Դաս 23
Հաջորդականությունը Նախագահությունում
Նախաբան
Իր կյանքի վերջին օրերին Ջոզեֆ Սմիթը այս տնտեսության քահանայության բանալիները հաստատեց Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների վրա։ Մարգարեի նահատակությունից հետո 1844 թվականի օգոստոսի 8-ին բազմաթիվ Սրբեր ստացան հոգևոր ապացույց, որը հաստատեց, որ Բրիգամ Յանգը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, պետք է առաջնորդեր Եկեղեցին։ Երբ ուսանողները սկսեն հասկանալ Եկեղեցու Նախագահության հաջորդականության հետ կապված սկզբունքները, նրանք վստահություն ձեռք կբերեն, որ Տերը ընտրել և նախապատրաստել է յուրաքանչյուր անհատի, ով դառնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ։
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
“Succession in the Presidency,” chapter 3 in Teachings of the Living Prophets Student Manual (Church Educational System manual, 2010), 28–41.
-
“The Twelve to Bear Off the Kingdom,” chapter 23 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 286–96.
-
Brent L. Top and Lawrence R. Flake, “‘The Kingdom of God Will Roll On’: Succession in the Presidency,” Ensign, Aug. 1996, 22–35.
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 107․33, 112․30–32
Առաքյալները կրում են այս տնտեսության բանալիները
Տվեք հետևյալ հարցը.
-
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում նոր Նախագահ ընտրելու գործընթացն ինչպե՞ս է տարբերվում այլ կազմակերպություններում ղեկավարներ ընտրելու եղանակից։
Տեղեկացրեք ուսանողներին, որ այս դասի ընթացքում ուսումնասիրելու են Եկեղեցու ղեկավարության փոխանցումը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո: Բացատրեք, որ իր մահից տարիներ առաջ մարգարեն հայտնություններ էր ստացել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի վերաբերյալ։ Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 107․33 և 112․30–32 հատվածները, փնտրելով Տիրոջ նկարագրությունը քահանայության իշխանության վերաբերյալ, որ կրում էին Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անդամները։
-
Ինչպե՞ս է Տերը նկարագրել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի իշխանությունը։ (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը․ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները կրում են այս տնտեսության քահանայության բանալիները, և Տասներկուսը գործում են Առաջին Նախագահության ղեկավարության ներքո։)
Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն իր կյանքի վերջին ամիսներին հաճախ է հանդիպել Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների հետ, որպեսզի նախապատրաստի նրանց առաջնորդելու Եկեղեցին։ Թող ուսանողներից մեկը բարձրաձայն կարդա թերթիկի «Ժողով Տասներկու Առաքյալների հետ, մարտ 1844 թվական» վերնագրով հատվածը։ Ասացեք ուսանողներին, որ սա Առաքյալների և Եկեղեցու այլ ղեկավարների հետ Մարգարե Ջոզեֆ Սմիթի անցկացրած ժողովի հակիրճ պատմությունն է, որը շարադրել է Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը, ով այդ ժամանակ Առաքյալ էր։ Ընթերցումից հետո հարցրեք.
-
Ինչպե՞ս է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին բանալիների այս շնորհումն օգնել նախապատրաստելու նրանց այն ժամանակի համար, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթն այլևս չէր լինելու նրանց հետ։ (Նրանք ստացան նույն քահանայության բանալիները, որոնք կրում էր Մարգարե Ջոզեֆը:)
-
Ինչո՞ւ էր Ջոզեֆ Սմիթը կարևորում նախքան իր մահը քահանայության այս բանալիների շնորհումը Առաքյալներին։ (Այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթը միակ մարդն էր, ով կրում էր այս տնտեսության քահանայության բոլոր բանալիները։ Եթե նա ուրիշներին չշնորհեր այդ բանալիները, ապա հրեշտակները պետք է կրկին այցելեին երկիր` դրանք վերականգնելու համար։)
Վարդապետություն և Ուխտեր 124․127-28
Բրիգամ Յանգը հաջորդեց Ջոզեֆ Սմիթին որպես Եկեղեցու Նախագահ
Բացատրեք, որ երբ 1835 թվականին առաջին անգամ կազմավորվեց Տասներկու Առաքյալների Քվորումը, ավագության կարգը որոշվում էր տարիքով։ Թոմաս Բ․ Մարշը, ով այդ ժամանակ ենթադրվում էր, որ ամենատարեց Առաքյալն էր, նշանակվեց որպես ավագ Առաքյալ (այդ ժամանակ իմացվեց, որ իրականում Դեյվիդ Վ․ Փաթենն էր ամենատարեց Առաքյալը):
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․127-28 հատվածները: Բացատրեք, որ 1838 թվականի հոկտեմբերին Նախագահ Մարշը ուխտադրուժ եղավ և հեռացավ Եկեղեցուց, իսկ Դեյվիդ Վ․ Փաթենը մահացավ։ Բրիգամ Յանգն այդ ժամանակ դարձավ ավագ Առաքյալ, ինչպես բացատրված է այս հատվածներում։ Առաքյալների սկզբնական ընտրությունից հետո մինչ այժմ Տասներկու Առաքյալների Քվորումում ավագությունը որոշվում է կարգման ամսաթվով։
Բացատրեք, որ երբ 1844 թվականի հունիսի 27-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները նահատակվեցին, Տասներկուսը, բացառությամբ Ջոն Թեյլորից և Վիլլարդ Ռիչարդսից, ծառայում էին միսիայում` Միացյալ Նահանգների արևելյան մասում։ Այնուամենայնիվ, երեք շաբաթների ընթացքում բոլոր Առաքյալները լսեցին ողբեգական լուրը և շտապ վերադարձան Նավու։ Երբ Առաքյալները վերադարձան, նրանք շփոթություն գտան Եկեղեցու անդամների մեջ այն հարցի շուրջ, թե ով պետք է առաջնորդեր Եկեղեցին։ Եկեղեցու որոշ անդամներ կարծում էին, որ ղեկավարությունը իրավամբ անցել է Տասներկու Առաքյալների Քվորումին։ Հաջորդ մի քանի ամիսները ընթացքում մի շարք մարդիկ հայտարարեցին, որ իրենք իրավունք ունեին առաջնորդելու Եկեղեցին։ Խնդրեք երկու ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Սիդնի Ռիգդոնի պահանջը» և «Ջեյմս Սթրենջի պահանջը» վերնագրով հատվածները։ Մինչ դասարանը լսում է, հրավիրեք նրանց խորհել մտահոգությունների մասին, որ գուցե նրանք ունենային այս պահանջների վերաբերյալ, եթե իրենք այդ ժամանակ լինեին Նավու քաղաքում։
Այնուհետև ուսանողներին հարցրեք.
-
Այս մարդկանց պահանջներն ինչո՞ւ արդարացի չէին։ (Դուք կարող եք շեշտել, որ չնայած Սիդնի Ռիգդոնը Առաջին Նախագահության անդամ էր, Ջոզեֆը նրան չէր շնորհել քահանայության բանալիները:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Օգոստոսի 7,1844 թվական» վերնագրով հատվածը։ Դասարանով քննարկեք հետևյալ հարցը.
-
Ինչո՞ւ էր կարևոր Բրիգամ Յանգի վկայությունը առաքյալների բանալիների վերաբերյալ։ (Ուսանողների պատասխանները լսելուց հետո գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Առաքյալները կրում են քահանայության բոլոր բանալիները, որոնք անհրաժեշտ են Եկեղեցում նախագահելու համար։)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Օգոստոսի 8,1844 թվական, 10․00» վերնագրով հատվածը։
-
Ինչպե՞ս է Տերն օրհնել Սրբերին իմանալու, թե ու՞մ էր Նա նշանակել առաջնորդելու Եկեղեցին։
-
Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, որ Եկեղեցու ղեկավարներն այսօր կանչված են Աստծո կողմից: (Ուսանողների պատասխանները լսելուց հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք վկայություն ստանալ, որ նրանք, ովքեր առաջնորդում են Եկեղեցին, կանչված են Աստծո կողմից։)
-
Ե՞րբ եք դուք զգացել Հոգու վկայությունը, որ Եկեղեցու Նախագահն այսօր կանչված է Աստծո կողմից։
Բացատրեք, որ օգոստոսի 8-ին ժամը 14․00-ին անցկացված ժողովի ընթացքում Բրիգամ Յանգը և մյուս Առաքյալները ելույթ ունեցան։ Թող ուսանողներից մեկը բարձրաձայն կարդա թերթիկի «Օգոստոսի 8,1844 թվական, 14․00» վերնագրով հատվածը։
Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը մահացավ, Բրիգամ Յանգը` որպես ավագ Առաքյալ, անմիջապես հնարավորություն ունեցավ կիրառելու քահանայության բոլոր բանալիները։ Մարգարեի նահատակությունից հետո ավելի քան երեք տարիների ընթացքում Տասներկու Առաքյալների Քվորումը նախագահում էր Եկեղեցում Բրիգամ Յանգի ղեկավարության ներքո։ Ապա 1847 թվականի դեկտեմբերի 5-ին Բրիգամ Յանգը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ և վերակազմավորվեց Առաջին Նախագահությունը։
Սիդնի Ռիգդոնը տեղափոխվեց Փիթսբուրգ՝ Պենսիլվանիա և կազմակերպեց Քրիստոսի Եկեղեցի՝ առաքյալներով, մարգարեներով, քահանաներով և թագավորներով։ Այդ եկեղեցին անկում ապրեց 1847 թվականին։ Եվ չնայած Ջեյմս Սթրենջի պահանջները նախագահության վերաբերյալ կեղծ էին, Վիլյամ Ի․ Մակլելլին, Ջոն Ի․ Փեյջը և Վիլյամ Սմիթը, ովքեր նախկինում Տասներկու Առաքյալներից էին, աջակցում էին նրան։ Սթրենջը սպանվեց 1856 թվականին դժգոհ հետևորդների կողմից։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հաջորդականության գործընթացը Եկեղեցու Նախագահությունում այսօր, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ հայտարարությունն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի մահից հետո։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․
«Անկասկած գիտեինք, թե ինչ պետք է անել: Մենք գիտեինք, որ ավագ Առաքյալը Եկեղեցու Նախագահն է: Եվ սրբազան ժողովում Թոմաս Ս. Մոնսոնը` Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ: … Այժմ, ինչպես սուրբ գրություններն են ասում, նա միակ մարդն է երկրի վրա, ով այդ բոլոր բանալիները գործադրելու իրավունքն ունի: Սակայն մենք բոլորս` որպես Առաքյալներ, կրում ենք դրանք: Մեր մեջ մեկն է կանչվում և կարգվում և դառնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ» («Տասներկուսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 83)։
-
Եկեղեցու Նախագահի մահից հետո ո՞վ սովորաբար կդառնա Եկեղեցու հաջորդ Նախագահը։ (Ավագ Առաքյալը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն է։)
Որոշ ուսանողներ կարող են ցանկանալ իմանալ, թե երբ է Եկեղեցու Նախագահը ստանում Եկեղեցում նախագահելու համար անհրաժեշտ բանալիները։ Բացատրեք, որ յուրաքանչյուր Առաքյալի տրվում են բոլոր բանալիները հենց այն ժամանակ, երբ նա կարգվում է որպես Առաքյալ։ Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910–2008) հետևյալ հայտարարությունը․
«Սակայն այդ բանալիները գործածելու իշխանությունը տրված է Եկեղեցու Նախագահին։ Երբ նա մահանում է, այդ իշխանությունը գործում է ավագ Առաքյալի միջոցով, ով այնուհետև կոչվում, ի սպաս է դրվում և կարգվում է որպես մարգարե և Նախագահ Տասներկուսի Խորհրդի իր գործընկերների կողմից» (“Come and Partake,” Ensign, May 1986, 47)։
-
Դուք ի՞նչ զգացողություններ ունեք, երբ հասկանում եք, որ Եկեղեցու Նախագահի մահից հետո Տիրոջ արքայությունը երկրի վրա առաջ կշարժվի մի փոքր ընդհատումից հետո։
Դասի վերջում կարող եք վկայել, որ քահանայության նույն բանալիները, որոնք Ջոզեֆ Սմիթը շնորհեց Բրիգամ Յանգին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին, այսօր կրում են Եկեղեցու Նախագահը, Առաջին Նախագահության նրա խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները։ Դուք կարող եք նաև կիսվել, թե ինչպես եք ձեռք բերել ձեր վկայությունն այն մասին, որ Եկեղեցու անդամները կանչված են Աստծո կողմից։ Հրավիրեք ուսանողներին աղոթքով փնտրել ձեռք բերելու կամ ամրացնելու իրենց վկայություններն այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկել են այսօր։
Ուսանողի ընթերցարան
-
Բոյդ Ք. Փաքեր, «Տասներկուսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 83–87: