«Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը: Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը: Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը
Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար
Երբ այս օժանդակ նյութում կարդաք և խորհեք սուրբ գրությունների հատվածների շուրջ, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Դա կհրավիրի Հոգին ձեր նախապատրաստության ընթացքում։ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը և հետևյալ գաղափարները կօգնեն ձեզ ոգեշնչել ձեր դասարանի անդամներին այս տարի ուսումնասիրել Նոր Կտակարանը:
Հրավիրեք կիսվել
Որպես ուսուցիչ, ձեր նպատակներից մեկը պետք է լինի քաջալերել ձեր աշակերտներին, որ ուսումնասիրեն սուրբ գրությունները` թե՛ ինքնուրույն, թե՛ իրենց ընտանիքների հետ: Լսելով ուրիշների փորձառությունների մասին, նրանք կոգեշնչվեն ունենալ իրենց սեփական փորձառությունները: Այսպիսով, յուրաքանչյուր դասի սկզբում խնդրեք դասարանի անդամներին կիսվել իրենց ուսումնասիրած սուրբ գրություններով, որոնք ոգեշնչել են կամ տպավորություն են գործել իրենց վրա:
Ուսուցանեք վարդապետությունը
Ուսումնասիրությունը պահանջում հավատքի գործադրում
-
Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ձեր դասարանի անդամներին՝ ավելի ակտիվ դեր խաղալ սեփական ուսումնառության գործում, այլ ոչ թե ամբողջ պատասխանատվությունը դնել ուսուցչի վրա։ Ահա մի գաղափար: Մի փափուկ առարկա նետեք դասարանի այն անդամին, ում մինչ այդ խնդրել էիք, որ ջանքեր չգործադրի այն բռնելու համար: Օգտագործեք այս վարժությունը, սկսելով մի քննարկում, թե ինչ դեր ունեն սովորողներն ու ուսուցիչները ավետարանի ուսումնասիրման գործում: Որպես սովորողներ, ինչպե՞ս ենք մենք ըմբռնում այն, ինչ ուսուցանվում է մեր դասարաններում: «Լրացուցիչ աղբյուրներ»-ում տրված պնդումները կարող են օգտակար լինել այս քննարկման ժամանակ։
-
Դասարանի բոլոր անդամները պատասխանատվություն ունեն Հոգին դասարան հրավիրելու համար: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ սա, խնդրեք նրանց կարդալ Ալմա 1.26 և Վարդապետություն և Ուխտեր 50.13-22, 88.122-123 հատվածները և կիսվել, թե ուսուցիչներն ու սովորողները ինչ կարող են անել Հոգին հրավիրելու համար: Օգտակար կլինի գրել նրանց պատասխանները գրատախտակին՝ հետևյալ վերնագրերի ներքո. Ի՞նչ կարող է անել ուսուցիչը և Ի՞նչ կարող են անել սովորողները: Դասարանի անդամները կարող են պատրաստել իրենց պատասխանները պարունակող մի պաստառ, որը կցուցադրվի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում:
Մենք ինքներս պետք է իմանանք ճշմարտությունը
-
Նոր Կտակարանի բազմաթիվ հատվածներ ուսուցանում են սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել ճշմարտության մեր որոնումները: Օրինակ՝ Ղուկաս 11.9-13, Հովհաննես 5.39, 7.14-17 և Ա Կորնթացիս 2.9-11։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին, ովքեր կարդացել են այս հատվածներն իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում, կիսվել իրենց սովորածով: Կամ կարող եք կարդալ այս հատվածները դասարանով և հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե նրանք ինչպես են ձեռք բերել իրենց վկայությունները:
-
Գործք 17.10-12-ը նկարագրում է սրբերին, ովքեր ուսումնասիրում էին սուրբ գրությունները և ձեռք բերում ճշմարտության վերաբերյալ իրենց անձնական վկայությունը: Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին հետևել նրանց օրինակին, միասին կարդացեք այդ հատվածները և հրավիրեք դասարանի անդամներին կիսվել սուրբգրային հատվածներով, որոնք զորացրել են ավետարանի մասին իրենց վկայությունները:
Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրությունների ուսումնասիրությունը ավելի իմաստալի դարձնել
-
Սուրբ գրություններն ուսումնասիրելու սովորույթ զարգացնելը կարող է դասարանի անդամների համար մարտահրավեր թվալ, ովքեր զգում են, որ իրենք չունեն անհրաժեշտ ժամանակ, հասկացողություն կամ հմտություններ: Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց հաջողության հասնել: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին վստահություն ձեռք բերել սուրբ գրություններն ուսումնասիրելիս, կարող եք կիսվել տեղեկությամբ «Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը բարելավելու համար» բաժնից, որը գտնվում է Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Գուցե դուք կամ դասարանի մյուս անդամները կիսվեք փորձառություններով՝ օգտագործելով այդ գաղափարներից մի քանիսը կամ սուրբ գրությունների ուսումնասիրության այլ խորիմաստ փորձառություններ: Կարող եք ընտրել նաև Նոր Կտակարանից մի գլուխ և փորձել ուսումնասիրել այն դասարանով՝ օգտագործելով այդ գաղափարներից մի քանիսը:
Լրացուցիչ աղբյուրներ
Ինչպես հոգևոր գիտելիքներ ձեռք բերել մեզ համար
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Աստծո գործերը շատ կարևոր են. և միայն ժամանակը, փորձը, մանրակրկիտ, խորհրդածող ու լուրջ մտքերը կարող են հայտնաբերել դրանք։ Քո միտքը, ո՛վ մարդ։ Եթե դու հոգի տանես դեպի փրկություն, պետք է ձգվես այնքան վերև՝ որքան երկինքն է, և փնտրես ու խորհրդածես հավիտենության ամենախավար անդունդի և ընդարձակ տարածության մասին, դու պետք է հաղորդակցվես Աստծո հետ: Որքան ավելի արժանապատիվ և վեհ են Աստծո մտքերը, քան մարդկային սրտի ունայն երևակայությունները»: (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 267)։
Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը բացատրել է․ «Եթե Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին իմ և ձեր գիտելիքը սահմանափակվում է նրանով, ինչ ուրիշներն են ուսուցանում կամ ասում մեզ, ապա Նրա և վերջին օրերի Նրա փառահեղ գործի մասին մեր վկայության հիմքը կառուցված է ավազի վրա։ Մենք չենք կարող բացառապես հենվել այլ մարդկանց ունեցած լույսի և գիտելիքի վրա կամ վարձակալել դա նրանցից, նույնիսկ այն մարդկանց, ում մենք սիրում և վստահում ենք» («Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան», Լիահոնա, մայիս 2019, 102)։