Սեմինարիա
Դաս 144․ Վարդապետություն և Ուխտեր 133.41–56. «Ո՞վ է սա, որ իջնում է երկնքի Աստծուց»


«Դաս 144․ Վարդապետություն և Ուխտեր 133․41–56․ «Ո՞վ է սա, որ իջնում է երկնքի Աստծուց»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 133․41–56», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 144. Վարդապետություն և Ուխտեր 133–134

Վարդապետություն և Ուխտեր 133․41–56

«Ո՞վ է սա, որ իջնում է երկնքի Աստծուց»

Փրկչի վերադարձը

Երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա, հավատարիմները պատրաստ կլինեն Նրա գալուստին (տես Վարդապետություն և Ուխտեր 133.56): Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնում Փրկչի ուսմունքները կարող են օգնել մեզ ավելին իմանալ Նրա մասին և պատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի հատկանիշները և բնութագիրը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փրկչի Երկրորդ Գալուստը

Կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը պատկերող նկար: Ուսանողները կարող են նկարագրել կամ, հնարավորության դեպքում, նաև ցուցադրել Նրա Երկրորդ Գալուստի իրենց սիրելի պատկերները:

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերի մասին՝ պատկերացնելով, թե ինչպիսին կլինի Փրկչի Երկրորդ Գալուստը:

15:32
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Մեր հավատքը մեծանում է, երբ սպասում ենք Փրկչի՝ երկիր վերադառնալու փառահեղ օրվան։ Նրա գալու միտքն ալեկոծում է իմ հոգին։ Դա հուզիչ պահ է լինելու։ Այդ տեսարանը և դրա վեհությունը, մեծությունը և փառահեղությունը կգերազանցեն ամեն բան, ինչ տեսել կամ զգացել են մահկանացու աչքերը։ (Նիլ Լ․ Անդերսեն, «Գայ քո արքայութիւնը», Լիահոնա, մայիս 2015, 122)

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են կարևոր ձեզ համար։ Ի՞նչ լրացուցիչ բառեր կարող եք օգտագործել՝ Երկրորդ Գալուստը նկարագրելու համար:

    Ուսանողներին բացատրեք, որ երբ Հիսուս Քրիստոսը հրավիրեց մեզ պատրաստվել Իր Երկրորդ Գալուստին (տես Վարդապետություն և Ուխտեր 133.10), Նա ավելին հայտնեց Իր բնութագրի և հատկանիշների մասին: Նա կիսվեց այն երևույթներով, որոնք կդրսևորվեն Իր գալուստի և դրան նախորդող իրադարձությունների ժամանակ:

    Այնուհետև կարող եք հաջորդաբար ցուցադրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին լուռ խորհել իրենց պատասխանների շուրջ:

  • Փրկչի Երկրորդ Գալուստի մասին մտածելիս արդյո՞ք ես սովորաբար ավելի շատ կենտրոնանում եմ այն իրադարձությունների վրա, որոնք պետք է տեղի ունենան, թե՞ Նրա վրա, ով վերադառնալու է երկիր:

  • Ո՞րն է տարբերությունը, երբ ես ավելի շատ կենտրոնանամ Հիսուս Քրիստոսի, քան Նրա վերադարձի հետ կապված իրադարձությունների վրա:

Ուսանողներին առաջարկեք այսօրվա ուսումնասիրության ժամանակ առաջնորդություն խնդրել Սուրբ Հոգուց՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Երկրորդ Գալուստի մասին ավելին իմանալու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին իմանալ այն մասին, թե ինչ է տեղի ունենալու Երկրորդ Գալուստի ժամանակ և այն մասին, թե ով է վերադառնալու, առաջարկեք նրանց արտագրել հետևյալ աղյուսակն իրենց ուսումնասիրության օրագրերում: Ուսանողները կարող են աշխատել զույգերով, որտեղ յուրաքանչյուր ուսանող պետք է լրացնի առանձին սյունակ: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո զույգերը կարող են կիսվել միմյանց հետ իրենց գտածով և լրացնել մյուս սյունակը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133․42–53 հատվածները և համապատասխան սյունակում գրեք ձեր գտածը:

Ի՞նչ է լինելու Երկրորդ Գալուստի ժամանակ

Ի՞նչ եմ ես սովորում Հիսուս Քրիստոսի մասին

Եթե ուսանողները հարցեր ունենան հատված 43-ում գրված «սոսկալի բաներ» արտահայտության վերաբերյալ, բացատրեք, որ սոսկալի կարող է նշանակել սարսափելի կամ դաժան: Եթե ուսանողները հարցեր ունենան հատվածներ 46–48-ում նկարագրված Փրկչի հանդերձների վերաբերյալ, կարող եք կիսվել, թե ինչ է ուսուցանել Նախագահ Ռասել Մ․ Նելսոնը․ Երկրորդ Գալուստի ժամանակ Հիսուսը կկրի «կարմիր արքայական զգեստ, ինչը խորհրդանշում է Իր արյունը, որը հոսում էր ամեն մի ծակոտիից» («Եկեղեցու ապագան. Պատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին», Ensign, ապրիլ 2020, 10):

Փրկչի հատկանիշները

Երբ ուսանողները կիսվեն իրենց դասընկերոջ հետ, թե ինչ են ներառել իրենց աղյուսակներում, կարող եք գրատախտակին գրել «Հիսուս Քրիստոսը …» անավարտ նախադասությունը։ Ուսանողներին տվեք հետևյալ հարցը և առաջարկեք գալ գրատախտակի մոտ և ավարտել նախադասությունն իրենց պատասխաններով:

դասընթացի պատկերակՍուրբ գրություններն ուսուցանելիս կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա. Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու մասին ավելին իմանալու համար տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» վերնագրով դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ. Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։ Կարող եք գործնականում կիրառել հետևյալ հմտությունը․ «Ստեղծեք ուսումնասիրության մղող հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի դերերը, կոչումները, խորհրդանիշները, հատկանիշները և բնութագրերը»:

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարևոր է ձեզ համար: Ինչո՞վ է դա իմաստալից ձեզ համար։

    Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունները․

    • Հիսուս Քրիստոսը …

    • … արդար է և զորավոր (տես հատվածներ 44–45, 50–51):

    • … պարգևներ է շնորհում նրանց, ովքեր սպասում են Իրեն (տես հատված 45):

    • … փրկելու զորություն ունի (տես հատված 47):

    • … ցուցաբերում է բարություն և ողորմություն (տես հատված 52):

    • … հասկանում է մեր չարչարանքները (տես հատված 53):

    • … կրում է մեր բեռները, տանում է մեզ ձեռքերի վրա և փրկագնում է մեզ, քանի որ Նա սիրում է մեզ (տես հատված 53):

    Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել այս ճշմարտություններն ուսուցանող արտահայտությունները:

  • Հիսուս Քրիստոսի այս հատկանիշների և բնութագրերի ընկալումն ինչպե՞ս կարող է օգտակար լինել ձեր կյանքում:

  • Քրիստոսի այս նկարագրություններն ինչպե՞ս են ազդում Նրա Երկրորդ Գալուստի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Խորացնենք մեր ընկալումը Փրկչի հատկանիշների մասին

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ավելին հասկանալ Փրկչի մասին: Ցուցադրեք հետևյալ երեք քայլերը՝ օգնելու ուսանողներին հասկանալ վարժությունը:

Երբ ուսանողները սկսեն կատարել վարժությունը, կարող եք նրանց որպես օրինակ ներկայացնել ստորև նկարագրվածը՝ բաղկացած երեք քայլից:

  1. Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնից ընտրեք Հիսուս Քրիստոսի այն հատկանիշը կամ բնութագիրը, որի մասին կցանկանայիք ավելին իմանալ: Գրեք այն դատարկ թղթի վերևում:

  2. Ձեր թղթի վրա գրեք մի սցենար, որը նկարագրում է մի մարդու, որի համար օգտակար կլիներ ընկալել և հասկանալ Հիսուս Քրիստոսի այդ հատկանիշը:

  3. Ներառեք սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի ելույթ, որը կխորացնի թղթի վրա գրված հատկանիշի ձեր ընկալումը: (Որպես օգնություն, կարող եք փնտրել այդ հատկանիշը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ որոնել այն Gospel Library հավելվածում:)

Օգտագործելով հետևյալ գաղափարները, կարող եք ամբողջ դասարանով հարմարեցնել այս վարժության յուրաքանչյուր քայլը.

  • Քայլ 1․ գրատախտակին գրեք արդար և հզոր բառերը կամ շրջանի մեջ վերցրեք, եթե դրանք գրվել են նախորդ վարժության ընթացքում:

  • Քայլ 2․ ցուցադրեք հետևյալ սցենարը: Խնդրեք ուսանողներին կիսվել, թե որոշ երիտասարդներ ինչու կարող են Սեմի նման կարծել: Հարցրեք, թե Հիսուսի արդար և զորավոր լինելու մասին իմանալն ինչպես կարող է հույս տալ այն մարդուն, որն այդպես է կարծում:

Սեմը փորձում է անել այն, ինչը ճիշտ է, սակայն դա դժվար է անել մի աշխարհում, որտեղ այդքան չարություն կա: Նա կարծում է, որ չարը գրեթե հաղթում է: Նա հոգնել է իրեն շրջապատող հալածանքներից և գայթակղություններից:

Քայլ 3․ գրատախտակին գրեք 1 Նեփի 22.15–17։ Ուսանողներին առաջարկեք կարդալ այս հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Նեփին Հիսուս Քրիստոսի զորության և արդարության մասին: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, խնդրեք նրանց քննարկել հետևյալ հարցը.

  • Ի՞նչ է ուսուցանել Նեփին Հիսուս Քրիստոսի մասին, որը կօգնի այն մարդուն, որը Սեմի նման է կարծում:

    Ուսանողներին առաջարկեք Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնից ընտրել Հիսուս Քրիստոսի մեկ այլ հատկանիշ և կատարել վարժության 1–3 քայլերը փոքր խմբերով (կամ անհատապես՝ ըստ իրենց նախընտրության):

    Առաջին երեք քայլերը կատարելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո խմբերին առաջարկեք փոխանակել թղթերը մեկ այլ խմբի հետ: Այնուհետև ցուցադրեք ստորև բերված 4–6 քայլերը:

    1. Կարդացեք թղթի վրա գրված Քրիստոսի հատկանիշը, սցենարը և որևէ սուրբ գրություն կամ ելույթ:

    2. Խմբի հետ քննարկելուց հետո թղթի վրա գրեք, թե ինչու եք կարծում, որ Հիսուս Քրիստոսի այդ հատկանիշի ըմբռնումը կօգնի այդ սցենարի մարդուն:

    3. Գտեք և ավելացրեք լրացուցիչ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի ելույթ, որն, ըստ ձեզ, կօգնի այդ մարդուն:

Խմբերին առաջարկեք վերադարձնել թղթերը սկզբնական խմբերին և կարդալ այն, ինչ ավելացվել է իրենց թղթերում։ Յուրաքանչյուր խմբի մեկ անդամի առաջարկեք դասարանի հետ կիսվել այս վարժության ընթացքում ձեռք բերված Հիսուս Քրիստոսի մասին իրենց պատկերացումներով:

Փրկչի հատկանիշները ձեր կյանքում

Կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի այն հատկանիշով, որը առավել կարևոր է ձեզ համար:

Ուսանողներին առաջարկեք աղոթքով խորհել այն հատկանիշների մասին, որոնք ուսումնասիրել են այսօր և պատասխանել հետևյալ հարցերին իրենց ուսումնասիրության օրագրերում:

  • Այսօր ուսումնասիրած Քրիստոսի հատկանիշների ընկալումն ինչպե՞ս կարող է այս պահին զորացնել ձեզ ձեր կյանքում:

  • Ի՞նչ կարող եք անել այդ հատկանիշների մասին ավելին իմանալու համար:

Այս դասն ավարտելու համար մի քանի պատրաստակամ ուսանող կարող են կիսվել իրենց գրածով, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի մասին ունեցած այլ զգացմունքներով: