Դաս 20
Բազմակնություն
Նախաբան
Մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև ամուսնությունը Տիրոջ օրենքն է, քանի դեռ Նա չի պատվիրում մեկ այլ բան (տես Հակոբ 2․27–30): Մարգարե Ջոզեֆ Սմիթին պատվիրվեց վերականգնել բազմակնության սովորույթը, որը կիրառվեց Եկեղեցում կես դարից ավելի, մինչև Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը ոգեշնչվեց Տիրոջ կողմից՝ դադարեցնել այդ սովորույթը։ Բազմակնությունը հավատքի մեծ փորձություն էր Ջոզեֆ Սմիթի և շատերի համար, ովքեր կիրառեցին այն։ Երբ ուսանողները հավատք գործադրեն, նրանք կարող են իմանալ, որ վերջին օրերում բազմակնության կիրառումը բոլոր բաների Վերականգնման մի մասն էր։
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
“Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics.
-
“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, lds.org/topics.
-
“Plural Marriage and Families in Early Utah,” Gospel Topics, lds.org/topics.
-
“The Manifesto and the End of Plural Marriage,” Gospel Topics, lds.org/topics.
Նշում․ Ավետարանական թեմաների ակնարկները ավելի շատ նյութ կտան ձեզ, քան դուք կարող եք ուսուցանել ձեզ հատկացված ժամանակում։ Խնդրում ենք հիշել այդ` դասը նախապատրաստելիս և ուսուցանելիս։
Ուսուցման առաջարկներ
Հակոբ 2․27–30, Վարդապետություն և Ուխտեր 132․1–2, 34–48, 54, 63
Տերը հայտնում է բազմակնության կիրառման մասին
Բացատրեք, որ 1831 թվականին, երբ Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Հին Կտակարանի ոգեշնչված թարգմանության վրա, որը հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, նա կարդաց, որ որոշ հնադարյան մարգարեներ կիրառել են բազմակնությունը (նաև կոչվում է բազմամուսնություն)։ Այդ մարգարեների թվում են եղել Աբրահամը, Հակոբը, Մովսեսը և Դավիթը։ Ջոզեֆ Սմիթն ուսումնասիրում և խորհում էր սուրբ գրությունների շուրջ, որպեսզի իմանար, թե ինչպես էին այս մարգարեները արդարացվում այդ սովորույթի կիրառության դեպքում (տես ՎևՈւ 132․1–2)։ Նրա հարցերին Տերը պատասխանեց հայտնության միջոցով, որն այսօր հայտնի է, որպես Վարդապետություն և Ուխտեր 132 բաժին։ Չնայած որպես այս հայտնության ամսաթիվ նշվում է 1843 թվականի հուլիսի 12-ը, հավանական է, որ Ջոզեֆ Սմիթը, 1831 թվականից սկսած, ժամանակ առ ժամանակ այս բաժնում տրված սկզբունքների վերաբերյալ հայտնություն էր ստանում։
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132․34-36 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով , թե ինչու Աբրահամն ու Սարրան սկսեցին կիրառել բազմակնությունը:
-
Համաձայն հատված 34-ի, ինչո՞ւ Սարրան մեկ այլ կին տվեց Աբրահամին։ Սա ի՞նչ կարող է սովորեցնել մեզ բազմակնության մասին։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Բազմակնությունն ընդունելի սովորույթ է միայն այն դեպքում, երբ Տերն է պատվիրում այն։)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 2.27, 30 հատվածները։ Շեշտեք հետևյալ սկզբունքը․ Մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև ամուսնությունը Տիրոջ սահմանած չափանիշն է, քանի դեռ Նա չի պատվիրում մեկ այլ բան։ Նշեք, որ այս հատվածներում նաև տրվում է բազմակնություն կիրառելու Տիրոջ տված պատճառը՝ «սերունդ աճեցնել [Տիրոջ] համար», մեծացնելով հավատարիմներին ծնված երեխաների թիվը (տես նաև ՎևՈւ 132․63)։
Բացատրեք, որ Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց, ինչպես տրված է Վարդապետություն և Ուխտեր 132․37-43, որ երբ Իր ժողովուրդը կիրառում է բազմակնությունը, քանի որ Նա է պատվիրել նրանց անելու այդ, նրանք չեն մեղադրվում շնության մեջ։ Այնուամենայնիվ, եթե մեկը կիրառում է բազմակնությունը` առանց Տիրոջից Իր մարգարեի միջոցով պատվիրան ստանալու, մեղադրվում է շնության մեջ։ Ուսանողների ուշադրությունը գրավեք այն փաստի վրա, որ կործանվել բառը 41 և 54 հատվածներում նշանակում է, որ նրանք, ովքեր դրժում են իրենց սուրբ ուխտերը` ներառյալ իրենց ամուսնական ուխտը, կհեռացվեն Աստծուց և Նրա ուխտյալ ժողովրդից (տես նաև Գործք Առաքելոց 3․22–23, 1 Նեփի 22․20)։
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132․40 հատվածը և գտնել բազմակնության կիրառման մեկ այլ պատճառ, որը տրվել է Տիրոջ կողմից։
-
Համաձայն հատված 40-ի Տերը ի՞նչ էր պատրաստվում անել վերջին տնտեսությունում: («Վերականգնիր բոլոր բաները»։)
Բացատրեք, որ «բոլոր բաները» արտահայտությունը վերաբերում է ավետարանի օրենքներին և արարողություններին, որոնք հայտնի են դարձվել նախկին տնտեսություններում։ Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Վերջին օրերում բազմակնության օրենքով ապրելու պատվիրանը բոլոր բաները Վերականգնելու մի մասն էր (տես նաև Գործք Առաքելոց 3․20–21)։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132․45, 48 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչը հնարավոր դարձրեց, որ Ջոզեֆ Սմիթը մասնակցի բոլոր բաները Վերականգնելուն։ Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը․ Բազմակնությունը կարող է լիազորվել միայն Եկեղեցու Նախագահին տրված քահանայության բանալիների միջոցով։
Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին բաժինը, որի վերնագիրն է «Բազմակնություն»։
-
Իմացությունը, որ բազմակնությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրվել էր հայտնության միջոցով, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ` ավելի լավ հասկանալ դրա կիրառությունը Եկեղեցու վաղ շրջանում։
Բազմակնության կիրառությունը հավատքի փորձություն էր
Դասարանի կեսին հանձնարարեք մտքում կարդալ թերթիկի «Դժվար պատվիրան» վերնագրով բաժինը։ Թող դասարանի մյուս մասը կարդա «Հավատքի փորձություն» վերնագրով բաժինը։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և այլոք վարանեին կիրառել բազմակնությունը։
-
Ի՞նչ փորձառություն ունեցան Ջոզեֆ Սմիթը, Լյուսի Վոքերը և այլոք, որն ի վերջո օգնեց նրանց հաղթահարել մեծ դժվարությունները, որպեսզի նրանք կարողանային ընդունել բազմակնության օրենքը և ապրել դրանով։
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ թերթիկի «Ջոզեֆ Սմիթը և բազմակնությունը» վերնագրով բաժինը:
Բացատրեք ուսանողներին, որ մենք շատ բան չգիտենք Եկեղեցու վաղ շրջանում բազմակնության կիրառման մասին։ Օրինակ, կնքում եզրույթի մեր ներկայիս հասկացողությունը ճիշտ նույնը չէ, ինչ այդ եզրույթի հասկացողությունն էր 1840-ականներին, երբ կնքման կիրառությունը դեռ նոր էր և կիրառման որոշ ոլորտներ դեռևս լիովին չէին հասկացվում։ Մենք լսում ենք կնքում եզրույթը և մեխանիկորեն մտածում ենք ամուսնության մասին, սակայն Ջոզեֆ Սմիթի և վաղ շրջանի Սրբերի համար կնքումը ոչ միշտ էր նշանակում ամուսնություն ամբողջական իմաստով` ի նկատի ունենալով որպես ամուսին և կին միասին ապրելը։ Բազմակնության կիրառման շատ մանրամասներ գաղտնի են պահվել, և պատմական գրառումները պարզապես չեն պատասխանում մեր բոլոր հարցերին։ Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել դասի վերջում տրված ուսանողի ընթերցարանի նյութերը, որպեսզի նրանք լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերեն բազմակնության վերաբերյալ։
Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեն բազմակնությունը, նրանք պետք է հիշեն օրինաչափությունը, որին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևեց ավետարանի իր ուսումնասիրության ժամանակ։ Նա ուսումնասիրեց, խորհեց և աղոթեց, որպեսզի գիտելիք ձեռք բերի։ Նրանք պետք է հիշեն նաև, որ բազմակնության վերաբերյալ բազմաթիվ ոչ հավաստի տեղեկություններ կան համացանցում ու շատ տպագիր աղբյուրներում։ Որոշ հեղինակներ, ովքեր գրում են Եկեղեցու և դրա պատմության մասին, ներկայացնում են համատեքստից դուրս տեղեկություններ կամ ներառում են մասնակի ճշմարտություններ, որոնք կարող են մոլորեցնող լինել։ Այս գրառումներից մի քանիսի նպատակը հավատքը կործանելն է։
Պաշտոնական Հայտարարություն 1
Տերը հայտնում է, որ Վերջին Օրերի Սրբերը պետք է դադարեցնեն բազմակնության կիրառությունը
Բացատրեք, որ բազմակնությունը լայն կիրառում գտավ Յուտայի տարածք Սրբերի ժամանելուց հետո և այնուհետև դադարեցվեց հայտնության համաձայն։ Հրավիրեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ թերթիկի «Ընդդիմություն բազմակնությանը» և «Երկրորդ հռչակագիրը» վերնագրերով բաժինները:
-
Ի՞նչ հետևանքների բախվեցին վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերն այն պատճառով, որ հնազանդվեցին բազմակնություն կիրառելու Տիրոջ պատվիրանին։
Հրավիրեք մի քանի ուսանողների Վարդապետություն և Ուխտերից հերթով բարձրաձայն կարդալ Պաշտոնական Հայտարարություն 1-ի վերջին երկու պարբերությունները և «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» տեքստի առաջին և յոթերորդ պարբերությունները, որ հետևում է Պաշտոնական Հայտարարություն 1-ին։ Այնուհետև հարցրեք.
-
Ի՞նչ էր Սրբերին ուսուցանում Նախագահ Վուդրուֆը։ (Նրա ուսուցանած որոշ սկզբունքներ ներառում էին հետևյալը․ Տերը երբեք թույլ չի տա, որ Եկեղեցու Նախագահը մոլորեցնի Եկեղեցին։ Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին Եկեղեցու Նախագահին տրված հայտնության միջոցով:)
Հետևյալ տեքստը կարող է օգնել բազմակնության կիրառությունը դադարեցնելու որոշման վերաբերյալ հետագա բացատրությանը․
«Նախագահ Ջորջ Ք․ Քենոնը անդրադարձել է հայտնության գործընթացին, որն առաջ բերեց հռչակագիրը․ «Եկեղեցու Նախագահությունը պետք է քայլի ճիշտ այնպես, ինչպես դուք եք քայլում», ասել է նա։ «Նրանք պետք է քայլ դնեն այնպես, ինչպես դուք եք քայլ դնում։ Նրանք պետք է հենվեն Աստծո հայտնությունների վրա, երբ դրանք տրվում են նրանց։ Նրանք չեն կարող ի սկզբանե տեսնել վերջը, ինչպես Տերն է տեսնում»։ «Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել,- ասել է Քենոնը, խոսելով Առաջին Նախագահության մասին,- Աստծո միտքը և կամքը փնտրելն է, և երբ այն տրվում է մեզ, չնայած երբեմն այն բոլոր զգացումների հետ, որոնք մենք նախկինում ունեցել ենք, մենք չունենք ուրիշ ոչ մի տարբերակ, մենք պետք է կատարենք այն քայլը, որ Աստված է ցույց տալիս և վստահենք Նրան» (“The Manifesto and the End of Plural Marriage,” Gospel Topics, lds.org/topics)։
Դասի վերջում ուսանողներին հարցրեք․
-
Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ դուք ինչպե՞ս կպատասխանեք, եթե մեկը հարցնի ձեզ, թե արդյո՞ք Վերջին Օրերի Սրբերը կիրառում են բազմակնություն։
Կիսվեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերով.
«Եթե մեր անդամներից մեկը կիրառում է բազմակնություն, նրան հեռացնում են Եկեղեցուց, որն ամենալուրջ պատիժն է, որ Եկեղեցին կարող է կիրառել։ … Ավելի քան մեկ դար առաջ Աստված հստակ հայտնեց Իր մարգարե Վիլֆորդ Վուդրուֆին, որ բազմակնության կիրառումը պետք է դադարեցվի, որը նշանակում է, որ այժմ այն դեմ է Աստծո օրենքին։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ քաղաքացիական կամ կրոնական օրենքը թույլ է տալիս բազմակնություն, Եկեղեցին ուսուցանում է, որ պետք է լինի մենամուսնություն և իր անդամության մեջ չի ներառում նրանց, ովքեր կիրառում են բազմակնությունը» (“What Are People Asking about Us?” Ensign, Nov. 1998, 71–72).
Հետևյալ պարբերությունը կարող է օգտակար լինել, եթե դուք քննարկեք Եկեղեցու ներկայիս սովորությունները․
«Ջոզեֆ Սմիթի ուսմունքների համաձայն Եկեղեցին թույլ է տալիս տղամարդուն, ում կինը մահացել է, կնքվել մեկ այլ կնոջ հետ, երբ նա կրկին ամուսնանում է։ Ավելին, անդամներին թույլ է տրվում արարողություններ կատարել մահացած տղամարդկանց և կանանց համար, ովքեր երկրի վրա ամուսնացել են մի քանի անգամ, կնքելով նրանց բոլոր ամուսինների հետ, ում հետ նրանք օրենքով ամուսնացած են եղել։ Հաջորդ կյանքում այս հարաբերությունների ճշգրիտ էությունը հայտնի չէ, և բազմաթիվ ընտանեկան հարաբերություններ պարզ կդառնան գալիք կյանքում։ Վերջին Օրերի Սրբերին քաջալերվում է վստահել իմաստուն Երկնային Հորը, ով սիրում է Իր զավակներին և ամեն ինչ անում նրանց աճի ու փրկության համար (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, lds.org/topics)։
Նախքան դասի ամփոփումը ուսանողներին տեղեկացրեք, որ որոշ մարդիկ, ովքեր ուրացել են Եկեղեցին, բազմակնություն են կիրառում մեր օրերում։ Նրանք համոզում են մարդկանց աղոթել և խորհել, թե արդյո՞ք ճիշտ է բազմակնության կիրառումն այսօր։ Մենք չպետք է ձգտենք այնպիսի հայտնություն ստանալ, որը հակասում է Իր մարգարեների միջոցով Տիրոջ հայտնածին։ Իր մարգարեի միջոցով Տերը հայտնել է, որ բազմակնության կիրառությունը դադարեցվել է Եկեղեցում։ Ցանկացած մարդ, ով այսօր քաջալերում է բազմակնության կիրառումը, Տիրոջ ծառան չէ։
Կիսվեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությամբ։ Դուք կարող եք վկայել, որ նա Աստծուց հայտնություն ստացավ և հնազանդվեց դրան, ճիշտ ինչպես արել էին հնադարյան մարգարեներ Աբրահամը, Իսահակը և Հակոբը (տես ՎևՈւ 132․37)։
Ուսանողի ընթերցարան
-
Հակոբ 2․27–30, Վարդապետություն և Ուխտեր 132․1-3, 34–48, 54, 63, Պաշտոնական Հայտարարություն 1։
-
“Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics.