Գնահատեք ձեր գիտելիքները 6
Մատթեոս 26-28, Մարկոս 14-16, Ղուկաս 22-24, Հովհաննես 13-21
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր ողջ սրտով սիրեք Աստծուն
-
Իմանալով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ ձեր հանդեպ ունեցած սիրո մասին, ի՞նչն է ձեզ մղում փորձել ավելի շատ սիրել Նրանց:
-
Ձեր հանդեպ Նրանց սիրո ըմբռնումը ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի շատ սիրել ուրիշներին:
Հիշեք, որ Փրկիչն ուսուցանել է, որ մենք պետք է ցույց տաք մեր սերը Նրա հանդեպ՝ պահելով պատվիրանները (տես Հովհաննես 14.15): Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր հանդեպ սիրո կատարյալ օրինակ ցուցադրեց՝ հնազանդվելով բոլոր պատվիրաններին (տես Հովհաննես 14.31):
Հովհաննես 14.15 հատվածն ուսումնասիրելիս դուք կարող էիք ձեր օրագրում գրել պատվիրանները պահելու ձեր ցանկությունները և դրդապատճառները: Եթե այդպես է, կրկնեք գրածը:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում պատվիրանները պահելու ձեր ներկայիս ցանկություններին և մղումներին, որպեսզի ցույց տաք ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Համեմատեք ձեր ներկա ցանկություններն ու մղումները տարվա սկզբում ունեցած ցանկությունների և մղումների հետ:
-
Ի՞նչ է փոխվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո մեջ Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում: Եթե նկատել եք որևէ փոփոխություն, ձեր կարծիքով, ի՞նչն է հանգեցրել այդ փոփոխությանը:
-
Կա՞ն արդյոք լրացուցիչ փոփոխություններ, որոնք, ձեր կարծիքով, պետք է տեղի ունենան, որպեսզի դուք կարողանաք ավելի շատ սիրել Հիսուս Քրիստոսին:
Հիսուս Քրիստոսի քավությունը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց դրա
Մտածեք, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին Նոր Կտակարանից: Մի պահ խորհեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսը և Նրա քավիչ զոհաբերությունը ինչ են նշանակում ձեզ համար: Մտածեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը առանց Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության:
Խորհելուց հետո գրանցեք ձեր մտքերից մի քանիսը՝ պատասխանելով հետևյալ հարցերին: Ձեր պատասխաններում ներառեք Հիսուս Քրիստոսի զոհաբերությանը վերաբերող նշանակալից մանրամասներ և տպավորիչ հատվածներ:
-
Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե Փրկիչը չտառապեր Գեթսեմանիի պարտեզում և ձեզ համար չմեռներ Գողգոթայի խաչի վրա:
-
Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե Հիսուս Քրիստոսը չհաղթահարեր մահը Իր փառավոր Հարության շնորհիվ:
-
Ի՞նչ կկատարվեր Երկնային Հոր փրկության ծրագրի հետ` առանց Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության:
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ուսուցանել է.
Բարեբախտաբար Հիսուս Քրիստոսը խիզախորեն իրականացրեց այս զոհաբերությունը հին Երուսաղեմում։ … Հիսուսը տառապեց կամավոր, որպեսզի մենք բոլորս հնարավորություն ունենանք մաքրվելու, Նրան հավատալու, մեր մեղքերից ապաշխարելու, համապատասխան քահանայության իշխանությամբ մկրտվելու, հաստատման միջոցով Սուրբ Հոգու մաքրող պարգևը ստանալու և մնացած բոլոր կարևոր արարողություններն ընդունելու միջոցով: Առանց Տիրոջ Քավության՝ այս օրհնություններից ոչ մեկը հնարավոր չէր լինի մեզ համար, և մենք չէինք կարողանա արժանավոր և պատրաստ լինել վերադառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ:
(Մ․ Ռասսել Բալլարդ, «Քավությունը և մի հոգու արժեքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 85)
Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին լավ լուրով
Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության կարևորության մասին խորհելուց հետո կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ ելույթը:
Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Բարի լուրը Տեր Հիսուս Քրիստոսն է ու Նրա փրկության ուղերձը: Հիսուսը հավասարեցրեց ավետարանը ինչպես Իր առաքելությանը, այնպես էլ մահկանացու կյանքում Իր ծառայությանը:
(Ռասսել Մ. Նելսոն, «Ավագ միսիոներները և Ավետարանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2004, 81)
Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին ի՞նչ լավ նորություններով կցանկանայիք կիսվել ուրիշների հետ: Պատկերացրեք, որ Եկեղեցին սոցիալական ցանցերում մի արշավ է իրականացնում՝ չորս ավետարաններում գրառված Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Եկեղեցուն անհրաժեշտ են սոցիալական գրառումներ այդ արշավի համար:
Մի կարճ գրառում կատարեք, որը կբացատրի Հիսուս Քրիստոսի մասին ձեր լավ լուրը: Մտածեք, թե ինչ հատուկ բան եք սովորել ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես), որը ձեզ օգնել է ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին: Օրինակ՝ դուք կարող եք ընտրել այն ինչ Հիսուսն ուսուցանել է, Նրա հրաշքներից կամ առակներից մեկը, մի պատմություն այն մասին, թե Նա ինչպես է շփվել ուրիշների հետ, Նրա հատկանիշներից մեկը կամ Նրա զոհաբերությունը, մահը և Հարությունը: Եթե հարմար է, կարող եք ձեր լավ լուրը տեղադրել սոցիալական ցանցերում կամ դրանով կիսվել ուրիշի հետ: Ձեր գրառման մեջ ներառեք հետևյալը.
-
Ձեր գրառման համար վերնագիր մտածեք:
-
Բացատրեք, թե Փրկիչի լավ լուրն ինչպես է օգնել ձեզ ավելի մոտենալ Նրան:
-
Ներառեք ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես) ընտրված սուրբ գրության մի հատված:
-
Ներառեք ձեր վկայությունը և բացատրեք, թե այդ լավ լուրն ինչպես կարող է օգնել ուրիշներին: