«Գլուխ 3․ Ուսումնասիրեք և ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)
«Ուսումնասիրեք և ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը», Քարոզիր Իմ ավետարանը
Գլուխ 3
Ուսումնասիրեք և ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը
Այս գլխի դասերը պարունակում են Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական վարդապետությունը, սկզբունքները և պատվիրանները: Այս դասերն այն են, ինչ ապրող մարգարեներն ու առաքյալները հրահանգել են ձեզ սովորել և ուսուցանել: Դրանք տրված են այստեղ, որպեսզի կարողանաք օգնել ուրիշներին հստակ հասկանալ Քրիստոսի վարդապետությունը:
Այս գլխի առաջին բաժինը մկրտության հրավերն է: Գլխի մնացած մասը բաղկացած է հետևյալ չորս դասերից.
Ուսումնասիրեք սուրբ գրությունները և գանձեք վարդապետությունը յուրաքանչյուր դասի ընթացքում: Երբ դուք անեք դա, Հոգին վկայություն կտա այն ճշմարտությունների մասին, որոնք դուք կուսումնասիրումեք: Նա կօգնի ձեզ իմանալ, թե ինչ ասել և անել, որպեսզի օգնեք ուրիշներին ճշմարտության մասին վկայություն ստանալ (տես Վարդապետություն և Ուխտեր 84․85)։
Մարդիկ ավելի լավ կճանաչեն Փրկչին, երբ անեն այն, ինչ Նա հրավիրել է նրանց անել: Հրավերներ ուղարկեք յուրաքանչյուր դասի ժամանակ և օգնեք մարդկանց պահել իրենց պարտավորությունները: Պարտավորությունները պահելով, նրանք սկսում են ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և պատրաստվում են ուխտեր կապել Աստծո հետ:
Ուսուցանեք բոլոր դասերը մկրտությունից առաջ և հետո: Լիաժամկետ միսիոներները երկու անգամ իրենց վրա են վերցնում դասերն ուսուցանելու առաջնորդությունը: Ծխի միսիոներները կամ ուրիշ անդամներ մասնակցում են, երբ դա հնարավոր է: Անդամներին ուսուցման մեջ ընդգրկելու մասին տեղեկություններ ստանալու համար տես գլուխներ 10-ը և 13-ը:
Պատրաստվեք ուսուցանել
Երբ պատրաստվում եք ուսուցանել, վերանայեք յուրաքանչյուր անձի մասին տեղեկատվությունը Preach My Gospel հավելվածում: Կազմեք դասի ծրագիր՝ հիմնվելով անձի կարիքների վրա: Մտածեք, թե նա ինչ պետք է իմանա և զգա ուսուցման նպատակով ձեր այցի ընթացքում: Հոգին կբազմապատկի ձեր ջանքերը, երբ ժամանակ հատկացնեք պատրաստվելու և ծրագրեր կազմելու համար:
Ահա մի քանի հարցեր, որոնց համար դուք և ձեր զուգընկերը պետք է աղոթքով մտածեք, երբ պատրաստվեք ուսուցանել:
-
Ի՞նչ հրավեր ենք հղելու, որպեսզի օգնենք մարդուն հավատք կառուցել առ Քրիստոս և առաջադիմել: Հրավերները նրանք են, թե ինչպես եք օգնում մարդկանց ապաշխարել և զգալ «Քավչի զորությունը» (Հելաման 5.11): Հաշվի առեք այդ անձի առաջընթացը, իրավիճակը և կարիքները: Այնուհետև դասի ծրագրում ներառեք մեկ կամ մի քանի հրավեր:
-
Ո՞ր վարդապետությունն ու սկզբունքները կօգնեն մարդուն պահել այն պարտավորությունը, որը մենք նրան հրավիրել ենք կատարել: Աղոթքով որոշեք, թե վարդապետություններից և սկզբունքներից որոնք կօգնեն մարդկանց հասկանալ, թե ինչու է իրենց պարտավորությունների պահումը կարևոր իրենց և Տիրոջ համար:
-
Ինչպե՞ս ենք մենք օգնելու մարդուն սովորել վարդապետությունը: Որպեսզի պատրաստվեք ուսուցանել վարդապետությունը, կազմակերպեք և ամփոփեք այն, ինչ դուք ուսուցանելու եք՝ օգտագործելով դասեր1–4-ը։ Բացահայտեք հարցեր, սուրբ գրություններ, օրինակներ և պատշաճ մեդիա նյութեր, որոնք կօգնեն մարդուն հասկանալ, թե ինչ եք ուսուցանում: Ձեր ուսուցումը բարելավելու մասին տեղեկությունների համար տես գլուխ 10-ը:
-
Ի՞նչ օրհնություններ է Աստված խոստացել պարտավորություններն ընդունելու և պահելու համար: Վարդապետությունն ուսումնասիրելիս բացահայտեք Աստծո խոստացված օրհնությունները: Ուսուցանելիս խոստացեք օրհնություններ և վկայեք դրանց մասին:
-
Ո՞ր անդամները կարող են մասնակցել: Շաբաթական համակարգման ժողովի ժամանակ որոշեք, թե որ անդամները կարող են օգնել ձեզ ուսուցանել և աջակցել այդ անձին: Դասից առաջ քննարկեք նրանց մասնակցությունը։ Տես գլուխ 10-ը։
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մարդկանց պահել իրենց պարտավորությունները մեր հեռանալուց հետո: Շարունակեք օգնել մարդկանց պահել իրենց պարտավորությունները, ամենօրյա կարճ կապ հաստատելով նրանց հետ: Տարբեր միջոցներով ներգրավեք անդամներին, որ օգնեն նրանց, ում ուսուցանում եք, պահել իրենց պարտավորությունները: Այս շփումը կարող է ներառել գլխի ընթերցանությունը Մորմոնի Գրքից կամ այլ սուրբ գրություններից: Եթե ինչ-որ մեկը չի պահում նախկին պարտավորությունը, ավելի լավ կլինի օգնել նրան այդ հարցում, նախքան մյուսին անցնելը: Տես գլուխ 11-ը։
-
Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգնել նրանց հաջորդ անգամ: Ուսուցման յուրաքանչյուր իրավիճակից հետո գնահատեք այն մարդկանց փորձը, ում ուսուցանում եք: Արդյո՞ք նրանց հավատն առ Քրիստոս աճում է: Նրանք զգո՞ւմ են Հոգին: Արդյո՞ք նրանք ապաշխարում են և պարտավորություններ ստանձնում ու պահում: Արդյո՞ք նրանք աղոթում են, ուսումնասիրում Մորմոնի Գիրքը և հաճախում եկեղեցի: Ծրագրեր կազմեք նրանց օգնելու համար:
Ուսուցանեք ձեր սրտից՝ առաջնորդվելով Հոգով
Խոսելով բոլոր երեցների և քույրերի հետ՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարեցին.
«Մեր նպատակն է ուսուցանել վերականգնված ավետարանի ուղերձն այնպես, որ թույլ տանք Հոգուն ուղղորդել թե՛ միսիոներներին, թե՛ նրանց, ովքեր ուսուցանվում են: Կարևոր է սովորել [դասերի] հասկացությունները, բայց դրանք չպետք է ուսուցանվեն անգիր՝ առանց դրանց իմաստը հասկանալու: Միսիոները պետք է ազատ օգտագործի իր խոսքերը, ինչպես Հոգին է հուշում: Նա չպետք է անգիր կարդա, այլ խոսի սրտից և իր բառերով։ Նա կարող է շեղվել դասերի հերթականությունից, ոգեշնչված մատուցելով այն, ինչը բխում է տվյալ [անձի] հետաքրքրություններից և կարիքներից: Իր իսկ խոսքերով արտահայտելով իր համոզմունքը՝ նա պետք է վկայություն բերի իր ուսմունքների ճշմարտացիության մասին»։
Ուսուցանեք և հրավիրեք՝ ըստ անհատական կարիքների
Դուք ճկունություն ունեք ուսուցանելու դասերը ցանկացած եղանակով, որը կօգնի մարդկանց լիովին պատրաստվել մկրտությանը և հաստատմանը: Որ դասն եք դուք ուսուցանում, երբ եք ուսուցանում, և որքան ժամանակ եք հատկացնում դրան, լավագույնս որոշվում է այն անձի կարիքներից ելնելով և Հոգու առաջնորդությամբ, ում ուսուցանում եք: Օրինակ՝ քրիստոնեական ծագում չունեցող մարդկանց ուսուցումը սկսելիս դուք կարող եք օգնել նրանց ավելի մեծ կապ զարգացնել Երկնային Հոր հետ և հասկանալ Նրա ծրագիրը (տես գլուխ 10-ը «Ուսուցանել քրիստոնեական ծագում չունեցող մարդկանց»):
Թող Հոգին առաջնորդի ձեզ, թե ինչ հրավերներ ուղղեք և երբ ուղղեք դրանք: Ճիշտ ժամանակին արված ճիշտ հրավերը կարող է դրդել մարդկանց անել այնպիսի բաներ, որոնք կամրացնեն իրենց հավատը: Այս գործողությունները կարող են հանգեցնել սրտի զորեղ փոփոխության (տես Մոսիա 5.2, Ալմա 5.12–14):
Ուսուցանեք դասեր, որոնք պարզ են, հստակ և հակիրճ: Սովորաբար, ուսուցման այցը չպետք է տևի 30 րոպեից ավելի, և դուք կարող եք ուսուցանել մարդուն ընդամենը 5 րոպեում:
Սովորաբար մեկ դասի սկզբունքներն ուսուցանելու համար ձեզ հարկավոր է մի քանի հանդիպում: Մարդիկ հաճախ ավելի լավ կհասկանան ձեր ուղերձը, եթե դուք կարճ դասեր անեք, հաճախակի ուսուցանեք և ուսուցանեք նյութերի փոքր հատվածներ: