Դաս 22
Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունը
Նախաբան
Եկեղեցու այլախոհները և Եկեղեցուց դուրս գտնվող ախոյանները կազմակերպեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա եղբայր Հայրում Սմիթի նահատակությունը։ Նրանց մահը զորեղ կնիք դրեց Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վերաբերյալ նրանց վկայությունների վրա։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքն ու նահատակությունն ուսումնասիրելը կօգնի ուսանողներին խորհել բազում օրհնությունների մասին, որոնք Տերը տվել է նրանց Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայության շնորհիվ, ում միջոցով Նա վերականգնեց Իր ավետարանը վերջին օրերում։
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Thomas S. Monson, “The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign or Liahona, Nov. 2005, 67–70.
-
“The Martyrdom,” chapter 22 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 273–85.
-
«Նահատակություն․ Մարգարեն իր վկայությունը կնքում է իր արյամբ», գլուխ 46, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 561-73։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 135․4–5, 136․36–39
Թշնամիները փորձում էին սպանել Ջոզեֆ Սմիթին
Ցուցադրեք Քարթեջի բանտի նկարը։ Բացատրեք ուսանողներին, որ 1844 թվականի հունիսի 27-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը, ով Եկեղեցու Հայրապետն էր, նահատակվեցին այս բանտում, որը գտնվում էր Քարթեջում՝ Իլինոյս։ Ջոզեֆ Սմիթը 38 տարեկան էր, երբ մահացավ, իսկ Հայրումը՝ 44։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136․36-39 հատվածները, մինչ դասարանը կհետևի նրան։ Խրախուսեք ուսանողներին կարդալիս ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերը ներկայացնում Ջոզեֆ Սմիթի կյանքը և նրա կատարած աշխատանքը։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
-
Տերը ինչպե՞ս է նկարագրել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքը և աշխատանքը: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալ ճշմարտությունները․ Ջոզեֆ Սմիթը դրեց Աստծո աշխատանքի հիմքը ավետարանի այս տնտեսությունում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն անմեղ էր, երբ մահացավ և նա հավատարմորեն կատարել էր առաքելությունը, որը տրվել էր նրան Աստծո կողմից։)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն մի քանի պատճառները, որոնք Մարգարեին հասցրին մահվան, ասեք նրանց, որ Սրբերը երեք տարի Իլինոյս նահանգում ապրում էին հարաբերական խաղաղության մեջ, սակայն 1842 թվականին նրանք կրկին տարաձայնություններ ունեցան։ Եկեղեցու ախոյանների շարքերում էին նաև Իլինոյսի քաղաքացիները, ովքեր վախենում էին Սրբերի քաղաքական ազդեցությունից։ Ուրիշներն էլ նախանձում էին Նավուի տնտեսական աճին և քննադատորեն էին մոտենում Նավու քաղաքի կառավարության և ոստիկանության ուժեղ ազդեցությանը։ Ոմանք սխալ էին հասկանում մորմոնական որոշ առանձնահատուկ վարդապետություններն ու սկզբունքները։ Եկեղեցու այլախոհները և Եկեղեցուց դուրս գտնվող ախոյանները միավորեցին իրենց ջանքերը՝ Մարգարեի և Եկեղեցու դեմ պայքարելու գործում։
Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ «Ընդդիմություն Մարգարեի և Եկեղեցու դեմ» վերնագրով հատվածը։
Բացատրեք, որ համաձայն այն օրենքների, որոնք գործում էին մարգարեի մահվան ժամանակ, ոչ մի օրենք չէր խախտվել, երբ լրագիրը փակվեց։ Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.
«Միացյալ Նահանգների Սահմանադրության բարեփոխումը, որը երաշխիք ապահովեց պաշտպանել լրատվամիջոցների ազատությունը քաղաքի և նահանգի կառավարության գործողություններից, չէր գործում մինչև 1868 թվականը, և որպես կառավարական օրենք այն ուժի մեջ մտավ միայն 1931 թվականին։ … Մենք պետք է քննենք մեր նախորդների գործողությունները` հիմք ընդունելով նրանց ժամանակների օրենքները, պատվիրանները և իրավիճակները, այլ ոչ մերը» (“Joseph, the Man and the Prophet,” Ensign, May 1996, 72)։
-
Ինչո՞ւ է կարևոր հիշել Երեց Օուքսի ելույթի վերջին նախադասությունը, երբ մենք խորհում ենք վաղ շրջանի Եկեղեցու ղեկավարների արարքների մասին։ (Դուք կարող եք շեշտել, որ Նավու քաղաքի խորհրդի անդամների մեծ մասը Եկեղեցու անդամներ էին, սակայն նրանք գործում էին որպես ընտրված քաղաքացիական ծառաներ` իրենց լիազորությունների սահմաններում, երբ նրանք պատվիրեցին, որ լրագիրը փակվի։ Եկեղեցին` որպես կազմակերպություն, լրագրի դեմ քայլեր չձեռնարկեց, սակայն քաղաքի խորհուրդը «անախորժությունը մեղմելու» գործողություն ձեռնարկեց[in History of the Church, 6:432])։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Ջոզեֆի և Հայրումի հանդեպ կեղծ մեղադրանքներ են ներկայացվում» վերնագրով հատվածը։ Մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.4 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով մարգարեությունը, որը Ջոզեֆ Սմիթը տվեց Քարթեջի ճանապարհին։
-
Չնայած բոլոր մահկանացուներն էլ անկատար են, ձեր կարծիքով, ի՞նչ է պահանջվում մարդուց ասելու, որ իր «խիղճը մաքուր է Աստծո առաջ և բոլոր մարդկանց առաջ»։ (ՎևՈւ 135․4)։
Բացատրեք, որ երբ Հայրում Սմիթը պատրաստվում էր գնալ Քարթեջի բանտ, նա կարդաց Եթեր 12․36-38 հատվածները և ծալեց այդ էջը։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․5 հատվածը, որը Եթերի գրքի այս հատվածների ճշգրիտ մեջբերումն է, մինչ դասարանը հետևում է նրան։ Հրավիրեք ուսանողներին մտածել, թե սուրբ գրության այդ հատվածը ինչո՞ւ էր կարևոր Հայրումի համար։ Կարող եք խորհուրդ տալ ուսանողներին` նշել ցանկացած բառ կամ արտահայտություն, որն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար:
-
Ձեր կարծիքով Եթերի գրքի այս հատվածի ո՞ր յուրահատուկ բառերը կամ արտահայտությունները կարող էին կարևոր լինել Հայրումի համար, երբ նա կանգնած էր բանտարկության և հնարավոր է նաև մահվան դիմաց։
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում հետևյալ արտահայտությունը․ «Բոլոր մարդիկ կիմանան, որ իմ հանդերձներն արատավորված չեն ձեր արյունով»։ (Թող ուսանողները 5-րդ հատվածը համեմատեն Հակոբ 1․19 և Մոսիա 2․27 հատվածների հետ, որպեսզի բացահայտեն այս արտահայտության իմաստը։ Լրացուցիչ ըմբռնում ձեռք բերելու համար սուրբ գրություններն այլ սուրբ գրությունների հետ համեմատել սովորելը սուրբ գրությունների ուսումնասիրության կարևոր հմտություն է։)
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող էին զգալ Ջոզեֆն ու Հայրումը, երբ իմացան, որ իրենք կատարել էին Աստծուց տրված կոչումները և պարտականությունները՝ գործի դնելով իրենց լավագույն ունակությունները։
-
Մենք ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ և Հայրում Սմիթների օրինակներից, որը կօգնի մեզ կատարելու այն պարտականությունները, որոնք ստանում ենք Աստծուց։
Վարդապետություն և Ուխտեր 135․1-3, 6-7
Ջոզեֆ Սմիթի նահատակությունը Քարթեջի բանտում և նրան մատուցված հարգանքի տուրքը
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135 բաժնի նախաբանը: (Կարող եք նշել, որ սուրբ գրությունների 1981 և 2013 թվականների հրատարակությունների վերնագրերի տարբերությունները արտացոլում են վերջին ուսումնասիրությունները։) Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․1-2 հատվածները և թերթիկի «Նահատակությունը Քարթեջի բանտում» վերնագրով բաժինը: Դասարանին խնդրեք հետևել, մինչ այդ ուսանողները կկարդան։
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «Կնքելու համար այս գրքի և Մորմոնի Գրքի վկայությունը» արտահայտությունը։
Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, խորհեք հետևյալ սահմանումը գրատախտակին գրելու մասին․ «Կնքել» նշանակում է հիմնավորապես հաստատել մի բան, ինչպես օրինակ վկայությունը։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սահմանումն իրենց սուրբ գրություններում հատված 1-ի կողքին։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․3, 6-7 հատվածները, փնտրելով որոշ ճշմարտություններ, որոնք մենք սովորում ենք Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության մասին այս հայտարարությունից։
-
Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության մասին այս հայտարարությունից։ (Ուսանողները կարող են ներկայացնել շատ ճշմարտություններ, ներառյալ հետևյալը․ Ջոզեֆ Սմիթը ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, բացի միայն Հիսուսից: Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը տրվեցին աշխարհի փրկության համար։)
-
Եթե չլիներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մատուցած ծառայությունը, ձեր կյանքում ի՞նչ առանձնահատուկ փոփոխություններ կնկատեիք:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը, որոնք գտնվում են թերթիկի «Հարգանքի տուրք Մարգարե Ջոզեֆ Սմիթին» վերնագրով բաժնում։
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Ջոզեֆ Սմիթի մտերիմները նրան համարում էին մարգարե և «պատվարժան, առաքինի մարդ»։
Վերջում խնդրեք ուսանողներին ցանկության դեպքում դասարանի հետ կիսվել Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայությամբ: Խրախուսեք ուսանողներին հաջորդ մի քանի օրերի ընթացքում հնարավորություններ փնտրել` ուրիշների հետ կիսվելու իրենց վկայությամբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման գործում նրա դերի մասին:
Ուսանողի ընթերցարան
-
Thomas S. Monson, “The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign or Liahona, Nov. 2005, 67–70.