«Գլուխ 3. Մկրտվելու և հաստատվելու հրավեր», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)
«Մկրտվելու և հաստատվելու հրավեր», Քարոզիր Իմ ավետարանը
Գլուխ 3
Մկրտվելու և հաստատվելու հրավեր
Վարդապետության հիմունքներ
Մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք: Մենք եկել ենք երկիր սովորելու, աճելու և ավելի նմանվելու Նրան, որպեսզի կարողանանք վերադառնալ Նրա ներկայություն (տես Մովսես 1.39): Առանց աստվածային օգնության մենք չենք կարող նմանվել Նրան կամ վերադառնալ Նրա մոտ: Մեր Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա քավի մեր մեղքերը և արձակի մահվան կապանքները (տես 3 Նեփի 27.13–22):
Մենք ստանում ենք Քրիստոսի քավիչ զորությունը՝ հավատք գործադրելով Նրա հանդեպ ապաշխարության համար, մկրտվելով, հաստատման միջոցով Սուրբ Հոգու պարգևը ստանալով և համբերելով մինչև վերջ: Մկրտության ուխտի պահումը մեզ Աստծուն կապելու առաջին քայլն է, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա մաքրել, զորացնել և փոխել մեր էությունը դեպի լավը: Այս սրբագործող ազդեցության զգացողությունը կոչվում է հոգևոր վերածնունդ (տես 2 Նեփի 31.7, 13–14, 20–21, Մոսիա 5.1–7, 18, 27.24, 3 Նեփի 27.20, Հովհաննես 3.5)։
Հոգևոր վերածնունդը սկսվում է այն ժամանակ, երբ մենք մկրտվում ենք ջրով և Հոգով: Մկրտությունն ուրախ և հուսադրող արարողություն է: Երբ մենք մկրտվում ենք կոտրված սրտով և փշրված հոգով, մենք սկսում ենք կյանքը նորովի՝ Աստծո պահպանող զորությամբ: Մկրտվելուց և հաստատվելուց հետո մենք կարող ենք շարունակել զորանալ՝ արժանավայել ընդունելով հաղորդությունը: (տես 2 Նեփի 31.13, Մոսիա 18.7–16, Մորոնի 6.2, Վարդապետություն և Ուխտեր 20.37):
Հրավերի հղում
Երբ դուք զգաք, որ առաջնորդվում եք Հոգով, հրավիրեք մարդկանց մկրտվել և հաստատվել: Դա կարող է պատահել ցանկացած դասի ընթացքում։
Ուսուցանեք մկրտության վարդապետությունը և օգնեք մարդկանց հասկանալ Քրիստոսի վարդապետությունը (տես դաս 3-ը): Ուսուցանեք մկրտության ուխտի կարևորության և ուրախության, մեղքերի թողություն ստանալու և Սուրբ Հոգու պարգևը հաստատման միջոցով ստանալու մասին:
Պատրաստեք մարդկանց մկրտության հրավերին՝ համոզվելով, որ նրանք հասկանում են, թե ինչ եք ուսուցանել նրանց և այն ուխտը, որը նրանք կապելու են: Մկրտության ուխտըհետևյալն է.
-
Պատրաստ լինել ձեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:
-
Պահել Աստծո պատվիրանները:
-
Ծառայել Աստծուն և ուրիշներին
-
Համբերել մինչև վերջ: (տես դաս 4-ը)։
Կարող եք կիսվել հետևյալով.
«Երբ մենք մկրտվում ենք, մենք «վկայում ենք [Աստծո] առաջ, որ [մենք] մտել ենք նրա հետ ուխտի մեջ, որ [մենք] կծառայենք նրան և կպահենք նրա պատվիրանները»։ Այս ուխտը կապելիս Նա խոստանում է, որ Նա «իր Հոգին ավելի առատորեն դուրս կթափի [մեզ] վրա» (Մոսիա 18.10):
Մկրտվելու ձեր հրավերը պետք է լինի հստակ և անմիջական: Դուք կարող եք ասել․
«Դուք կհետևե՞ք Հիսուս Քրիստոսի օրինակին՝ մկրտվելով որևէ մեկի կողմից, ով կարգվել է կատարելու այս արարողությունը: Մենք կօգնենք ձեզ նախապատրաստվել մկրտությանը: Մենք հավատում ենք, որ դուք կարող եք պատրաստ լինել [ամսաթիվ]-ին: Դուք պատրաստվու՞մ եք մկրտվել այդ օրը»։
Ցանկացած հրավեր ուղղելիս խոստացեք մեծ օրհնություններ, որոնք մարդիկ կստանան, երբ նրանք ընդունեն մկրտվելու հրավերը և պահեն կապված ուխտերը: Կիսվեք այս օրհնությունների մասին ձեր վկայությամբ:
Ուսուցանեք, որ մկրտությունն ու հաստատումը վերջնական նպատակակետ չեն: Ավելի շուտ, դա է դարձի ճանապարհին գտնվող այն կետը, որը լիարժեքորեն հույս, ուրախություն և Աստծո զորություն է բերում մարդու կյանք (տես Մոսիա 27.25–26)։ Երբ մարդիկ մկրտվում և հաստատվում են, նրանք սպասում են Սուրբ Հոգով սրբագործվելուն՝ առաջ ընթանալով ուխտի արահետով։
Եթե հնարավոր է, հրավիրեք նրանց, ում ուսուցանում եք, ներկա գտնվել որևէ մկրտության ծառայության և հաղորդության ժողովի, որի ընթացքում ինչ-որ մեկը հաստատվում է: