Միսիայի կոչումներ
Գլուխ 12․ Օգնեք մարդկանց պատրաստվել մկրտությանը և հաստատմանը


«Գլուխ 12․ Օգնեք մարդկանց պատրաստվել մկրտությանը և հաստատմանը», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 12», Քարոզիր Իմ ավետարանը

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին, Գրեգ Կ. Օլսեն

Գլուխ 12

Օգնեք մարդկանց պատրաստվել մկրտությանը և հաստատմանը

Խորհեք սրա մասին

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել մարդկանց պատրաստվել մկրտությանը և հաստատմանը:

  • Ինչպե՞ս կարող եմ մկրտության հարցազրույց անցկացնել:

  • Ինչպե՞ս է ծրագրվում և անցկացվում ոգեշնչող մկրտության ծառայությունը:

  • Ինչո՞ւ է կարևոր լրացնել և ներկայացնել մկրտության և հաստատման ձևաթուղթը:

  • Ինչպե՞ս կարող եմ աջակցել նոր անդամներին:

Մկրտությունը հույսի ուրախ արարողություն է, որն Աստծո զորությունը բերում է մարդու կյանք: Այդ զորությունը գալիս է Սուրբ Հոգու պարգևը ստանալու միջոցով: Այն կշարունակվի, երբ մարդը համբերի մինչև վերջ՝ մկրտության ուխտը պահելու համար:

Ձեր ուսուցման նպատակն է օգնել ուրիշներին զարգացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարել իրենց մեղքերից և մկրտվել՝ Քրիստոսին հետևելու անկեղծ ցանկությամբ: Ինչպես ուսուցանել է Մորմոնը․ «Ապաշխարության առաջին պտուղներից է մկրտությունը» (Մորոնի 8.25): Երբ մարդիկ, որոնց դուք ուսուցանում եք, պահում են ձեր հրավիրած պարտավորությունները, նրանք պատրաստ են լինում կապել ու պահել Աստծո հետ ուխտերը և վայելել խոստացված օրհնությունները:

Մկրտությունն ու հաստատումը վերջնական նպատակակետ չեն: Ավելի շուտ, այս արարողություններն այն դուռն է, որով Աստծո զավակները մտնում են ուխտի ուղի: Այս ուղին տանում է դեպի տաճարային արարողություններ, ուխտեր և ուրախ օրհնություններ, և, ի վերջո, դեպի հավերժական կյանք (տես 3 Նեփի 11.20–40 հատվածները):

Մկրտության և հաստատման պահանջները

Աստված հրավիրում է Իր բոլոր զավակներին գալ Իր մոտ մկրտության և հաստատման միջոցով (տես 2 Նեփի 26.33, 3 Նեփի 27.20 հատվածները): Մկրտության պահանջները բոլորի համար նույնն են:

Վարդապետություն և Ուխտեր 20․37 հատվածից։

  • Խոնարհեցրեք ձեզ Աստծո առաջ:

  • Մկրտվելու ցանկություն ունեցեք։

  • Առաջ եկեք կոտրված սրտով և փշրված հոգով:

  • Ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից և աղոթեք ներման համար:

  • Պատրաստ եղեք ձեր վրա վերցնել Քրիստոսի անունը:

  • Հաստատակամություն ունեցեք ծառայելու Քրիստոսին մինչև վերջ:

  • Ցույց տվեք ձեր գործերով, որ ստացել եք Քրիստոսի Հոգին ձեր մեղքերի թողության համար:

Առաջին Նախագահությունից և Տասներկու Առաքյալների Քվորումից․

  • Պատշաճ կերպով պատասխանեք մկրտության հարցազրույցի հարցերին:

  • Ստացեք բոլոր միսիոներական դասերը:

  • Հանդիպեք երեցների քվորումի նախագահին, Սփոփող Միության նախագահին և եպիսկոպոսին:

  • Հաճախեք հաղորդության մի քանի ժողովներին։

Այս պահանջները դարձի հոգևոր գործընթացի ցուցանիշներն են: Երբ մարդիկ համապատասխանում են այս չափանիշներին, նրանք պատրաստ են մկրտության և հաստատման սրբազան արարողություններին:

Երբ մարդը մկրտության հստակ ամսաթիվ է սահմանել.

  • Ուշադրությամբ վերանայեք նրա գրառումը Preach My Gospel հավելվածում, որպեսզի համոզվեք, որ դուք ուսուցանել եք անհրաժեշտ վարդապետությունն ու պատվիրանները:

  • Ստեղծեք ժամանակացույց այն իրադարձությունների համար, որոնք անհրաժեշտ են մկրտությանն ու հաստատմանը պատրաստվելու համար: Վերանայեք այս ժամանակացույցը տվյալ անձի հետ:

  • Եթե հնարավոր է, առաջարկեք մարդուն ներկա գտնվել մկրտության որևէ ծառայության նախքան իր մկրտությունը:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, պատրաստվել մկրտությանը և հաստատմանը: Գրի առեք այն, ինչ սովորում եք ձեր ուսումնասիրությունից:

Նկար
Հոգատար Բժիշկը, Գրեգ Կ. Օլսեն

Օգնեք մարդկանց պատրաստվել իրենց մկրտության հարցազրույցին

Մկրտության հարցազրույցը կարևոր քայլ է համոզվելու, որ մարդը համապատասխանում է մկրտության համար Տիրոջ պահանջներին: Նշանակեք մկրտության հարցազրույցը միայն այն ժամանակ, երբ մարդը պատրաստ է:

Օգնեք մարդկանց նախապատրաստվել այս հարցազրույցին, որպեսզի նրանք իրենց հանգիստ զգան: Բացատրեք, թե ինչպիսին կլինի այն: Ասացեք նրանց, որ իրենք կհանդիպեն ձեզ նման մեկ այլ միսիոների հետ:

Բացատրեք հարցազրույցի նպատակը: Դա նրանց համար հնարավորություն է վկայելու, որ իրենք «ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից [և] իրենց գործերով ճշմարտապես ցույց են տալիս, որ ստացել են Քրիստոսի Հոգուց՝ իրենց մեղքերի թողության համար» (Վարդապետություն և Ուխտեր 20.37):

Կիսվեք այն հարցերով, որոնք կտա հարցազրույց վարողը (տես ստորև): Սա օգնում է մարդուն պատրաստել դրանց պատասխանները:

Համոզվեք, որ մարդը հասկանում է ձեր ուսուցանածը և այն ուխտը, որը նա կկապի մկրտության ժամանակ: Այս ուխտը կապելիս պետք է.

  • Պատրաստ լինել իր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:

  • Պահել Աստծո պատվիրանները:

  • Ծառայել Աստծուն և ուրիշներին

  • Համբերել մինչև վերջ: (Տես դաս 4-ը)։

Վկայություն բերեք այն մեծ օրհնությունների մասին, որոնք գալիս են մկրտվելուց և հաստատվելուց և մկրտության ուխտը պահելուց: Այս օրհնությունները ներառում են մեղքերի թողությունը և Սուրբ Հոգու պարգևը:

Մկրտության հարցազրույցի անցկացում

Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է մկրտվել, հարցազրույց է անցնում քահանայության լիազորված ղեկավարի հետ: Միսիայի ժամանակ այդ անձը շրջանի կամ գոտու ղեկավարն է: Նա հարցազրույցներ է վարում.

  • 9 տարեկան և բարձր տարիքի անձանց հետ, ովքեր երբեք չեն մկրտվել և հաստատվել:

  • 8 և ավելի տարեկան երեխաների հետ, որոնց ծնողները Եկեղեցու անդամներ չեն:

  • 8 և ավելի տարեկան երեխաներ հետ, որոնց ծնողները նույնպես մկրտվում և հաստատվում են:

Հարցազրույց վարողի ուղեցույցները ներկայացված են ստորև:

  • Հարցազրույցն անցկացրեք հարմարավետ, առանձնացված վայրում, որտեղ հնարավոր է զգալ Հոգին:

  • Երեխայի, երիտասարդի կամ կնոջ հետ հարցազրույց վարելիս, հարցազրույց վարողի զուգընկերը պետք է լինի մոտակայքում՝ հարակից սենյակում, ճեմասրահում կամ դահլիճում: Անձի ցանկությամբ հարցազրույցին կարող է մասնակցել մեկ այլ մեծահասակ մարդ: Միսիոներները պետք է խուսափեն ցանկացած հանգամանքից, որի դեպքում կարող է լինել թյուրըմբռնում:

  • Սկսեք աղոթքով:

  • Օգնեք մարդուն լինել անկաշկանդ։

  • Հարցազրույցը դարձրեք հոգեպես վեհացնող փորձ:

  • Համոզվեք, որ մարդը հասկանում է հարցազրույցի նպատակը:

  • Տվեք ստորև թվարկված մկրտության հարցազրույցի հարցերը: Անհրաժեշտության դեպքում հարցերը հարմարեցրեք անձի տարիքին, հասունությանը և հանգամանքներին:

  • Պատասխանեք անձի հարցերին։

  • Ճշգրտության համար վերանայեք Մկրտության և հաստատման ձևաթղթի տեղեկությունը: Եթե անձն անչափահաս է, ծնողը կամ խնամակալը պետք է ստորագրի ձևաթուղթը նախքան մկրտությունը (տես «Մկրտություն և հաստատում. Հարցեր և պատասխաններ» բաժինն այս գլխում):

  • Առաջարկեք անձին վկայություն բերել կամ կիսվել իր զգացմունքներով:

  • Երախտագիտություն արտահայտեք անձի հետ հանդիպելու հնարավորության համար:

Մկրտության հարցազրույցի հարցեր

Մկրտության հարցազրույցի հարցերը հետևյալն են.

  1. Դուք հավատո՞ւմ եք որ Աստված մեր Երկնային Հավերժական Հայրն է։ Դուք հավատո՞ւմ եք, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչն ու Քավիչը։

  2. Դուք հավատո՞ւմ եք որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ու ավետարանը վերականգնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Դուք հավատո՞ւմ եք, որ [Եկեղեցու ներկայիս Նախագահը] Աստծո մարգարեն է։ Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար:

  3. Ի՞նչ է նշանակում ձեզ համար ապաշխարությունը։ Դուք զգո՞ւմ եք, որ ապաշխարել եք ձեր կատարած մեղքերից:

  4. Ձեզ ուսուցանվել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն անդամակցելը ներառում է ավետարանի չափանիշներով ապրելը։ Ինչպե՞ս եք դուք հասկանում հետևյալ չափանիշները։ Դուք պատրա՞ստ եք հնազանդվել դրանց:

    • Մաքրաբարոյության օրենքը, որն արգելում է տղամարդու և կնոջ միջև ցանկացած սեռական հարաբերություններ օրինական ամուսնական կապերից դուրս:

    • Տասանորդի օրենքը

    • Իմաստության Խոսքը

    • Հանգստության օրը սուրբ պահելը, ներառյալ՝ ամեն շաբաթ հաղորդություն ընդունելը և ուրիշներին ծառայելը:

  5. Երբևէ ծանր հանցագործություն կատարե՞լ եք: Եթե այո, ապա այժմ փորձաշրջանի մե՞ջ եք, թե պայմանական վաղաժամկետ ազատման մեջ:

  6. Երբևէ մասնակցե՞լ եք հղիության ընդհատմանը։ (Տես Ընդհանուր ձեռնարկ, 38.6.1 հատվածը):

  7. Երբ դուք մկրտվում եք, դուք ուխտ եք կապում Աստծո հետ, որ պատրաստ եք ձեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, ծառայել ուրիշներին, միշտ կանգնել որպես Աստծո վկաներ և պահել Նրա պատվիրանները ձեր ողջ կյանքի ընթացքում: Դուք պատրա՞ստ եք կապելու այդ ուխտը և ձգտել հավատարիմ մնալ դրան:

5-րդ կամ 6-րդ հարցին անձի դրական պատասխանի դեպքում տես ցուցումներն Ընդհանուր ձեռնարկի 38.2.8.7 և 38.2.8.8 բաժիններից։

Ծանոթացեք մկրտության և հաստատման հետ կապված քաղաքականությանը և ուղեցույցներին Ընդհանուր ձեռնարկի 38.2.8 բաժնից։ Այս քաղաքականություններից մորոշները ներառում են հատուկ հանգամանքներ, որոնց կարող եք հանդիպել:

Հարցազրույցից հետո միսիոները և թեկնածուն կրկին միանում են այլ միսիոներներին: Եթե մարդը պատրաստ է մկրտության, միսիոներները բացատրում են, թե ինչ է տեղի ունենալու մկրտության ծառայության ժամանակ: Նրանք նաև բացատրում են, որ հաստատումը սովորաբար տեղի է ունենում ծխի հաղորդության ժողովում՝ ըստ բնակության վայրի:

Ե՞րբ է պետք հետաձգել մկրտությունը

Երբեմն մկրտությունը պետք է հետաձգվի վկայության կամ արժանավորության հետ կապված դժվարությունների պատճառով: Երբ դա տեղի ունենա, նրբանկատորեն և գաղտնիությունը պահելով աշխատեք այդ հարցի շուրջ: Օգնեք այդ մարդուն հասկանալ, թե ինչպես է պետք պատրաստվել մկրտությանն ապագայում:

Քաջալերեք մարդուն և առաջարկեք հույս դնել Քրիստոսի և Նրա Քավության վրա: Խնդրեք ծխի անդամներին ընկերակցություն տրամադրել: Շարունակեք ուսուցանել ավետարանի հիմնական սկզբունքներն այնքան ժամանակ, մինչև որ մարդը պատրաստ կլինի մկրտվել և հաստատվել: Սպասեք, մինչև այդ ժամանակը կգա, որպեսզի մկրտության նոր ամսաթիվ նշանակեք:

Մկրտություն և հաստատում. հարցեր և պատասխաններ

Արդյո՞ք ես պետք է թույլտվություն ստանամ անչափահասին մկրտելու համար։ Եկեղեցին մտահոգված է երեխաների բարորությամբ և նրանց տան միջավայրի ներդաշնակությամբ: Անչափահասը, ինչպես սահմանված է տեղի օրենքներով, կարող է մկրտվել, երբ բավարարված են հետևյալ երկու պայմանները.

  1. Խնամակալության իրավունք ունեցող ծնող(ներ)ը կամ օրինական խնամակալ(ներ)ը գրավոր թույլտվություն են տալիս: Նրանք պետք է ընդհանուր հասկացողություն ունենան այն վարդապետության մասին, որին իրենց երեխան կուսուցանվի որպես Եկեղեցու անդամ: Նրանք պետք է նաև պատրաստ լինեն աջակցել երեխային մկրտության ուխտը կապելու և պահելու հարցում:

  2. Հարցազրույցը վարող անձը տեսնում է, որ երեխան հասկանում է մկրտության ուխտը: Նա պետք է վստահ լինի, որ երեխան կձգտի պահել այս ուխտը` հնազանդվելով պատվիրաններին, ներառյալ Եկեղեցու ժողովներին հաճախելը:

Անհրաժե՞շտ է արդյոք ամուսիններից մեկի համաձայնությունն ամուսնուն կամ կնոջը մկրտելու համար: Այո: Ամուսնացած անձը մկրտվելուց առաջ պետք է ունենա իր ամուսնու կամ կնոջ համաձայնությունը:

Եթե ընտանիքում ծնողը պատրաստ չէ մկրտությանը, ես պետք է մկրտե՞մ ընտանիքի մյուս անդամներին, թե՞ սպասեմ, մինչև ծնողը պատրաստ կլինի: Նախընտրելի է, որ ընտանիքի անդամները միասին մկրտվեն։ Այնուամենայնիվ, եթե ոմանք պատրաստ չեն, ընտանիքի առանձին անդամները կարող են մկրտվել՝ անհրաժեշտ համաձայնության առկայության դեպքում։

Արդյո՞ք ընտանիքի անդամների մկրտությունը պետք է հետաձգել այնքան ժամանակ, մինչև հայրը կարողանա ստանալ Ահարոնյան Քահանայությունը և ինքնուրույն կատարել մկրտությունը: Ոչ: Նոր մկրտված եղբայրներն իրենց մկրտության օրն Ահարոնյան Քահանայություն չեն ստանում: Նրանք նախ պետք է հարցազրույց անցնեն եպիսկոպոսի կողմից և հաստատվեն ծխի անդամների կողմից:

Կարո՞ղ եմ ես ուսուցանել և մկրտել մի մարդու, ով հրաժարվել է Եկեղեցու անդամությունից կամ որի անդամությունը դադարեցվել է: Մարդիկ, ովքեր հրաժարվել են Եկեղեցու անդամությունից կամ ում անդամությունը դադարեցվել է, կարող են հետ ընդունվել մկրտությամբ և հաստատմամբ: Եթե նրանք ցանկանում են ուսուցանվել, խորհրդակցեք տեղի քահանայության ղեկավարների և ձեր միսիայի նախագահի հետ ցանկացած դերի մասին, որը դուք կարող եք կատարել:

Ցցում մկրտությամբ վերընդունումը կատարվում է եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ղեկավարության ներքո: Միսիայում վերընդունումն իրականացվում է միսիայի նախագահի ղեկավարությամբ: Անհրաժեշտության դեպքում այս ղեկավարներն առաջնորդություն կստանան Առաջին Նախագահությունից: Միսիոներները չեն անցկացնում նմանատիպ մկրտության հարցազրույցները կամ չեն լրացնում Մկրտության և հաստատման ձևաթուղթը: Այնուամենայնիվ, միսիոները կարող է հրավիրվել մկրտությունը կատարելու:

Եկեղեցու նախկին անդամները, ովքեր կրկին միանում են Եկեղեցուն, նորադարձ չեն: Այնուամենայնիվ, միսիոներները երբեմն կարող են կարևոր դեր ունենալ՝ օգնելով նրանց կրկին վայելել Եկեղեցու անդամության օրհնությունները:

Ի՞նչ անել, եթե անձը մկրտության նշանակված ամսաթիվ ունի, սակայն չի պահում բոլոր պարտավորությունները: Մկրտության հարցազրույց մի նշանակեք այնքան ժամանակ, մինչև որ անձը կպահի պարտավորությունները և կհամապատասխանի մկրտության պահանջներին: Տես «Ե՞րբ է պետք հետաձգել մկրտությունը» բաժինն այս գլխում:

Ի՞նչ անել, երբ միասին ապրող զույգը ցանկանում է մկրտվել: Տղամարդու և կնոջ միջև օրինական ամուսնությունից դուրս ապրող զույգը չի կարող մկրտվել, քանի դեռ չեն ապրում մաքրաբարոյության օրենքով: Սա նշանակում է, որ նրանք՝ լինեն դա հետերոսեքսուալ զույգ, թե միասեռ զույգ, այլևս չեն ապրում միասին։ Կամ՝ տղամարդու և կնոջ դեպքում նրանք պետք է ամուսնանան: Այն ներառում է նաև հավատք գործադրել դեպի ապաշխարություն, ինչպես նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածում։ Տղամարդու և կնոջ ամուսնությունն Աստծո ծրագրի կարևոր մասն է։

Մկրտության հարցազրույցի 5-րդ և 6-րդ հարցերը հարցնում են՝ արդյո՞ք մարդը երբևէ լուրջ հանցագործություն է կատարել կամ մասնակցել է հղիության ընդհատմանը: Ի՞նչ պետք է անեմ, եթե որևէ մեկը պատասխանի «այո» այս հարցերից ինչ-որ մեկին: Մանրամասներն իմանալու համար հարցեր մի տվեք, եթե մկրտության հարցազրույցի ժամանակ դուք տեղյակ եք լինում այս իրավիճակներից մեկի մասին: Մի խոստացեք, որ անձը հաստատվելու է մկրտության համար: Փոխարենը, արտահայտեք ձեր սերը և սիրով բացատրեք, որ ավելի հասուն և փորձ ունեցող մեկը կխոսի այդ մարդու հետ և կօգնի նրան:

Մկրտության հարցազրույցի խնդրանք ուղարկեք ձեր միսիայի նախագահին: Նա կամ նրա խորհրդականներից մեկը կհանդիպի այդ մարդու հետ: Տես Ընդհանուր ձեռնարկ, 38.2.8.7 և 38.2.8.8 հատվածները։

Ի՞նչ պետք է անեմ, եթե անդամության գրանցումը ստեղծվել է նախքան մկրտության և հաստատման ձևաթուղթը ներկայացնելը: Ցուցումների համար դիմեք ձեր միսիայի նախագահին:

Անհատական ուսումնասիրություն

Մտածեք, թե ինչպես կզգայիք ձեզ, եթե հարցազրույց անցնեիք: Նկատի ունեցեք հետևյալ հարցերը և գրի առեք ձեր տպավորությունները։

  • Ինչի՞ համար կարող է հարցազրույցը ձեզ անհարմար թվալ: Ի՞նչ կարող է անել կամ ասել հարցազրույց վարողը ձեզ հանգստացնելու համար:

  • Ինչպե՞ս կցանկանայիք, որ հարցազրույց վարողը շփվեր ձեզ հետ:

  • Ինչպե՞ս կցանկանայիք, որ հարցազրույց վարողն արձագանքեր, եթե դուք կասկածներ կամ տարաձայնություն արտահայտեիք կամ լուրջ մեղքեր խոստովանեիք:

Նկար
մկրտություն

Մկրտության ծառայությունը

Մկրտության ծառայությունը և հաստատումը պետք է լինեն կարևոր հոգևոր իրադարձություններ նոր անդամի համար: Մկրտության ծառայությունը պետք է նշանակվի այն ժամանակ, երբ անձը համապատասխանում է մկրտության պահանջներին: Բացատրեք, թե ինչ է ծրագրված և ինչու: Քննարկեք պատշաճ զգեստը, ներառյալ այն, թե ինչպես են մարդուն սպիտակ հագուստ տալու մկրտության համար:

Նորադարձների համար մկրտության ծառայությունները նախատեսվում են եպիսկոպոսության առաջնորդությամբ: Ծխի միսիայի ղեկավարը (եթե կանչված է) կամ երեցների քվորումի նախագահության անդամը, ով ղեկավարում է միսիոներական աշխատանքը, պլանավորում և անց է կացնում այդ ծառայությունները: Նա համակարգում է իր գործողությունները լիաժամկետ միսիոներների հետ: Մկրտության ծառայությունները պետք է լինեն պարզ, կարճ և հոգեպես վեհացնող:

Հրավիրեք եպիսկոպոսության անդամին, Սփոփող միության նախագահության անդամին և Երեցների քվորումի նախագահության անդամին (եթե նա չի վարում) մասնակցելու մկրտության ծառայությանը: Անհրաժեշտության դեպքում, հրավիրեք այլ կազմակերպության ղեկավարներին, երիտասարդների ղեկավարներին և սպասավորող եղբայրներին ու քույրերին (եթե հանձնարարված է): Աշխատեք մկրտվող անձի հետ, որպեսզի նա հրավիրի իր ընկերներին և հարազատներին մասնակցելու մկրտության ծառայությանը և հաստատմանը:

Կարող եք հրավիրել այլ մարդկանց, ում ուսուցանում եք: Այս փորձառությունները կօգնեն նրանց զգալ Հոգին և իմանալ ավելին ավետարանի մասին: Ծառայությունից հետո քննարկեք նրանց փորձառությունը և առաջարկեք նրանց ուսուցանվելու:

Մկրտության ծառայությունը կարող է ներառել հետևյալը.

  1. Նախերգանք

  2. Ծառայությունն անցկացնող քահանայության ղեկավարի կարճ ողջույն (հնարավորության դեպքում եպիսկոպոսության անդամը պետք է նախագահի)

  3. Բացման օրհներգ և աղոթք

  4. Մեկ կամ երկու կարճ ուղերձ ավետարանական թեմաներով, օրինակ՝ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը

  5. Երաժշտական ընտրանի

  6. Մկրտությունը

  7. Ակնածանքի ժամ, մինչև որ մասնակիցները չոր հագուստ հագնեն: (Այս ընթացքում կարելի է նվագել կամ երգել օրհներգերը կամ երեխաների միության երգերը: Կամ միսիոներները կարող են համառոտ ներկայացնել ավետարանը)։

  8. Ցանկության դեպքում նոր անդամները կարող են վկայություն բերել

  9. Փակման օրհներգ և աղոթք

  10. Վերջերգ

Եթե նախատեսում եք մկրտությունն անցկացնել կիրակի օրը, ապա ընտրեք մի ժամանակ, որը հնարավորինս քիչ է հակասում կանոնավոր կիրակնօրյա ժողովներին:

Նկար
հաստատում

Հաստատում

Մարդը ստանում է հաստատման արարողությունը մկրտվելուց հետո (տես Վարդապետություն և Ուխտեր 20.41 հատվածը): Նորադարձը համարվում է Եկեղեցու անդամ այն բանից հետո, երբ մկրտության և հաստատման արարողությունները կավարտվեն և կգրանցվեն պատշաճ կերպով:

Հաստատումները կատարվում են եպիսկոպսի ղեկավարությամբ: Սակայն հաստատման համար նա առանձին հարցազրույց չի վարում։

Սերտորեն աշխատեք եպիսկոպոսի և ծխի միսիայի ղեկավարի հետ (եթե կանչված է), որպեսզի համոզվեք, որ նորադարձները հաստատվել են: Հաստատումը պետք է տեղի ունենա մկրտությունից անմիջապես հետո, նախընտրելի է հաջորդ կիրակի օրը: Այնուամենայնիվ, եպիսկոպոսը, որպես բացառություն, կարող է թույլ տալ, որ հաստատումը կատարվի մկրտության արարողության ժամանակ (տես Ընդհանուր ձեռնարկ, 18.8):

Նորադարձները սովորաբար հաստատվում են հաղորդության ժողովի ժամանակ իրենց տարածքի ծխում։ Եպիսկոպոսը սովորաբար հրավիրում է ծխում ծառայող միսիոներ երեցներին՝ մասնակցելու հաստատմանը: Եթե հաստատումը կատարում է միսիոները, ապա նա նաև միսիայի նախագահի թույլտվության կարիքն ունի (տես Ընդհանուր ձեռնարկ, 18.8.1): Եպիսկոպոսության առնվազն մեկ անդամ է մասնակցում։

Լրացրեք մկրտության և հաստատման ձևաթուղթը

Անձի մկրտվելուց և հաստատվելուց հետո նրա անդամության անհապաղ գրանցումը կենսական նշանակություն ունի։ Իր օրերում նման գրառումների վերաբերյալ Մորոնին գրել է, որ նոր անդամները «համարվում էին Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում. և նրանց անունները գրի էին առնվում, որպեսզի հիշվեին և սնուցվեին Աստծո բարի խոսքով՝ պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա» (Մորոնի 6.4):

Երբ ուսուցանում եք այն մարդուն, ով պատրաստվում է մկրտվել, սկսեք լրացնել մկրտության և հաստատման ձևաթուղթը Preach My Gospel հավելվածում: Բացատրեք, որ այս ձևաթուղթը կօգտագործվի անդամության գրանցում ստեղծելու համար: Այս գրանցումը կպարունակի կարևոր տեղեկություններ այն արարողությունների մասին, որոնք անձը ստանում է: Երբ Եկեղեցու անդամները տեղափոխվում են, նրանց անդամության գրանցումը փոխանցվում է իրենց նոր ծխին, որպեսզի տեղի ղեկավարներն ու անդամները կարողանան աջակցել նրանց:

Նոր անդամի մկրտվելուց և հաստատվելուց անմիջապես հետո, թարմացրեք ձևաթուղթը՝ յուրաքանչյուր արարողության մասին տեղեկություններ ավելացնելով, ներառյալ այն, թե ով է կատարել արարողությունները: Երբ լրացնեք ձևաթուղթը, գրանցեք տեղեկատվությունը Preach My Gospel հավելվածում և էլեկտրոնային եղանակով ներկայացրեք ծխի գործավարին: Հենց որ գործավարը ստանում է ձևաթուղթը, նա վերանայում է այն և անդամության վերաբերյալ գրանցում է ստեղծում։

Անդամության գրանցումը ստեղծելուց հետո գործավարը պատրաստում է մկրտության և հաստատման վկայական: Այս վկայականը ստորագրվում է եպիսկոպոսի կողմից և տրվում է անձին:

Անդամության գրանցման մեջ և վկայականում գրված անունն ու սեռը պետք է համապատասխանի անձի ծննդյան վկայականին, քաղաքացիական ծննդյան գրանցամատյանին կամ ներկայիս իրավաբանական անվանը:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Ուսումնասիրեք Մոսիա 6.1–3 և Մորոնի 6.1–4 հատվածները։ Ինչպե՞ս են այս հատվածները կապված մկրտությունների և հաստատումների վերաբերյալ ճշգրիտ գրանցումներ կատարելու հետ:

Մկրտությունից և հաստատումից հետո

Շարունակեք սպասավորել

Շարունակեք ընկերակցել և աջակցել նոր անդամներին նրանց մկրտվելուց և հաստատվելուց հետո: Օգնեք նրանց հաճախել եկեղեցի և հարաբերություններ կառուցել անդամների հետ: Կարդացեք Մորմոնի Գիրքը նրանց հետ և օգնեք նրանց կիսվել ավետարանով ընտանիքի անդամների և ընկերների հետ: Ներկայացրեք նրանց Իմ ուխտի արահետը գրքույկը։ Շարունակեք օգտագործել Preach My Gospel հավելվածը, որպեսզի գրանցեք նրանց առաջընթացը, օրինակ՝ հաղորդության ժողովին հաճախելը և ստացած դասերը:

Նկար
տղամարդիկ գրկախառնվում են

Հաստատվելուց հետո կրկին միսիոներական դասեր ուսուցանեք: Ձեզ վրա վերցրեք դասերն ուսուցանելու առաջնորդությունը: Այնուամենայնիվ, համակարգեք ձեր գործողությունները ծխի ղեկավարների հետ, որպեսզի ծխի միսիոներները կամ այլ անդամներ կարողանան մասնակցել: Ուսուցանելիս խրախուսեք նոր անդամներին պահել դասերի բոլոր պարտավորությունները:

Շաբաթական համակարգման ժողովներում խորհուրդ տվեք, թե անդամներն ինչպես կարող են աջակցել նորադարձներին և օգնել նրանց ակտիվորեն ներգրավված մնալ Եկեղեցում: Ծրագրեք, թե ով կներկայացնի նրանց քվորումի կամ կազմակերպության ղեկավարներին: Համակարգեք այլ անդամների մասնակցությունը՝ դասերը կրկին ուսուցանելիս: Խնդրեք, որ նշանակվեն սպասավորող եղբայրներ (և սպասավորող քույրեր կանանց համար):

Տղամարդու հաստատվելուց հետո, նա կարող է ստանալ Ահարոնյան Քահանայություն, եթե մինչև տարեվերջ նա կլինի առնվազն 12 տարեկան: Ահարոնյան Քահանայության կարգումները կատարվում են եպիսկոպոսի ղեկավարության ներքո (տես Ընդհանուր ձեռնարկ, 38.2.9.1):

Հնարավորության դեպքում, ձեր կյանքի ընթացքում շփվեք նրանց հետ, ում ուսուցանել եք: Աջակցեք նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանի բոլոր օրհնությունները ստանալու հարցում:

Նկար
Երեց Ջերիթ Վ. Գոնգ

«Երբ մենք գալիս ենք կոտրված սրտով և փշրված հոգով, մեր ձայնը լսվում է Հիսուս Քրիստոսի միջոցով, օղակված Նրա ապահովության ըմբռնող բազուկների մեջ: Սրբազան արարողությունները տալիս են ուխտի պատկանելություն և «աստվածայնության զորությունը»՝ սրբագործելու ներքին միտումը և արտաքին գործողությունը [Վարդապետություն և Ուխտեր 84.20]։ Իր սիրառատ բարությամբ և երկայնամտությամբ Նրա Եկեղեցին դառնում է մեր իջևանը» (Ջերիթ Վ. Գոնգ, «Տեղ իջևանում», Լիահոնա, մայիս 2021, 27):

Օգնեք նոր անդամներին մասնակցել Տաճարային օրհնություններին

Համապատասխան տարիքի նոր անդամները կարող են ստանալ տաճարային երաշխավորագիր, որը թույլ է տալիս նրանց մկրտվել իրենց ընտանիքի մահացած անդամների համար (տես Ընդհանուր ձեռնարկ, 26.4.2): Նրանք ստանում են այս երաշխավորագիրը եպիսկոպոսից: Խրախուսեք և օգնեք նոր անդամներին հնարավորինս շուտ ստանալ տաճարային երաշխավորագիրը: Եթե մոտակայքում տաճար կա, առաջարկեք նոր անդամներին որոշակի ժամանակահատվածում մկրտություններ կատարել իրենց մահացած նախնիների համար:

Շաբաթական համակարգման ժողովներում ծրագրեք, թե նոր անդամներին ով կներկայացնի ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարին: Այս ղեկավարը կարող է օգնել նրանց, որպեսզի պատրաստվեն ստանալ տաճարային օրհնությունները՝ կապելով իրենց տաճարային ուխտերը:


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Թվարկեք այն դժվարությունները, որոնց կարող է հանդիպել մկրտության թեկնածուն: Ինչո՞ւ է կարևոր, որ մարդը զգա Եկեղեցու անդամների սերն ու ընկերությունը:

  • Ուսումնասիրեք Մորոնի 6 և Վարդապետություն և Ուխտեր 20․68–69 հատվածները։ Ի՞նչ կարող եք սովորել այս հատվածներից, որպեսզի օգնեք մարդկանց պատրաստվել մկրտությանը և հաստատմանը: Գրի առեք այն, ինչ սովորել եք: Կիսվեք ձեր մտքերով ձեր զուգընկերոջ հետ ուսումնասիրության ընթացքում:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է, թե ինչու են կարևոր ավետարանի չափանիշները: Քննարկեք հետևյալ խորհուրդը. Ինչպե՞ս կարող եք խրախուսել մարդկանց, որպեսզի նրանք ցանկանան համապատասխանել այս չափանիշներին:

    «Տերը սահմանում է Իր չափանիշները, որպեսզի կարողանա օրհնել մեզ: Մտածեք այդ օրհնությունների մասին. Նա Սուրբ Հոգու օգնությունն է խոստանում նրանց, ովքեր համապատասխանում են այդ չափանիշներին: Նա անձնական խաղաղություն է խոստանում։ Նա հնարավորություն է խոստանում՝ Իր տանը սրբազան արարողություններ ստանալու համար: Եվ Նա հավերժական կյանք է խոստանում նրանց, ովքեր համբերում են՝ ապրելով Իր չափանիշներով: …

    Քանի որ մենք սիրում ենք այն մարդկանց, ում ծառայում ենք, մենք բոլորս ցանկանում ենք անել լավագույնը՝ մեր Երկնային Հոր զավակներին քաջալերելու դեպի հավատարմություն և մաքրություն, որոնց առկայությունն անհրաժեշտ է Տիրոջ բոլոր օրհնություններն ունենալու համար: …

    … Դուք սկսում եք նրանով, որ պարզ և առանց ներողություն խնդրելու բարձր եք պահում Տիրոջ չափանիշները: Եվ որքան շատ աշխարհը շեղվի նրանցից և ծաղրի նրանց, այնքան մենք պետք է ավելի համարձակ լինենք դա անելիս» («Արժանավորության չափանիշներ», Ղեկավարների վերապատրաստման առաջին համաշխարհային ժողով, հունվ․ 2003, 10–11):

  • Վերանայել մկրտության հարցազրույցի հարցերը Մտածեք, թե ինչպես կվարվեիք հետևյալ իրավիճակներում.

    • Անձը ձեզ չի ասել, որ ինքը փորձաշրջան է անցնում հանցանք կատարելու համար։

    • Մարդը չի ստացել Ջոզեֆ Սմիթի մարգարեության մասին իր աղոթքի պատասխանը:

    • Երկու օր առաջ անձը ծխախոտ է ծխել։

    • Մարդը վստահ չէ, որ նա ստացել է իր աղոթքների պատասխանը:

    • Ընտանիքը ճնշում էր զգում ընկերների կողմից և վստահ չէ, որ պատրաստ է մկրտությանը:

  • Վերանայեք մկրտության և հաստատման ձևաթուղթը։ Ինչի՞ համար է պետք, որ ձեր տրամադրած տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական լինի:

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Վերանայեք մկրտության հարցազրույցի կարևորությունը: Քննարկեք, թե ինչպես կարող են միսիոներներն օգնել մարդկանց պատրաստվել հարցազրույցին:

  • Քննարկեք, թե ինչպես օգտագործել մկրտության ծառայությունները և հաստատումները որպես մարդկանց գտնելու հնարավորություն:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Աշխատեք տեղի քահանայության և կազմակերպությունների ղեկավարների հետ, որպեսզի համոզվեք, որ նրանք արդյունավետ են օգտագործում Covenant Path Progress հաշվետվությունը:

  • Ուսուցանեք շրջանի ղեկավարներին, գոտիների ղեկավարներին և ուսուցանվող քույրերի ղեկավարներին, թե ինչպես պատրաստել մարդկանց մկրտության հարցազրույցին: Առաջարկեք նրանց ուսուցանել այլ միսիոներների՝ այս հարցազրույցին մարդկանց պատրաստելու համար։

  • Ուսուցանեք շրջանի և գոտու ղեկավարներին, թե ինչպես վարել մկրտության հարցազրույցները:

  • Ուսուցանեք, թե ինչպես պատասխանել մկրտության հարցազրույցի ժամանակ, երբ մարդը հայտնում է, որ ինքը լուրջ մեղք է գործել:

  • Հնարավորության դեպքում մասնակցեք նոր անդամների մկրտության ծառայությանը: Խոսեք նոր անդամների հետ և իմացեք նրանց դարձի գալու փորձառության մասին: Կիսվեք նրանով, ինչ սովորում եք ձեր զուգընկերոջ և միսիոներների հետ:

Տպել