«Գլուխ 11․ Օգնեք մարդկանց ստանձնել և պահել պարտավորությունները», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)
«Գլուխ 11», Քարոզիր Իմ ավետարանը
Գլուխ 11
Օգնեք մարդկանց ստանձնել և պահել պարտավորությունները
Ապաշխարություն, պարտավորություն և դարձ
Հիսուս Քրիստոսի միսիոներ և աշակերտ լինելով, դուք հոգիների փրկություն եք ցանկանում (տես Մոսիա 28.3 հատվածը): Փրկիչը «հզոր է փրկելիս» նրանց, ովքեր պահում են ուխտերը, որոնք կապում են քահանայության հիմնական արարողությունները ստանալու միջոցով՝ սկսած մկրտությունից (տես 2 Նեփի 31.19): Անելով հրավերներ և օգնելով մարդկանց պահել պարտավորությունները, դուք պատրաստում եք նրանց մկրտության համար:
Մարդիկ փրկվում են ապաշխարության պայմանով (տես Հելաման 5.11 հատվածը): Ապաշխարությունը լիարժեք և անկեղծ դարձ է դեպի Հիսուս Քրիստոսը: Պարտավորությունն ապաշխարության կարևոր մասն է։ Երբ հրավիրում եք մարդկանց պարտավորություններ ստանձնել որպես ձեր ուսուցման մաս, դուք հրավիրում եք նրանց ապաշխարել:
Պարտավորություն նշանակում է ընտրել գործողությունների ուղի և հետևել այդ ընտրությանը: Ըստ ավետարանի ճշմարտությունների հետևողական գործելը տանում է դարձի:
Դարձը մարդու համոզմունքների, սրտի և կյանքի փոփոխություն է, ինչի արդյունքում նա ընդունում և հետևում է Աստծո կամքին: Այն Քրիստոսի աշակերտ դառնալու գիտակցված որոշում է: Դարձը տեղի է ունենում, երբ մարդիկ հավատք են գործադրում առ Քրիստոս, ապաշխարում են իրենց մեղքերից, մկրտվում են, ստանում են Սուրբ Հոգու պարգևը և դիմանում են մինչև վերջ: Տերը և Նրա մարգարեները կոչում են այս փոփոխությանը հոգևոր վերածնունդ (տես Հովհաննես 3.3–5, Մոսիա 27.25–26 հատվածները):
Փրկչի Քավությունը դարձը հնարավոր է դարձնում, իսկ Սուրբ Հոգին բերում է սրտի այս հզոր փոփոխությունը (տես Մոսիա 5.2, Ալմա 5.12–14 հատվածները):
Դարձի գալը գործընթաց է այլ ոչ թե մեկ իրադարձություն: Ձեր միսիոներական նպատակի համար առանցքային նշանակություն ունի մարդկանց օգնելը՝ դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Առաջնորդվելով Հոգով՝ դուք մարդկանց հրավիրում եք պարտավորություններ ստանձնել, որոնք կօգնեն նրանց հոգևորապես աճել և զգալ Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց կյանքում: Այնուհետև դուք աջակցում եք մարդկանց՝ կատարելու իրենց ստանձնած պարտավորությունները: Դուք օգնում եք նրանց գործել հավատքով դեպի կայուն փոփոխություն (տես Մոսիա 6.3 հատվածը):
Մարդիկ, ովքեր պարտավորություններ են պահում մկրտությունից առաջ, առավել հավանական է, որ դրանից հետո սուրբ ուխտեր կկապեն և կպահեն: Երբ դուք ուսուցանում եք մարդկանց պահել պարտավորությունները, դուք ուսուցանում եք նրանց նաև պահել ուխտերը: Ուխտեր կապելը և պահելը Հիսուս Քրիստոսի ավետարանի և Նրա զավակների համար Աստծո ծրագրի կարևոր մասն է:
Այս գլուխը ներառում է ուղեցույցներ՝ հրավերներ հղելու, օրհնություններ խոստանալու, ձեր վկայությամբ կիսվելու և մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանք պահեն իրենց պարտավորությունները և կարողանան գալ դեպի Փրկիչը և փրկվեն:
Հրավեր հղեք
Որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչ, դուք մարդկանց հրավիրում եք հետևել Նրան և ստանալ Նրա ավետարանի ուրախությունը: Դուք հատուկ հրավերներ եք հղում նրանց՝ անելու այնպիսի քայլեր, որոնք կկառուցեն իրենց հավատքն առ Քրիստոսը: Ապա դուք հրավիրում եք նրանց, որպեսզի նրանք պահպանեն իրենց պարտավորությունները:
Հրավերներն ու պարտավորությունները կենսական նշանակություն ունեն հետևյալ պատճառներով.
-
Դրանք օգնում են մարդկանց ապրել իրենց սովորած սկզբունքներով, որպեսզի իրենք զգան Հոգու հաստատող վկայությունը:
-
Պարտավորություններ պահելը մարդկանց ապաշխարությունը դրսևորելու եղանակներից մեկն է (տես Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատավծը):
-
Ապաշխարությունն օգնում է մարդկանց զգալ Աստծո ներման խաղաղությունն ու ուրախությունը: Նրանք նաև Աստծո կողմից ավելի շատ օգնություն կստանան իրենց դժվարությունները հաղթահարելու համար:
-
Պարտավորություններ պահելը մարդկանց պատրաստում է սրբազան ուխտեր կապել և պահել:
-
Դուք կարող եք ցույց տալ ձեր սերը մարդկանց հանդեպ և ձեր հավատքն Աստծո խոստումների հանդեպ, որպեսզի օգնեք մարդկանց պահել իրենց պարտավորությունները:
Հրավիրեք՝ առաջնորդվելով Հոգով
Փնտրեք Հոգու առաջնորդությունը, որպեսզի զգաք, թե ինչ հրավերներ պետք է հղել և երբ դրանք հղել: Մտածեք, թե ճիշտ հասկացված որ ուսմունքը կամ վարդապետությունը կօգնի մարդուն ընդունել ձեր հրավերը: Ճիշտ ժամանակին արված ճիշտ հրավերը կարող է դրդել մարդկանց անելու այնպիսի բաներ, որոնք կամրացնեն իրենց հավատը: Այս գործողությունները կարող են հանգեցնել սրտի զորեղ փոփոխության (տես Մոսիա 5.2, Ալմա 5.12–14):
Ձեր կողմից արված հրավերները կարող են փոքր լինել, օրինակ՝ կարդալ մի գլուխ սուրբ գրությանից կամ հաճախել հաղորդության ժողովին: Կամ դրանք կարող են լինել նույնքան կարևոր, որքան մկրտվելը: Հրավերները պետք է համապատասխանեն այն վայրերին, որտեղ մարդը գտնվում է իր հոգևոր ճամփորդության ընթացքում:
Հոգով առաջնորդվող հրավերները ուժեղացնում և ամրացնում են միմյանց, որպեսզի օգնեն մարդու հոգևոր առաջընթացին (տես 2 Նեփի 28.30, Վարդապետություն և Ուխտեր 93.12–13 հատվածները): Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պարտավորություններ է պահում մարդը: Ի՞նչ պետք է անի նա՝ առաջընթացի համար»։
Լսեք նրանց, ում հետ խոսում կամ ուսուցանում եք: Ձեր լսածից և զգացածից փնտրեք Հոգու առաջնորդությունն այն մասին, թե որ հրավերները կօգնեն յուրաքանչյուր մարդու առաջադիմել սրբազան ուխտեր կապելու գործընթացում:
Հրավերներ հղելու սկզբունքները
Հրավեր հղելը պահանջում է հավատք առ Քրիստոսը: Հավատացեք, որ Նա կօրհնի մարդկանց, երբ նրանք ընդունեն և հետևեն ձեր հրավերներին:
Առավել հավանական է, որ մարդիկ փոխվեն, երբ հրավիրեք նրանց գործել ըստ ավետարանի ճշմարտության և օգնեք նրանց տեսնել, թե փոփոխությունն ինչպես կօրհնի իրենց: Նրանք կփոխվեն այնքանով, որքանով որ կզգան Հոգին և կզգան Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու ուրախությունը:
Ամեն անգամ, երբ դուք շփվում եք մարդկանց հետ, անձամբ կամ առցանց, մտածեք, թե որ հրավերը կարող է օգնել նրանց ամրացնել իրենց հավատքն առ Քրիստոսը և զգալ Հոգին: Երբեմն դա կարող է լինել նույնքան պարզ, որքան ձեզ հետ կրկին հանդիպելը կամ Եկեղեցու միջոցառմանը հաճախելը:
Երբ պատրաստվում եք դաս ուսուցանել, հաշվի առեք յուրաքանչյուր մարդու կարիքներն ու առաջընթացը: Համոզվեք, որ ձեր դասի ծրագիրը ներառում է մեկ կամ մի քանի հրավեր, որոնք կօգնեն մարդուն առաջադիմել:
Զգույշ եղեք, որ միանգամից շատ հրավերներ չանեք։ Մարդուն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գործի, աճի և սովորի՝ ելնելով յուրաքանչյուր հրավերից։
Համարձակ եղեք, սակայն ոչ ճնշող, երբ հրավիրում եք մարդկանց պարտավորություններ ստանձնել (տես Ալմա 38.12 հատվածը): Հարգեք մարդկանց ազատ կամքը։
Հրավեր հղեք բարի և հստակ լեզվով
Հրավերը հաճախ սկսվում է «դուք կ․․․» հարցաձևով, որը պահանջում է այո կամ ոչ պատասխան: Ձեր հրավերները պետք է լինեն բարի, որոշակի և հստակ: Դրանք մարդկանց հրավիրում կամ առաջնորդում են պարտավորություն ստանձնել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու համար։
Չնայած ձեր հրավերները տարբեր կլինեն յուրաքանչյուր անձի համար, հաշվի առեք հետևյալ օրինակները.
-
Եկեղեցի հաճախելը ժամանակ և վայր է տրամադրում ձեզ՝ Աստծուն երկրպագելու և Նրա Հոգին զգալու համար: Այն կարող է նաև օգնել ձեզ դառնալ աջակցող համայնքի մի մասը, երբ դուք փոփոխություններ եք կատարում Փրկչին ավելի մոտենալու համար: Դուք կգա՞ք մեզ հետ այս կիրակի հաղորդության ժողովին:
-
Այժմ, երբ մենք քննարկել ենք սուրբ գրությունների ուսումնասիրության կարևորությունը, դուք կկարդա՞ք [որոշակի հատված սուրբ գրություններից]: դուք կգրե՞ք ձեր ունեցած տպավորությունները կամ հարցերը: Հաջորդ անգամ մենք կարող ենք քննարկել, թե ինչ եք մտածում։
-
Մենք քննարկել ենք Փրկչի կյանքը և Նրա պատվիրանները: Դուք կհետևե՞ք Նրա օրինակին՝ մկրտվելով Նրա Եկեղեցում և Նրա հետ խոստումներ տալով: (Տես «Մկրտվելու և հաստատվելու հրավերը», գլուխ 3-ում)։
-
Դուք ցանկացաք ավելի շատ կապվել Աստծո հետ ձեր կյանքում: Դուք կաղոթե՞ք հավատքով հաջորդ մի քանի օրերի ընթացքում, որպեսզի զգաք աղոթքի օրհնությունները:
-
Մենք ունենք մի տեսանյութ, որը, մեր կարծիքով, ձեզ օգտակար կլինի: Կարո՞ղ ենք դա ցույց տալ ձեզ կամ ուղարկել ձեզ դրա հղումը: Դուք կդիտե՞ք այն։ Կարո՞ղ ենք վաղը կապ հաստատել ձեզ հետ, որպեսզի իմանանք, թե ինչ եք մտածում:
Փնտրեք Սուրբ Հոգու հուշումները, երբ մտածում եք բարի, որոշակի և հստակ հրավերներ հղելու բնական եղանակների մասին:
Մարդկանց օրհնություններ խոստացեք
Աստված խոստանում է օրհնել մեզ, եթե մենք պահենք Նրա պատվիրանները (տես Վարդապետություն և Ուխտեր 130.20–21 հատվածները): Մարդիկ, ովքեր պահում են պատվիրանները և հավատարիմ են մնում, «օրհնված են ամեն բաներում» և «կբնակվեն Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում» (Մոսիա 2.41):
Երբ հրավիրում եք մարդկանց պարտավորություններ ստանձնել, նրանց օրհնություններ խոստացեք՝ իրենց պարտավորությունները պահելու համար: Դուք կարող եք բացահայտել այս օրհնություններից շատերը՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների ուսմունքները և գլուխ 3-ի դասերը։ Մտածեք նաև ձեր կյանքի օրհնությունների մասին: Աղոթքով որոշեք, թե հրավերներ հղելիս ինչ օրհնություններ կխոստանաք յուրաքանչյուր մարդու:
Երբ հրավիրում եք մարդուն ապրել պատվիրանով, ուսուցանեք հետևյալը.
-
Պատվիրաններին հնազանդվելը ցույց է տալիս մեր սերը Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Հովհաննես 14.15 հատվածը):
-
Պատվիրաններին հնազանդվելը ցույց է տալիս Աստծուն, որ մենք վստահում ենք Նրան (տես Առակաց 3.5–6):
-
Աստծո օրհնությունները և՛ հոգևոր են, և՛ աշխարհիկ (տես Մոսիա 2․41)։
-
Աստծո ամենամեծ օրհնությունը հավերժական կյանքն է (տես Վարդապետություն և Ուխտեր 14.7):
-
Երբ մենք անկեղծորեն աղոթենք և գործենք հավատքով, Աստված կօգնի մեզ իրականացնել այն ամենը, ինչ Նա պատվիրել է մեզ անել (տես 1 Նեփի 3.7 հատվածը):
-
Աստված կատարում է մեզ օրհնելու Իր խոստումները՝ համաձայն Իր ուղու և Իր ժամանակի (տես Վարդապետություն և Ուխտեր 88.68):
Մարդիկ հաճախ հակադրության են հանդիպում պատվիրանները պահելիս: Աջակցեք նրանց, ում ուսուցանում եք, և վստահեցրեք, որ Աստված կօրհնի իրենց, երբ ձգտեն կատարել Իր կամքը: Օգնեք նրանց հասկանալ, որ հակադրությունն աճելու հնարավորություն է տալիս, երբ ընտրում եք հետևել Քրիստոսին, նույնիսկ երբ դա դժվար է (տես 2 Նեփի 2.11, 13–16 հատվածները):
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Որոշ օրհնություններ գալիս են շուտ, մի մասը գալիս են ուշ, իսկ մի մասն էլ չեն գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք գալիս են» («An High Priest of Good Things to Come», Ensign, նոյ. 1999, 38):
Կիսվեք ձեր վկայությամբ
Կիսվեք ձեր վկայությամբ, երբ հրավեր եք հղում և օրհնություններ խոստանում: Ասեք, թե ինչպես եք օրհնվել, երբ ապրել եք այն սկզբունքով, որը դուք ուսուցանում եք: Կիսվեք ձեր վկայությամբ, որ այդ սկզբունքը կօրհնի տվյալ մարդու կյանքը, եթե նա հետևի դրան:
Ձեր անկեղծ վկայությունը կօգնի համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կզգան, որ Սուրբ Հոգին հաստատում է ճշմարտությունը: Սա կխրախուսի նրանց ընդունել ձեր կողմից արված հրավերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Կիսվեք ձեր վկայությամբ» բաժինը գլուխ 10-ում։
Օգնեք մարդկանց պահել իրենց պարտավորությունները
Երբ մարդիկ ընդունում են ինչ-որ բան անելու ձեր հրավերը, հետևեք նրանց, որպեսզի օգնեք պահել իրենց պարտավորությունները: Դուք օգնում եք մարդկանց հավատք զարգացնել առ Քրիստոսը: Ձեր դերն է օգնել նրանց՝ դեպի լիարժեք դարձ իրենց հավատքը և վճռականությունը ամրացնելու մեջ: Մարդկանց պարզապես մի հրավիրեք փոխվել, այլ աջակցեք նրանց դա անելիս:
Մարդիկ Հոգու վկայություն կստանան, երբ հավատք գործադրեն դեպի ապաշխարություն՝ կատարելով պարտավորությունները: Այդ վկայությունը հաճախ չի գալիս այնքան ժամանակ, «նախքան [նրանց] հավատքի փորձությունը» (Եթեր 12.6): Մի զարմացեք, երբ հակադրություն է առաջանում. Ծրագրեք, թե ինչպես կօգնեք նրանց փորձության ժամանակ, որպեսզի նրանք ստանան Հոգու վկայությունը: Եկեղեցու մյուս անդամները նույնպես կարող են աջակցություն ցուցաբերել:
Մարդիկ հաճախ զգում են Հոգու ազդեցությունը, երբ դուք նրանց հետ եք: Ընդգծեք աղոթելու, սուրբ գրությունները կարդալու և ձեր հրավերներին հետևելու կարևորությունը, որպեսզի նրանք ունենան այս զգացմունքները, երբ ինքնուրույն լինեն:
Պարտավորությունները պահելը ողջ կյանքի ընթացքում դարձի գալու ճանապարհին մարդկանց պատրաստում է արարողություններ ստանալուն և ուխտեր կապելուն: Ձեր ջանքերը կարող են օգնել նրանց «իրենց գործերով ցույց են տալ» Հիսուս Քրիստոսին հետևելու իրենց ցանկությունը (Վարդապետություն և Ուխտեր 20.37):
Ծրագրեք կարճ ամենօրյա շփումներ
Պարտավորությունները պահելու հարցում մարդկանց օգնելը սկսվում է այն ժամանակ, երբ առաջին անգամ այցելում և ուսուցանում եք նրանց: Խնդրեք նրանց գրի առնել իրենց պարտավորությունները հեռախոսի մեջ, օրացույցի կամ ինչ-որ բանի վրա, որը կմնա իրենց հետ:
Հարցրեք՝ արդյոք դուք կամ մասնակից անդամը կարող եք ամենօրյա կարճ կապ հաստատել ուսուցման այցելությունների միջև: Բացատրեք, որ այս շփումների նպատակը նրանց աջակցելն է, և մի քանի եղանակ նկարագրեք, որոնցով դուք կարող եք դա անել: Այս շփումները Վարդապետություն և Ուխտեր 84.106 հատվածի սկզբունքը կիրառելու եղանակներից մեկն է:
Որոշեք շփման եղանակը, որն առավել արդյունավետ կլինի, օրինակ՝ կարճ այց, հեռախոսազանգ, տեքստային հաղորդագրություն կամ հաղորդագրություն սոցիալական ցանցերում: Տեխնոլոգիաներն աջակցության համար առաջարկում են լրացուցիչ հիշեցումների բազմաթիվ տարբերակներ:
Խրախուսեք և օգնեք մարդկանց ձեր ամենօրյա շփման ընթացքում
Ձեր արած յուրաքանչյուր հրավերի համար Preach My Gospel հավելվածում գրառումներ կատարեք այն մասին, թե ինչ է պետք անել հաջորդ օրը: Ձեր հաջորդ օրը ծրագրելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը՝ քննարկելով, թե ինչպես օգնել մարդկանց պահել իրենց պարտավորությունները:
Մարդկանց հետ ձեր ամենօրյա շփումները դարձրեք դրական և ոգևորիչ: Աղոթեք նրանց համար: Սեր և հասկացողություն ցուցաբերեք, երբ օգնում եք նրանց պահել իրենց պարտավորությունները: Պատասխանեք հարցերին և օգնեք նրանց հաղթահարել դժվարությունները: Եթե ժամանակ կա, միասին կարդացեք Մորմոնի Գրքից: Կիսվեք Եկեղեցու համապատասխան մեդիա նյութերով, ներառյալ Եկեղեցու կողմից գրված երաժշտությամբ, որը կոգեշնչի նրանց: Հարգեք նրանց ժամանակը և ցանկությունները:
Ներկայացրեք նրանց Եկեղեցու մյուս անդամներին: Անհրաժեշտության դեպքում խնդրեք անդամներին օգնել մարդկանց կատարել իրենց պարտավորությունները (տես գլուխ 10):
Հաճոյախոսեք այն մարդկանց, ովքեր աշխատում են պահել իրենց պարտավորությունները: Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես է Տերը գոհանում իրենց ջանքերից: Այս մարդիկ փոխում են իրենց կյանքը, ինչը մեծ աշխատանք և համբերություն է պահանջում։ Օգնեք նրանց ճանաչել իրենց ստացած օրհնությունները: Վստահություն հայտնեք, որ նրանք կարող են հաջողության հասնել:
Նաև սեր ցուցաբերեք, եթե մարդիկ չեն կատարել իրենց պարտավորությունները: Ամենօրյա շփման ընթացքում առաջարկեք նրանց ձեր աջակցությունը: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն ընդունել է Մորմոնի Գրքից մի գլուխ կարդալու հրավերը, սակայն դեռ չի արել դա, առաջարկեք միասին կարդալ այն: Ձեր անձնական փորձի օրինակով, օգնեք մարդուն բացահայտել, թե ինչպես կարող է պարտավորություններ պահելն օրհնել իր կյանքը:
Հնարավոր է, որ մարդիկ առաջին անգամից չկարողանան պահել պարտավորությունները և ձեզ անհրաժեշտ լինի մի քանի անգամ հանդիպել նրանց և օգնել այդ հարցում։ Քննարկեք, թե ինչպես նրանք կարող են հաղթահարել պարտավորությունները պահելու մարտահրավերները: Եղեք համբերատար և աջակցող, ոչ թե քննադատող կամ դատապարտող:
Սուրբ Հոգու ազդեցությունն ունեցեք ձեր ամենօրյա շփման մեջ
Մարդկանց հետ շփվելիս խնդրեք նրանց կիսվել պարտավորությունները պահելու հետ կապված իրենց փորձով: Հարցրեք, թե ինչ են նրանք սովորել և զգացել: Սա կօգնի նրանց ճանաչել Հոգու ազդեցությունն իրենց կյանքում և բացահայտել իրենց հաջորդ քայլը:
Երբ դուք ամեն օր շփվում եք մարդկանց հետ, ձեր նպատակի կարևոր մասն է՝ հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը նրանց կյանք: Օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես կարող են զգալ Հոգին, երբ դուք ներկա չեք: Ձեր ամենօրյա շփումը պետք է ամրապնդի այն հոգևոր զգացմունքները, որոնք նրանք զգացել են, երբ դուք ուսուցանում էիք նրանց: Նրանք դարձի կգան, երբ զգան Սուրբ Հոգու զորությունն ու ազդեցությունը:
Սեր ցուցաբերեք
Դարձի գալու գործընթացը կենտրոնացած է քրիստոսանման սիրո մեջ (տես 4 Նեփի 1.15 հատվածը): Փնտրեք գթության պարգևը: Անկեղծ սեր ցուցաբերելը կարող է օգնել մարդկանց զգալ Հոգին իրենց կյանքում: Ձեր սիրո արտահայտությունները կարող են նաև օգնել նրանց ընդունել հրավերները և պահել դարձ առաջացնող պարտավորությունները:
Երբ դուք սիրում և ուսուցանում եք ուրիշներին, ձեր իսկ դարձը դեպի Փրկիչը կխորանա:
Սուրբ աշխատանք է, երբ օգնում եք ուրիշին դարձի գալ: Դուք հարատև ուրախություն կգտնեք, երբ նվիրվեք այս աշխատանքին և ուրիշներին ծառայելուն (տես Մատթեոս 10.39, Մոսիա 2.17, Ալմա 27.17–18, Վարդապետություն և Ուխտեր 18.10–16 հատվածները):
Տերը ցանկանում է, որ մարդիկ գան և մնան
Միսիոներական աշխատանքն ունի իր ամենամեծ ազդեցությունը, երբ մարդիկ ստանձնում և պահում են ավետարանով ապրելու և Եկեղեցում ակտիվ մնալու պարտավորությունն իրենց ողջ կյանքի ընթացքում: Նրանց համար պարզապես Եկեղեցի հաճախելը բավարար չէ: Տերը ցանկանում է, որ նրանք գան և մնան (տես Հովհաննես 15.16 հատվածը): Ձեր ուսուցումն ու հրավերներն ամբողջովին ուղղեք դեպի այդ նպատակը: Որպեսզի անդամները ստանան բոլոր այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրն ունի իրենց համար, նրանք պետք է շարունակեն ապրել ավետարանով և պահեն պատվիրաններն ու ուխտերը, որոնք կապել են Եկեղեցում ակտիվ մնալու արդյունքում:
Նեփին ուսուցանել է․ «Այն բանից հետո, երբ դուք ներս եք մտել այս նեղ և անձուկ արահետը, ես կհարցնեի, թե արդյո՞ք ամեն ինչ արված է: Ահա, ես ասում եմ ձեզ ո՛չ … դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ, … և [եթե] համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.19–20):
Գործադրեք ձեր լավագույն ջանքերը, որպեսզի օգնեք մարդկանց արժանանալ «հավերժական կյանքին, որը մեծագույնն է Աստծո պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14.7):
Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար
Անհատական ուսումնասիրություն
-
Բացահայտեք պատվիրանը դաս 4-ից։ Գտեք և գրի առեք վերջին օրերի մարգարեների սուրբ գրությունների հղումներն ու մեջբերումները, որոնք նկարագրում են խոստացված օրհնությունները, կապված այս պատվիրանի հետ: Մտածեք այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք՝ հնազանդվելով այս պատվիրանին, և գրեք դրանք ձեր օրագրում:
-
Ձեր ընտանիքի կամ ուրիշների հետ շփվելիս հարցրեք, թե ինչպես են նրանք օրհնվել՝ հնազանդվելով որոշակի պատվիրանին (օրինակ՝ շաբաթ օրը սուրբ պահելը, տասանորդի օրենքին հնազանդվելը կամ որևէ պատվիրան պահելը, որը դժվար է այն մարդու համար, ում ուսուցանում եք):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին, որոնք կօգնեն ձեզ բացահայտել այն ոլորտները, որտեղ կարող եք բարելավվել հրավերներ հղելիս: Կազմեք ծրագրեր՝ բարելավվելու համար:
-
Մարդիկ գիտե՞ն, որ ես սիրում եմ իրենց։
-
Վստա՞հ եմ արդյոք, որ նրանք կօրհնվեն՝ ընդունելով մեր հրավերները:
-
Արդյո՞ք ես բավական ժամանակ և ուշադրություն եմ հատկացնում մարդկանց հետ ամենօրյա շփմանը, որպեսզի օգնեմ նրանց պահել իրենց պարտավորությունները:
-
Արդյո՞ք մեր դասի ծրագրերը գործելու հատուկ հրավերներ են ներառում:
-
Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում
-
Վերանայեք հրավերները միսիոներական դասերից մեկում: Յուրաքանչյուր հրավերի համար պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստացել նրանց, ովքեր պահում են այս պարտավորությունը:
-
Այս սկզբունքին հնազանդվելն ինչպե՞ս կօգնի մարդկանց ավելացնել իրենց հավատքն ու վկայությունը:
-
Այս պարտավորությունն ինչպե՞ս կօգնի մարդկանց ապաշխարել և ավելի զգայուն լինել Հոգու նկատմամբ:
-
-
Ձեր ծրագրեր կազմելու գործիքներից կազմեք այն մարդկանց ցանկը, ում հետ շփվել եք վերջին երկու օրվա ընթացքում: Ներառեք անդամներին և նրանց, ում ուսուցանում եք:
-
Յուրաքանչյուր անձի համար գրեք ձեր տրամադրած հրավերները և նրանց ստանձնած պարտավորությունները:
-
Մտածեք, թե ինչ այլ հրավերներ կարող եք անել։
-
Քննարկեք, թե ինչու կարողացաք ոմանցից պարտավորություններ ստանալ, իսկ մյուսներից՝ ոչ:
-
Ի՞նչ եք անելու այս հրավերներին հետևելու համար:
-
Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ
-
Ամենօրյա շփման համար քննարկեք արդյունավետ և ստեղծագործ գաղափարներ այն մարդկանց հետ, որոնց ուսուցանում եք: Ինչպիսի՞ արդյունավետությամբ էին միսիոներներն աշխատել անդամների հետ: Ո՞ր տպագիր կամ թվային մեդիա նյութերն են օգտակար: Ի՞նչ կարող եք անել, երբ մարդիկ տանը չեն կամ չափազանց զբաղված են ձեզ տեսնելու համար:
-
Քննարկեք, թե ինչպես են միսիոներներն արդյունավետ ուսուցանել դաս 4-ի պատվիրանները։
Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ
-
Հնարավորության դեպքում ուղեկցեք միսիոներներին, երբ նրանք ուսուցանում են: Օգնեք նրանց կենտրոնանալ, որպեսզի կարողանան օգնել մարդկանց ստանձնել և պահել պարտավորությունները:
-
Խրախուսեք ծխի քահանայության ղեկավարներին, կազմակերպությունների ղեկավարներին և անդամներին ամենօրյա կապ հաստատել այն մարդկանց հետ, որոնց միսիոներներն ուսուցանում են, եթե մարդիկ համաձայնվել են շփվել: