Միսիայի կոչումներ
Գլուխ 10․ Ուսուցանեք հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ


«Գլուխ 10․ Ուսուցանեք հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ», Քարոզիր իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 10», Քարոզիր Իմ ավետարանը

Լեռան Քարոզը, Հարրի Անդերսոն

Գլուխ 10

Ուսուցանեք հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ

Խորհեք սրա մասին

  • Ինչպե՞ս կարող եմ ուսուցանել Հոգով:

  • Ինչպե՞ս կարող եմ ուսուցանել սուրբ գրություններից:

  • Ուսուցանելիս ինչպե՞ս պետք է կիսվեմ իմ վկայությամբ:

  • Ինչպե՞ս կարող եմ ծրագրել և հարմարեցնել իմ ուսուցումը մարդկանց կարիքները հոգալու համար:

  • Ինչպե՞ս կարող եմ հարցերն ավելի լավ տալ և լինել ավելի լավ լսող:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել մարդկանց գտնել իրենց հարցերի պատասխանները և ստանալ առաջնորդություն և ուժ:

Դուք կանչված եք ուսուցանելու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հնարավորինս շատ մարդկանց, որոնք կընդունեն ձեզ: Ուսուցումն առանցքային է այն ամենի համար, ինչ անում եք: Նա խոստացել է, որ երբ դուք ապավինեք Տիրոջ օգնությանը.

«Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր [սրտերում], և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 84.88):

Աղոթեք, ուսումնասիրեք և վարժվեք, որպեսզի բարելավեք ուսուցման ձեր կարողությունը: Կիրառեք այս գլխում և այս գրքի մյուս գլուխներում տեղ գտած սկզբունքները: Ջանասիրաբար փնտրեք ուսուցման պարգևը, որպեսզի կարողանաք օրհնել ուրիշներին և փառաբանել Աստծուն: Տերը կօգնի ձեզ ուսուցանել զորությամբ և իշխանությունով, երբ դուք ջանասիրաբար փնտրեք Նրան և ուսումնասիրեք Նրա խոսքը:

Ձգտեք ուսուցանել այնպես, ինչպես Փրկիչն է ուսուցանել

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը «շրջում էր … ուսուցանում… , քարոզում… և բժշկում» (Մատթեոս 4.23): Նա ուսուցանել է բազմաթիվ վայրերում՝ ժողովարաններում, տներում և ճանապարհին: Ուսուցանել է մեծ հավաքույթների և անձնական զրույցների ժամանակ։ Նրա ամենահզոր փոխհարաբերություններից մի քանիսը շատ հակիրճ էին կամ տեղի էին ունենում անսովոր իրավիճակներում: Նա ուսուցանել է Իր գործողություններով, ինչպես նաև Իր խոսքերով:

Փրկիչն ուսուցանել է յուրաքանչյուր մարդու՝ ըստ իր առանձնահատուկ կարիքների: Օրինակ՝ անդամալույծ մարդուն ծառայելիս Նա ներեց նրա մեղքերը և բժշկեց նրան (տես Մարկոս 2.1–12 հատվածները): Շնություն կատարած կնոջը ծառայելիս, Նա պաշտպանեց նրան և կոչ արեց այլևս մեղք չգործել (տես Հովհաննես 8.2–11 հատվածները): Երբ խոսում էր մի հարուստ մարդու հետ, ով հավերժական կյանք էր ցանկանում, Նա «սիրալիր» էր, չնայած որ երիտասարդը մերժեց ընդունել Իրեն հետևելու հրավերը (Մարկոս 10.21, տես հատվածներ 17–21):

Դուք կարող եք բարելավել ձեր ուսուցումը` իմանալով, թե ինչպես է ուսուցանել Փրկիչը: Օրինակ՝ Նա սիրում էր Հորը և նրանց, ում ուսուցանում էր: Նա աղոթում էր: Նա ուսուցանում էր սուրբ գրություններից: Նա հոգևորապես պատրաստված էր։ Նա ոգեշնչող հարցեր էր տալիս։ Նա մարդկանց հրավիրում էր գործել հավատքով։ Նա ավետարանի սկզբունքները նմանեցնում էր առօրյա կյանքին:

Փրկչի պես ուսուցանելու ձգտումն ամբողջ կյանքը տևող գործընթաց է: Այն կտրվի ձեզ տող առ տող, երբ հետևեք Նրան (տես 2 Նեփի 28.30, Եթեր 12.41):

«Ձգտեք ստանալ Իմ խոսքը»

Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու համար դուք պետք է իմանաք դրա հիմնական վարդապետությունն ու սկզբունքները: Ձեզ նաև անհրաժեշտ է հոգևոր գիտելիքներ և ավետարանի ճշմարտությունների հաստատում։ Տերն ասել է. «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը»:

«Ձեռք բերել» Տիրոջ խոսքը նշանակում է ուսումնասիրել այն և թույլ տալ, որ այն արմատավորվի ձեր սրտում: Նա խոստացել է, որ երբ դուք գործադրեք այս ջանքը․ «Եվ հետո քո լեզուն պիտի արձակվի. հետո, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո, Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար» (Վարդապետություն և Ուխտեր 11.21):

մարդը նշում է սուրբ գրությունները

Տերը նաև ասել է, որ «շարունակ ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 84.85): Տիրոջ խոսքերը գանձելը կընդլայնի ձեր գիտելիքը և կամրացնի ձեր վկայությունը: Ավետարանն ուսուցանելու ձեր ցանկությունն ու կարողությունը նույնպես կմեծանա (տես Հակոբ 4.6–7, Ալմա 32.27–42, 36․26, 37․8–9 հատվածները):

Աղոթքով ձեռք բերեք և գանձեք Տիրոջ խոսքը՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները, ապրող մարգարեների խոսքերը և գլուխ 3-ի դասերը։

Ուսուցանեք Հոգով

Հիսուս Քրիստոսի ավետարանը «Աստծո զորությունն է ամեն հավատացողի փրկության համար» (Հռովմեացիս 1.16): Այդ իսկ պատճառով ավետարանի Վերականգնման ուղերձը պետք է ուսուցանվի աստվածային զորությամբ՝ Սուրբ Հոգու զորությամբ:

Կարևոր է, որ դուք զարգացնեք ուսուցման հմտությունները: Կարևոր է նաև, որ դուք ուսումնասիրեք ձեր ուսուցանած վարդապետությունն ու սկզբունքները: Սակայն, հոգևոր ճշմարտություններ ուսուցանելիս դուք հիմնականում չպետք է ապավինեք ձեր սեփական կարողություններին և գիտելիքներին:

Հոգևոր ճշմարտություններն ուսուցանվում են Սուրբ Հոգու զորությամբ: Տերն ասել է․ «Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և, եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (Վարդապետություն և Ուխտեր 42.14, տես նաև վարդապետություն եվ ուխտեր 50․13–14, 17–22 հատվածները)։

Ինչ է նշանակում ուսուցանել Հոգով

Հոգով ուսուցանելիս, դուք աղոթում եք, որ ձեր ուսուցման մեջ ունենաք Սուրբ Հոգու զորությունը: Դուք նաև աղոթում եք, որ մարդիկ ճշմարտություններն ընդունեն Հոգու միջոցով: Մարդիկ կարող են համոզվել որոշ ճշմարտություններում, սակայն դարձի գալու համար նրանք պետք է փորձառություններ ունենան Հոգու հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2–3 հատվածները):

Պատրաստվեք դառնալու գործիք, որի միջոցով Հոգին կարող է ուսուցանել: Մտածեք Սուրբ Հոգու մասին որպես զուգընկեր ձեր ուսուցման մեջ:

Ապավինեք Հոգուն, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչ ասել: Նա ձեզ կհիշեցնի ձեր ուսումնասիրած վարդապետությունը: Նա կօգնի ձեզ ծրագրել և հարմարեցնել այն, ինչ ուսուցանում եք՝ ըստ անձի կարիքների:

Երբ դուք ուսուցանեք Հոգով, Նա ձեր ուղերձը կհասցնի մարդկանց սրտերին: Նա կհաստատի ձեր ուղերձը, երբ դուք վկայություն բերեք: Դուք և նրանք, ովքեր լսում են այն, ինչ ուսուցանում եք Հոգով, կշենանան, կհասկանան միմյանց և միասին կուրախանան (տես 2 Նեփի 33․1, Վարդապետություն և Ուխտեր 50․13–22 հատվածները)։

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Հոգին այս աշխատանքում միակ առավել կարևոր տարրն է: Հոգու շնորհիվ ձեր կոչումը մեծարելով, դուք կարող եք հրաշքներ գործել Տիրոջ համար ձեր միսիայի դաշտում: Առանց Հոգու, դուք երբեք հաջողության չեք հասնի, անկախ ձեր տաղանդներից և կարողությունններից» (Էզրա Թաֆտ Բենսոն, սեմինար միսիայի նոր նախագահների համար, 25 հունիսի, 1986):

Ձեր կոչման խոստումը

Դուք կանչվել և ձեռնադրվել եք «քարոզելու Նրա ավետարանը Հոգով, այսինքն` Մխիթարիչով, որն առաջ է ուղարկվել` ճշմարտությունն ուսուցանելու» (Վարդապետություն և Ուխտեր 50.14): Երբեմն դուք կարող եք լինել նյարդայնացած, կամ պատրաստ չլինել։ Հավանաբար դուք անհանգստանում եք, որ չունեք բավարար չափով գիտելիք կամ բավարար փորձ չունեք։

Ձեր Երկնային Հայրը, ով ձեզ կատարյալ ձևով գիտի, կանչել է ձեզ, հաշվի առնելով, թե դուք ինչ կարող եք առաջարկել որպես Հիսուս Քրիստոսի պարտավորված հետևորդ: Նա չի լքի ձեզ։ Վստահեք, որ Հոգին կմեծացնի ձեր կարողությունները և կուսուցանի ճշմարտությունը նրանց, ովքեր ընկալունակ են:

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է. «Միսիայի մարտահրավերի մասին մտածելիս ես զգում էի, որ պատրաստ չեմ: Հիշում եմ, որ աղոթում էի. «Երկնայի՛ն Հայր, ինչպե՞ս կարող եմ միսիայում ծառայել, երբ այսքան քիչ բան գիտեմ»: Ես հավատում էի Եկեղեցուն, բայց զգում էի, որ իմ հոգևոր գիտելիքները շատ սահմանափակ էին: Աղոթքի ընթացքում ես զգացի հետևյալը. «Դու չգիտես ամեն ինչ, բայց դու գիտես բավականաչափ»: Այդ համոզմունքն ինձ քաջություն տվեց՝ կատարելու հաջորդ քայլը» («Դուք բավականաչափ գիտեք», Լիահոնա նոյ. 2008, 13)։

Հրավիրեք Հոգուն, երբ սկսում եք ուսուցանել

Մարդկանց հետ շփման առաջին մի քանի րոպեները շատ կարևոր են։ Եղեք անկեղծ և հարգալից: Անկեղծ հետաքրքրություն և սեր ցուցաբերեք: Ձգտեք վաստակել նրանց վստահությունը: Վստահություն վաստակելու եղանակներից մեկն այն է, երբ մարդիկ զգում են, որ Հոգին ձեզ հետ է:

Մի քանի պարզ հարցեր տվեք, որոնք կօգնեն ձեզ հասկանալ նրանց անցյալը և նրանց ակնկալիքները ձեր այցելությունների վերաբերյալ: Ուշադիր լսեք։

Նախքան սկսելը, առաջարկեք բոլոր ներկաներին միանալ դասին: Խրախուսեք նրանց հեռացնել շեղող հանգամանքները, որպեսզի հնարավոր լինի զգալ Տիրոջ Հոգին:

Բացատրեք, որ դուք կցանկանայիք յուրաքանչյուր դասը սկսել և ավարտել աղոթքով: Առաջարկեք կատարել բացման աղոթքը: Աղոթեք պարզ և անկեղծ, որ Աստված օրհնի մարդկանց, ում դուք ուսուցանում եք, իրենց կյանքի բոլոր ոլորտներում: Աղոթեք, որ նրանք կարողանան զգալ այն ճշմարտությունը, որը դուք կուսուցանեք: Հիշեք, որ «արդար [մարդու] ջերմեռանդ աղոթքը շատ զորավոր է» (Հակոբոս 5.16):

Հավատացեք Սուրբ Հոգու դարձի բերելու զորությանը: Ուսուցումը սկսելիս առաջնորդվեք Հոգով․ նաև դուք կարող եք արտահայտել հետևյալ մտքերը.

  • Աստված մեզ սիրող Երկնային Հայրն է։ Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Նա ցանկանում է, որ մենք ուրախություն զգանք։

  • Մենք բոլորս էլ մարտահրավերներ և դժվարություններ ունենք: Անկախ նրանից, թե ինչի միջով եք անցնում, Հիսուս Քրիստոսը և Նրա ուսմունքները կարող են օգնել ձեզ: Նա կարող է օգնել ձեզ խաղաղություն, հույս, բժշկում և երջանկություն գտնել: Հիսուսը կարող է օգնել ձեզ ավելի մեծ ուժ ունենալ՝ կյանքի փորձությունները հաղթահարելու համար:

  • Մենք բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս, որոնք կարող են մեղքի, ամոթի և ափսոսանքի զգացում առաջացնել: Այս զգացմունքները կհեռանան միայն այն ժամանակ, երբ մենք ապաշխարենք և Աստծո ներումը փնտրենք: Միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք լիովին բժշկվել մեր մեղքերից:

  • Մենք կառաջնորդենք ձեզ, որպեսզի դուք ինքներդ կարողանաք իմանալ մեր ուղերձի ճշմարտացիությունը: Մենք ձեզ կհրավիրենք որոշ բաներ անել, օրինակ՝ կարդալ, աղոթել և հաճախել եկեղեցի: Մեր դերը կայանում է նրանում, որ օգնենք ձեզ գործել այս հրավերի համաձայն և բացատրենք այն օրհնությունները, որոնք դուք կարող եք ստանալ: Խնդրում ենք հարցեր տալ։

  • Մենք կանչվել ենք Աստծո մարգարեի կողմից, որպեսզի կիսվենք նրանով, ինչ գիտենք։ Մենք գիտենք, որ մեր ուղերձը ճշմարիտ է:

  • Մենք կուսուցանենք ձեզ, թե ինչպես ուխտեր կամ հատուկ խոստումներ կապել Աստծո հետ: Այս ուխտերը կկապեն ձեզ Աստծո հետ և թույլ կտան ուրախություն, ուժ և հատուկ խոստումներ ստանալ Նրանից:

  • Դուք կսովորեք, թե ինչպես փոփոխել ձեր կյանքը և հետևել Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին: Հիսուս Քրիստոսի հիմնական ուսմունքներից մեկը Նրա օրինակին հետևելն է և ճիշտ իշխանությամբ մկրտվելը․ դա նաև առաջին ուխտն է, որը մենք կապում ենք (տես Հովհաննես 3.5, Վարդապետություն և Ուխտեր 22 հատվածները):

միսիոներներն աղոթում են

Դաս ուսուցանելուց առաջ պարզորեն ակնարկեք, թե ինչ եք ուսուցանելու: Օգնեք մարդկանց տեսնել, թե ինքանով է դա վերաբերում իրենց: Օրինակ՝ դուք կարող եք ասել. «Մենք այստեղ ենք, որպեսզի կիսվենք այն ուղերձով, որ այսօր Հիսուս Քրիստոսը հիմնել է Իր Եկեղեցին երկրի վրա և կանչել է ապրող մարգարեներ՝ մեզ առաջնորդելու համար»: Կամ կարող եք ասել. «Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ իմանալ, որ Աստված սիրում է ձեզ և Նա ծրագիր ունի ձեր երջանկության համար»:

Բոլոր մարդիկ օգուտ կքաղեն, երբ ընդունեն և ապրեն Հիսուս Քրիստոսի ավետարանով: Երկնային Հայրը գուցե օրհնել է այն մարդկանց, ում դուք կգտնեք արժեքավոր հոգևոր պատրաստվածության շնորհիվ (տես Ալմա 16․16–17 հատվածները):

Երբ դուք առաջին հանդիպման ժամանակ հրավիրեք Հոգին և կիսվեք ճշմարտությամբ, մարդիկ կճանաչեն ձեր մեջ Տիրոջ ծառաներին:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Օգտագործեք այս բաժնի առաջարկները, որպեսզի կարողանաք դասը սկսել տարբեր եղանակներով:

Օգտագործեք սուրբ գրությունները:

Եկեղեցու օրինակելի աշխատությունները հանդիսանում են հիմնական աղբյուր՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն ուսուցանելու համար: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է կարևոր սուրբ գրություններն օգտագործել որպես հիմք ձեր ուսուցման մեջ: Օրինակ՝

  • Սուրբ գրությունները հրավիրում են Սուրբ Հոգին ձեր ուսուցման մեջ (տես Ղուկաս 24.13–32 հատվածները):

  • Սուրբ գրություններն ավելի զորավոր ազդեցություն ունեն մարդկանց մտքերի վրա, քան որևէ այլ բան (տես Ալմա 31.5 հատվածը):

  • Սուրբ գրությունները պատասխանում են հոգու մեծ հարցերին (տես գլուխ 5, տես նաև 2 Նեփի 32.3, Հակոբ 2.8 հատվածները):

  • Սուրբ գրություններն իշխանություն են տալիս ձեր ուսուցմանը և հիմնավորում են այն:

  • Տերը և Նրա մարգարեներն են ասել, որ անենք դա (տես Վարդապետություն և Ուխտեր 42.12, 56–58, 71.1):

Օգտագործելով սուրբ գրությունները ձեր ուսուցման մեջ, դուք կարող եք օգնել ուրիշներին ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները: Սուրբ գրությունների հանդեպ ձեր ակներև սերը կխրախուսի նրանց ուսումնասիրել այդ գրությունները: Ցույց տվեք, թե ինչպես կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել նրանց սովորել ավետարանը և զգալ Աստծո սերը: Օրինակներ բերեք, թե ինչպես կարող են սուրբ գրություններն օգնել նրանց գտնել իրենց հարցերի պատասխանները և ստանալ առաջնորդություն և ուժ:

Նվիրվեք սուրբ գրությունների ուսումնասիրությանը, որպեսզի կարողանաք արդյունավետ ուսուցանել այդ գրություններից (տես գլուխ 2-ը)։ Սուրբ գրություններից ուսուցանելու ձեր կարողությունը կբարելավվի, երբ դրանք ամեն օր ուսումնասիրեք, ինչպես անձամբ, այնպես էլ ձեր զուգընկերոջ հետ:

Օգնեք մարդկանց հավատք զարգացնել առ Հիսուս Քրիստոսը՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները, մասնավորապես՝ Մորմոնի Գիրքը: Հետևյալ առաջարկները կարող են օգնել։

Խումբն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Ներկայացրեք սուրբ գրության հատվածը

Համառոտ ներկայացրեք հատվածի պատմական հիմքը: Հետևյալ օրինակները սուրբ գրությունները ներկայացնելու մի քանի եղանակ են ցույց տալիս.

  • «Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ Ջոզեֆն իր իսկ խոսքերով պատմում է մեզ, թե ինչ տեղի ունեցավ, երբ նա գնաց պուրակ՝ աղոթելու: Նա ասել է. «Ես տեսա լույսի մի սյուն…»

  • «Այս հատվածում Ալմա մարգարեն ուսուցանում է աղքատ մարդկանց հավատք գործադրել Աստծո խոսքի հանդեպ: Նա Աստծո խոսքը համեմատում է սերմի հետ, որը կարելի է տնկել մեր սրտերում: Կկարդա՞ք հատվածը…»:

Կարդացեք հատվածը

Բարձրաձայն կարդացեք հատվածները կամ խնդրեք նրան, ում ուսուցանում եք, բարձրաձայն կարդալ: Նրբանկատ եղեք նրանց հանդեպ, ովքեր դժվարանում են կարդալ: Եթե նրանք դժվարանում են հասկանալ որևէ հատված, կարդացեք նրանց հետ և բացատրեք ըստ անհրաժեշտության: Սահմանեք ցանկացած դժվար բառ կամ արտահայտություն։ Կամ կարդալու համար նրանց տվեք ավելի պարզ հատվածներ: Առաջարկեք նրանց հատուկ նշումներ փնտրել հատվածում:

Կիրառեք սուրբ գրությունները

Նեփին ասել է. «Ես բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր օգտի և ուսման համար» (1 Նեփի 19.23): «Նմանացնել» նշանակում է կիրառել սուրբ գրությունները ձեր կյանքում:

Սուրբ գրությունները նմանեցրեք նրանց, ում ուսուցանում եք՝ ցույց տալով, թե ինչպես են պատմություններն ու սկզբունքներն առնչվում իրենց անձամբ: Օրինակ՝

  • «Ալմայի ժողովուրդը, ձեր նման, ծանր բեռ ուներ, գրեթե ավելին, քան կարող էր տանել: Սակայն երբ նրանք հավատք գործադրեցին և աղոթեցին, Աստված զորացրեց նրանց, որպեսզի կարողանան դիմանալ դժվարություններին: Ապա Նա ազատեց նրանց իրենց փորձություններից: Ես գիտեմ, որ Աստված կօգնի ձեզ ձեր փորձությունների ժամանակ ճիշտ այնպես, ինչպես Նա արեց այս մարդկանց հետ …» (տես Մոսիա 24 հատվածը)։

  • «Ալմայի հրահանգը Մորմոնի ջրերում գտնվող մարդկանց վերաբերում է նաև մեզ այսօր: Հովհաննես, դու պատրա՞ստ ես…»: (Տես Մոսիա 18 հատվածը)։

Ուսուցանեք մարդկանց, թե ինչպես ինքնուրույն «նմանացնել» սուրբ գրությունները: Անձնական կիրառումների բացահայտումը կօգնի նրանց կիրառել և զգալ Աստծո խոսքի զորությունը:

Հրավիրեք և օգնեք մարդկանց ինքնուրույն կարդալ

Մարդիկ, որոնց դուք ուսուցանում եք, պետք է կարդան սուրբ գրությունները, մասնավորապես Մորմոնի Գիրքը, ճշմարտության մասին վկայություն ձեռք բերելու համար: Արդյունավետորեն օգտագործելով սուրբ գրությունները ձեր ուսուցման մեջ, դուք կարող եք օգնել մարդկանց ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները:

Յուրաքանչյուր այցելությունից հետո առաջարկեք նրանց կարդալ որոշակի գլուխներ կամ հատվածներ: Կարդալու ընթացքում նրանց հարցեր առաջարկեք՝ խորհելու համար: Խրախուսեք նրանց ուսումնասիրել սուրբ գրություններն ինքնուրույն և իրենց ընտանիքներով: Դուք կարող եք նաև խնդրել անդամներին դասերի միջև ընկած ժամանակահատվածում կարդալ իրենց հետ:

Հաջորդ դասը սկսելուց առաջ քննարկեք այն, ինչ առաջարկել էիք մարդկանց կարդալ: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց հասկանալ և «նմանացնել» այս սուրբ գրությունները: Խրախուսեք նրանց գրի առնել իրենց մտքերն ու հարցերը:

Երբ դուք օգնեք մարդկանց կարդալ, հասկանալ և կիրառել սուրբ գրությունները, հատկապես Մորմոնի Գիրքը, նրանք Աստծո խոսքի վերաբերյալ հոգևոր փորձառություններ ձեռք կբերեն: Ավելի հավանական է, որ նրանք սուրբ գրությունները կկարդան ինքնուրույն և դրանք իրենց կյանքի կարևոր մի մաս կդարձնեն:

միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

Հասանելի դարձրեք մարդկանց սուրբ գրությունները

Սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերն այսօր հասանելի են ավելի շատ եղանակներով և ավելի շատ լեզուներով, քան երբևէ: Իմացեք, թե տպագիր և թվային ինչ տարբերակներ են հասանելի այն մարդկանց, ում ուսուցանում եք: Հասանելի դարձրեք մարդկանց սուրբ գրություններն իրենց կարիքներին և նախասիրություններին համապատասխանող եղանակներով: Դիտարկեք հետևյալը.

  • Հարցրեք մարդկանց, թե որ լեզվով կցանկանային կարդալ կամ լսել սուրբ գրությունները:

  • Նրանց համար, ովքեր դժվարություններ ունեն՝ կապված կարդալու, կամ կարդացածը հասկանալու հետ, կարող է օգտակար լինել միասին բարձրաձայն կարդալը կամ աուդիո ձայնագրություններ լսելը: Դրանք հասանելի են Եկեղեցու անվճար հավելվածների և կայքերի միջոցով:

  • Եթե մարդ ունի թվային սարք, օգնեք նրան մուտք գործել սուրբ գրություններ, հատկապես Մորմոնի Գիրք: Մորմոնի Գրքի և Gospel Library հավելվածներն անվճար են և դրանցով հեշտ է կիսվել:

  • Տեքստային հաղորդագրություն, չաթ կամ էլ-փոստ օգտագործելիս, ուղարկեք հղումներ կամ սուրբ գրությունների պատկերներ: Տեսակապով ուսուցանելիս դիտարկեք ձեր էկրանը համատեղ օգտագործելու հնարավորությունը, որպեսզի կարողանաք միասին կարդալ հատվածները:

  • Հասանելի դարձրեք մարդկանց ապրող մարգարեների խոսքերը:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Համոզվեք, որ դուք և ձեր զուգընկերը ձեր հեռախոսներում ունեք սուրբ գրությունների թարմացված աղբյուրները, ներառյալ Մորմոնի Գիրք և Gospel Library հավելվածները:

Ընտրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը. Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ, 3 Նեփի 11, Մորոնի 10.3–8, Հովհաննես 17․3, Հռովմայեցիս 8.16–17, Ա Կորնթացիս 15․29, Հակոբոս 1․5, Ա Պետրոս 3.19–20, Ամովս 3․7։

Որոշեք, թե ինչպես.

  • Ներկայացնել հատվածը։

  • Տրամադրել պատմական հիմք և համատեքստ:

  • Կարդալ այդ հատվածները և բացատրել դրա իմաստը։

  • Բացատրել դժվար բառերը:

  • Օգնել նրանց, ում ուսուցանում եք, կիրառել այն իրենց կյանքում:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ինչո՞ւ է կարևոր սուրբ գրություններից ուսուցանելը:

Կիսվեք ձեր վկայությամբ

Վկայությունը Սուրբ Հոգու կողմից տրված հոգևոր վկայությունն է: Ձեր վկայությամբ կիսվելով դուք պարզ և հստակ հայտարարություն եք տալիս այն մասին, որ դուք գիտեք կամ հավատում եք ավետարանի ճշմարտությանը։ Ձեր վկայությամբ կիսվելով դուք ավելացնում եք ձեր անձնական վկայությունն այն ճշմարտություններին, որոնք դուք ուսուցանել եք սուրբ գրություններից:

Ձեր վկայությամբ կիսվելը զորեղ եղանակ է՝ Հոգուն հրավիրելու և օգնելու ուրիշներին զգալ Նրա ազդեցությունը: Սուրբ Հոգու առաքելություններից մեկը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է: Նա հաճախ դա կատարում է ձեզ հետ ընկերակցելով, երբ դուք վկայություն եք տալիս:

Հզոր վկայությունը կախված չէ պերճախոսությունից կամ ձեր ձայնի ուժգնությունից․ այն կախված է ձեր սրտի համոզմունքից և անկեղծությունից: Զգույշ եղեք, որպեսզի չշտապեք կամ դրամատիզացնեք ձեր վկայությունը: Մարդկանց հնարավորություն տվեք զգալու, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում իրենց, որ այն, ինչ դուք ուսուցանել եք, ճշմարիտ է:

Ձեր վկայությունը կարող է լինել այնքան պարզ, որքան այն, որ «Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է» կամ «Ես ինքս իմացա, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Դուք կարող եք նաև համառոտ կիսվել ձեր փորձառությամբ, թե ինչպես եք ձեռք բերել այս վկայությունը:

Երբ ուսուցանելիս հուշում եք ստանում, կիսվեք ձեր վկայությամբ ոչ թե դասի վերջում, այլ ըստ անհրաժեշտության։ Երբ ձեր զուգընկերն ուսուցանում է, դուք էլ վկայեք այն մասին, թե ինչ է նա ուսուցանել։

Կիսվեք ձեր վկայությամբ, որ ձեր ուսուցանած սկզբունքը կօրհնի մարդու կյանքը, եթե նա հետևի դրան: Պատմեք, թե այդ սկզբունքով ապրելն ինչպես է օրհնել ձեր կյանքը: Ձեր անկեղծ վկայությունը կօգնի մարդկանց համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կզգան, որ Սուրբ Հոգին հաստատում է ճշմարտությունը:

Անհատական ուսումնասիրություն

Սուրբ գրությունների հետևյալ հատվածները վկայություն տալու օրինակներ են: Յուրաքանչյուր սուրբ գրություն կարդալիս մտածեք հարցերի մասին: Ձեր հարցերը գրի առեք ուսումնասիրության ձեր օրագրում:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ի՞նչ են ուսուցանում հետևյալ սուրբ գրությունները վկայություն տալու սկզբունքների և խոստումների մասին:

Ծրագրեք և հարմարեցրեք ձեր ուսուցումը կարիքներին համապատասխան

Յուրաքանչյուր մարդ, ում դուք ուսուցանում եք, եզակի է: Ձգտեք հասկանալ նրա հոգևոր հետաքրքրությունները, կարիքները և մտահոգությունները: Հարցեր տվեք և ուշադիր լսեք։ Չնայած դուք կարող եք լիովին չհասկանալ մարդու կարիքները, հիշեք, որ Երկնային Հայրը հասկանում է: Սուրբ Հոգու միջոցով Նա կառաջնորդի ձեզ։

միսիոներներն ուսուցանում են զույգին

Թող Հոգին առաջնորդի դասերի հերթականությունը

Թող Հոգին առաջնորդի դասերն ուսուցանելու հերթականությունը: Դուք ճկունություն ունեք դասերն ուսուցանելու այն հերթականությամբ, որը լավագույնս համապատասխանում է այն մարդկանց կարիքներին, հարցերին և հանգամանքներին, ում դուք ուսուցանում եք:

Երբեմն դուք կարող եք համատեղել տարբեր դասերի սկզբունքները, որպեսզի հոգաք մարդու կարիքներն ու հետաքրքրությունները: Տես հետևյալ երեք օրինակները։

Յուկին ձեզ գտել է առցանց և հարցնում է, թե Եկեղեցու իր ընկերներն ինչո՞ւ չեն ծխում կամ խմում: Դուք կարող եք ուսուցանել նրան պատվիրանների օրհնությունների մասին՝ օգտագործելով հետևյալ բաժինները գլուխ 3-ից.

Սամուելն ամենուր իրեն օտար է զգում: Դուք կարող եք ուսուցանել նրան իր ինքնության և Աստծո ընտանիքում իր տեղի մասին՝ օգտագործելով գլուխ 3-ի հետևյալ բաժինները.

Տատյանան բազմաթիվ կրոններ է ուսումնասիրել և ցանկանում է իմանալ, թե ինչում է կայանում Եկեղեցու տարբերությունը: Դուք կարող եք ուսուցանել նրան Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման մասին՝ օգտագործելով հետևյալ բաժինները գլուխ 3-ից.

Երկնային Հայրը ճանաչում է Իր զավակներին, ուստի, երբ պատրաստվում եք ուսուցանել, ոգեշնչում փնտրեք այս որոշումները կայացնելու համար։ Աղոթեք խորաթափանցության պարգևի համար, երբ որոշում եք, թե ինչ ուսուցանել: Ուշադրություն դարձրեք ձեզ մոտ ծագող մտքերին ու զգացողություններին:

ընտանիքի անդամները կարդում են սուրբ գրությունները

Ժամանակ հատկացրեք մարդկանց կիրառելու այն, ինչ սովորում են

Ուսուցանելիս ժամանակ հատկացրեք մարդկանց՝ կիրառելու այն, ինչ սովորում են (տես 3 նեփի 17․2–3 հատվածները)։ Փնտրեք համապատասխան եղանակներ, որպեսզի աջակցեք նրանց իրենց պարտավորությունները պահելու հարցում: Կենտրոնացեք, որպեսզի օգնեք նրանց այնպիսի գործողություններով, որոնք կկառուցեն հավատքի հիմքը, օրինակ՝ աղոթել, կարդալ և եկեղեցի հաճախել: Դա նրանց հնարավորություն կտա լրացուցիչ պարտավորություններ պահել:

Երբ ծրագրեր եք կազմում և ուսուցանում եք, ուշադիր եղեք, թե որքան նոր տեղեկատվությամբ եք դուք կիսվում: Ձեր ուսուցման հիմնական նպատակն է օգնել մարդուն հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի այն տանի ապաշխարության: Ձեր նպատակը չէ տեսնել, թե որքան տեղեկատվություն կարող եք տրամադրել:

Ուսուցանեք անձին իրեն համապատասխան արագությամբ: Հարցեր տվեք և ուշադիր լսեք, որպեսզի հասկանաք, թե որքան լավ է նա սովորում և կիրառում այն, ինչ դուք ուսուցանում եք:

Սուրբ Հոգու զորությամբ զուգորդված ճշմարտությունները, որոնք դուք ուսուցանում եք, կարող է դրդել մարդկանց գործադրել իրենց ազատ կամքը՝ Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը կառուցելու համար։ Երբ նրանք հավատք գործադրեն առ Տերը՝ կիրառելով այն, ինչ սովորել են, նրանք Հոգու միջոցով կիմանան, որ ավետարանը ճշմարիտ է:

Օգտագործեք ուսուցանման տարբեր հնարավորություններ

Ուսուցման հնարավորությունները տարբեր են, օրինակ՝ անձնական այցելությունները, տեսակապերը, հեռախոսազանգերը, տեքստային հաղորդագրությունները և սոցիալական ցանցերը:

Հարգեք մարդկանց ժամանակը

Թող ձեր ուսուցումը պարզ և հակիրճ լինի: Առավել հավանական է, որ մարդիկ կհանդիպեն ձեզ հետ, երբ տեսնեն, որ դուք հարգում եք նրանց ժամանակը և խնդրանքները: Հարցրեք, թե որքան ժամանակ ունեն նրանք այցելության համար: Ցանկացած զրույց սկսեք և ավարտեք համաձայնեցված ժամին, լինի դա անձնական ուսուցում, թե առցանց: Տեղյակ եղեք, որ որոշ վայրերում հեռախոսազանգերը կամ տեսակապերը կարող են թանկ արժենալ:

Մեկ դասի ընթացքում սկզբունքներն ուսուցանելու համար ձեզ հարկավոր է մի քանի հանդիպում: Սովորաբար, ուսուցման այցը չպետք է տևի 30 րոպեից ավելի, և դուք կարող եք ուսուցանել մարդուն ընդամենը 5 րոպեում: Հարմարեցրեք ձեր ուսուցումն ըստ մարդկանց ժամանակի:

Օգտագործեք տեխնոլոգիաներն իմաստությամբ

Դուք շատ հնարավորություններ ունեք ուսուցանել մարդկանց տեխնոլոգիաների միջոցով։ Որոշ մարդիկ նախընտրում են էլեկտրոնային սարքերի միջոցով շփման հարմարավետությունը կամ գաղտնիությունը: Նույնիսկ այն մարդիկ, որոնց անձամբ եք այցելում, կարող են օգտվել տեխնոլոգիաների լրացուցիչ աջակցությունից։ Քննարկեք հաղորդակցվելու համար հասանելի աղբյուրները: Որից հետո հետևողական եղեք և մնացեք կապի մեջ: Թույլ տվեք, որպեսզի յուրաքանչյուր մարդու նախասիրություններն առաջնորդեն ձեր փոխազդեցությունները:

Տեխնոլոգիաները, օրինակ՝ տեսազանգերը, կարող են հատկապես օգտակար լինել այն մարդկանց ուսուցանելու համար, ովքեր զբաղված են կամ հեռու են ապրում: Երբեմն անդամների համար ավելի հեշտ է դասին մասնակցել տեխնոլոգիաների միջոցով:

Օգնեք երիտասարդ ուսանողներին

Իր ծառայության ժամանակ Փրկիչն ասել է Իր աշակերտներին. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է» (Մարկոս 10․14)։ Երբ դուք ուսուցանում եք երեխաներին, այնպես հարմարեցրեք ձեր մոտեցումն ու ուղերձը, որ համապատասխանեն իրենց կարիքներին։ Օգնեք նրանց սովորել ավետարանը՝ քննարկելով իրենց ծանոթ բաները: Համոզվեք, որ նրանք հասկանում են, թե ինչ եք ուսուցանում:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․85 հատվածը։ Ի՞նչ է նշանակում ստանալ «այն բաժինը, որը պետք է տրվի յուրաքանչյուր մարդու»: Ինչպե՞ս դուք կարող եք կիրառել դա ձեր ուսուցման մեջ:

Ի՞նչ է Տերը խոստացել հավատարիմ միսիոներներին՝ իմանալու համար այն, թե ինչ է պետք ասել:

Միասնաբար ուսուցանեք ձեր ընկերակցի հետ

Տերն ասել է. «Դուք առաջ պիտի գնաք իմ Հոգու զորությամբ, քարոզելով իմ ավետարանը, երկու-երկու» (Վարդապետություն և Ուխտեր 42.6): Նա նաև պատվիրել է ձեզ և ձեր զուգընկերոջը «լինել մեկ» (Վարդապետություն և Ուխտեր 38.27): Ձեր ուսուցումն ավելի հզոր և հետաքրքիր կլինի, եթե դուք և ձեր զուգընկերն աշխատեք միասնաբար: Որպես այլընտրանք, դասերի համառոտ հատվածներ տրամադրեք:

Զուգընկերոջ հետ ուսումնասիրության ընթացքում քննարկեք և գործածեք այն, թե ինչպես եք ուսուցանելու, որպեսզի կարողանաք միասնական լինել: Պատրաստվեք, թե ինչպես եք միասնաբար աշխատելու մարդկանց առցանց ուսուցանելիս: Հետևեք տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության կանոններին, որոնք նկարագրված են գլուխ 2-ում:

միսիոներներն ուսուցանում են տղամարդուն

Երբ ձեր զուգընկերն ուսուցանում է, աղոթեք նրա համար, լսեք և նայեք նրան: Աջակցեք ձեր զուգընկերոջը՝ առաջարկելով նաև ձեր վկայությունն այն ճշմարտությունների մասին, որոնք նա ուսուցանել է (տես Ալմա 12.1 հատվածը): Հետևեք ձեր տպավորություններին, երբ Հոգին հուշում է ձեզ ինչ-որ բան ասել:

Անկեղծորեն հետաքրքրվեք այն մարդկանցով, ում ուսուցանում եք: Լսեք նրանց: Իրար հետ խոսելիս պահպանեք տեսողական կապը: Ուշադիր հետևեք նրանց արձագանքներին և լսեք հոգևոր հուշումները:

Առաջարկեք անդամներին մասնակցել

Առաջարկեք անդամներին օգնել ձեզ ուսուցանել և աջակցել այն մարդկանց, ում հետ աշխատում եք: Դա կարող է տեղի ունենալ անձամբ կամ առցանց: Շաբաթական համակարգման ժողովի ժամանակ ծխի ղեկավարների հետ խորհրդակցեք, թե ով կարող է օգնել:

Ուսուցմանը և ընկերակցությանը մասնակցելով, անդամները կարող են ավելացնել իրենց գաղափարները և ընկերական կապեր հաստատել: Նրանք կզգան միսիոներական աշխատանքի ուրախությունը:

Հրավիրեք անդամներին օգնել ձեզ ուսուցանել

Դասերից առաջ անդամների հետ ծրագրեք, թե ինչպես աշխատել միասին: Դուք կարող եք օգտագործել տեքստային հաղորդագրություն կամ կարճ հեռախոսազանգ, որպեսզի հաստատեք, թե ինչ եք ուսուցանելու, ով է աղոթելու, ով է վարելու զրույցը և այլ մանրամասներ:

Անդամների հիմնական դերը դասերի ընթացքում անկեղծ վկայություն բերելն է, համառոտ անձնական փորձառություններով կիսվելը և ուսուցանվողների հետ հարաբերություններ զարգացնելն է: Դուք կարող եք խնդրել անդամներին կիսվել, թե ինչպես են նրանք կարողացել սովորել, ընդունել և ապրել այդ դասի որոշակի սկզբունքով: Եթե նրանք նորադարձ են, առաջարկեք նրանց կիսվել Եկեղեցուն միանալու իրենց որոշմամբ։

Երբ անդամները որևէ մեկին ուղղորդում են դեպի ձեզ, խնդրեք նրան մասնակցել ուսուցմանը: Անդամները կարող են ավելի շատ ներգրավված լինել այս իրավիճակներում: Խորհրդակցեք նրանց հետ իրենց մասնակցության վերաբերյալ։

Մտածեք անդամների հետ ուսուցանելիս տեխնոլոգիաներն ըստ անհրաժեշտության օգտագործելու մասին։ Տեխնոլոգիաները թույլ են տալիս անդամներին միանալ ձեզ առանց ժամանակ ծախսելու, որն անհրաժեշտ է լինում անձամբ այցելելու ժամանակ:

Շաբաթական համակարգման ժողովի ժամանակ ծխի ղեկավարների հետ ծրագրեք, որ անդամը հնարավորինս շատ դասերի մասնակցի (տես գլուխ 13-ը): Դուք կարող եք նոր անդամներին խնդրել, որպեսզի օգնեն ձեզ ուսուցանել:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Պատկերացրեք, որ ձեզ հանդիպում է նշանակվել անդամի տանը դաս ուսուցանելու համար: Քննարկեք, թե ինչպես կներգրավեք հետևյալ անդամներից յուրաքանչյուրին՝ ձեզ ուսուցման մեջ օգնելու համար.

  • Ծխի միսիոներին, ով վերջերս է վերադարձել լիաժամկետ միսիայից

  • Քահանային

  • Նոր անդամին

  • Երեցների քվորումի կամ Սփոփող Միության նախագահին

Հրավիրեք անդամներին աջակցել

Անդամները կարող են նաև արժեքավոր աջակցություն ցուցաբերել մարդկանց ուսուցանման այցելությունների միջև ընկած ժամանակահատվածում: Նրանք կարող են հաղորդագրություններ գրել, միասին կարդալ սուրբ գրությունները, մարդկանց իրենց տուն կամ միջոցառումների հրավիրել կամ առաջարկել նրանց միասին նստել եկեղեցում: Նրանք կարող են պատասխանել հարցերին և ցույց տալ, թե ինչպիսին է իրենց կյանքը որպես Եկեղեցու անդամ: Նրանց կյանքի փորձը և հեռանկարը կարող են օգնել իրենց շփվել մարդկանց հետ այնպիսի եղանակներով, որոնք երբեմն շատ տարբեր են միսիոներների հետ հարաբերություններից:

Խորհրդակցեք անդամների հետ այն մասին, թե ինչպես կարող եք միասին աշխատել, որպեսզի աջակցեք մարդկանց ուսուցման այցելություններից դուրս։

Ուսուցանեք հասկանալու համար

Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը, որպեսզի մարդիկ հասկանան այն: Ուսումնասիրեք սուրբ գրությունները և դասերը, որպեսզի կարողանաք հստակ ուսուցանել դրանցից: Ձեր հստակ ուսուցումը հնարավորություն կտա Սուրբ Հոգուն վկայել ճշմարտության մասին:

Հարցեր տվեք, որպեսզի օգնեք մարդկանց մտածել այն մասին, թե ինչ եք ուսուցանում։ Հետո լսեք, թե արդյոք նրանք հասկանում և ընդունում են դա:

Որպեսզի հասկանալի լինի, հարկավոր է ուսուցման մի մասը հատկացնել բառերը, արտահայտությունները և գաղափարները բացատրելուն: Դուք կարող եք բարելավել ավետարանն ուսուցանելու ձեր կարողությունը հետևյալ կերպով.

  • Հասկանալով ձեր օգտագործած բառերի իմաստը:

  • Սահմանելով այն բառերը, որոնք ուրիշները կարող են չհասկանալ:

  • Մարդկանց հարցեր տալով, օրինակ՝ «կկիսվե՞ք մեզ հետ, թե ինչ հասկացաք այն ամենից, ինչ հենց նոր ձեզ բացատրեցինք»: Կամ՝ «կցանկանայի՞ք ամփոփել այն, ինչի մասին խոսեցինք»:

Երբ ուսուցանեք վարդապետությունը գլուխ 3-ում, նշեք ցանկացած բառ, արտահայտություն և գաղափար, որը մարդիկ կարող են չհասկանալ: Սահմանեք դրանք՝ օգտագործելով Gospel Library հավելվածի աղբյուրները, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Bible Dictionary-ին, Ավետարանական թեմաները։

Թող ձեր ուսուցումը պարզ և հակիրճ լինի: Կենտրոնացրեք այն Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա՝ կառուցելով հիմնական վարդապետության և սկզբունքների վերաբերյալ հասկացողությունը: Օգնեք մարդկանց փնտրել այն հասկացողությունը, որը գալիս է Սուրբ Հոգուց: Ձեռք բերելով այս հասկացողությունը, նրանք կհավատան ավետարանի ուղերձին:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ինչո՞ւ մենք պետք է հանգամանորեն բացատրենք վարդապետությունը:

Ինչպե՞ս ենք մենք սովորում։ Ինչո՞ւ է կարևոր տեղեկատվությունն ուսուցանել աստիճանաբար։

Ինչո՞ւ է պարզությունը կարևոր։

Հետևյալ հատվածներից ի՞նչ կարող եք սովորել այն մասին, թե ինչպես է Աստված հաղորդակցվում Իր զավակների հետ:

Հարցեր տվեք

Փրկիչն այնպիսի հարցեր էր տալիս, որոնք հրավիրում էին մարդկանց մտածել և խորհել Նրա ուսուցանած ճշմարտությունների մասին: Նրա հարցերը հոգու որոնում և նվիրվածություն էին հուշում։

Լավ հարցերը նույնպես կարևոր են ձեր ուսուցման մեջ: Նրանք կօգնեն ձեզ հասկանալ մարդկանց հետաքրքրությունները, մտահոգությունները և հարցերը: Լավ հարցերը կարող են հրավիրել Հոգուն և օգնել մարդկանց սովորել:

Տվեք ոգեշնչող հարցեր

Լավ հարցեր տալով փնտրեք Հոգու առաջնորդությունը: Ճիշտ ժամանակին ճիշտ հարցերը կարող են օգնել մարդկանց սովորել ավետարանը և զգալ Հոգին:

Ոգեշնչված հարցերը և անկեղծորեն լսելը կօգնեն մարդկանց ավելի անկաշկանդ լինել և ազատ խոսել իրենց զգացմունքների մասին: Դա կարող է օգնել նրանց բացահայտել իրենց աճող վկայությունը: Նրանք ավելի անկաշկանդ կտան իրենց հարցերը ձեզ, երբ ինչ-որ բան չեն հասկացել կամ մտահոգություն ունեն:

Հետևյալ աղյուսակում ցույց է տրված ոգեշնչված հարցեր տալու մի քանի սկզբունք, ինչպես նաև մի քանի օրինակ:

Ոգեշնչված հարցերի սկզբունքներ և օրինակներ

Սկզբունքներ

Օրինակներ

Հարցեր տվեք, որոնք կօգնեն մարդկանց զգալ Հոգին:

  • Կարո՞ղ եք կիսվել մի փորձառությամբ, երբ զգացել եք Աստծո ազդեցությունը ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս եք զգացել Աստծո սերը ձեր հանդեպ:

Հարցեր տվեք, որոնք պարզ են և հեշտ են հասկացվում։

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածից:

Հարցեր տվեք, որոնք օգնում են մարդկանց մտածել այն մասին, ինչ ուսուցանում եք:

  • Ինչո՞վ է սա նման նրան, ինչին դուք արդեն հավատում եք: Ինչո՞վ է այն տարբերվում:

Հարցեր տվեք, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե որքան լավ են մարդիկ հասկանում այն, ինչ ուսուցանում եք:

  • Ի՞նչ հարցեր ունեք մեր ուսուցանածի վերաբերյալ:

  • Ինչպե՞ս կամփոփեք մեր այսօրվա զրույցը:

Հարցեր տվեք, որոնք օգնում են մարդկանց կիսվել նրանով, ինչ իրենք զգում են:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնել ձեզ ձեր կյանքում։

  • Ի՞նչն էր ձեզ համար առավել կարևոր այն ամենից, ինչի մասին այսօր խոսեցինք:

Հարցեր տվեք, որոնք ցույց են տալիս սեր և մտահոգություն:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել ձեզ։

Հարցեր տվեք, որոնք կօգնեն մարդկանց կիրառել իրենց սովորածը:

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից:

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածն օգնել ձեզ ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս կցանկանայիք կիրառել այն, ինչ սովորեցիք մեր այսօրվա զրույցից։

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Վերանայեք ձեր ուսուցանած վերջին դասի ծրագիրը: Ձեր ծրագրում ներառված հիմնական սկզբունքներից յուրաքանչյուրի համար մեկական հարց գրեք:

Վերանայեք ձեր հարցերը, որպեսզի տեսնեք, թե արդյոք դրանք ներդաշնակ են այս բաժնի սկզբունքներին:

Ապա, պատասխանեք յուրաքանչյուր հարցին այնպես, ասես ինչ-որ մեկը ձեզ ուսուցանում է:

Կիսվեք ձեր հարցերով ձեր զուգընկերոջ հետ: Միասին գնահատեք և բարելավեք ձեր հարցերը:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Մարդիկ, որոնց ուսուցանում եք, կարող են հանդիպել հետևյալ փորձառություններին.

  • Նրանք հոգևոր փորձառություն են ունենում Մորմոնի Գիրքը կարդալիս:

  • Աշխատակիցները պարբերաբար ծաղրում են հոգևոր բաները։

  • Ընտանիքի անդամները մեկ այլ եկեղեցու ուժեղ անդամներ են:

  • Ընկերները կարծում են, որ «մորմոնները» քրիստոնյա չեն:

Մտածեք, թե որ հարցը կտայիք այս իրավիճակներից յուրաքանչյուրի մասին ավելին իմանալու համար: Գրեք այդ հարցերն ուսումնասիրության ձեր օրագրում: Քննարկեք ձեր զուգընկերոջ հետ, թե ինչպես կարող եք բարելավել ձեր գրած հարցերը:

Խուսափեք անարդյունավետ կամ ավելորդ հարցերից

Փորձեք չտալ այնպիսի հարցեր, որոնք.

  • Ունեն ակնհայտ պատասխաններ:

  • Կարող են ինչ-որ մեկին անհարմար վիճակի մեջ դնել, եթե նա չգիտի պատասխանը:

  • Ներառում են մեկից ավելի գաղափարներ:

  • Վերաբերվում են վարդապետությանը, որը դեռ չեք ուսուցանել:

  • Հստակ նպատակ չունեն։

  • Ավելորդ են։

  • Հետաքրքրասիրությունից դրդված են կամ կարող են նյարդայնացնել և վիրավորել մարդկանց:

Ստորև բերված են ոչ արդյունավետ հարցերի օրինակներ․

  • Ո՞վ է եղել առաջին մարգարեն: (Հնարավոր է, մարդը չգիտի պատասխանը):

  • Ինչպե՞ս մենք կարող ենք մեր մամինը մաքուր պահելով մեզ հետ ունենալ Հոգին և ցույց տալ, որ մենք պատրաստ ենք հետևելու Աստծո մարգարեին: (Կա մեկից ավելի գաղափար):

  • Արդյո՞ք կարևոր է իմանալ Աստծո պատվիրանների մասին: (Այո-ոչ հարց է, և պատասխանն ակնհայտ է):

  • Ի՞նչ կարող ենք անել ամեն օր, որպեսզի մեզ մոտ զգանք Աստծուն: (Ընդհանուր հարց է, որով ակնկալվում է որոշակի պատասխան. աղոթել):

  • Ո՞վ էր Նոյից հետո հաջորդ մարգարեն: (Հնարավոր է, որ մարդը չգիտի պատասխանը, և հարցը կարևոր չէ ձեր ուղերձի համար):

  • Հասկանո՞ւմ եք ինչ եմ ասում։ (Մարդուն կարող է թվալ, որ դուք խոսում եք իր հետ հեգնանքով)։

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Մտածեք այն մարդու կարիքների մասին, ում ուսուցանում եք: Քննարկեք, թե նա ինչպես կարող է պատասխանել ձեր հարցերին: Ծրագրեք մի քանի հարց տալ, որոնք կհետևեն այս բաժնի ուղեցույցներին: Քննարկեք, թե ինչպես կարող են այս հարցերը հրավիրել Հոգուն և օգնել մարդուն սովորել ավետարանը:

Լսեք

Երբ դուք ուշադրությամբ լսում եք ուրիշներին, դուք նրանց ավելի լավ եք հասկանում: Երբ նրանք տեսնում են, որ իրենց մտքերն ու զգացմունքները կարևոր են ձեզ համար, նրանք ավելի պատրաստակամորեն են ընդունում ձեր ուսմունքները, կիսվում անձնական փորձով և պարտավորություններ ստանձնում:

Եթե լսեք, դուք կհասկանք, թե ինչպես հարմարեցնել ձեր ուսուցումը նրանց կարիքներին ու հետաքրքրություններին: Դուք ավելի լավ կհասկանաք, թե ավետարանի որ ճշմարտություններն են առավել օգտակար նրանց համար:

Հատկապես ուշադիր լսեք Հոգու հուշումները: Երբ ուրիշները կիսվում են իրենց զգացմունքներով, Սուրբ Հոգին կարող է ձեզ մտքեր կամ գաղափարներ հուշել: Հոգին կարող է նաև օգնել ձեզ հասկանալ, թե ինչ են փորձում արտահայտել ուրիշները:

ընտանիքի հետ զրուցող միսիոներները

Լսեք անկեղծ հոգատարությամբ

Լսելը ջանք ու անկեղծ հոգատարություն է պահանջում: Մինչ ուրիշները խոսում են, համոզվեք, որ դուք կենտրոնացած լսում եք այն, ինչ նրանք ասում են։ Խուսափեք ձեր խոսքերը ծրագրելու միտումից:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Խոսելուց ավելի կարևոր է լսելը: Այս մարդիկ անշունչ առարկաներ չեն, որոնք քողարկված են մկրտության վիճակագրությամբ։ … Հարցրեք այս ընկերներին, թե ինչն է նրանց համար առավել կարևոր: Ի՞նչ են նրանք փայփայում և ի՞նչն է թանկ նրանց համար։ Այնուհետև լսեք Եթե իրավիճակը բարենպաստ է, դուք կարող եք հարցնել, թե ինչից են նրանք վախենում, ինչ են նրանք փափագում կամ ինչ է բաց թողնված իրենց կյանքում: Ես խոստանում եմ ձեզ, որ նրանց ասածների մեջ ինչ-որ բան միշտ ընդգծում է ավետարանի ճշմարտությունը, որի մասին դուք կարող եք վկայություն բերել, և որի մասին կարող եք ավելին առաջարկել: … Եթե լսենք սիրով, մենք հետո կարիք չենք ունենա մտածել, թե ինչ ասենք: Այն կտրվի մեզ՝ Հոգու և մեր ընկերների միջոցով» («Witnesses unto Me», Ensign, մայիս 2001, 15):

Հետևեք լուռ ուղերձներին

Մարդիկ հաղորդակցվում են նաև իրենց մարմնի լեզվով։ Ուշադրություն դարձրեք նրանց նստած ձևին, դեմքի արտահայտություններին, թե ինչ են նրանք անում իրենց ձեռքերի հետ, ձայնի երանգին և, թե ուր են նրանք նայում: Ուշադրություն դարձնելով այս լուռ ուղերձներին, դուք կհասկանաք այն մարդկանց զգացմունքները, ում ուսուցանում եք:

Նաև ուշադրություն դարձրեք ձեր սեփական մարմնի լեզվին: Անկեղծորեն լսելով, հետաքրքրություն և խանդավառություն պարունակող հաղորդագրություն ուղարկեք:

Մարդկանց մտածելու և արձագանքելու ժամանակ տվեք

Փրկիչը հաճախ այնպիսի հարցեր էր տալիս, որոնց պատասխանելու համար մարդուց ժամանակ էր պահանջվում: Հարցը տալուց հետո դադար տվեք, որպեսզի մարդը մտածելու և արձագանքելու հնարավորություն ունենա: Մի վախեցեք լռությունից Հաճախ մարդկանց ժամանակ է անհրաժեշտ՝ մտածելու համար և պատասխանելու հարցերին կամ արտահայտելու այն, ինչ իրենք զգում են:

Դուք կարող եք դադար տալ՝ հարց տալուց, հոգևոր փորձառությունից հետո կամ երբ մարդիկ դժվարանում են արտահայտվել: Նախքան ձեր պատասխանելը չմոռանաք նրանց ժամանակ տալ՝ իրենց մտքերն ավարտելու համար: Մի ընդհատեք, երբ նրանք խոսում են:

Արձագանքեք կարեկցանքով

Երբ մարդը պատասխանում է հարցին, անհրաժեշտության դեպքում արձագանքեք կարեկցանք արտահայտելով: Կարեկցանքը ցույց է տալիս, որ դուք անկեղծորեն հոգ եք տանում։ Ձեռնպահ մնացեք շտապ եզրակացություններ անելուց, անմիջապես լուծումներ առաջարկելուց կամ ցույց տալուց, թե ունեք բոլոր պատասխանները:

Հաստատեք, որ հասկանում եք, թե ինչ են ասում մարդիկ

Ձգտելով հասկանալ, թե ինչ է ասում մարդը, լրացուցիչ հարց տվեք նրան, որպեսզի համոզվեք, որ դուք հասկացել եք: Օրինակ՝ դուք կարող եք հարցնել. «Այսպիսով, դուք ասում եք, որ ։ Ճի՞շտ է», կամ «Եթե ես ճիշտ եմ հասկանում, դուք զգում եք, որ »: Երբ վստահ չեք, որ հասկանում եք, պարզաբանում խնդրեք այդ մարդուց:

Վերահսկեք դժվարին շփումները

Ամենից շատ դուք կօգնեք մարդկանց, երբ նրանց ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Որոշ մարդիկ հակված են բոլորից շատ խոսել: Երբեմն մարդիկ պարզապես ունենում են ինչ-որ մեկի կարիքը, ով կարեկցանքով կլսի իրենց դժվարությունների ու զգացմունքների մասին: Այլ մարդիկ ձգտում են գերիշխել կամ վիճել:

Սովորեք նրբանկատորեն և սիրով վերահսկել նման իրավիճակները։ Հնարավոր է, որ դուք հարմարեցնեք ձեր ուսուցումը, որպեսզի անդրադառնաք այն բանին, ինչով կիսվել է մարդը։ Կամ գուցե հարկ լինի քաղաքավարի կերպով ասել, որ կցանկանայիք քննարկել նրանց մտահոգությունը մեկ այլ ժամանակ։ Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե ինչպես արձագանքել դժվարին իրավիճակներում:

Օգնեք մարդկանց անկաշկանդ լինել, երբ կիսվում են անկեղծ զգացմունքներով

Անհարմարությունից խուսափելու համար, որոշ մարդիկ ոչ թե կկիսվեն իրենց անկեղծ զգացմունքներով, այլ հարցերին կպատասխանեն այնպես, ինչպես իրենց կարծիքով, դուք կցանկանայիք, որ նրանք պատասխանեին։ Ձգտեք զարգացնել այնպիսի հարաբերություններ, որոնք թույլ կտան նրանց անկաշկանդ կիսվել ձեզ հետ իրենց անկեղծ զգացմունքներով:

Մարդկանց հասկանալն ու նրանց հետ կապ հաստատելը թույլ կտա ձեզ հոգալ նրանց հետաքրքրություններն ու կարիքները և արտահայտել Փրկչի սերը նրանց հանդեպ: Ստեղծեք վստահելի հարաբերություններ՝ ազնիվ լինելով նրանց հետ, համապատասխան միսիոներական հարաբերություններ պահպանելով և հարգանք ցուցաբերելով:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Մտածեք, թե որքան լավ եք լսում ուրիշներին: Ստորև ներկայացված հարցերի պատասխանները գրեք ուսումնասիրության ձեր օրագրում: Կամ քննարկեք դրանք ձեր զուգընկերոջ հետ:

Ա = Երբեք ճիշտ չէ իմ մասին, Բ = Երբեմն ճիշտ է իմ մասին, Գ = Սովորաբար ճիշտ է իմ մասին, Դ = Միշտ ճիշտ է իմ մասին

  • Երբ ուրիշները խոսում են ինձ հետ, ուշադիր լսելու փոխարեն ես մտածում եմ նմանատիպ փորձառությունների մասին, որոնցով կարող եմ կիսվել:

  • Երբ ուրիշներն ինձ պատմում են իրենց զգացմունքների մասին, ես փորձում եմ ինձ պատկերացնել իրենց տեղում, որպեսզի տեսնեմ, թե ես ինչպես կզգայի ինձ։

  • Երբ ես ուսուցանում եմ մարդկանց, մտածում եմ այն մասին, թե ինչ եմ ասելու կամ ուսուցանելու հաջորդիվ:

  • Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ շատ են խոսում:

  • Ես դժվարությամբ եմ հետևում կամ հասկանում այն, ինչ փորձում են ինձ ասել ուրիշները:

  • Իմ միտքը հաճախ թափառում է, երբ իմ զուգընկերն ուսուցանում է:

  • Ես վրդովվում եմ, երբ ինչ-որ մեկը խոսում է ինձ հետ, իսկ ուրիշները ընդհատում կամ շեղում են իմ ուշադրությունը:

  • Ես որոշակի բան ասելու կամ անելու վերաբերյալ հոգևոր հուշումներ եմ ստանում, սակայն անտեսում եմ դրանք:

Օգնեք մարդկանց գտնել իրենց հարցերի և մտահոգությունների պատասխանները

Լուրջ ջանքեր գործադրեք, որպեսզի անդրադառնաք մարդկանց հարցերին և օգնեք նրանց ցրել իրենց մտահոգությունները: Այնուամենայնիվ, դուք պարտավոր չեք պատասխանել յուրաքանչյուր հարցին: Ի վերջո, մարդիկ պետք է իրենք լուծեն իրենց հարցերն ու մտահոգությունները:

Գիտակցեք, որ չեք կարող բոլոր հարցերին ու մտահոգություններին ամբողջությամբ պատասխանել: Որոշ պատասխաններ ժամանակի ընթացքում ավելի պարզ են դառնում: Մյուս պատասխանները դեռ բացահայտված չեն։ Կենտրոնացեք ավետարանի հիմնական, առանցքային ճշմարտությունների ամուր հիմք կառուցելու վրա: Այս հիմքը կօգնի ձեզ և նրանց, ում ուսուցանում եք, համբերությամբ և հավատքով առաջ մղվել անպատասխան կամ դժվար հարցերի առկայության դեպքում:

Հարցերին պատասխանելու որոշ սկզբունքներ ուրվագծված են այս բաժնում:

Հիսուսը և սամարացի կինը ջրհորի մոտ

Հասկանալ մտահոգությունը

Այն, ինչ դուք ուսուցանում եք մարդկանց, կարող է նրանց համար դժվար կամ անծանոթ թվալ: Եթե մարդիկ հարցեր կամ մտահոգություններ ունեն, փորձեք դրանք հստակ հասկանալ: Մարդկանց մտահոգությունները երբեմն այսբերգի են նման: Միայն մի փոքր մասն է երևում մակերեսի վրա: Այս մտահոգությունները կարող են բարդ լինել: Աղոթեք խորաթափանցության պարգևի համար և հետևեք Հոգուն՝ տեսնելու համար, թե ինչպես եք արձագանքում: Երկնային Հայրը գիտի բոլոր մարդկանց սրտերն ու ապրումները (ողջ այսբերգը): Նա կօգնի ձեզ իմանալ, թե որն է յուրաքանչյուր անձի համար լավագույն տարբերակը:

Հաճախ մտահոգություններն ավելի շատ սոցիալական բնույթ են կրում, քան վարդապետական: Օրինակ՝ որոշ մարդիկ կարող են վախենալ ընտանիքի անդամների հակադրությունից, եթե միանան Եկեղեցուն: Կամ նրանք կարող են վախենալ աշխատանքի վայրում իրենց ընկերների կողմից մերժված լինելուց:

Ձգտեք հասկանալ մտահոգության աղբյուրը՝ հարցեր տալով և լսելով: Արդյո՞ք մտահոգությունն առաջացել է այն պատճառով, որ անձը չունի Վերականգնման ճշմարտության վերաբերյալ հոգևոր հաստատում: Արդյո՞ք դա առաջացել է այն պատճառով, որ անձը չի պարտավորվում ապրել ավետարանի սկզբունքով: Իմանալով նրանց մտահոգության պատճառը, դուք կհասկանաք՝ կենտրոնանալ վկայությա՞ն, թե՞ պարտավորության վրա:

Օգտագործեք սուրբ գրությունները, հատկապես Մորմոնի Գիրքը, որպեսզի օգնեք պատասխանել հարցերին

Ցույց տվեք մարդկանց, թե ինչպես են սուրբ գրությունների ճշմարտություններն օգնում պատասխանել իրենց հարցերին և ցրում իրենց մտահոգությունները: (Տես «Մորմոնի Գիրքն անդրադառնում է հոգու հարցերին» գլուխ 5-ում): Երբ մարդիկ ոգեշնչում են փնտրում՝ ուսումնասիրելով և կիրառելով սուրբ գրությունները, նրանք ընդլայնում են Տիրոջը լսելու և հետևելու իրենց ունակությունը: Նրանց հավատքը Նրա հանդեպ նունպես մեծանում է: Մեծացող հավատքով կգա վկայությունը, ապաշխարությունը և մկրտության արարողությունը:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Երբեմն ես դիմում եմ սուրբ գրություններին՝ վարդապետության համար: Երբեմն ես դիմում եմ սուրբ գրություններին՝ հրահանգ ստանալու համար: Ես դիմում եմ՝ մտքում ունենալով հետևյալ հարցերը․ «Աստված ի՞նչ է ցանկանում, որ ես անեմ» կամ «Նա ի՞նչ է կամենում, որ ես զգամ»: Ես անընդհատ գտնում եմ նոր գաղափարներ, մտքեր, որոնք նախկինում չեմ ունեցել, և ստանում եմ ոգեշնչում, հրահանգներ և իմ հարցերի պատասխանները» (Հենրի Բ. Այրինգ, «A Discussion on Scripture Study», Ensign, հուլիս 2005, 22):

Օգտակար է բացատրել, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ մեր հասկացողության մեծ մասը գալիս է այն ամենից, ինչ բացահայտվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին և նրան հաջորդողներին։ Ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ հարցերը կարելի է լուծել՝ վկայություն ստանալով այն մասին, որ Ջոզեֆ Սմիթն աստծո մարգարեն էր: Մորմոնի Գրքը կարդալը և նրա մասին աղոթելը կենսական ուղի է այս վկայությունը ձեռք բերելու համար:

Օգնեք մարդկանց կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքն ամրապնդելու վրա: Մորմոնի Գրքը կարդալը և նրա մասին աղոթելը նրանց հավատքն ամրապնդելու կարևոր եղանակ է։

Հրավիրեք մարդկանց գործել հավատքով

Երբ մարդիկ զարգացնեն և ամրացնեն իրենց վկայությունը վերականգնված ավետարանի մասին, նրանք կկարողանան լուծել իրենց հարցերն ու մտահոգությունները հավատքի հիմքի վրա: Գործելով հավատքով՝ համաձայն այն ճշմարտությունների, որոնց հավատում են, նրանք կկարողանան վկայություններ ձեռք բերել ավետարանի այլ ճշմարտությունների մասին:

Հավատքով գործելու որոշ եղանակներ ներառում են.

  • Հաճախակի և իրական մտադրությամբ աղոթել ոգեշնչման և առաջնորդության համար:

  • Ուսումնասիրել սուրբ գրությունները, հատկապես Մորմոնի Գիրքը:

  • Հաճախել եկեղեցի։

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Ընտրեք մեկ հրավեր, որը դուք կհղեք դասն ուսուցանելու ժամանակ: Ապա բացահայտեք մտահոգությունները, որոնք կարող են ետ պահել որևէ մեկին հրավերն ընդունելուց կամ պարտավորությունը պահելուց: Քննարկեք և գարծածեք այն, թե ինչպես կարող եք օգնել մարդկանց լուծել իրենց մտահոգությունները:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես հղում կանեք Ջոզեֆ Սմիթին և Մորմոնի Գրքին, որպեսզի արձագանքեք հետևյալ մտահոգություններին.

  • «Ես այլևս չեմ հավատում, որ Աստված խոսում է մարդկանց հետ»:

  • «Ես հավատում եմ, որ կարող եմ երկրպագել Աստծուն իմ ձևով, այլ ոչ թե կազմակերպված կրոնի միջոցով»։

  • «Ինչո՞ւ ես պետք է հրաժարվեմ ճաշի հետ գինի խմելուց, եթե միանամ ձեր եկեղեցուն»:

  • «Ինչո՞ւ է ինձ պետք կրոնը»:

Թողեք ինչ-որ բան ուսումնասիրելու և աղոթելու համար

Յուրաքանչյուր ուսուցման այցելության վերջում մարդկանց տվեք ուսումնասիրելու, խորհելու և աղոթելու ինչ-որ բան՝ հաջորդ հանդիպմանը պատրաստվելու համար: Ուսուցման այցելությունների միջև կարդալը, աղոթելը և խորհելը Սուրբ Հոգու ազդեցությունը հրավիրում է նրանց կյանք:

Դուք կարող եք հրավիրել մարդկանց Մորմոնի Գրքից կարդալ որոշակի գլուխներ: Կամ կարող եք խրախուսել նրանց օգտագործել Եկեղեցու աղբյուրները, օրինակ՝ Gospel Library-ին՝ հարցերի պատասխանները գտնելու, թեմայի մասին սովորելու կամ տեսանյութ դիտելու համար: Սա կարող է դառնալ քննարկման բաց թեմա հաջորդ անգամ հանդիպելիս:

մարդն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Խուսափեք մարդկանց շատ առաջադրանքներ տալուց, հատկապես, եթե նրանց հետ կարճ, հաճախակի ուսուցողական շփումներ եք ունենում:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Մտածեք յուրաքանչյուր մարդու մասին, ում դուք պետք է ուսուցանեք այս շաբաթ: Մորմոնի Գրքի ո՞ր գլուխներն առավել օգտակար կլինեն նրանց համար: Ի՞նչ այլ աղբյուրներ օգուտ կտան նրանց: Գրի առեք, թե ինչ եք նախատեսել, որպեսզի տրամադրեք յուրաքանչյուր անձին: Նաև գրի առեք, թե ինչ եք անելու ձեր հաջորդ այցելության ժամանակ:

Օգնել կախվածություն ունեցող մարդկանց

Դուք կարող եք օգնել մարդկանց, ովքեր պայքարում են կախվածությունը հաղթահարելու համար՝ սիրով քննարկելով իրենց դժվարությունը, աջակցելով նրանց և կապելով նրանց համապատասխան աղբյուրների հետ: Դուք կարող եք խրախուսել նրանց հաճախել Եկեղեցու կախվածությունից վերականգնման աջակցության խմբերից մեկին: Այս խմբերը կարող են իրենց հանդիպումները կազմակերպել անձամբ կամ առցանց: (Տես AddictionRecovery.ChurchofJesusChrist.org)։ Խրախուսեք նրանց օգտագործել Gospel Library հավելվածի «Կախվածություն» Կյանքի օգնություն բաժնի աղբյուրները։

Կարող են նաև աջակցություն ցուցաբերել տեղի Եկեղեցու ղեկավարներն ու անդամները: Կախվածություն ունեցող որոշ մարդիկ կարող են մասնագիտական բժշկական և մտավոր առողջության բուժման կարիք ունենալ:

Ահա մի քանի առաջարկներ, թե ինչպես կարող եք աջակցել մարդկանց, ովքեր պայքարում են կախվածությունը հաղթահարելու համար.

  • Ամրապնդեք դեպի Քրիստոսը գալու նրանց ջանքերը: Օգնեք նրանց տեսնել, որ վերականգնման և ապաքինման իրենց ջանքերը ճանաչվում և գնահատվում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից: Ուսուցանեք նրանց, որ նրանք կարող են զորանալ Փրկչի և Նրա Քավության միջոցով: Նա լիովին հասկանում է բարիք գործելու նրանց սրտի մտադրությունը:

  • Աղոթեք նրանց համար ձեր անձնական աղոթքներում և աղոթեք նրանց հետ: Անհրաժեշտության դեպքում, խրախուսեք նրանց քահանայության օրհնություն խնդրել տեղի քահանայության ղեկավարներից:

  • Շարունակեք ուսուցանել նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ուսուցանեք նրանց, որ Երկնային Հայրը, Փրկիչը և Սուրբ Հոգին սիրում են իրենց և նրանց հաջողություն են ցանկանում։

  • Խրախուսեք նրանց պարբերաբար հաճախել եկեղեցի և ընկերական հարաբերություններ զարգացնել անդամների հետ:

  • Դրական տրամադրվեք և աջակցեք, հատկապես, եթե դրանք կրկնվում են:

Հիսուսը ձեռքը մեկնում է կնոջը

Կախվածությունը դժվար է հաղթահարել, և կրկնությունները կարող են տեղի ունենալ: Եկեղեցու ղեկավարներն ու անդամները չպետք է զարմանան դրանից: Նրանք պետք է սեր ցուցաբերեն և ոչ թե քննադատեն։

Նոր անդամը, ով դադարում է հաճախել եկեղեցի, հնարավոր է վերադարձել է հին կախվածությանը և կարող է իրեն անարժան և հուսահատված զգալ: Անհապաղ այցը, որի շնորհիվ նա քաջալերանք և աջակցություն կստանա, կարող է օգնել նրան: Անդամները պետք է խոսքով և գործով ցույց տան, որ Եկեղեցին այն վայրն է, որտեղ կարելի է գտնել Քրիստոսի սերը (տես 3 Նեփի 18.32 հատվածը):

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Մտածեք այն մարդու մասին, ում ուսուցանում եք, նաև նոր կամ վերադարձող անդամի մասին, ով փորձում է հաղթահարել կախվածությունը: Վերանայեք «Հավատք առ Հիսուս Քրիստոս» և «Ապաշխարություն» դասերը «Հիսուս Քրիստոսի ավետարանը»-ի գլուխ 3-ում:

  • Ի՞նչ կարող եք ուսուցանել այս մարդուն տվյալ դասից և գլխից, որը կօգնի նրան:

  • Կազմեք դասի ծրագրեր՝ այս մարդուն օգնելու համար:

Քրիստոնեական ծագում չունեցող մարդկանց ուսուցում

Մարդկանցից ոմանք, ում դուք ուսուցանում եք, կարող են քրիստոնեական ծագում չունենալ կամ չհավատալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այնուամենայնիվ, այս մարդկանցից շատերն ունեն համոզմունքներ, սովորույթներ և սուրբ վայրեր: Կարևոր է, որ հարգանք ցուցաբերեք նրանց կրոնական համոզմունքների և ավանդույթների նկատմամբ:

Օգնեք նրանց հասկանալ, թե ով է Աստված

Դուք կարող եք մտածել, թե ինչպես պետք է հարմարեցնեք ձեր ուսուցումն այն մարդկանց համար, որոնք չունեն քրիստոնեական ծագում: Սկզբունքները, որոնք օգնում են մարդուն հավատ կառուցել, նույնն են բոլոր մշակույթներում: Օգնեք մարդկանց ճիշտ պատկերացում կազմել Աստծո և Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին: Նրանց համար այս ճշմարտությունները սովորելու լավագույն միջոցն անձնական հոգևոր փորձառություններ ունենալն է: Ստորև ներկայացված են եղանակներ, որոնցով կարող եք օգնել նրանց ունենալ այս փորձառությունները.

  • Ուսուցանեք, որ Աստված մեր Երկնային Հայրն է, և Նա սիրում է մեզ: Մենք Նրա զավակներն ենք: Առաջարկեք նրանց ինքնուրույն փնտրել այդ վկայությունը:

  • Ուսուցանեք փրկության ծրագրի մասին:

  • Ուսուցանեք, որ Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին:

  • Անկեղծ վկայություն բերեք ավետարանի մասին, ներառյալ այն, թե ինչպես եք զգում Երկնային Հոր սերը և ինչու եք ընտրում հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Առաջարկեք նրանց պարզ, սրտառուչ աղոթքներ ասել՝ և՛ ձեզ հետ, և՛ ինքնուրույն:

  • Առաջարկեք նրանց ամեն օր կարդալ Մորմոնի Գիրքը՝ և՛ ձեզ հետ, և՛ ինքնուրույն:

  • Առաջարկեք նրանց հաճախել եկեղեցի:

  • Ներկայացրեք նրանց Եկեղեցու այն անդամներին, որոնք կարող են բացատրել, թե ինչպես են իրենք հավատացել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Հրավիրեք նրանց պահել պատվիրանները:

Մարդկանց մեծ մասը ցանկանում է ավելի մեծ կապ հաստատել Աստծո հետ և գտնել կյանքի նպատակն ու իմաստը: Օգնեք նրանց տեսնել, որ իրենք սիրող Երկնային Հոր զավակներն են և Նա ծրագիր ունի իրենց համար: Օրինակ՝ դուք կարող եք սկսել՝ ասելով նմանատիպ մի բան.

Աստված մեր Երկնային Հայրն է, և Նա սիրում է մեզ: Մենք Նրա զավակներն ենք: Նախքան ծնվելը՝ մենք ապրել ենք Նրա հետ։ Քանի որ մենք բոլորս Նրա զավակներն ենք, մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Նա ցանկանում է, որ մենք վերադառնանք Իր մոտ։ Մեր հանդեպ ունեցած Իր սիրո շնորհիվ Նա մեզ համար ուղի է տրամադրել վերադառնալու Իր մոտ՝ Իր Որդի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Հարմարեցրեք ձեր ուսուցումն ըստ անհրաժեշտության

Ոչ քրիստոնեական ծագում ունեցող շատ նորադարձներ ասում են, որ իրենք շատ բան չէին հասկանում, թե ինչ էին ուսուցանում միսիոներները: Այնուամենայնիվ, նրանք զգացել էին Հոգին և ցանկացել էին անել այն, ինչ խնդրել էին միսիոներները: Ամեն ինչ արեք, որպեսզի օգնեք մարդկանց հասկանալ ավետարանի վարդապետությունը: Եղեք համբերատար և աջակցող: Կարող է ժամանակ պահանջվել, որպեսզի մարդիկ սովորեն բացահայտել և արտահայտել իրենց զգացմունքները: Գուցե կարիք լինի հարմարեցնել ուսուցանելու արագության ու բարդության աստիճանը՝ նրանց օգնելու համար:

Հետևյալ առաջարկությունները կարող են օգնել, երբ պատրաստվեք ուսուցանել քրիստոնեական ծագում չունեցող մարդկանց.

  • Հասկացեք, թե ինչ հոգևոր կարիք կամ հետաքրքրություն է դրդում նրանց հանդիպել ձեզ հետ:

  • Յուրաքանչյուր դասի համար տրամադրեք պարզ ակնարկներ և կրկնություններ:

  • Խնդրեք նրանց պատմել ձեզ, թե ինչ են հասկացել և ինչ են զգացել:

  • Սահմանեք հիմնական բառերն ու սկզբունքները: Մարդկանց կարող են անծանոթ լինել շատ բառեր, որոնք դուք ուսուցանելիս օգտագործում եք:

  • Վերադարձեք նախկինում ուսուցանված դասին՝ վարդապետությունն ավելի հստակ ուսուցանելու համար: Դա կարող է ցանկացած պահի անհրաժեշտ լինել ուսուցման ընթացքում:

  • Բացահայտեք այն հրավերները, որոնք հղելով կարող եք օգնել մարդկանց զգալ ավետարանի օրհնությունները:

Ստորև բերված է Gospel Library հավելվածի մի քանի աղբյուր, որոնք դուք կարող եք օգտագործել քրիստոնեական ծագում չունեցող մարդկանց օգնելու համար.

  • «Ո՞վ է Աստվածը»

  • «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»

  • «Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդի»

  • «Ի՞նչ սպասել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներների այցից»

  • «Մահմեդականներ և վերջին օրերի Սրբեր. հավատալիքներ, արժեքներ և ապրելակերպ»

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Եթե հնարավոր է, բացահայտեք նորադարձի, ով չուներ քրիստոնեական ծագում մինչև միսիոներների հետ հանդիպելը: Հանդիպում կազմակերպեք և հարցրեք նրա դարձի գալու փորձառության մասին: Օրինակ՝ դուք կարող եք հարցնել այդ մարդուն հետևյալի մասին.

  • Ինչը՞ ստիպեց նրան հավատալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ինչպիսի՞ն էր առաջին անգամ աղոթելու փորձառությունը:

  • Ինչպե՞ս նա առաջին անգամ զգաց աղոթքի պատասխանը:

  • Ո՞րն է սուրբ գրությունների դերը նրա դարձի գալու մեջ:

  • Ի՞նչ էր զգում եկեղեցի հաճախելիս:

Ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք այն, ինչ իմացաք:

Կարող եք առաջարկել, որ այդ անձն օգնի ձեզ ուսուցանել քրիստոնեական ծագում չունեցող որևէ մարդու։


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Պատկերացրեք, թե դուք գտնվում եք հետևյալ իրավիճակներում. Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս գլխի սկզբունքներն ու հմտությունները, որպեսզի օգնեք հետևյալ մարդկանց առաջադիմել: Ծրագրեք, թե ինչպես կկիրառեք դրանք յուրաքանչյուր իրավիճակում:

    • Ինչ-որ մեկը, ով պատրաստվում էր մկրտության, ասում է ձեզ, որ այլևս չի ցանկանում հանդիպել ձեզ հետ:

    • Դուք յոթերորդ անգամ եք հանդիպում մի մարդու հետ, որին երկու տարվա ընթացքում ուսուցանել են մի քանի միսիոներներ։ Առաջընթացի նշաններ գրեթե չկան:

  • Ընտրեք միսիոներական դասերից որևէ մեկը։ Յուրաքանչյուր հիմնական սկզբունքից գտեք սուրբ գրության մեկ կամ երկու հատված: Վարժվեք՝ ուսուցանելով այդ հատվածներից, ինչպես նշված է այս գլխի «Օգտագործեք սուրբ գրությունները» բաժնում:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Կարդացեք Ամմոնի և Թագավոր Լամոնիի պատմությունն Ալմա 18–19 հատվածներում և Ահարոնի պատմությունն Ալմա 22․4–18 հատվածներում։ Կարդալիս բացահայտեք և նկարագրեք, թե Ամմոնն ու Ահարոնն ինչպես.

    • Հետևեցին Հոգուն և ուսուցանեցին սիրով:

    • Սկսեցին ուսուցանել։

    • Հարմարեցրին իրենց ուսուցումը կարիքներին համապատասխան:

    • Վկայեցին։

    • Օգտագործեցին սուրբ գրությունները:

    • Հարցեր տվեցին, լսեցին և օգնեցին նրանց, ում ուսուցանում էին, լուծել իրենց մտահոգությունները:

    • Խրախուսեցին նրանց, ում ուսուցանում էին, պարտավորություններ ստանձնել:

    Քննարկեք, թե նրանց ծառայությունը և ուսուցումն ինչպես է ազդել թագավոր Լամոնիի, նրա հոր և Աբիսի վրա:

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Առաջարկեք անդամներին կամ նրանց, ովքեր ներկայումս ուսուցանվում են, գալ ձեր ժողովին: Բացատրեք այդ խմբին, որ դուք ցանկանում եք, որպեսզի միսիոներները բարելավեն կարևոր ուղերձով կիսվելու իրենց կարողությունը: Դաս և հմտություն ընտրեք: Միսիոներներին խնդրեք ձեր ընտրած դասը 20 րոպեի ընթացքում ուսուցանել այդ անձին կամ մարդկանց՝ կենտրոնանալով ձեր ընտրած հմտության վրա: 20 րոպե անց խնդրեք, որ ուսուցանվողները փոխվեն։ Հավաքեք խմբին, երբ միսիոներներն ավարտեն դասը: Խնդրեք այդ անձին կամ մարդկանց ասել միսիոներներին, թե ինչն էր արդյունավետ և ինչը կարող են բարելավել։

  • Ցուցադրեք միսիոներների ուսուցանման կամ մարդկանց հետ շփվելու տեսանյութերի օրինակներ: Ընտրեք որևէ հմտություն և քննարկեք, թե որքան լավ են միսիոներները կիրառել այդ հմտության սկզբունքները:

  • Ընտրեք որևէ հմտություն և բացահայտեք վարդապետությունը կամ սուրբ գրային այն հատվածները, որոնք աջակցում են դրան: Միսիոներներին ուսուցանեք հմտության վարդապետական հիմքը:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Երբեմն ուղեկցեք միսիոներներին, երբ նրանք ուսուցանում են: Ծրագրեք, թե ինչպես կարող եք մասնակցել ուսուցմանը:

  • Խրախուսեք տեղի ղեկավարներին, որ միսիոներների հետ մասնակցեն իրենց ուսուցողական այցերին:

  • Ցույց տվեք և օգնեք միսիոներներին կիրառել այս գլխում նկարագրված ուսուցման հմտություններից մեկը, օրինակ՝ լավ հարցեր տալը և լսելը:

  • Ցույց տվեք, թե ինչպես արդյունավետ օգտագործել սուրբ գրությունները, երբ ուսուցանում եք միսիոներներին գոտիների համաժողովներում, միսիայի ղեկավարության խորհրդում և հարցազրույցներում: Նույնն արեք, երբ նրանց հետ եք ուսուցանում:

  • Օգնեք միսիոներներին հասկանալ սուրբ գրությունները և սեր զարգացնել դրանց հանդեպ: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խորհուրդ է տվել միսիայի ղեկավարներին.

    «Աստծո խոսքի հանդեպ սերը բացարձակապես առանցքային դարձրեք ձեր միսիոներական մշակույթի մեջ: … Հայտնություններին ծանոթանալը և օրինակելի աշխատությունների կանոնավոր կիրառումը դարձրեք իրենց միսիոներական աշխատանքի գլխավոր հատկանիշը ողջ կյանքի ընթացքում։

    Երբ դուք ուսուցանում եք ձեր միսիոներներին, իսկ դա տեղի է ունենում միշտ, ուսուցանեք նրանց սուրբ գրություններից: Թող նրանք տեսնեն, թե որտեղից եք դուք ստանում ձեր ուժն ու ոգեշնչումը: Ուսուցանեք նրանց սիրել և կախում ունենալ այդ կուտակված հայտնություններից:

    [Իմ] միսիայի նախագահն ուսուցանում էր Մորմոնի Գրքից և [ուրիշ] սուրբ գրություններից ամեն անգամ, երբ մենք նրա մոտ էինք, կամ այդպես էր թվում: Անձնական հարցազրույցները զուգորդված էին սուրբ գրություններով: … ժողովների համառոտ շարադրանքը կազմվում էին օրինակելի աշխատություններից: …

    Այն ժամանակ մենք դա չգիտեինք, սակայն մեր նախագահը մեզ զինում էր աջից և ձախից՝ հորդորելով մեզ իր հոգու ողջ կորովով և իր ողջ կարողությամբ ամուր բռնել երկաթյա ձողից, որպեսզի մենք երբեք չկորչենք [տես 1 Նեփի 15.23–25 հատվածները]» («Սուրբ գրությունների զորությունը» սեմինար նոր միսիայի ղեկավարների համար, 25 հունիսի, 2022):