Սեմինարիա
Դաս 158․ Ընտանիքի հռչակագիրը, Մաս 1. «Ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի ծրագրում»


«Դաս 158․ Ընտանիքի հռչակագիրը, Մաս 1. «Ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի ծրագրում»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ընտանիքի հռչակագիրը, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 158․ Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին

Ընտանիքի հռչակագիրը, Մաս 1

«Ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի ծրագրում»

ընտանիքը ուսումնասիրում է միասին

«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը մարգարեական խոսք է, որը գրվել է, որպեսզի օգնի մեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքները ամուսնության և ընտանիքի մասին: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի լավ հասկանալ ընտանիքների կենտրոնական դերը Երկնային Հոր ծրագրում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դասից առաջ համոզվեք, որ ուսանողներից յուրաքանչյուրին հասանելի է «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը թվային ձևաչափով կամ տպագիր տարբերակով: Ուսանողների ուսումնասիրության օրագրերում կարող է ներառված լինել մի օրինակ:

«Ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար ստեղծած ծրագրում»

Կարող եք գրատախտակին պատահական կարգով ցուցադրել վերևում գրված վերնագրի բառերը։ Ուսանողներին մեկ րոպե տվեք, որպեսզի փորձեն ճիշտ հերթականությամբ հավաքել դրանք իրենց մտքում: Այնուհետև առաջարկեք նրանց գտնել և նշել այս բառերը «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի առաջին պարբերության վերջում։

Այնուհետև քննարկում սկսեք՝ օգտագործելով հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ ընտանիքը կենտրոնական դեր ունի Աստծո ծրագրում Իր զավակների հավերժական ճակատագրի համար։

  • Իմանալով, որ յուրաքանչյուր ընտանիք բախվում է փորձությունների, և որ մենք բոլորս անկատար ենք, ինչո՞վ կկիսվեիք Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի Քավության և փրկության ծրագրի մասին, որը կարող է օգնել դեռահասներին, որոնք մտահոգություններ ունեն իրենց ընտանեկան իրավիճակների վերաբերյալ:

Կարող եք դասից առաջ գրատախտակին գրել հետևյալ բառերն ու արտահայտությունները: Առաջարկեք ուսանողներին կարդալ ցանկը։

  • Ամուսնության կարևորությունը

  • Ամուսնալուծություն

  • Բռնություն

  • Սեռային ինքնություն

  • Միասեռ ամուսնություն

  • Ունենալ երեխաներ

  • Ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններ

  • Վիժեցում

  • Ընտանեկան երջանկություն

Նշում. Այսօրվա դասը ուսուցանելիս հաշվի առեք քննարկվող թեմաների զգայուն բնույթը: Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ այս թեմաները քննարկելիս կարևոր է դրսևորել քրիստոսանման սեր, զգայունություն և հասկացողություն:

  • Այս թեմաներից որո՞նց վերաբերյալ են այսօր մարդիկ հարցեր կամ մտահոգություններ ունենում:

  • Ձեր կարծիքով, ո՞ւր են մարդիկ հաճախ գնում այս հարցերի վերաբերյալ պատասխաններ գտնելու համար:

    Կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ խորհելու այս թեմաների վերաբերյալ իրենց հասկացողության մասին և այն մասին, թե իրենք ինչ հարցեր կարող են ունենալ:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչ է Աստված ուսուցանել այս թեմաների վերաբերյալ:

Այս դասը կարող է օգնել ուսանողներին գտնել իրենց որոշ հարցերի և մտահոգությունների պատասխանները: Առաջարկեք նրանց հայտնություն խնդրել Սուրբ Հոգուց՝ առաջնորդելու իրենց «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի ուսումնասիրության ժամանակ այսօր և ամբողջ շաբաթվա ընթացքում:

Ընտանիքի հռչակագիրը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու Տերը ոգեշնչեց ընտանիքի մասին հայտարարության ստեղծումը, կարող եք կիսվել հետևյալ ուղերձով, որը հղվել է հռչակագրի ներկայացման ժամանակ:

Նշում․ սոփեստություն բառը նշանակում է մոլորեցնող, կեղծ ուսմունքներ։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) հայտարարել է.

2:3

Stand Strong against the Wiles of the World

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Մեծ ծավալով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվում են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախապատրաստել ձեզ: Այս առիթով մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, այսօր հրապարակում ենք հայտարարություն՝ ուղղված Եկեղեցուն և աշխարհին՝ որպես հռչակագիր և վերահաստատում՝ ընտանիքին վերաբերող չափանիշների, վարդապետությունների և սովորույթների, որոնք պատմության ընթացքում շարունակ սահմանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից: (Գորդոն Բ. Հինքլի, «Stand Strong against the Wiles of the World», Ensign, նոյեմբեր, 1995, 100)

  • Ի՞նչն է ձեզ համար առավել նշանակալից այն հարցում, թե ինչու ստեղծվեց ընտանիքի մասին հայտարարությունը:

Կարդացեք ընտանիքի հռչակագրի 1–3 պարբերությունները՝ փնտրելով, թե ինչ է Աստված ուսուցանել գրատախտակին գրված որոշ թեմաների վերաբերյալ:

Դասընթացի պատկերակԿենտրոնացեք դարձի բերող և առ Հիսուս Քրիստոս հավատքն ամրացնող ճշմարտությունների վրա․ ստորև բերված վարժությունը ուսանողներին առաջարկում է եղանակներից մեկը, որով նրանք կարող են ձևակերպել իրենց բացահայտած դարձի բերող սկզբունքները։ Սա ուսուցանելու հարցում օգնություն ստանալու համար, տես «Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս» դասընթացը՝ Ուսուցչի կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետությունը ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել «Տվեք հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքները» հմտությունը։

Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին՝ համապատասխան թեմայի կողքին գրել իրենց գտած ճշմարտությունները։ Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչպես կարող է իրենց գրած ճշմարտությունը օգնել պատասխաններ գտնել համապատասխան թեմայի վերաբերյալ:

Ստորև բերված են որոշ ճշմարտություններ, որոնք ուսանողները կարող են նշել.

  • Ընտանիքը կենտրոնական դեր ունի Երկնային Հոր՝ Իր զավակների համար ստեղծած ծրագրում։

  • Սեռը անհատի ինքնության և նպատակի կարևոր բնութագիրն է։

  • Աստծո ծրագիրը հնարավորություն է տալիս ընտանեկան հարաբերությունները շարունակել մահից հետո։

Ուսանողները կարող են կիսվել իրենց պատկերացումներով կամ առաջադրել իրենց հարցերը:

Դասի հաջորդ երեք հատվածներում ուսումնասիրվում են վերը նշված ճշմարտություններից յուրաքանչյուրը: Կախված առկա ժամանակից և ձեր ուսանողների կարիքներից՝ ընտրեք այս ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը, որոնց վրա պետք է կենտրոնանաք: Կամ կարող եք ուսումնասիրել այլ ճշմարտություններ, որոնք ավելի լավ են համապատասխանում ուսանողների կարիքներին և օգնում ուսանողներին գտնել իրենց հարցերի պատասխանները։

1. Ընտանիքը կենտրոնական դեր ունի Երկնային Հոր՝ Իր զավակների համար ստեղծած ծրագրում

Ուսանողներին կարող եք բաժանել զույգերի: Առաջարկեք զուգընկերներին մեկ րոպեում հերթով կիսվել այն ամենով, ինչով կարող են կիսվել Երկնային Հոր՝ փրկության ծրագրի մասին: Խրախուսեք ուսանողներին քննարկել ծրագրի նախաերկրային, երկրային և հետմահկանացու մասերը:

  • Ինչպե՞ս է ընտանիքը կենտրոնական դեր կատարում Երկնային Հոր ծրագրում՝ նախաերկրային կյանքի ժամանակ: Երկրային կյանքի ժամանա՞կ: Հետմահկանացու կյանքի ժամանա՞կ։

  • Եթե ​​սատանան գիտի դա ընտանիքի մասին, ձեր կարծիքով, նա ինչպե՞ս կարող է արձագանքել ընտանիքի մասին ճշմարտություններին:

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչու ընտանիքը կենտրոնական դեր ունի Աստծո ծրագրում, կարող եք առաջարկել նրանց որոնել սուրբ գրություններ Սուրբ գրքերի ուղեցույցի «Ընտանիք» բաժնում։ Բացի այդ, կարող եք բաժանել ուսանողներին հետևյալ խոսքերը՝ անհատապես կարդալու համար: Խրախուսեք ուսանողներին նշել տեքստի այն հատվածները, որոնք առավել կարևոր են իրենց համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոն

Երբ իմանում ենք, թե ինչու ենք լքել մեր Երկնային Հոր ներկայությունը և թե ինչ է պահանջվում վերադառնալու և Նրա հետ վեհացվելու համար, շատ պարզ է դառնում, որ ոչ մի բան այս կյանքի մեր ժամանակահատվածում չի կարող ավելի կարևոր լինել, քան ֆիզիկական ծնունդը և հոգևոր վերածնունդը՝ հավերժական կյանքի երկու նախապայմանները։ …

Տղամարդու և կնոջ ամուսնության վրա հիմնված ընտանիքը լավագույն պայմաններն է ստեղծում Աստծո ծրագրի իրականացման համար․ երեխաների ծննդի համար, ովքեր գալիս են Աստծո մոտից մաքուր ու անմեղ վիճակում, և սովորելու և նախապատրաստվելու միջավայրի համար, որի կարիքը նրանք կունենան հաջողակ մահկանացու կյանքի և գալիք աշխարհում հավերժական կյանքի համար։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 51–52)

Սուրբ գրությունները և երեց Քրիստոֆերսոնի խոսքերը ուսումնասիրելու համար ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո առաջարկեք նրանց զույգերով կամ փոքր խմբերով քննարկել հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչու ընտանիքը կենտրոնական դեր ունի Երկնային Հոր ծրագրում։

  • Ինչպե՞ս եք տեսել, որ ընտանիքներն օգնեն մարդկանց պատրաստվել «հաջողակ մահկանացու կյանքին և հավերժական կյանքին գալիք աշխարհում»:

  • Ինչպե՞ս կարող են այս ուսմունքները օգնել ձեզ պատասխանել ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հարցերին և մտահոգություններին:

2. Սեռը անհատի ինքնության և նպատակի կարևոր բնութագիրն է

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ՝ անհատապես ուսումնասիրելու ստորև բերված նյութերից մի քանիսը: Ուսումնասիրության ժամանակ հետևյալ հարցերը կարող են ուղեցույց հանդիսանալ նրանց համար․

  • Ինչո՞ւ է սեռը անհատի ինքնության և նպատակի կարևոր բնութագիրը հանդիսանում։

  • Ինչպե՞ս կարող ենք համոզմունքով ուսուցանել սեռի մասին ճշմարտությունները՝ խուսափելով մարդկանց հանդեպ աննրբանկատ կամ անհարգալից վերաբերմունքից:

«Սեռի հավերժական բնույթը և նպատակը» (Հավերժական ընտանիք․ Դասի նախապատրաստական նյութ [2022], 29–33) (Ուշադրություն դարձրեք այս նյութի երեք բաժիններին, որոնք սկսվում են հարցերով:)

«Տրանսգենդեր. Ինքնաճանաչում» նյութը Gospel Library հավելվածի Կյանքի օգնություն բաժնում

«Տրանսգենդեր․ Ինչպես աջակցել մարդկանց» նյութը Gospel Library հավելվածի Կյանքի օգնություն բաժնում

Եթե ​​ուսանողներին հասանելի չեն այս նյութերը, կարող եք տպել դաս 7-ի օրինակները Հավերժական ընտանիք․ Դասի նախապատրաստական նյութը ինստիտուտի ձեռնարկից, որպեսզի ուսանողներն ուսումնասիրեն դասարանում։

Ուսանողներին տալով բավարար ժամանակ ուսումնասիրության համար, առաջարկեք պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց ձեռք բերած գաղափարներով։

Այս քննարկման ընթացքում կարող եք կիսվել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերով, որոնք հասանելի են «Լրացուցիչ նյութեր» բաժնում և առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ է այն նշանակում իրենց համար:

Կարող եք կիսվել, թե ինչպես է ձեր կյանքը օրհնվել՝ ձեր ինքնության և նպատակի վերաբերյալ հավերժական տեսակետ ունենալու շնորհիվ։

3. Աստծո ծրագիրը հնարավորություն է տալիս ընտանեկան հարաբերությունները շարունակել մահից հետո

Նախքան ուսանողները կկարդան հետևյալ հատվածները, կարող եք նրանց պատմել ձեր ծանոթներից մեկի մասին, որը ծանր ապրումներ է ունեցել ընտանիքի անդամի մահվան պատճառով: Կամ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել իրենց ծանոթի մասին, որը ծանր ապրումներ է ունեցել ընտանիքի անդամի մահվան պատճառով:

Կարդացեք Ա Կորնթացիներին 15․22 և Վարդապետություն և Ուխտեր 130․2 հատվածները՝ փնտրելով, թե ինչ հույս կարող ենք գտնել Հիսուս Քրիստոսում, երբ մեր հարազատը մահանում է:

  • Ինչպե՞ս կարող են այս հատվածներում պարունակվող՝ Աստծո ծրագրի ճշմարտությունները ուժ տալ մարդուն, որը ծանր ապրումներ ունի հարազատի կորստի պատճառով:

  • Ընտանիքի մասին հայտարարության երրորդ պարբերության ուսմունքները ինչպե՞ս կարող են ազդել հարազատի կորստի պատճառով ծանր ապրումներ ունեցող մարդու վրա:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ ընտանիքի հավերժական էությունը Աստծո ծրագրում, կարող եք ցուցադրել «Plan of Salvation—We’re Still a Family» տեսանյութը (4:47), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել, թե ընտանիքի մասին Փրկչի ուսմունքներն ինչպես ազդեցին այս երիտասարդի վրա:

4:47

Plan of Salvation - We’re Still a Family

Եզրափակում

Դասը ավարտելով՝ կարող եք առաջարկել ուսանողներին լուռ մտածել և գրել հետևյալ հարցերի իրենց պատասխանները: Ցանկացողները կարող են կիսվել իրենց գրածով։

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը օգնեց ավելի մոտ զգալ ձեզ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր ծրագրում ընտանիքի կարևորության մասին: