«Դաս 119․ Վարդապետություն և Ուխտեր 107․1–20․ «Սուրբ քահանայությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 107․1–20», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 119. Վարդապետություն և Ուխտեր 106–108
Վարդապետություն և Ուխտեր 107․1–20
«Սուրբ քահանայությունը»
1835 թվականի գարնանը Տասներկու Առաքյալների նորաստեղծ Քվորումի անդամները պատրաստվում էին մեկնել իրենց առաջին միսիայի վայր: Տիրոջ այս հայտնությունում մանրամասներ տրվեցին՝ օգնելու նրանց և մյուսներին կատարել իրենց քահանայության պարտականությունները: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Փրկչի զորության և Նրա քահանայության իշխանության վրա հիմնվելու կարևորությունը՝ Նրա Եկեղեցում ծառայելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավելումներ
-
Ի՞նչ է տեղի ունենում կցորդի հետ, երբ այն անջատվում է ծառից։ Ինչո՞ւ։
Կարդացեք Հովհաննես 15.5 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Փրկիչը, որը վերաբերում է այս առարկայական դասին:
-
Ի՞նչ սովորեցիք:
-
Ինչո՞ւ է Փրկչի հետ կապված մնալն անհրաժեշտ՝ Նրա Եկեղեցում ծառայելու մեր ջանքերում:
Քահանայության հավելումները
1835 թ. մարտի 28-ին Տասներկու Առաքյալների նորաստեղծ Քվորումի անդամները պատրաստվում էին միսիա ծառայել Միացյալ Նահանգների արևելքում: Որոշ առաքյալներ վստահ չգիտեին, թե ինչպես ծառայել իրենց նոր կոչումներում: Տերը հայտնությամբ տվեց Վարդապետություն և Ուխտեր 107 բաժինը, որպեսզի ուսուցանի նրանց քահանայության մասին և խրախուսի իրենց հանձնարարություններում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․1–4 հատվածները և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Տերը քահանայության մասին։
-
Ի՞նչ իմացաք Մելքիսեդեկյան Քահանայության մասին:
Համեմատեք քահանայության անունը, որը գրված է հատված 3-ում, այն բանի հետ, ինչ ուսուցանել է նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը․
Քրիստոսը երկրի վրա ողջ ճշմարիտ քահանայության իշխանության և զորության աղբյուրն է: Սա Նրա աշխատանքն է, որում մենք արտոնված ենք օգնելու. (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Քահանայության ուրախությունը» Լիահոնա, նոյեմբեր 2012, 59)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է հասկանալ, որ քահանայության ողջ զորությունը գալիս է անմիջապես Հիսուս Քրիստոսից:
Դասընկերոջ հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.5, 13–14 հատվածները՝ փնտրելով, թե գրատախտակի վրա գրված բառերից որ մեկը կարող եք համեմատել ծառի բնի հետ, և որը կարող եք համեմատել հավելումների հետ։
-
Ելնելով ձեր կարդացածից, ի՞նչը կարող եք համեմատել ծառի բնի հետ: Որո՞նք են հավելումները։
-
Տերը Ահարոնյան քահանայությունը և Եկեղեցու կազմակերպությունները համեմատում է Իր Մելքիսեդեկյան քահանայության «հավելումների» հետ. ի՞նչ կարող ենք սովորել այս համեմատությունից:
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը կիսվել է հետևյալով՝ Եկեղեցու կոչումներում քահանայության իշխանության մասին։
Վերջին հաշվով՝ Հիսուս Քրիստոսը, ում քահանայությունն է մեզ շնորհվում, կրում է քահանայության բոլոր բանալիները։ Նա միակն է, ով որոշում է, թե ինչ բանալիներ պատվիրակել մահկանացուներին և ինչպես այդ բանալիները օգտագործել։ …
… Քանի որ սուրբ գրություններն ասում են, որ «եկեղեցու բոլոր մյուս իշխանությունները [և] պաշտոնները այս [Մելքիսեդեկյան] քահանայության հավելումներն են» (Վ&Ու 107.5), այն, ինչ կատարվում է այդ քահանայության բանալիների ղեկավարությամբ, կատարվում է քահանայության իշխանությամբ: (Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիները և իշխանությունը», Լիահոնա, մայիս 2014, 50)
-
Գիտակցումը, որ Եկեղեցում յուրաքանչյուր կոչում կապված է Փրկչի զորության հետ, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի լավ ծառայել ձեզ շրջապատող մարդկանց
-
Ե՞րբ եք զգացել, որ Փրկչի զորությունն օգնում է ձեզ Եկեղեցու ծառայության մեջ:
Զգալ քահանայության զորությունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.8, 18–20 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Փրկիչն Իր քահանայության միջոցով զորություն տալիս նրանց, ովքեր ծառայում են Եկեղեցում։
-
Որո՞նք են այն «հոգևոր բաները» (հատված 8), որոնցով Տերն օրհնում է մեզ Իր Մելքիսեդեկյան քահանայության միջոցով:
-
Ինչպե՞ս են Ահարոնյան քահանայության «արտաքին արարողությունները», որոնք նշված են հատված 20-ում (օրինակ՝ մկրտությունը և հաղորդությունը), օգնում կապել ձեզ Հիսուս Քրիստոսի հետ:
-
Ե՞րբ է որևէ մեկի կապը Փրկչի հետ՝ իր ծառայության ժամանակ, օրհնություն եղել ձեր կյանքում:
Անձնական կիրառություն
Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ քույր Բոնի Լ. Օսկարսոնն ուսուցանել է, թե քահանայության իշխանությունն ինչպես կարող է զորացնել երիտասարդ կանանց իրենց կոչումներում: Խորհեք, թե ինչպես կարող են նրա խոսքերը կիրառելի լինել բոլոր երիտասարդների համար՝ իրենց ծառայության մեջ։
Եկեղեցու երիտասարդ կանայք պետք է իրենց տեսնեն որպես հիմնական մասնակիցներ քահանայության կողմից ղեկավարվող փրկության աշխատանքում և ոչ թե որպես ուղղակի դիտորդներ կամ աջակցողներ: Դուք կրում եք կոչումներ և կարգվել եք նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիները՝ գործելու որպես զորությամբ և իշխանությամբ օժտված ղեկավարներ այս աշխատանքում: Երբ դուք մեծարում եք ձեր կոչումները դասարանի նախագահություններում և հոգեպես նախապատրաստվում, միասին խորհրդակցում, հասնում օգնության՝ ծառայելով ձեր դասարանի անդամներին, և միմյանց սովորեցնում ավետարանը, դուք զբաղեցնում եք ձեր տեղը այս աշխատանքում, և ինչպես դուք, այնպես էլ ձեր հասակակիցները կօրհնվեն: (Բոննի Լ. Օսկարսոն «Վեր կացեք զորությամբ, Սիոնի քույրեր», Լիահոնա, նոյեմբեր 2016, 14)։
-
Ի՞նչը տպավորեց ձեզ այս խոսքերում: Ինչո՞ւ։
Հրավիրեք ուսանողներին իրենց օրագրում պատասխանել հետևյալ հարցին. Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով:
-
Ի՞նչ սովորեցիք այսօր՝ Եկեղեցում ձեր ծառայության մեջ Փրկչի զորության և Նրա քահանայության իշխանության վրա հիմնվելու կարևորության մասին։
Մտապահեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունն է «Մելքիսեդեկյան քահանայությունը … զորություն ու իշխանություն ունի … հոգևոր բաներում սպասավորելիս»։ Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: