«Դաս 17. Վարդապետություն և Ուխտեր 6․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտքերում. մի կասկածեք, մի վախեցեք»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 6», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 17. Վարդապետություն և Ուխտեր 6-9
Վարդապետություն և Ուխտեր 6
«Նայեք ինձ ձեր բոլոր մտքերում. մի կասկածեք, մի վախեցեք»
1829 թ. ապրիլի 5-ին Օլիվեր Քաուդերին առաջին անգամ հանդիպեց Ջոզեֆ Սմիթին: Երկու օր անց նա դարձավ Ջոզեֆի դպիրը՝ Մորմոնի Գրքի թարգմանության համար: Վարդապետություն և Ուխտեր 6 գլուխը ներառում է Տիրոջ խորհուրդը, որն անդրադառնում է Օլիվերի բազմաթիվ հարցերին և մտահոգություններին՝ Տիրոջ աշխատանքին մասնակցելու վերաբերյալ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ապավինել Փրկչին, երբ բախվում են կասկածների և վախերի:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կասկածներ և վախեր
-
Ի՞նչ վախեր, կասկածներ կամ անհանգստություններ կարող են ունենալ դեռահասները:
Օլիվեր Քաուդերին սկսում է օգնել Ջոզեֆ Սմիթին
Օլիվեր Քաուդերին դպրոցի ուսուցիչ էր, որը 1828 թվականի աշնանը սկսեց վարձով ապրել Ջոզեֆ Սմիթի ծնողների ընտանիքում: Սմիթների ընտանիքում ապրելիս Օլիվերն իմացավ Ջոզեֆի աստվածային կոչման և Մորմոնի Գրքի ընթացիկ թարգմանության մասին: Օլիվերը հուշում զգաց, որ ինքը կարող է օգնել Ջոզեֆին թարգմանության հարցում: 1829 թվականի գարնանը Օլիվերն ուղեկից դարձավ Ջոզեֆի եղբորը՝ Սամուելին և ուղևորվեց դեպի Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաք, որպեսզի առաջին անգամ հանդիպի Մարգարեին:
-
Եթե դուք լինեիք Օլիվեր Քաուդերիի իրավիճակում, ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող էիք ունենալ այդ ընթացքում:
Հարմոնի ժամանելուց մի քանի օր հետո Օլիվերը դարձավ Ջոզեֆ Սմիթի դպիրը: Թեև Օլիվերը նախապես ստացել էր Ջոզեֆի՝ թարգմանելու մարգարեական պարգևի աստվածային հաստատումը, նա դեռևս հարցեր ուներ Տիրոջ աշխատանքում իր մասնակցության վերաբերյալ: Այդ ընթացքում Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 6 բաժնում:
Ճանաչենք և ապավինենք Փրկչին
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.14–24, 32–37 հատվածները և գտեք Օլիվերին տրված Տիրոջ խորհուրդներից մի քանիսը: Հատուկ ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչ ուսուցանեց Իր մասին, որը կարող է օգնել մեզ անորոշության կամ վախի ժամանակներում:
Բացի այս հատվածները կարդալուց՝ ուսանողները կարող են նաև դիտել «Հարմոնիի օրերը» տեսանյութի 15:02-17:49 հատվածը։
Days of Harmony
Կարող եք գրատախտակին ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը՝ օգնելով ուսանողներին յուրացնել այն, ինչ կարդում են։ Երբ ուսանողները բացահայտեն Փրկչի ուսմունքները այս հատվածներում, նրանք կարող են գրել այդ ուսմունքները գրատախտակին փակցված նկարի շուրջ:
-
Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել ձեզ ապավինել Նրան, երբ բախվում եք վախերի, կասկածների կամ անհանգստությունների:
-
Ինչպե՞ս կարող են Փրկչի մասին այս ճշմարտությունները օգնել ձեզ այդպիսի դեպքերում:
Նայեք առ Հիսուս Քրիստոս
Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածը սուրբ գրությունների սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:
Կրկին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.36–37 հատվածները և գտեք Տիրոջ հրավերները Օլիվերին:
-
Ինչպե՞ս կամփոփեիք 36-րդ հատվածում ուսուցանվող ճշմարտությունը։
Կարող եք ընդգծել, որ երբ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին, կարող ենք հաղթահարել կասկածն ու վախը:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում նայել Հիսուս Քրիստոսին բոլոր մտքերում:
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել Փրկչի ուսմունքների միջև կապը 36 և 37 հատվածներում, կարող եք ցուցադրել դասի սկզբի նկարը: Բացատրեք, որ ինչ-որ բան տեսնել նշանակում է նայել և դիտարկել այն: Ապա տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք տեսնենք իր «խոցվածքը»։ (Վարդապետություն և Ուխտեր 6.37)։
-
Մեզ վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Նրա Քավությունը և Հարությունը հիշելը։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են նայել Հիսուս Քրիստոսին, կարող եք ցուցադրել հետևյալ սցենարները: Դուք կարող եք նաև ստեղծել այլ սցենարներ, որոնք համապատասխանում են ձեր ուսանողների հանգամանքներին:
Աննան մի քանի անպատասխան հարց ունի ավետարանի վերաբերյալ: Երբեմն նա զգում է, որ իր վկայությունը բավականաչափ ուժեղ չէ, որպեսզի օգնի իրեն հաղթահարել իր կասկածները:
Էրիկը դժվարություններ ունի ցածր ինքնագնահատականի պատճառով։ Նրան թվում է, թե դպրոցում իրեն ոչ ոք չի նկատում։
Սոֆիի ծնողները դժվարանում են ֆինանսապես ապահովել իրենց ընտանիքը։ Նա անհանգստանում է, որ իր ծնողները կարող են բավարար գումար չունենալ ընտանիքի բոլոր կարիքները հոգալու համար:
Ուսանողներին կարող եք փոքր խմբերի բաժանել և յուրաքանչյուր խմբին հանձնարարել սցենարներից մեկը, որի վրա խումբը պետք է կենտրոնանա՝ հետևյալ հարցերը քննարկելիս:
-
Նշեք առնվազն երեք եղանակ, որոնցով այս մարդիկ կարող են նայել Քրիստոսին իրենց իրավիճակներում:
-
Այդ քայլերի շնորհիվ ի՞նչ փոփոխություն կարող է տեղի ունենալ այս մարդկանց կյանքում:
Երբ ուսանողները ավարտեն քննարկումն իրենց խմբերում, առաջարկեք նրանց իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ: Քննարկման ընթացքում օգտակար կլինի ուսանողներին հարցնել, թե ինչո՞ւ են նրանց նշած գործողությունները Քրիստոսին նայելու օրինակներ:
Նաև կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել օրինակներով, թե իրենք ինչպես են օրհնվել, երբ իրենց կյանքում նայել են Հիսուս Քրիստոսին:
Կիրառեք այն ձեր կյանքում
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել Փրկչի խորհուրդը՝ նայել Իրեն, առաջարկեք նրանց մտածել իրենց սեփական վախերի, կասկածների կամ մտահոգությունների մասին, որոնք իրենք բացահայտել են դասի սկզբում: Ցուցադրեք հետևյալ հարցերը և ժամանակ տվեք ուսանողներին՝ պատասխանելու դրանց իրենց օրագրերում:
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այսօր, որը կարող է օգնել ձեզ վերացնել ձեր ունեցած վախերը, կասկածներն ու անհանգստությունները:
-
Նշեք մի քանի հատուկ եղանակներ, որոնցով դուք կաշխատեք կիրառել Փրկչի խորհուրդը՝ «բոլոր մտքերում նայել [Իրեն]. չկասկածել, չվախենալ»։
Անգիր սովորեք
Կարող եք օգնել ուսանողներին անգիր սովորել Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը և վերանայել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբ գրության հիմնական արտահայտությունը ամբողջական հատվածն է. «Նայեք ինձ ձեր բոլոր մտքերում. մի կասկածեք, մի վախեցեք»։ Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: