Աստծո ոգեշնչված խոսքն է, չնայած դրանք, ինչպես Աստծո ցանկացած գործ, որը փոխանցվում է մահկանացուների միջոցով, ենթակա է մարդկային թերությունների (տես Մովսես 1.41, Հավատո Հանգանակ 1.8): Մորոնիի խոսքերը, որոնք վերաբերում են Մորմոնի Գրքի սրբազան արձանագրությանը, որը նա օգնեց կազմել, այստեղ օգտակար կարող են լինել. «Եվ արդ, եթե կան թերություններ, դրանք մարդկանց սխալներն են, ուստի, մի դատապարտեք Աստուծո բաները, որպեսզի դուք կարողանաք անբիծ համարվել Քրիստոսի ատյանի առաջ» (Մորմոնի գրքի տիտղոսաթերթ): Այլ խոսքով ասած, պարտադիր չէ, որ սուրբ գրությունների գիրքը զերծ լինիմարդկային սխալներից, որպեսզի լինի Աստծո խոսքը:

Նշում

  1. Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ասել է․ «Պատահական չէ կամ զուգադիպություն չէ, որ մենք ունենք Աստվածաշունչն այսօր: Արդար անհատները Սուրբ Հոգու կողմից հուշում են ստացել գրի առնել և՛ սուրբ բաները, որ տեսել են, և՛ ոգեշնչված խոսքերը, որ լսել կամ խոսել են: Այլ նվիրված մարդիկ հուշում են ստացել պաշտպանել և պահպանել այդ գրառումները» (««Սուրբ Աստվածաշունչի հրաշքը», Լիահոնա մայիս 2007,80)։

Տպել