Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Ղուկասի 12


ՋՍԹ, Ղուկաս 12.9–12 (համեմատի՛ր Ղուկաս ԺԲ.9–10)

(Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի):

9 Բայց ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, նա պիտի ուրացվի Աստծո հրեշտակների առաջ:

10 Արդ նրա աշակերտները գիտեին, որ սա ասաց, որովհետև մարդկանց առաջ չար էին խոսել նրա դեմ. քանզի մարդկանց առաջ վախենում էին դավանել նրան:

11 Եվ նրանք տրամաբանում էին միմյանց հետ՝ ասելով. Նա գիտի մեր սրտերը և խոսում է ի դատապարտություն մեզ և մեզ ներում չի լինի: Բայց նա պատասխանեց նրանց և ասաց.

12 Ամեն ով որ Մարդու Որդու դեմ բան ասի և ապաշխարի, նրան կներվի. բայց ով որ Սուրբ Հոգու դեմ հայհոյի, նրան չի ներվի:

ՋՍԹ, Ղուկաս 12.41–57 (համեմատի՛ր Ղուկաս ԺԲ.38–48)

(Մենք պետք է միշտ պատրաստ լինենք Տիրոջ գալստին):

41 Քանզի, ահա, նա գալիս է գիշերվա առաջին պահին, և նա պիտի գա նաև երկրորդ պահին, և դարձյալ, նա պիտի գա երրորդ պահին:

42 Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ. Նա արդեն եկել է, ինչպես որ գրվել է նրա մասին. և բացի այդ, երբ որ նա գա երկրորդ պահին կամ երրորդ պահին, օրհնված են այն ծառաները, երբ նա գա, որոնց նա կգտնի այդպես անելիս.

43 Քանզի այդ ծառաների Տերը գոտին մեջքը կկապի և նրանց սեղան կնստեցնի և առաջ կգա ու կծառայի նրանց:

44 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ այս բաները, որ դուք իմանաք սա, որ Տիրոջ գալուստը գիշերվա գողի պես կլինի:

45 Եվ դա նման է մի տանուտեր մարդու, որը, եթե չի պահպանում իր ունեցվածքը, ապա գողը գալիս է մի ժամի, որ ինքը չգիտի, և տանում է նրա ունեցվածքը և բաժանում իր ընկերների մեջ:

46 Եվ նրանք ասացին իրենց մեջ. Եթե լավ տանուտերն իմանար, թե որ ժամին էր գալու գողը, նա արթուն կմնար, և չէր թողնի, որ իր տունը մտնեին և իր ունեցվածքը կորեր:

47 Եվ նա ասաց նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք էլ ուրեմն պատրաստ եղեք. քանզի Մարդու Որդին գալիս է մի ժամի, երբ չեք սպասում:

48 Այն ժամանակ Պետրոսն ասաց նրան. Տեր, այդ առակը մե՞զ ես ասում, թե՞ բոլորին:

49 Եվ Տերն ասաց. Ես ասում եմ բոլոր նրանց, որոնց Տերը կառավարիչ կնշանակի իր գերդաստանի վրա, որպեսզի իր զավակներին իրենց բաժին կերակուրը ժամանակին տա:

50 Եվ նրանք ասացին. Ուրեմն ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան:

51 Եվ Տերն ասաց նրանց. Դա այն ծառան է, որը հետևում է, որ իր բաժին կերակուրը ժամանակին տա:

52 Օրհնված է այն ծառան, ում Տերը, երբ գա, կգտնի նրան այդպես անելիս.

53 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրան կառավարիչ կդարձնի իր ողջ ունեցվածքի վրա:

54 Բայց չար ծառան նա է, ով արթուն չի լինի: Եվ եթե այդ ծառան արթուն չգտնվի, նա կասի իր սրտում. Իմ Տերն ուշացնում է իր գալը. և կսկսի ծառաներին ու աղախիններին ծեծել, ուտել ու խմել և հարբել:

55 Այդ ծառայի Տերը կգա մի օր, որին նա չի սպասում, և մի ժամի, որ նա չգիտի, և կկտրի նրան ու նրա բաժինը կնշանակի անհավատների հետ:

56 Եվ այդ ծառան, որը գիտեր իր Տիրոջ կամքը, և պատրաստ չէր իր Տիրոջ գալուն, ոչ էլ գործում էր ըստ նրա կամքի, շատ հարվածներով պիտի ծեծվի:

57 Բայց նա, ով չգիտեր իր Տիրոջ կամքը, և ծեծի արժանի բաներ էր արել, քիչ կծեծվի: Քանզի ում որ շատ տրված է, նրանից շատ էլ կպահանջվի. և ում որ Տերը շատ է հանձնել, նրանից էլ մարդիկ շատ կպահանջեն: