Սեմինարիա
Դաս 67․ Գնահատեք ձեր գիտելիքները 4․ Վարդապետություն և Ուխտեր 41–50


«Դաս 67․ Գնահատեք ձեր գիտելիքները 4․ Վարդապետություն և Ուխտեր 41–50», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Գնահատեք ձեր գիտելիքները 4», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 67. Վարդապետություն և Ուխտեր 49–50

Գնահատեք ձեր գիտելիքները 4

Վարդապետություն և Ուխտեր 41–50

երիտասարդները նայում են քարտեզին

Ուսանողներին հոգևոր աճի գնահատման համար ժամանակ տրամադրելը կօգնի նրանց ավելի մոտենալ Փրկչին և ձգտել ավելի նմանվել Նրան: Նրանք նաև կարող են տեսնել իրենց ձեռք բերած առաջընթացը և այն, թե ինչը կարող են բարելավել: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրության իրենց փորձառություններն ինչպես են օգնել իրենց աճել հոգևոր առումով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գնահատեք ձեր հոգևոր ուղենիշները

Հետևյալ վարժությունը կպատրաստի ուսանողներին՝ համեմատելու ֆիզիկական ուղենիշներն այն ապացույցների հետ, որ իրենք կգտնեն իրենց հոգևոր աճի վերաբերյալ: Նրանք այս վարժությունը կարող են կատարել անհատապես կամ ամբողջ դասարանով՝ գրատախտակին քարտեզ նկարելով:

Ընտրեք տեղային նպատակակետ և նկարեք ձեր ներկա պահին գտնվելու վայրից դեպի այդ նպատակակետն ընկած տարածքի քարտեզը: Ներառեք ուղենիշներ, որոնք կօգնեն մարդուն իմանալ, որ իր երթուղին ճիշտ է:

  • Ի՞նչ ուղենիշներ եք ներառել: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ դեր են խաղում ուղենիշները նպատակակետը գտնելու հարցում:

    Եթե գրատախտակին քարտեզ եք նկարել, կարող եք սկզբնական նպատակակետը փոխարինել «Նմանվել Հիսուս Քրիստոսին» արտահայտությամբ։ Երբ ուսանողները պատասխանեն հաջորդ հարցին, դուք կարող եք որոշ ուղենիշներ փոխարինել ուսանողների պատասխաններով:

    Մտածեք մի եղանակ, որը կօգնի ուսանողներին սկսել խորհել իրենց կյանքի մասին: Ձեր բառերով կարող եք ասել հետևյալը.

  • Եթե մեր նպատակակետը Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելն է, ապա, որո՞նք կարող են լինել այն հոգևոր ուղենիշները, որ կարող են օգնել ձեզ իմանալ, որ դուք ճիշտ ուղու վրա եք:

Մեր առաջընթացը հստակ տեսնելու համար հարկավոր է խորհել և առաջնորդվել Սուրբ Հոգով: Որոշ ժամանակ տրամադրեք, որպեսզի բացահայտեք ձեր կյանքում հոգևոր ուղենիշներ փնտրելու միջոցով ունեցած ձեր առաջընթացը: Այլ կերպ ասած, փնտրեք ապացույցներ այն մասին, որ դուք ավելի շատ եք նմանվում Հիսուս Քրիստոսին՝ վերջին շաբաթներին Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունն ուսումնասիրելիս։

Կարող եք ժամանակ տրամադրել ուսանողներին՝ ինքնուրույն խորհելու և մտածելու համար: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց բացահայտածով։

Որպես այլընտրանք, կարող եք օգտագործել հետևյալ վարժությունները, որպեսզի օգնեք ուսանողներին խորհել վերջին շաբաթների իրենց հոգևոր առաջընթացի շուրջ: Այս դասի գնահատման վարժությունները հետևում են սեմինարիայի նախորդ դասերին: Եթե այս դասերը հարմարեցված են կամ չեն ուսուցանվել, ապա գնահատման վարժությունները նույնպես պետք է հարմարեցվեն, որպեսզի դրանք արտացոլեն ձեր ուսանողների ունեցած փորձառությունները:

Յուրաքանչյուր վարժություն կատարելիս կարող եք շեշտել, որ իրենց գիտելիքներն այս եղանակներով գնահատելը նման է ճանապարհային ուղենիշներ նշելուն, որոնք հաստատում են, որ իրենք գնում են ճիշտ ուղղությամբ: Նրբանկատ եղեք այն ուսանողների հանդեպ, որոնք չեն զգում, որ առաջադիմում են կամ դեռ չեն տեսել դրական փոփոխություն իրենց կյանքում։ Մտածեք եղանակներ, որոնք կխրախուսեն նրանց իրենց ջանքերում:

Զգացեք նվիրաբերված կյանքով ապրելու մեծ ցանկություն

Այս վարժությունը կօգնի ուսանողներին խորհել Փրկչի նման նվիրաբերված կյանքով ապրելու իրենց ցանկության մասին: Այս վարժությունը հիմնված է այն բանի վրա, թե ինչ կարող են ուսանողները սովորել Վարդապետություն և Ուխտեր 42.29–42 հատվածներից՝ նվիրաբերված կյանքով ապրելու մասին: Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին վերանայել նվիրաբերման օրենքի վերաբերյալ իրենց հասկացողությունը:

  • Ի՞նչ եք հիշում նվիրաբերման օրենքի մասին:

  • Վարդապետություն և Ուխտերի 42 բաժնի ո՞ր հատվածները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ այս օրենքը:

  • Որո՞նք են այն օրինակները, որոնցով երիտասարդներն այսօր կարող են ապրել նվիրաբերման օրենքով:

    Օրինակ՝ ուսանողները կարող են հիշել հատվածներ 29–38-ը։ Եթե ուսանողները չհիշեն որևէ օրինակ, լավ կլինի, որ կարդան այս հատվածները և կիսվեն իրենց գտածով։ Նվիրաբերման օրենքի մասին դասի ընթացքում ուսանողները կարող են գրել «Նրա ձեռքերը» կամ ուրվագծել իրենց ձեռքերից մեկն իրենց օրագրում: Գուցե նրանք արդեն գնահատել են մարդկանց հետ փոխհարաբերություններում Տիրոջ ձեռքերի նման լինելու իրենց ցանկությունը։ Եթե ուսանողները դա արել են, կարող եք առաջարկել նրանց գտնել այդ գրառումն իրենց օրագրում և տեսնել, թե ինչպես են իրենք պատասխանել: Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին գնահատել, թե ինչպես է փոխվել իրենց վերաբերմունքը նվիրաբերման օրենքի հանդեպ: Ուսանողները կարող են պատասխանել իրենց օրագրում:

  • Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ նվիրաբերեք ձեր ժամանակը, տաղանդները և այլ բաները, որոնցով Տերն օրհնել է ձեզ՝ Իր արքայությունը կառուցելու, այդ թվում՝ կարիքի մեջ գտնվողներին օգնելու համար:

  • Ինչպե՞ս է ձեր վերաբերմունքը փոխվել՝ համեմատած այն վերաբերմունքի հետ, որ ունեիք, երբ մի քանի շաբաթ առաջ ուսումնասիրում էիք նվիրաբերման օրենքը: Ըստ ձեզ, ի՞նչն է ազդել ձեր վերաբերմունքի վրա:

Ուսանողներին մտածելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո կարող եք գովել նրանց իրենց վերաբերմունքն ազնվորեն գնահատելու համար: Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել այն ամենով, ինչ իրենք սովորել կամ բացահայտել են այս վարժությունները կատարելիս: Կարող եք ուսանողներին օգնել խորհելու այն մասին, թե նվիրաբերված կյանքով ապրելն իրենց վրա ինչպես կազդի 1, 5 կամ 10 տարի հետո: Կարող եք նաև կիսվել նրանով, թե ինչպես եք օրհնվել նվիրաբերված կյանքով ապրելու ձեր ջանքերում և ինչպես է դա օգնել ձեզ ավելի նմանվել Քրիստոսին:

Ուսանողներին հորդորեք հայտնություն փնտրել այն մասին, թե ինչպես կարող են այսօր ավելի պատրաստակամ լինել անելու այն ամենը, ինչ կարող են՝ կարիքի մեջ գտնվողներին օգնելու և Աստծո արքայությունը երկրի վրա կառուցելու համար:

Հնազանդվեք Աստծո պատվիրաններին

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Աստծո պատվիրաններին հնազանդվելու վերջերս գործադրած իրենց ջանքերը, առաջարկեք նրանց վերանայել Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը՝ փնտրելով վերջերս սովորած պատվիրանները: Կարող եք հորդորել նրանց գրատախտակին գրել Վարդապետություն և Ուխտեր 42.18–52 հատվածներում բացահայտված պատվիրաններից մի քանիսը:

  • Ինչպե՞ս կարող է մեր հնազանդությունը պատվիրաններին համեմատվել Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու մեր ճանապարհի հոգևոր ուղենիշների հետ:

Եթե նախորդ դասի ժամանակ ուսանողները պատվիրաններն ավելի լավ պահելու նպատակ էին սահմանել, ապա օրագրի հետևյալ հուշումը կօգնի նրանց մտորել իրենց նպատակի մասին:

Մտածեք մի պատվիրանի մասին, որի վրա կենտրոնանալու ոգեշնչում եք զգացել վերջերս Սուրբ Հոգուց:

  • Ինչպե՞ս կնկարագրեք այդ պատվիրանը պահելու ձեր ջանքերը:

  • Ինչպե՞ս է Փրկիչն օրհնել ձեզ ձեր ջանքերում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ եղանակով կարող եք ավելի լավ անել դա: Ի՞նչ եք անելու:

  • Կա՞ մեկ այլ պատվիրան, որի վրա կենտրոնանալու ոգեշնչում եք զգում Սուրբ Հոգուց: Ի՞նչ եք անելու:

Բացատրեք Սուրբ Հոգու դերերը

Այս վարժությունը կօգնի ուսանողներին բացատրել, թե ինչ են սովորել Սուրբ Հոգու մասին Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության իրենց ուսումնասիրության ժամանակ: Գրատախտակին կարող եք գրել «Սուրբ Հոգու դերերը»: Ուսանողներին խնդրեք թվարկել Սուրբ Հոգու տարբեր դերեր՝ հնարավորինս դիմելով սուրբ գրությունների օգնությանը: Քննարկեք, թե ինչու հատկապես այդ դերերի կատարումն է կարևոր Սուրբ Հոգու համար:

Ստորև ներկայացված են Սուրբ Հոգու դերերից մի քանիսը: Ուսանողները կարող են կարդալ դրանց վերաբերող հատվածները, այնուհետև մտածել մի իրավիճակ, որտեղ Սուրբ Հոգու հատուկ դերի վերաբերյալ իրենց հասկացողությունը կարող է օգնել որևէ մեկին: Այնուհետև ուսանողներին առաջարկեք օգտագործել սուրբ գրությունները՝ բացատրելու Սուրբ Հոգու դերը՝ այդ իրավիճակում մարդուն օգնելու համար: