Գլուխ 24
Լամանացիները գալիս են Աստծո ժողովրդի դեմ – Անթի-Նեփի-Լեքիները ցնծում են Քրիստոսով, և հրեշտակներ են այցելում նրանց – Նրանք նախընտրում են ավելի շուտ ենթարկվել մահվան, քան պաշտպանվել – Ավելի շատ Լամանացիներ են դարձի գալիս: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ եղավ այնպես, որ Ամաղեկացիները, Ամուղոնացիները և Լամանացիները, ովքեր Ամուղոնի երկրում էին, և նաև Հելամի երկրում, և ովքեր Երուսաղեմի երկրում էին, և, ի վերջո, շրջակա ողջ երկրում, ովքեր դարձի չէին եկել, և չէին վերցրել իրենց վրա Անթի-Նեփի-Լեքի անունը, Ամաղեկացիների ու Ամուղոնացիների կողմից բարկության դրդվեցին իրենց եղբայրների դեմ:
2 Եվ նրանց ատելությունը խիստ սաստկացավ նրանց դեմ, նույնիսկ այնքան, որ նրանք սկսեցին ապստամբել իրենց թագավորի դեմ, այնքան, որ նրանք չկամեցան, որ նա իրենց թագավոր լինի. հետևաբար, նրանք վեր առան զենքեր Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդի դեմ:
3 Արդ, թագավորը շնորհեց թագավորությունն իր որդուն, և նա կոչեց նրա անունը Անթի-Նեփի-Լեքի:
4 Եվ թագավորը մահացավ ճիշտ նույն տարում, երբ Լամանացիները սկսեցին պատերազմի պատրաստություններ տեսնել Աստծո ժողովրդի դեմ:
5 Այժմ, երբ Ամմոնը և իր եղբայրները և բոլոր նրանք, ովքեր եկել էին նրա հետ, տեսան Լամանացիների պատրաստությունները՝ կործանելու իրենց եղբայրներին, նրանք եկան առաջ՝ դեպի Մադիանի երկիրը, և այնտեղ Ամմոնը հանդիպեց իր բոլոր եղբայրներին. և այնտեղից նրանք եկան Իսմայելի երկիրը, որպեսզի խորհուրդ անեին Լամոնիի հետ, և նաև նրա եղբայր Անթի-Նեփի-Լեքիի հետ, թե ինչ պիտի անեին իրենք, Լամանացիներից պաշտպանվելու համար:
6 Արդ, ողջ ժողովրդի մեջ չկար մեկը, որ դարձի եկած լիներ դեպի Տերը, որ կամենար զենք վերցնել իր եղբայրների դեմ. ո՛չ, նրանք նույնիսկ չկամեցան որևէ պատրաստություններ տեսնել պատերազմի համար. այո, և նրանց թագավորը նույնպես հրամայեց նրանց, որ նրանք չպետք է անեն այդ:
7 Արդ, սրանք են այն խոսքերը, որոնք նա ասաց ժողովրդին այդ հարցի վերաբերյալ. Ես շնորհակալ եմ իմ Աստծուն, իմ սիրելի՛ ժողովուրդ, որ մեր մեծ Աստված բարությամբ ուղարկել է այս մեր եղբայրներին՝ Նեփիացիներին մեզ մոտ՝ քարոզելու մեզ, և համոզելու մեզ՝ մեր ամբարիշտ հայրերի ավանդությունների մասին:
8 Եվ ահա, ես շնորհակալ եմ իմ մեծ Աստծուն, որ նա տվել է մեզ իր Հոգուց մի մաս՝ փափկացնելու մեր սրտերը, որ մենք հարաբերություններ ենք հաստատել այս եղբայրների՝ Նեփիացիների հետ:
9 Եվ ահա, ես նաև շնորհակալ եմ իմ Աստծուն, որ այս հարաբերությունները հաստատելով, մենք համոզվեցինք մեր մեղքերի մեջ և բազմաթիվ սպանությունների, որոնք մենք գործել ենք:
10 Եվ ես նաև շնորհակալ եմ իմ Աստծուն, այո, իմ մեծ Աստծուն, որ նա շնորհ է արել մեզ, որ մենք կարողանանք ապաշխարել այս բաներից, և նաև, որ նա ներել է մեզ այն մեր բազում մեղքերն ու սպանությունները, որոնք մենք գործել ենք, և վերցրել է հանցանքը մեր սրտերից, իր Որդու արժանիքների միջոցով:
11 Եվ այժմ ահա, իմ եղբայրնե՛ր, քանի որ այն ամենը, ինչ մենք կարող էինք անել (որովհետև մենք ամենակորածն էինք ողջ մարդկությունից)՝ ապաշխարել բոլոր մեր մեղքերից և բազմաթիվ սպանություններից, որոնք մենք գործել ենք, և համոզել Աստծուն վերցնել դրանք մեր սրտերից, քանզի այն ամենը, ինչ մենք կարող էինք անել՝ բավականաչափ ապաշխարել Աստծո առաջ, որպեսզի նա վերացնի մեր արատը,
12 Արդ, իմ ամենասիրելի՛ եղբայրներ, քանի որ Աստված վերացրել է մեր արատները, և մեր սրերը դարձել են փայլուն, եկեք այլևս չարատավորե՛նք մեր սրերը մեր եղբայրների արյունով:
13 Ահա, ես ասում եմ ձեզ. Ո՛չ, եկեք պահե՛նք մեր սրերը, որպեսզի դրանք չարատավորվեն մեր եղբայրների արյունով. քանզի գուցե, եթե մենք նորից արատավորենք մեր սրերը, դրանք այլևս չեն կարողանա լվացվել փայլուն՝ մեր մեծ Աստծո Որդու արյան միջոցով, որը պիտի թափվի՝ մեր մեղքերի քավության համար:
14 Եվ մեծ Աստված ողորմություն ունեցավ մեր հանդեպ, և հայտնի դարձրեց այս բաները մեզ, որպեսզի մենք չկորչենք. այո, և նա նախօրոք հայտնի է դարձրել այս բաները մեզ, որովհետև նա սիրում է մեր հոգիները, ճիշտ այնպես, ինչպես նա սիրում է մեր զավակներին. հետևաբար, իր ողորմությամբ նա այցելում է մեզ իր հրեշտակների միջոցով, որպեսզի փրկության ծրագիրը հայտնի դարձվի մեզ, ինչպես նաև ապագա սերունդներին:
15 Օ՜հ, որքան ողորմած է մեր Աստվածը: Եվ այժմ ահա, քանզի մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք՝ մեր արատները մեզանից վերացնելու համար, և մեր սրերը դարձվել են փայլուն, եկեք թաքցնե՛նք դրանք, որպեսզի դրանք պահվեն փայլուն, որպես մի վկայություն մեր Աստծուն վերջին օրը կամ այն օրը, երբ մենք պիտի բերվենք՝ կանգնելու նրա առջև դատվելու, որ մենք չենք արատավորել մեր սրերը մեր եղբայրների արյունով, այն ժամանակից ի վեր, երբ նա հաղորդեց իր խոսքը մեզ և դարձրեց մեզ մաքուր դրա միջոցով:
16 Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, եթե մեր եղբայրները ջանում են կործանել մեզ, ահա, մենք հեռու կթաքցնենք մեր սրերը, այո, նույնիսկ կթաղենք դրանք խորը՝ հողի մեջ, որպեսզի դրանք պահվեն փայլուն, որպես մի վկայություն վերջին օրը. որ մենք երբեք չենք գործածել դրանք. և եթե մեր եղբայրները կործանեն մեզ, ահա, մենք կգնանք մեր Աստծո մոտ և կփրկվենք:
17 Եվ այժմ, եղավ այնպես, որ երբ թագավորը վերջ դրեց այս խոսքերին և ողջ ժողովուրդն ի մի հավաքվեց, նրանք վերցրեցին իրենց սրերը, և բոլոր զենքերը, որոնք գործածվում էին մարդու արյուն թափելու համար, և նրանք թաղեցին դրանք հողի խորքում:
18 Եվ այս նրանք արեցին, դա՝ նրանց տեսակետից լինելով մի վկայություն Աստծուն, և նաև մարդկանց, որ նրանք այլևս երբեք զենքեր չէին գործածելու՝ մարդու արյուն թափելու համար. և այս նրանք արեցին, հաստատելով և ուխտելով Աստծո հետ, որ նրանք ավելի շուտ կտային իրենց սեփական կյանքը, քան կթափեին իրենց եղբայրների արյունը. և նրանք ավելի շուտ կտային, քան կվերցնեին եղբորից. և ավելի շուտ, նրանք կտքնեին առատորեն իրենց ձեռքերով, քան կանցկացնեին իրենց օրերն անգործության մեջ:
19 Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ երբ այս Լամանացիները բերվեցին՝ հավատալու և իմանալու ճշմարտությունը, նրանք անսասան էին, և կտանեին մինչև իսկ մահ, քան կգործեին մեղք. և այսպիսով, մենք տեսնում ենք, որ նրանք թաղեցին իրենց խաղաղության զենքերը, այսինքն՝ թաղեցին պատերազմի զենքերը խաղաղության համար:
20 Եվ եղավ այնպես, որ նրանց եղբայրները՝ Լամանացիները, պատերազմի պատրաստություններ տեսան և եկան Նեփիի երկիրը, թագավորին կործանելու նպատակով, և դնելու մեկ ուրիշին նրա փոխարեն, և նաև, այդ երկրից բնաջնջելու Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին:
21 Այժմ, երբ ժողովուրդը տեսավ, որ նրանք գալիս էին իրենց դեմ, նրանք դուրս եկան դիմավորելու նրանց և երեսն ի վար ընկան գետնին, նրանց առաջ, ու սկսեցին կանչել Տիրոջ անունը. և այսպես, այս վիճակում էին նրանք գտնվում, երբ Լամանացիները սկսեցին հարձակվել նրանց վրա, և սկսեցին սրով սպանել նրանց:
22 Եվ այսպես, չհանդիպելով որևէ դիմադրության, նրանք սպանեցին նրանցից հազարևհինգին. և մենք գիտենք, որ նրանք օրհնված են, քանզի նրանք գնացին իրենց Աստծո հետ բնակվելու:
23 Արդ, երբ Լամանացիները տեսան, որ իրենց եղբայրները չէին փախչում սրից, ոչ էլ շրջվում էին մի կողմ՝ աջ կամ ձախ, այլ որ նրանք պառկում էին և մեռնում, և գովաբանում էին Աստծուն, մինչև իսկ հենց սրի տակ մեռնելիս,–
24 Արդ, երբ Լամանացիները տեսան այս, նրանք իրենց զսպեցին նրանց սպանելուց. և եղան շատերը, որոնց սրտերը լցվեցին, իրենց եղբայրներից նրանց համար, ովքեր ընկել էին սրի տակ, քանզի նրանք ապաշխարեցին այն բաների համար, որ արել էին:
25 Եվ եղավ այնպես, որ նրանք վայր գցեցին իրենց պատերազմի զենքերը, և նրանք չկամեցան կրկին վերցնել դրանք, քանզի նրանք խղճի խայթ զգացին այն սպանությունների համար, որոնք նրանք գործել էին. և նրանք վայր ընկան, ճիշտ ինչպես իրենց եղբայրները, ապավինելով նրանց ողորմություններին, ում բազուկները բարձրացվում էին սպանելու իրենց:
26 Եվ եղավ այնպես, որ այն օրն Աստծո ժողովրդին միացան ավելի շատերը, քան այն թվաքանակը, որ սպանվել էին. և նրանք, ովքեր սպանվել էին, արդար մարդիկ էին, հետևաբար, մենք պատճառ չունենք կասկածելու, որ նրանք փրկված են:
27 Եվ սպանվածների մեջ չկար ոչ մի ամբարիշտ մարդ. բայց կային ավելի քան հազարը՝ բերված ճշմարտության իմացությանը. այսպիսով, մենք տեսնում ենք, որ Տերը գործում է բազում ուղիներով իր ժողովրդի փրկության համար:
28 Այսպիսով, Լամանացիներից առավելագույն մասը, նրանք, ովքեր սպանեցին իրենց եղբայրներից այդքան շատերին՝ Ամաղեկացիներ ու Ամուղոնացիներ էին, որոնց մեծ մասն ըստ Նեորի կարգի էին:
29 Այսպիսով, նրանց թվում, ովքեր միացան Տիրոջ ժողովրդին, չկար մեկը, որ լիներ Ամաղեկացի կամ Ամուղոնացի, կամ որը լիներ Նեորի կարգից, այլ նրանք Լամանի ու Լեմուելի իսկական հետնորդներն էին:
30 Եվ այսպիսով, մենք կարող ենք հստակորեն տարբերել, որ հետո, երբ մի ժողովուրդ մի ժամանակ լուսավորված է եղել Աստծո Հոգով, և ունեցել է մեծ գիտություն՝ արդարությանը պատկանող բաների վերաբերյալ, և հետո հեռացել է՝ ընկնելով մեղքի և օրինազանցության մեջ, նրանք դառնում են ավելի կարծրացած, և այսպես, նրանց վիճակը դառնում է ավելի վատ, քան, եթե նրանք երբեք իմացած չլինեին այս բաները: