Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Հովհաննեսի 1


ՋՍԹ, Հովհաննես 1.1–34 (համեմատի՛ր Հովհաննես Ա.1–34)

[Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվել է ի սկզբանե: Մի Եղիասը (Հովհաննես Մկրտիչը) պետք է ճանապարհ պատրաստեր Քրիստոսի համար, իսկ մյուս Եղիասը (Քրիստոսը) պետք է վերականգներ բոլոր բաները]:

1 Սկզբում ավետարանը քարոզվեց Որդու միջոցով: Եվ ավետարանը բանն էր, և բանը Որդու մոտ էր, և Որդին Հոր մոտ էր, և Որդին Աստծուց էր:

2 Նա ի սկզբանե Աստծո մոտ էր:

3 Բոլոր բաները նրանով արարվեցին. և առանց նրա ոչինչ չարարվեց, ինչ-որ արարվեց:

4 Նրանում էր ավետարանը, և ավետարանը կյանք էր, և կյանքը մարդկանց լույսն էր.

5 Եվ լույսը շողում է աշխարհում, և աշխարհը չի ըմբռնում այն:

6 Մի մարդ եղավ՝ Աստծուց ուղարկված, որի անունը Հովհաննես էր:

7 Սա վկայության համար եկավ աշխարհ, որ լույսի համար վկայի, որ ավետարանի մասին վկայի բոլորին, Որդու միջոցով, որպեսզի նրանով մարդիկ հավատան:

8 Նա չէր լույսը, բայց եկավ վկայելու այն լույսի մասին,

9 Որը ճշմարիտ լույսն էր, որը լուսավորում է ամեն մարդու, որ գալիս է աշխարհ.

10 Այսինքն՝ Աստծո Որդին: Նա, ով աշխարհում էր, և աշխարհը նրանով արարվեց, և աշխարհը չճանաչեց նրան:

11 Նա եկավ յուրայինների մոտ, և յուրայինները չընդունեցին նրան:

12 Բայց որոնք որ ընդունեցին նրան, նա զորություն տվեց նրանց՝ դառնալու Աստծո որդիները. միայն նրանց, ովքեր հավատում են նրա անվանը:

13 Նա ծնվեց ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից, այլ Աստծուց:

14 Եվ նույն բանը մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք նրա փառքը, ինչպես փառքը Հոր Միածնի՝ շնորհով և ճշմարտությունով լի:

15 Հովհաննեսը վկայեց նրա մասին, և աղաղակեց՝ ասելով. Սա էր, որի մասին ասում էի. Ինձանից հետո եկողն ինձանից առավել է. որովհետև նա ինձանից առաջ էր:

16 Քանզի սկզբում էր Բանը, այսինքն՝ Որդին, որին մարմին է տրվել և ուղարկվել է մեզ մոտ Հոր կամքով: Եվ բոլոր նրանք, ովքեր հավատում են նրա անվանը, կստանան նրա լիությունից: Եվ նրա լիությունից մենք բոլորս ստացել ենք, նրա շնորհով, նույնիսկ անմահություն և հավերժական կյանք:

17 Քանզի օրենքը տրվեց Մովսեսի միջոցով, բայց կյանքը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան:

18 Քանզի օրենքը մարմնավոր պատվիրանի պես էր, որը մահ էր բերում. բայց ավետարանն անվերջ կյանքի զորության պես է, Հիսուս Քրիստոսի՝ Միածին Որդու միջոցով, որը Հոր ծոցում է:

19 Եվ ոչ ոք երբևէ չի տեսել Աստծուն, բացառությամբ Որդու մասին վկայելիս. քանզի ոչ ոք չի կարող փրկվել, եթե չլինի նրա միջոցով:

20 Եվ սա է Հովհաննեսի վկայությունը, երբ որ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու Ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որ հարցնեն նրան. Դու ո՞վ ես:

21 Եվ նա խոստովանեց և չժխտեց, որ ինքը Եղիասն է. բայց խոստովանեց՝ ասելով. Ես Քրիստոսը չեմ:

22 Եվ նրան հարցրեցին՝ ասելով. Ապա ի՞նչպես ես դու Եղիասը: Եվ նա ասաց. Ես այն Եղիասը չեմ, որը պետք է վերականգնի բոլոր բաները: Եվ նրանք հարցրեցին նրան՝ ասելով. Դու այն մարգարե՞ն ես: Եվ նա պատասխանեց՝ ո՛չ:

23 Այն ժամանակ նրան ասացին. Ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին: Ի՞նչ ես ասում քեզ համար:

24 Նա ասաց. Ես եմ անապատում կանչողի ձայնը. Ուղիղ արեք Տիրոջ ճանապարհը, ինչպես Եսայիա մարգարեն է ասում:

25 Եվ ուղարկվածները Փարիսեցիներից էին:

26 Եվ նրան հարցրեցին և ասացին. Ապա ինչո՞ւ ես մկրտում, եթե դու ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիասը, որը պիտի վերականգներ բոլոր բաները, ո՛չ էլ այն մարգարեն:

27 Հովհաննեսը պատասխանեց նրանց՝ ասելով. Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք.

28 Այդ նա է, ում մասին ես վկայում եմ: Նա այն մարգարեն է, այսինքն՝ Եղիասը, որն ինձանից հետո գալով, ինձանից առավել է, որի կոշիկների կապը ես արժանի չեմ արձակելու, կամ որի տեղը ես չեմ կարող լրացնել. քանզի նա պիտի մկրտի ոչ միայն ջրով, այլ կրակով և Սուրբ Հոգով:

29 Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին իր մոտ գալիս, և ասաց. Ահա Աստծո Գառը, որը վեր է առնում աշխարհի մեղքը:

30 Եվ Հովհաննեսը վկայեց նրա մասին ժողովրդին՝ ասելով. Սա է, որի համար ասում էի. Ինձանից հետո մի մարդ է գալիս, որն ինձանից առավել է. քանզի ինձանից առաջ էր, և ես գիտեի նրան, և որ նա հայտնի պիտի դառնար Իսրայելին. դրա համար ես եկա ջրով մկրտելու:

31 Եվ Հովհաննեսը վկայեց՝ ասելով. Երբ նա մկրտվեց իմ կողմից, ես տեսա Հոգին, որն իջնում էր երկնքից աղավնու պես և նրա վրա մնում:

32 Եվ ես ճանաչեցի նրան. քանզի նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ասաց ինձ. Ում վրա որ տեսնես Հոգին վայր է գալիս և մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը:

33 Եվ ես տեսա և վկայեցի, որ սա է Աստծո Որդին:

34 Այս բաները տեղի ունեցան Բեթաբարայում, մի փոքր հեռու Հորդանանից, որտեղ Հովհաննեսը մկրտում էր:

ՋՍԹ, Հովհաննես 1.42 (համեմատի՛ր Հովհաննես Ա.42)

(Կեփաս նշանակում է «տեսանող» կամ «վեմ»):

42 Եվ նրան բերեց Հիսուսի մոտ: Եվ երբ Հիսուսը տեսավ նրան, ասաց. Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս, որը թարգմանաբար, տեսանող է, կամ վեմ: Եվ նրանք ձկնորս էին: Եվ նրանք անմիջապես թողեցին ամեն ինչ և հետևեցին Հիսուսին: