Տիրոջ մարգարեները հայտարարել են Երկնային Հոր ծրագրում երեխաների կարևորության մասին: Կանայք և ամուսինները կարող են մասնակցել Աստծո ծրագրին՝ աշխարհ բերելով երեխաներ և մեծացնելով նրանց սիրո և արդարակեցության մեջ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ երեխաներ ունենալու և նրանց մասին հոգ տանելու կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստվածային ուղղորդում՝ ընտանիքի հռչակագրից
Քրիստենը և իր երկու ընկերուհիները քննարկում են իրենց ապագան և այն, ինչ իրենք ակնկալում են կյանքից: Երբ խոսում են ընտանիքի թեմայով, Քրիստենն ասում է, որ ուրախությամբ կցանկանա ամուսնանալ և երեխաներ ունենալ, երբ մեծանա: Նրա ընկերուհիներից մեկն ասում է. «Ես ուզում եմ ամուսնանալ, բայց ոչ մի դեպքում չեմ ուզում երեխաներ մեծացնել այս խենթ աշխարհում»: Մյուս ընկերուհին ասում է. «Ես դեմ չէի լինի մի օր երեխա ունենալ, բայց չեմ կարծում, որ կուզենամ ամուսնանալ»: Լսելով իր ընկերուհիների կարծիքը՝ Քրիստենը զարմանում է, թե ինչու է երեխա ունենալու վերաբերյալ իր կարծիքն այդքան տարբերվում նրանց կարծիքից:
Քրիստենի ընկերուհիներն ինչու կարող են այդպիսի կարծիք ունենալ։
Ի՞նչ ճշմարտություններ բացահայտեցիք երեխաներ ունենալու և ծնողական պարտականությունների մասին:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ամուսինները և կանայք երեխաներ ունենան, եթե կարող են ունենալ:
Ի՞նչ պատճառներով ամուսինները կարող են չցանկանալ երեխաներ ունենալ:
Փնտրեք այլ աստվածային աղբյուրներ՝ հասկացողության համար
«Ուժի մեջ է մնում Իր զավակներին տված՝ շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը»:
«Ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»:
«Ծնողները սրբազան պարտականություն ունեն դաստիարակել իրենց երեխաներին սիրո և արդարակեցության մեջ»:
Ի՞նչ սովորեցիք ճշմարտության այս արտահայտությունների մասին, որը ձեր կարծիքով կարևոր է:
Այսօրվա աշխարհում այս ճշմարտություններով ապրելու համար ինչո՞ւ է պահանջվում հավատք առ Հիսուս Քրիստոս:
Ի՞նչ օրինակներ եք տեսել, որ այդ ճշմարտություններով ապրելը տանում է դեպի ավելի շատ սեր, և այդ ճշմարտություններն անտեսելը տանում է դեպի ցավ կամ ափսոսանք:
Ի՞նչ կարող եք անել հիմա, որպեսզի պատրաստվեք հավատարմորեն ապրելու այդ ճշմարտություններով ապագայում:
Հավերժական վարդապետություն երեխաների մասին
Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է երեխաների կարևորությունը Աստծո ծրագրում:
Հավերժական վարդապետությունը … առանձնահատուկ հեռանկար ունի երեխաների համար։ Այս հեռանկարից երեխաներ ունենալն ու դաստիարակելը մենք դիտարկում ենք որպես աստվածային ծրագրի մաս: Դա հաճելի և սրբազան պարտականություն է նրանց համար, ում տրված է դրան մասնակցելու զորությունը։ Հետևաբար, մեզ պատվիրված է ուսուցանել և պայքարել այն սկզբունքների և գործելակերպերի համար, որոնք լավագույն պայմաններն են ապահովում երեխաների զարգացման և երջանկության համար՝ Աստծո ծրագրի ներքո: (Դալլին Հ. Օուքս, «Աստվածային սերը Հոր ծրագրում», Լիահոնա, մայիս 2022, 102)
Տեսե՞լ եք արդյոք, թեերեխաներն ինչպե՞ս են օրհնում են ձեր ընտանիքը կամ ձեր ծանոթների ընտանիքը։
Երեխաներին աշխարհ բերելը և նրանց սիրո մեջ դաստիարակելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել մեր երկնային ծնողներին:
Գնահատեք ձեր հասկացողությունը հետևյալ պնդումների վերաբերյալ՝ ձեր ուսումնական օրագրում պատասխանելով լիովին համաձայն եմ, համաձայն եմ, որոշ չափով համաձայն եմ, վստահ չեմ։ Հակիրճ գրեք, թե ինչու եք ընտրել պատասխաններից յուրաքանչյուրը:
Ես հասկանում եմ, թե ինչու է այսօր ուժի մեջ մնում շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը։
Ես հասկանում եմ, թե ինչու ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն օրինական ամուսնացած կնոջ և տղամարդու միջև:
Ես հասկանում եմ, թե ինչու ծնողները պետք է իրենց երեխաներին մեծացնեն սիրո և արդարակեցության մեջ: