«Գլուխ 1․ Իրականացրեք ձեր միսիոներական նպատակը», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)
«Գլուխ 1», Քարոզիր Իմ ավետարանը
Գլուխ 1
Իրականացրեք ձեր միսիոներական նպատակը
Ձեր նպատակն է հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ստանալ վերականգված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի ստացման և մինչև վերջ համբերելու միջոցով։
Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն ուսուցանելու ձեր հանձնառությունը
Դուք շրջապատված եք մարդկանցով։ Դուք փողոցում անցնում եք նրանց կողքով և ճանապարհորդում նրանց հետ։ Դուք այցելում եք նրանց իրենց տներում և կապվում նրանց հետ առցանց: Նրանք բոլորն աստծո զավակներն են՝ ձեր եղբայրներն ու քույրերն են։ Աստված սիրում է նրանց ճիշտ այնպես, ինչպես սիրում է ձեզ:
Այդ մարդկանցից շատերը փնտրում են կյանքի նպատակը։ Նրանք մտահոգված են իրենց ապագայով և մտածում են իրենց ընտանիքների մասին։ Նրանց պատկանելության զգացում է անհրաժեշտ, որն առաջանում է այն գիտակցումից, որ իրենք Աստծո զավակներն են և Նրա հավերժական ընտանիքի անդամները: Նրանք ցանկանում են իրենց ապահով զգալ փոփոխական արժեքների աշխարհում: Նրանք ցանկանում են «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 59.23):
Շատերը «ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (Վարդապետություն և Ուխտեր 123.12): Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես որ վերականգնվել է Ջոզեֆ Սմիթի կողմից, տրամադրում է հավերժական ճշմարտություն։ Այս ճշմարտությունն անդրադառնում է մարդկանց հոգևոր կարիքներին և օգնում նրանց կատարել իրենց ամենանվիրական ցանկությունները:
Որպես Հիսուս Քրիստոսի լիազորված ներկայացուցիչ, ուսուցանեք, որ «փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով» (2 Նեփի 2.6): Առաջարկեք մարդկանց գալ դեպի Քրիստոսը, դարձի գալ առ Նա և Նրա վերականգնված ավետարանը: Ընդունելով ձեր առաջարկը, նրանք կունենան ավելի մեծ երջանկություն, հույս, խաղաղություն և նպատակ:
Փրկչին մոտենալու համար մարդիկ պետք է հավատք ունենան Նրա հանդեպ: Դուք կարող եք օգնել նրանց զարգացնել այս հավատքը, եթե դուք.
-
Ուսուցանեք նրանց Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը և վկայեք դրա ճշմարտության մասին:
-
Առաջարկեք նրանց պարտավորվել ապրել դրա ուսմունքների համաձայն:
-
Հետևեք և օգնեք նրանց գործել իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն:
-
Օգնեք նրանց ունենալ փորձառություններ, որոնցում նրանք կզգան Սուրբ Հոգու ազդեցությունը (տես 1 Նեփի 10.17–19):
Հավատքն առ Հիսուս Քրիստոս կօգնի մարդկանց ապաշխարել: Քավելով մեր մեղքերը՝ Հիսուսը հնարավոր է դարձնում ապաշխարությունը: Ապաշխարելով, մարդիկ կմաքրվեն մեղքից և կմոտենան Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Նրանք կզգան ներում ստանալու ուրախությունն ու խաղաղությունը:
Ապաշխարությունը մարդկանց պատրաստում է մկրտության ուխտին և Սուրբ Հոգու պարգևին: «Եկեք ինձ մոտ», ասաց Փրկիչը, «և մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը» (3 Նեփի 27.20):
Փրկչի և Նրա Քավության մասին ձեր հասկացողության ու վկայության աճի հետ մեկտեղ կմեծանա ավետարանով կիսվելու ձեր ցանկությունը: Դուք Լեքիի պես կզգաք, որ «մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը երկրի բնակիչներին» (2 Նեփի 2.8):
Ձեր կոչման իշխանությունն ու զորությունը
Դուք կանչվել և ի սպաս եք դրվել «[հռչակելու] մեծ ուրախության ավետիքը, այսինքն՝ հավիտենական ավետարանը» (Վարդապետություն և Ուխտեր 79.1): Մոսիայի որդիների նման, դուք ևս կարող եք ուսուցանել Աստծո իշխանությամբ ու զորությամբ (տես Ալմա 17.2–3):
Քրիստոսի ղեկավարությամբ ավետարանը քարոզելու իշխանությունը վերականգնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Դուք ստացաք այս իշխանությունը, երբ ի սպաս դրվեցիք որպես միսիոներ: Դրա հետ տրվում է Տիրոջը ներկայացնելու և Նրա ավետարանն ուսուցանելու իրավունքը, արտոնությունը և պատասխանատվությունը:
Այդ իշխանությունը ներառում է ձեր կոչմանն արժանի ապրելու պատասխանատվությունը: Ձեր ի սպաս դրվելը ընդունեք բառիս բուն իմաստով: Հեռու մնացեք մեղքից և այն ամենից, ինչը կոպիտ կամ գռեհիկ է: Հեռու մնացեք աշխարհի ուղիներից և մտածելակերպից: Հետևեք Հիսուս Քրիստոսի աշակերտների համար նախատեսված միսիոներական չափանիշներին։ Որպես Տիրոջ ներկայացուցիչ՝ եղեք «հավատացյալներին օրինակ» (Ա Տիմոթեոս 4.12): Պատվեք Հիսուս Քրիստոսի անունը ձեր գործերով և խոսքերով:
Բացի իշխանությունից, ձեր կոչումը կատարելու համար ձեզ անհրաժեշտ է նաև հոգևոր զորություն: Աստված տալիս է հոգևոր զորություն, երբ դուք մշտապես աշխատում եք ամրացնել ձեր վկայությունը Աստծո, Հիսուս Քրիստոսի և ավետարանի ճշմարտությունների մասին, որոնք դուք ուսուցանում եք: Նա հոգևոր զորություն է շնորհում, երբ դուք աղոթում եք, ուսումնասիրում եք սուրբ գրությունները և ձգտում եք իրականացնել ձեր միսիոներական նպատակը: Նա հոգևոր զորություն է տալիս, երբ դուք ձգտում եք պահել Նրա պատվիրանները և ուխտերը, որոնք դուք կապել եք փրկության արարողությունները ստանալիս (տես Վարդապետություն և Ուխտեր 35.24):
Հոգևոր զորությունը կդրսևորվի, երբ դուք.
-
Օգտագործեք սուրբ գրությունները մարդկանց ուսուցանելու, ավետարանի ճշմարտությունների մասին նրանց հասկացողությունը խորացնելու համար և օգնելու նրանց տեսնել, թե ինչպես են այդ ճշմարտությունները կիրառվում իրենց կյանքում (տես 1 Նեփի 19.23, Ալմա 26.13, 31.5):
-
Ստանաք Հոգու առաջնորդությունն այն մասին, թե ինչ է Տերը կամենում, որ դուք ասեք (տես Վարդապետություն և Ուխտեր 84.85):
-
Ստանաք Հոգու առաջնորդությունն այն մասին, թե ուր գնալ և ինչ անել (տես Վարդապետություն և Ուխտեր 28.15, 31.11, 75․26–27)։
-
Ձեր ուսուցումը և վկայությունը հաստատեք Հոգու վկայությամբ (տես 2 Նեփի 33.1, Վարդապետություն և Ուխտեր 100.5–8):
-
Մասնակցեք փրկության արարողություններին (տես Վարդապետություն և Ուխտեր 84.19–20):
-
Քահանայության օրհնություններ տաք, եթե երեց եք (տես Հակոբոս 5.14–15):
-
Աղոթեք մարդկանց հետ և նրանց համար, ում հետ աշխատում եք (տես Ալմա 6.6, 8.18–22, 10.7–11, 31.26–35, Վարդապետություն և Ուխտեր 75.19)։
-
Սեր և երախտագիտություն արտահայտեք Տիրոջ, ձեր ընտանիքի, այլ միսիոներների և այն մարդկանց հանդեպ, որոնց ծառայում եք (տես Վարդապետություն և Ուխտեր 59.7, 78.19):
Ձգտեք ձեզ հետ ունենալ Սուրբ Հոգին
Դուք ստացաք Սուրբ Հոգու պարգևը, երբ հաստատվեցիք որպես Եկեղեցու անդամ: Միսիոներ ժամանակ և ձեր ողջ կյանքի ընթացքում, ձեր ամենամեծ կարիքներից մեկը կլինի Սուրբ Հոգին ձեզ հետ ունենալը (տես 1 Նեփի 10.17, 3 Նեփի 19.9): Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։
Սուրբ Հոգին առաջնորդում, ուսուցանում և մխիթարում է ձեզ: Նա մաքրում և սրբագործում է ձեզ: Նա վկայում է ճշմարտության մասին և Հոր ու Որդու մասին վկայություն է բերում։ Նա դարձի է բերում ձեզ և նրանց, ում ուսուցանում եք (տես Նեփի 27.20, 28.11, Եթեր 12.41, Մորոնի 8.26, 10.5, Հովհաննես 15.26):
Սուրբ Հոգին «ցույց կտա ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.5): Նա կմեծացնի ձեր ունակությունների ու ծառայությունների հնարավորությունները շատ ավելին, քան դուք կարող էիք անել դա ինքներդ:
Սուրբ Հոգին ձեզ հետ ունենալու ձգտումը պետք է լինի ձեր ամենալարժեքավոր ցանկություններից մեկը: Դուք կզգաք Նրա ընկերակցությունը, երբ դուք.
-
Աղոթեք (տես Վարդապետություն և Ուխտեր 42․14)։
-
Գանձեք Աստծո խոսքը (տես Վարդապետություն և Ուխտեր 11.21, 84.85):
-
Մաքրեք ձեր սիրտը (տես Վարդապետություն և Ուխտեր 112․28):
-
Պահպանեք պատվիրանները (տես Վարդապետություն և Ուխտեր 130.20–21):
-
Ամեն շաբաթ հաղորդություն ընդունեք (տես Մորոնի 4–5, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79):
«Ես աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը։ … Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախակի ու հստակ լսելով Հոգու ձայնը» (Ռասել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018 թ․, 96):
Սովորեք ճանաչել Հոգին
Դուք ավելի լավ կկատարեք ձեր միսիոներական նպատակը, երբ սովորեք ճանաչել և հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը: Հոգին սովորաբար հաղորդակցվում է հանգիստ՝ ձեր զգացմունքների և մտքերի միջոցով: Նվիրվիր այս աննկատ հուշումներին փնտրելուն, ճանաչելուն և հետևելուն: Նրանք գալիս են բազմաթիվ եղանակներով (տես գլուխ 4, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, 11.12–14, Գաղատացիս 5.22–23):
Ուսուցանեք Հոգով
Հիսուս Քրիստոսի ավետարանը «Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար» (Հռովմեացիս 1.16): Այդ իսկ պատճառով ավետարանի Վերականգնման ուղերձը պետք է ուսուցանվի աստվածային զորությամբ՝ Սուրբ Հոգու զորությամբ:
Տերն ասաց․ «Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և, եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (Վարդապետություն և Ուխտեր 42.14, տես նաև 50․13–14, 17–22)։ Երբ դուք ուսուցանեք Սուրբ Հոգու զորությամբ, Նա կօգնի ձեզ.
-
Ուսուցանել ճշմարտությունը և հիշել ձեր ուսումնասիրած վարդապետությունը (տես Հովհաննես 14.26):
-
Գտնել բառեր խոսելու համար, երբ դրանց կարիքն ունենաք (տես Վարդապետություն և Ուխտեր 84.85):
-
Հասցնել ձեր ուղերձն այն մարդկանց սրտերին, որոնց ուսուցանում եք (տես 2 Նեփի 33.1):
-
Օգնել ձեզ և նրանց, ովքեր ստանում են Հոգուց, հասկանալ միմյանց, շենանալ և ցնծում միասին (տես Վարդապետություն և Ուխտեր 50.17–22):
-
Վկայել ձեր ուղերձի ճշմարտացիության մասին և հաստատել ձեր խոսքերը նրանց, ովքեր ընդունում են ձեզ (տես Վարդապետություն և Ուխտեր 100.5–8):
Տերն առատորեն կօրհնի ձեզ, երբ դուք փնտրեք, ապավինեք և ուսուցանեք Սուրբ Հոգով (տես գլուխներ 4 և 10):
Քրիստոսի Ավետարանը և Քրիստոսի Վարդապետությունը
Հիսուս Քրիստոսի ավետարանը սահմանում է և՛ ձեր ուղերձը, և՛ ձեր նպատակը: Այն պատասխանում է միսիոներական ծառայությանը վերաբերող «ի՞նչ» և «ինչո՞ւ» հարցերին։ Նրա ավետարանը ներառում է փրկության և վեհացման համար անհրաժեշտ բոլոր վարդապետությունները, սկզբունքները, օրենքները, պատվիրանները, արարողությունները և ուխտերը:
Ավետարանի ուղերձն այն է, որ մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի փրկող, քավիչ զորությունը՝ Նրա հանդեպ հավատք գործադրելով, ապաշխարելով, մկրտվելով, ստանալով Սուրբ Հոգու պարգևը և համբերելով մինչև վերջ (տես 3 Նեփի 27.13–22):
Սա հայտնի է նաև որպես Քրիստոսի վարդապետություն: Ապրելով այս վարդապետության համաձայն՝ մենք գալիս ենք դեպի Քրիստոսը և փրկվում (տես 1 Նեփի 15.14): Սա զորավոր կերպով ուսուցանվում է Մորմոնի Գրքում (տես 2 Նեփի 31, 32.1–6, 3 Նեփի 11.31–40): Ձեր նպատակն է օգնել մարդկանց գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ապրել Նրա վարդապետությամբ:
«Քարոզեք ավետարանի առաջին սկզբունքները, կրկին ու կրկին դրանք քարոզեք․ դուք կհայտնաբերեք, որ օրեցօր դրանց վերաբերյալ նոր մտքեր և լրացուցիչ լույս է բացվում ձեզ: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ դրանք, և դրանք ավելի պարզ կլինեն ձեզ համար։ Այդ ժամանակ դուք կկարողանաք դրանք ավելի պարզ բացատրել նրանց, ում ուսուցանում եք» (Hyrum Smith, in History, 1838–1856, volume E-1 [1 July 1843–30 April 1844], 1994, josephsmithpapers.org)։
Հավատք առ Հիսուս Քրիստոս
Հավատքն ավետարանի մյուս բոլոր սկզբունքների հիմքն է: Դա գործողության և ուժի սկզբունք է:
Մեր հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի շուրջը, որպեսզի առաջնորդի մեզ դեպի փրկություն: Փրկիչն ուսուցանել է․ «Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա » (Հովհաննես 3.16):
Հավատքն առ Հիսուս Քրիստոս ներառում է հավատքն առ այն, որ Նա Աստծո Միածին Որդին է: Դա Նրա հանդեպ վստահությունն է որպես մեր Փրկչի և Քավիչի (տես Մոսիա 3.17, 4.6–10, Ալմա 5.7–15): Դա Նրա և Նրա խոսքի, ուսմունքների և խոստումների նկատմամբ լիակատար վստահություն ունենալն է: Մեր հավատքն առ Քրիստոսն աճում է, երբ մենք հետևում ենք Նրա ուսմունքներին և օրինակին սրտի ողջ նվիրվածությամբ (տես 2 Նեփի 31.6–13, 3 Նեփի 27.21–22):
Որպես միսիոներ՝ օգնեք մարդկանց ստանձնել և պահել պարտավորություններ, որոնք կառուցում են իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Այս պարտավորությունները նախապատրաստում են նրանց ստանալ արարողությունները և սուրբ ուխտեր կապել ու պահել Աստծո հետ:
Ապաշխարություն
Հավատքն առ Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ ապաշխարել (տես Հելաման 14.13): Ապաշխարությունն աստծուն դիմելու և մեղքից հեռանալու գործընթացն է: Երբ մենք ապաշխարում ենք, մեր գործողությունները, ցանկությունները և մտքերը փոխվում են, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն Աստծո կամքին:
Իր քավիչ զոհաբերության միջոցով Փրկիչը վճարեց մեր մեղքերի գինը (տես Մոսիա 15.9, Ալմա 34.15–17): Երբ մենք ապաշխարում ենք, մենք կարող ենք ներվել Հիսուս Քրիստոսի և Նրա զոհաբերության շնորհիվ, քանի որ Նա պահանջում է ողորմության Իր իրավունքներն ապաշխարողների համար (տես Մորոնի 7.27–28): Մարգարե Լեքիի խոսքերով, մեր «փրկագնումը գալիս է … Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2.6, 8):
Ապաշխարությունը շատ ավելին է, քան կամքի ուժ գործադրելը՝ վարքագիծը փոխելու կամ թուլությունը հաղթահարելու համար: Ապաշխարությունն անկեղծորեն Քրիստոսին դիմելն է, ով մեզ իշխանություն է տալիս մեր սրտերում «հզոր փոփոխություն» կատարելու (տես Ալմա 5.12–14): Այն ներառում է խոնարհաբար հնազանդվել Հոգուն և ենթարկվել Աստծո կամքին: Երբ մենք ապաշխարում ենք, մենք մեծացնում ենք Աստծուն ծառայելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու մեր պարատվորությունները: Մենք հոգեպես վերածնվում ենք Քրիստոսի մեջ:
Ապաշխարությունը դրական սկզբունք է, որը բերում է ուրախություն և խաղաղություն: Այն առաջնորդում է մեզ «դեպի Քավիչի զորությունը, դեպի [մեր] հոգիների փրկությունը» (Հելաման 5.11):
Համարձակ և սիրալիր եղեք, որպեսզի օգնեք մարդկանց հասկանալ, թե նրանք ինչու պետք է ապաշխարեն: Երբ առաջարկում եք մարդկանց, ում ուսուցանում եք, պարտավորություններ ստանձնել, դուք հրավիրում եք նրանց ապաշխարել և հույս եք տալիս նրանց:
Մկրտություն
Հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապաշխարությունը նախապատրաստում են մեզ մկրտության արարողությանը: «Ապաշխարության առաջին պտուղներից է մկրտությունը» (Մորոնի 8.25): Երբ մենք ընկղմամբ մկրտվում ենք Աստծուց իշխանություն ունեցող մեկի կողմից, մենք մտնում ենք հավերժական կյանքի դռնով:
Մկրտվելիս մենք ուխտ ենք կապում Աստծո հետ։ Երբ մենք պահում ենք այս ուխտը, Աստված խոստանում է մեզ տալ Սուրբ Հոգու ընկերակցությունը, ներել մեր մեղքերը և անդամություն տալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79, Մորոնի 6.4): Մենք հավաքվում ենք Տիրոջ մոտ և հոգեպես վերածնվում այս ուրախ և հուսադրող արարողության միջոցով:
Ձեր կողմից ուսուցանվող մարդկանց մկրտելը և հաստատելն առանցքային են ձեր նպատակի համար: Օգնեք նրանց հասկանալ, որ մկրտությանն արժանանալու համար նրանք պետք է համապատասխանեն Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածի պայմաններին:
Հաստատում և Սուրբ Հոգու պարգև
Մկրտությունը բաղկացած է երկու մասից՝ ջրով մկրտություն և Հոգու մկրտություն: Ջրով մկրտվելուց հետո մկրտությունն ավարտվում է, երբ մենք հաստատվում ենք Աստծո կողմից իշխանություն ունեցողի ձեռնադրմամբ: Հաստատման միջոցով մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը և մեր մեղքերից թողություն:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 95):
Ալման ուսուցանել է. «Ամբողջ մարդկությունը … պետք է վերստին ծնվի. այո՛, Աստծո՛ւց ծնվեն, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը. և այդպիսով նրանք դառնում են նոր արարածներ» (Մոսիա 27.25–26):
Ջրով և Հոգով մկրտությունն ապաշխարողների համար հոգևոր վերածնունդ է:
Համբերել մինչև վերջ
Հիսուս Քրիստոսին հետևելը ողջ կյանքը տևող գործընթաց է։ Մենք համբերում ենք մինչև վերջ, երբ մեր կյանքի ընթացքում շարունակում ենք հավատք գործադրել առ Քրիստոսը, ապաշխարել ամեն օր, ստանալ ավետարանի բոլոր արարողություններն ու ուխտերը, պահել այդ ուխտերը և ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը: Այդ թվում նաև հաղորդությունն ընդունելու միջոցով նորոգում ենք մեր կապած ուխտերը։
Ավետարանը մեր Երկնային Հոր վերադարձի ուղին է դեպի Նա
Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է փոխել մեր որոշումը, թե ինչպես ենք մենք ապրում և ով ենք դառնում։ Դրա սկզբունքները պարզապես քայլեր չեն, որոնք մենք փորձում ենք մեր կյանքում մեկ անգամ: Երբ մենք դրանք կրկնում ենք ողջ կյանքի ընթացքում, նրանք մեզ ավելի են մոտեցնում Աստծուն և դառնում ապրելու համար ամենաարժանավոր օրինակը: Նրանք խաղաղություն, բուժում և ներում են բերում: Նրանք նաև սահմանում են այն ուղին, որը մեր Երկնային Հայրը տվել է մեզ՝ Նրա հետ հավերժական կյանք ունենալու համար:
Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջնորդում է ձեր միսիոներական աշխատանքը: Այն նաև կենտրոնացնում է ձեր ջանքերը: Օգնեք մարդկանց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ձեռք ապաշխարության համար (տես Ալմա 34.15–17): Ուսուցանեք և վկայեք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը և քահանայության իշխանությունը վերականգնվել են: Առաջարկեք մարդկանց մկրտվել և ապրել Փրկչի ուսմունքներով:
Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է Աստծո բոլոր զավակներին
Հիսուս Քրիստոսի ավետարանն Աստծո բոլոր զավակների համար է: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «բոլորը նման են» Աստծուն: Նա հրավիրում է «բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն» (2 Նեփի 26.33)։
Ավետարանն օրհնում է մեզ մեր մահկանացու կյանքում և հավերժության ընթացքում: Ամենայն հավանականությամբ, մենք երջանիկ կլինենք՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես ընտանիքներ, երբ ապրենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներով (տես Մոսիա 2.41, «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ավետարանով ապրելը մեծացնում է մեր ուրախությունը, ոգեշնչում մեր գործողությունները և հարստացնում մեր փոխհարաբերությունները:
Վերականգնված ավետարանի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք: Մենք Նրա սիրելի որդիներն ու դուստրերն ենք: Անկախ երկրի վրա մեր ընտանեկան իրավիճակից, մեզանից յուրաքանչյուրն Աստծո ընտանիքի անդամն է:
Մեր ուղերձի մեկ այլ կարևոր մասն այն է, որ ընտանիքները կարող են միավորվել հավերժության համար: Ընտանիքը կարգված է Աստծո կողմից: Վերջին օրերի մարգարեներն ուսուցանել են.
«[Երկնային Հոր] երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար վերադարձն աստծո ներկայություն, իսկ ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»)։
Շատ մարդիկ ամուսնության կամ սիրող ընտանեկան հարաբերությունների սահմանափակ հնարավորություններ ունեն։ Շատերն ամուսնալուծության և այլ դժվարին ընտանեկան հանգամանքների են հանդիպել։ Այնուամենայնիվ, անկախ մեր ընտանեկան հանգամանքից, ավետարանն օրհնում է մեզ անհատապես: Երբ մենք հավատարիմ ենք, Աստված մեզ համար ուղի է տրամադրում սիրող ընտանիքների օրհնությունները ստանալու համար՝ լինի դա այս կյանքում, թե գալիք կյանքում (տես Մոսիա 2.41):
Վերականգնման ուղերձը. հավատքի հիմքը
Անկախ նրանից, թե որտեղ եք ծառայում կամ ում եք ուսուցանում, կենտրոնացրեք ձեր ուսուցումը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերականգնման վրա: Միսիոներական դասերի ընթացքում վարդապետությունն ուսումնասիրելիս, դուք կտեսնեք, որ մենք ունենք մեկ ուղերձ. Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչն ու Քավիչը: Ժամանակակից մարգարեի միջոցով Երկնային Հայրը վերականգնել է մեր փրկության Իր ծրագրի մասին գիտելիքները։ Այս ծրագիրը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա: Իր քավող զոհաբերության միջոցով Փրկիչը հնարավորություն է տալիս բոլորիս փրկվել մեղքից և մահից և վերադառնալ Երկնային Հոր մոտ:
Օգնեք մարդկանց, ում ուսուցանում եք, հասկանալ հետևյալը.
-
Աստված բառացիորեն մեր Երկնային Հայրն է: Նա կատարելապես սիրում է մեզ: Երկրի վրա յուրաքնչյուր մարդ Աստծո զավակն է և Նրա ընտանիքի անդամը:
-
Երկնային Հայրը մեզ ծրագիր է տվել ստանալու անմահություն և հավերժական կյանք, որոնք Նրա մեծագույն օրհնություններն են (տես Մովսես 1.39): Մենք եկել ենք երկիր սովորելու, աճելու և Նրա օրհնությունների լրիվությանը պատրաստվելու համար:
-
Որպես Իր ծրագրի մաս՝ Երկնային Հայրը պատվիրաններ է տվել, որպեսզի առաջնորդի մեզ այս կյանքի ընթացքում և օգնի մեզ վերադառնալ դեպի Նա (օրինակ՝ տես Ելից 20.3–17):
-
Այս կյանքում մենք բոլորս մեղք ենք գործում, և բոլորս էլ մահանում ենք: Մեր հանդեպ ունեցած Երկնային Հոր սիրո շնորհիվ Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:
-
Հիսուսի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից, երբ ապաշխարենք, մկրտվենք և հաստատվենք: Սա մեզ խաղաղություն է պարգևում և հնարավորություն է տալիս մեզ վերադառնալ դեպի Աստծո ներկայություն և ստանալ ուրախության լիություն:
-
Հիսուսի Հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը կվերամիավորվեն և կապրեն հավերժ:
-
Աստվածաշնչի պատմության ընթացքում Տերը հայտնեց Իր ավետարանը և կազմավորեց Իր Եկեղեցին մարգարեների միջոցով: Բազմիցս մարդկանց մեծ մասը մերժել է այն: Ավետարանից հեռանալու օրինաչափությունը և այն վերականգնելու անհրաժեշտությունը սկսվել է Հին Կտակարանի ժամանակներում:
-
Փրկչի մահից և Հարությունից հետո Եկեղեցին որոշ ժամանակ ղեկավարեցին Նրա Առաքյալները: Ի վերջո, նրանք մահացան, քահանայության իշխանությունը կորավ, և եղավ ևս մեկ հեռացում Փրկչի ուսմունքներից: Մարդիկ փոխեցին վարդապետությունն ու արարողությունները:
-
Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվեց Երկնային Հոր կողմից Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆին 1820 թվականի գարնանը: Ջոզեֆ Սմիթն ավելի ուշ ստացավ քահանայության իշխանություն և նրան հանձնարարվեց կրկին կազմավորել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա:
Ուսուցանեք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պարզապես այլ կրոն չէ: Այն ոչ էլ ամերիկյան եկեղեցի է: Ավելի շուտ, դա Հիսուս Քրիստոսի «[ավետարանի] լրիվության» վերականգնումն է (Վարդապետություն և Ուխտեր 1.23): Այն այլևս երբեք չի կորսվի երկրից:
Մորմոնի Գիրքը. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի և որպես աշխարհի Փրկիչ Նրա աստվածային առաքելության մասին: Այն նաև հզոր վկայություն է, որ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր ավետարանը և Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Առաջարկեք և օգնեք մարդկանց կարդալ Մորմոնի Գիրքը և աղոթել դրա ուղերձի մասին:
Վստահեք Մորոնի 10.3–5 ուշագրավ խոստմանը: Խրախուսեք մարդկանց անկեղծորեն և իրական միտումով հարցնել Աստծուն՝ արդյոք Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է: Աղոթել անկեղծ միտումով նշանակում է պատրաստ լինել գործել համաձայն Սուրբ Հոգու վկայությունից բխող պատասխանի: Այդ վկայությունը կազմավորում է մարդու հավատքն առ այն, որ Քրիստոսը վերականգնել է Իր Եկեղեցին: Օգնեք նրանց, ում ուսուցանում եք, որոնել այդ հոգևոր հաստատումը:
Հաստատել և կառուցել Եկեղեցին
Երբ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին, Նա հրահանգեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և մյուսներին «հաստատել» այն և «կառուցել» (Վարդապետություն և Ուխտեր 31.7, 39.13): Եկեղեցին հաստատվում և կառուցվում է, երբ վկայություններ ունեցող մարդիկ մկրտվում և հաստատվում են, պահում են իրենց ուխտերը, պատրաստվում են գնալու տաճար և օգնում են ամրացնել իրենց ծուխը կամ ճյուղը:
Որպես միսիոներ՝ դուք օգնում եք հաստատել և կառուցել Փրկչի Եկեղեցին: Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով դուք կարող եք դա անել: Դուք կարող եք աջակցել անդամներին, երբ նրանք կիսվում են ավետարանով՝ սիրելու, կիսվելու և առաջարկելու սկզբունքների միջոցով(տես Ընդհանուր ձեռնարկ, 23.1): Դուք կարող եք օգնել մարդկանց մկրտվել և աճել իրենց հավատքում: Դուք կարող եք օգնել նոր անդամներին ընտելանալ իրենց նոր կյանքին և շարունակել աճել հոգևորապես: Դուք կարող եք նաև օգնել վերադարձող անդամներին ամրացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը։
Նոր և վերադարձող անդամներն աճում են վկայության և հավատքի մեջ, երբ նրանք զգում են, որ ավետարանը գործում է իրենց կյանքում: Դրան հասնելու համար կարևոր է, որ նրանք.
-
Ունենան ընկերներ, որոնք Եկեղեցու անդամներ են:
-
Եկեղեցում նրանց կոչում տրվի:
-
Սնուցվեն Աստծո խոսքով:
(Տես Gordon B. Hinckley, «Converts and Young Men», Ensign, May 1997, 47.)
Միսիոներները, տեղի ղեկավարները և Եկեղեցու մյուս անդամները պետք է ուրախությամբ ընդունեն հնարավորությունը, որը սնուցում և ամրապնդում է նոր և վերադարձող անդամներին: Այս ծառայությունն օգնում է «պահել նրանց ճշմարիտ ուղու վրա» (Մորոնի 6.4):
Շրջեք բարիք գործելով
Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը ծառայում էր ուրիշներին: Նա շրջում էր «բարիք գործելով» և «ավետարանը քարոզելով» (Գործք Առաքելոց 10.38, Մատթեոս 4.23): Երբ հետևեք Նրա օրինակին, դուք կգտնեք մարդկանց, որոնց կարող եք ծառայել և ովքեր կընդունեն ձեզ:
Ծառայության միջոցով դուք կատարում եք Աստծուն սիրելու և ձեր մերձավորին սիրելու երկու մեծ պատվիրանները (տես Մատթեոս 22.36–40, 25.40, Մոսիա 2.17): Ծառայության միջոցով դուք և այլ մարդիկ կարող եք միավորվել հզոր, ոգեշնչող եղանակով:
Որպես միսիոներ, դուք ամեն շաբաթ մատուցում եք պլանավորված ծառայություն (տես Միսիոներական չափանիշներ, 2.7 և 7.2, տեղեկատվության և ուղեցույցների համար): Ձեր միսիայի նախագահի ղեկավարությամբ հնարավորություններ փնտրեք համայնքում ծառայելու JustServe-ի (որտեղ այն հաստատված է) և Եկեղեցու մարդասիրական և աղետներին արձագանքելու ջանքերի միջոցով:
Յուրաքանչյուր օրվա ընթացքում աղոթեք և փնտրեք հանպատրաստից բարիք գործելու հնարավորություններ: Լսեք Հոգուն, որպեսզի ճանաչեք փոքր բարի գործերը, որոնք դուք կարող եք առաջարկել:
«Ցանկանու՞մ եք երջանիկ լինել: Մոռացեք ինքներդ ձեզ և կորցրեք ձեզ այս մեծ աշխատանքում: Ձեր ջանքերն ուղղեք մարդկանց օգնելու գործին: … Կանգնեք ավելի բարձր, բարձրացրեք նրանց, ում ծնկները տկար են, բարձր պահեք նրանց ընկած բազուկները: Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով» (Գորդոն Բ․ Հինքլի Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Գորդոն Բ․ Հինքլի [2016], 209):
Հաջողակ միսիոներ
Որպես միսիոներ ձեր հաջողությունը հիմնականում որոշվում է ձեր ցանկությամբ և վճռականությամբ գտնելու նորադարձներ, ուսուցանելու, մկրտելու և հաստատելու նրանց, ինչպես նաև օգնելու նրանց դառնալ Քրիստոսի հավատարիմ աշակերտները և Նրա Եկեղեցու անդամները (տես Ալմա 41.3):
Ձեր հաջողությունը չի որոշվում նրանով, թե քանի հոգու եք ուսուցանում կամ օգնում գալ դեպի մկրտություն: Դա չի որոշվում նաև նրանով, թե ինչ ղեկավար պաշտոններ եք զբաղեցնում։
Ձեր հաջողությունը կախված չէ նրանից, թե ուրիշներն ինչպես են պատասխանում ձեզ, ձեր առաջարկներին կամ ձեր անկեղծ բարի գործերին: Մարդիկ կամքի ազատություն ունեն՝ ընդունելու ավետարանի ուղերձը, թե ոչ: Ձեր պարտականությունն է ուսուցանել հստակ և զորեղ կերպով, որպեսզի նրանք կարողանան հիմնավոր ընտրություն կատարել, որը կօրհնի նրանց:
Մտածեք Մատթեոս 25.14–28 հատվածներում տեղ գտած Փրկչի քանքարների առակի մասին: Այդ ծառաների տերը, որը ներկայացնում էր Տիրոջը, գովաբանեց Իր երկու հավատարիմ ծառաներին, թեև նրանց զոհաբերությունների չափը տարբերվում էր (տես Մատթեոս 25.21, 23): Նա երկուսին էլ նույն վարձատրությունը տվեց՝ առաջարկելով նրանց մտնել «իրենց տիրոջ ուրախության մեջ», քանի որ նրանք մեծարեցին այն, ինչ տրվեց իրենց։
Աստված ձեզ տաղանդներ և պարգևներ է տվել՝ Իրեն ծառայելու գործում օգտագործելու համար: Ձեր տաղանդներն ու պարգևները տարբերվում են ուրիշների տաղանդներից և պարգևներից։ Ընդունեք, որ այդ բոլորը կարևոր են, այդ թվում նրանք, որոնք ավելի քիչ տեսանելի են: Երբ դուք նվիրաբերում եք Նրան ձեր տաղանդներն ու պարգևները, Նա մեծացնում է դրանք և հրաշքներ է գործում ձեր իսկ առաջարկներով:
Խուսափեք ձեզ այլ միսիոներների հետ համեմատելուց և ձեր ջանքերի արտաքին արդյունքները նրանց ջանքերի հետ չափելուց: Համեմատությունը սովորաբար հանգեցնում է բացասական արդյունքների, ինչպիսիք են հուսահատությունը կամ հպարտությունը: Համեմատությունը նաև հաճախ ապակողմնորոշիչ է: Այն, ինչ Տերն է ցանկանում, ձեր լավագույն ջանքերն են, որպեսզի «ծառայեք նրան ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4.2, շեշտադրումն ավելացված է):
Դուք կարող եք տխրել, երբ մարդիկ դեռ չեն ընդունում ավետարանը: Երբեմն դուք կարող եք հուսահատություն զգալ: Նույնիսկ սուրբ գրությունների մեծագույն միսիոներներն ու մարգարեները երբեմն հուսահատություն են զգացել (տես 2 Նեփի 4.17–19, Ալմա 26.27): Նման դեպքերում հետևեք Նեփիի օրինակին՝ դառնալով դեպի Տերը, վստահելով Նրան, աղոթելով ուժ գտնելու համար և հիշելով այն բարի գործերի մասին, որոնք Նա արել է ձեզ համար (տես 2 Նեփի 4.16–35):
Երբ դժվար պահերին դուք դառնում եք դեպի Տերը, Նա խոստանում է. «Ես կզորացնեմ քեզ. այո, ես կօգնեմ քեզ. այո, ես կաջակցեմ քեզ» (Եսայիա 41.10): Հավատք գործադրելով առ Քրիստոսը՝ դուք կարող եք խաղաղություն և վստահություն գտնել ձեր ջանքերի վերաբերյալ: Հավատքը կօգնի ձեզ առաջ մղվել և շարունակել արդար ցանկությունների իրագործումը:
Կենտրոնացեք Քրիստոսի հանդեպ ձեր պարտավորվոծության և ձեր միսիոներական նպատակի վրա, այլ ոչ թե արտաքին արդյունքների: Այս արդյունքները հաճախ անմիջապես ակներև չեն: Միևնույն ժամանակ, բարձր պահեք ձեր ակնկալիքները՝ անկախ ձեր առջև ծառացած մարտահրավերներից։ Բարձր ակնկալիքները կմեծացնեն ձեր արդյունավետությունը, ձեր ցանկությունը և Հոգուն հետևելու ձեր կարողությունը:
Ստորև ներկայացված են որոշ եղանակներ, որոնցով կարող եք գնահատել Տիրոջ հանդեպ ձեր պարտավորվածությունը և հաջողակ միսիոներ լինելու ձեր ջանքերը:
-
Ջերմեռանդորեն ձգտեք լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը՝ սովորելով Նրանից և քիչ-քիչ բարելավվելով (տես Հովհաննես 8.31, 2 Նեփի 28.30):
-
Փնտրեք քրիստոսանման հատկանիշներ (տես 2 Պետրոս 1.2–9, Վարդապետություն և Ուխտեր 4.5–6):
-
Անկեղծորեն սիրեք մարդկանց և ամեն օր արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հոգիներ բերեք դեպի Քրիստոսը (տես Ա Կորնթացիս 13, Մորոնի 7.45–48):
-
Առաջարկեք և օգնեք մարդկանց ստանձնել և պահել պարտավորություններ, որոնք ամրացնում են իրենց հավատքը Փրկչի հանդեպ:
-
Ուսումնասիրեք սուրբ գրությունները և ջերմեռանդորեն աղոթեք՝ շնորհակալություն հայտնելու և աստվածային օգնություն խնդրելու համար (տես Հովհաննես 5.39, 2 Նեփի 32.3, Ենովս 1.4, Ալմա 37.37, Վարդապետություն և Ուխտեր 26.1):
-
Հնազանդվեք Աստծո պատվիրաններին և հետևեք միսիոներական չափանիշներին (տես Վարդապետություն և Ուխտեր 35.24):
-
Ապրեք այնպես, որ Հոգին առաջնորդի ձեզ, թե ուր գնալ, ինչ անել և ինչ ասել (տես Վարդապետություն և Ուխտեր 18.18, 42.14):
-
Աղոթքով նպատակներ դրեք, ծրագրեր կազմեք և աշխատեք դրանք կատարել (տես Ղուկաս 14.28, Վարդապետություն և Ուխտեր 88.119):
-
Կառուցեք և ամրացրեք այն ծուխը կամ ճյուղը, որտեղ դուք նշանակված եք (տես Վարդապետություն և Ուխտեր 18.5):
-
Շարունակեք բարիք գործել և ծառայել մարդկանց ցանկացած հնարավորության դեպքում, անկախ նրանից՝ նրանք ընդունում են ձեր ուղերձը, թե ոչ (տես Գործք Առաքելոց 10.38):
Երբ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, դեռևս հնարավոր է հիասթափության պահեր ապրենք, սակայն մենք չենք հիասթափվի ինքներս մեզանից: Դուք կարող եք համոզված լինել, որ Տերը գոհանում է, երբ մենք զգում ենք, թե ինչպես է Հոգին աշխատում մեր միջոցով:
Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար
Անհատական ուսումնասիրություն
-
Մտածեք, թե ինչ է նշանակում բարձրացնել նախազգուշացնող ձայնը (տես Հակոբ 3.12, Վարդապետություն և Ուխտեր 1.4, 38.41, 63.57–58, 88.81, 112.5, Եզեկիել 3.17–21, 33.1–12): Ձեր բառերով գրեք, թե դա ինչ է նշանակում և ինչպես կարող եք դա անել:
-
Մտածեք ձեր կյանքի իրադարձությունների մասին, որոնք ամրապնդել են ձեր վկայությունը Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման վերաբերյալ: Գրի առեք ձեր տպավորությունները։
Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում
-
Ընտրեք հետևյալ մեծագույն միսիոներներից մեկին և կարդացեք թվարկված սուրբ գրությունները: Երբ կարդաք, քննարկեք, թե ինչպես է այս միսիոները (1) հասկացել և նվիրվել իր կոչմանը, (2) ցուցադրել իր մոտեցումն ու ցանկությունն աշխատանքի հանդեպ և (3) օգնել ուրիշներին ընդունել ավետարանը:
-
Ալմա (Մոսիա 18)
-
Ամմոն, Ահարոն և Մոսիայի մյուս որդիներ (Ալմա 17–22, 23.1–6, 26)
-
Նեփի և Լեքի (Հելաման 5)
-
Պետրոս (Գործք Առաքելոց 2)
-
Պողոս (Գործք Առաքելոց 16)
-
-
Ընտրեք երկու օրհներգ ավետարանի վերականգնման մասին: Կարդացեք կամ երգեք օրհներգերը: Քննարկեք բառերի իմաստը:
Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ
-
Հրավիրեք երկու կամ երեք նորադարձների՝ կիսվելու իրենց փորձառությամբ: Ինչպե՞ս էին նրանք վերաբերվում միսիոներներին: Ինչպե՞ս էին նրանք վերաբերվում միսիոներների ուսուցանմանը: Ի՞նչն օգնեց նրանց պահել պարտավորությունները: Ի՞նչն է զորեղ կերպով ազդել նրանց դարձի վրա:
-
Ժողովից մի քանի օր առաջ հանձնարարեք մի քանի միսիոների խորհել այս գլխի սկզբում գտնվող՝ «Մտածեք այս մասին» բաժնի ընտրված հարցերի շուրջ: Յուրաքանչյուր միսիոների խնդրեք պատրաստել երկու-երեք րոպեանոց ելույթ հանձնարարված հարցի վերաբերյալ: Շրջանի խորհրդի կամ տարածքային համաժողովի ժամանակ առաջարկեք միսիոներներին ելույթներ ունենալ: Ելույթներից հետո քննարկեք, թե ինչ են սովորել և ինչպես կարող են այն կիրառել միսիոներական աշխատանքում:
-
Միսիոներներին բաժանեք չորս խմբի: Խնդրեք յուրաքանչյուր խմբի թվարկել որքան հնարավոր է շատ ճշմարտություններ, ուխտեր և արարողություններ, որոնք վերականգնվել և բացահայտվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Յուրաքանչյուր խումբ թող կիսվի իր ցուցակներով: Առաջարկեք միսիոներներին կիսվել, թե ինչպես է Վերականգնման միջոցով բացահայտված ճշմարտություններից որևէ մեկն ազդեցություն թողել իրենց կյանքի վրա:
-
Քննարկեք, թե ինչ է նշանակում լինել հաջողակ միսիոներ: Առաջարկեք միսիոներներին որոշակի օրինակներ բերել:
Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ
-
Հարցազրույցների կամ միսիոներների հետ զրույցի ժամանակ պարբերաբար խնդրեք նրանց կիսվել ձեզ հետ.
-
Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով։
-
Վերականգնված ավետարանի և Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին իրենց վկայություններով:
-
Մորմոնի Գրքի մասին իրենց վկայություններով:
-
Որպես միսիոներ իրենց նպատակի մասին մտքերով:
-
-
Առաջարկեք միսիոներներին իրենց ուսումնասիրության օրագրում գրի առնել, թե ըստ իրենց որոնք են իրենց միսիայի նպատակները: Հարցազրույցի կամ զրույցի ժամանակ խնդրեք նրանց կիսվել իրենց գրածով:
-
Ուղարկեք շնորհավորական նամակ նոր անդամներին: