Գլուխ 2
Աբրահամը թողնում է Ուրը, որ գնա Քանան – Եհովան հայտնվում է նրան Խառանում – Ավետարանի բոլոր օրհնությունները խոստացվում են նրա սերնդին, և նրա սերնդի միջոցով՝ բոլորին – Նա գնում է Քանան և այնտեղից՝ Եգիպտոս:
1 Արդ, Տեր Աստվածը սաստկացրեց սովը Ուր երկրում, այնքան, որ Առանը՝ իմ եղբայրը, մահացավ. բայց Թարան՝ իմ հայրը, դեռ ապրում էր Քաղդեացիների Ուր երկրում:
2 Եվ եղավ այնպես, որ ես՝ Աբրահամս, կնության վերցրեցի Սարային, իսկ Նաքովրը՝ իմ եղբայրը, կնության վերցրեց Մեղքային, որն Առանի դուստրն էր:
3 Արդ, Տերն ասաց ինձ. Աբրահամ, դուրս եկ քո երկրից և քո ցեղից և քո հայրական տնից դեպի մի երկիր, որը ես ցույց կտամ քեզ:
4 Հետևաբար, ես թողեցի Քաղդեացիների Ուր երկիրը, որ գնամ Քանանի երկիրը. և ես վերցրեցի Ղովտին՝ իմ եղբոր որդուն, և նրա կնոջը, և Սարային՝ իմ կնոջը. և իմ հայրը նույնպես հետևեց ինձ, մինչև այն վայրը, որը մենք անվանեցինք Խառան:
5 Եվ սովը մեղմացավ. և իմ հայրը մնաց Խառանում ու բնակվեց այնտեղ, քանի որ Խառանում շատ հոտեր կային. և իմ հայրը կրկին դարձավ դեպի իր կռապաշտությունը, դրա համար նա շարունակեց ապրել Խառանում:
6 Բայց ես՝ Աբրահամս, և Ղովտը՝ իմ եղբոր որդին, աղոթեցինք Տիրոջը, և Տերը հայտնվեց ինձ և ասաց. Վեր կաց, և վերցրու Ղովտին քեզ հետ. քանզի ես նպատակով եմ հեռացրել քեզ Խառանից, որ քեզ իմ ծառան դարձնեմ՝ օտար երկրում իմ անունը կրելու համար, որը ես կտամ քո սերունդներին, քեզանից հետո, որպես հավիտենական տիրապետություն, երբ նրանք ականջ դնեն իմ ձայնին:
7 Քանզի ես եմ Տերը՝ քո Աստվածը. ես բնակվում եմ երկնքում. երկիրն իմ պատվանդանն է. ես պարզում եմ իմ ձեռքը ծովի վրա, և այն հնազանդվում է իմ ձայնին. ես քամին ու կրակն իմ կառքն եմ դարձնում. ես ասում եմ սարերին,– Հեռացե՛ք այստեղից,– և ահա, նրանք մի վայրկյանում հանկարծակի հեռացվում են պտտահողմի կողմից:
8 Իմ անունը Եհովա է, և ես ի սկզբանե գիտեմ վերջը. ուստի, իմ ձեռքը կլինի քո վրա:
9 Եվ ես քեզանից մեծ ազգ կշինեմ, և կօրհնեմ քեզ անչափ, և անունդ մեծ կդարձնեմ բոլոր ազգերի մեջ, և դու օրհնություն կլինես քո գալիք սերնդի համար, այնպես որ նրանք իրենց ձեռքերում կտանեն այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին.
10 Եվ ես կօրհնեմ նրանց քո անվան միջոցով. քանի որ, բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, կկոչվեն քո անունով, և կհամարվեն քո սերունդը, և վեր կկենան ու կօրհնեն քեզ, որպես իրենց հայր.
11 Եվ ես կօրհնեմ նրանց, ովքեր օրհնում են քեզ, և կանիծեմ նրանց, ովքեր անիծում են քեզ. և քեզանով (այսինքն՝ քո Քահանայությունով) և քո սերնդով (այսինքն՝ քո Քահանայությամբ), քանզի ես տալիս եմ քեզ խոստում, որ այս իրավունքը կշարունակվի քեզանով և քո գալիք սերնդով (նկատի ունենալով անմիջական սերունդը, կամ մարմնական սերունդը) երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն, այսինքն՝ Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն՝ հավերժական կյանքի օրհնություններն են:
12 Արդ, երբ Տերը հեռացել էր ինձ հետ խոսելուց, և հեռացրել էր իր երեսն ինձանից, ես ասացի իմ սրտում. Քո ծառան լրջորեն փնտրում էր քեզ. այժմ ես գտել եմ քեզ.
13 Դու ուղարկեցիր քո հրեշտակին, որ ազատի ինձ Եղկենայի աստվածներից, և ես լավ կանեմ, որ ականջ դնեմ քո ձայնին, հետևաբար, թող որ քո ծառան վեր կենա ու խաղաղությամբ հեռանա:
14 Այդպես, ես՝ Աբրահամս, հեռացա, ինչպես Տերն ասաց ինձ, և Ղովտն էլ ինձ հետ. և ես՝ Աբրահամս, վաթսուն և երկու տարեկան էի, երբ դուրս եկա Խառանից:
15 Եվ ես վերցրեցի Սարային, որին կնության էի վերցրել, երբ Քաղդեայի Ուրում էի, և Ղովտին՝ իմ եղբոր որդուն, և բոլոր մեր ստացվածքը, որ հավաքել էինք, և այն հոգիներին, որոնց շահել էինք Խառանում, և մենք առաջ ընկանք՝ ճանապարհվելով դեպի Քանանի երկիրը և բնակվելով վրաններում, մինչ գնում էինք մեր ճանապարհով.
16 Հետևաբար, հավերժությունն էր մեր ծածկը և մեր վեմն ու փրկությունը, մինչ մենք ճամփորդում էինք Խառանից, Երսոնի ճանապարհով, որպեսզի գանք Քանանի երկիրը:
17 Արդ, ես՝ Աբրահամս, մի զոհասեղան կառուցեցի Երսոնի երկրում, և մատուցում արեցի Տիրոջը, և աղոթեցի, որ սովը հեռանա իմ հոր տնից, որ նրանք չմեռնեն:
18 Եվ ապա, մենք անցանք Երսոնից, այդ երկրի միջով, դեպի Սյուքեմ վայրը. այն գտնվում էր Մորեի դաշտերում, և մենք արդեն հասել էինք Քանանացիների երկրի սահմաններին, և այնտեղ՝ Մորեի դաշտերում, ես զոհ մատուցեցի և սրտանց կանչեցի առ Տերը, որովհետև մենք արդեն հասել էինք այս կռապաշտ ազգի երկիրը:
19 Եվ Տերը հայտնվեց ինձ՝ ի պատասխան իմ աղոթքներին, և ասաց ինձ. Քո սերնդին եմ տալու այս երկիրը:
20 Եվ ես՝ Աբրահամս, վեր կացա այն զոհասեղանի տեղից, որը կառուցել էի Տիրոջ համար, և հեռացա այնտեղից դեպի Բեթելի արևելքում գտնվող սարը և խփեցի իմ վրանն այնտեղ, Բեթելը՝ արևմուտքում, իսկ Գային՝ արևելքում. և այնտեղ ես կառուցեցի մեկ ուրիշ զոհասեղան Տիրոջ համար և կրկին կանչեցի Տիրոջ անունը:
21 Եվ ես՝ Աբրահամս, ճամփորդում էի, գնալով դեռևս հարավի ուղղությամբ. և սովը շարունակվում էր երկրում. և ես՝ Աբրահամս, վճռեցի իջնել Եգիպտոս, պանդուխտ լինելու այնտեղ, քանզի սովը չափազանց սաստկացել էր:
22 Եվ եղավ այնպես, երբ ես մոտեցել էի, որ մտնեի Եգիպտոս, Տերն ասաց ինձ. Ահա, Սարան՝ քո կինը, շատ գեղեցիկ տեսքով կին է.
23 Հետևաբար, այնպես կլինի, որ երբ Եգիպտացիք տեսնեն նրան, նրանք կասեն,– Սա նրա կինն է. և նրանք կսպանեն քեզ, բայց նրան կենդանի կպահեն. հետևաբար, տես, որ դու անես այսպես.
24 Թող նա Եգիպտացիներին ասի, որ քո քույրն է, և քո հոգին կապրի:
25 Եվ եղավ այնպես, որ ես՝ Աբրահամս, ասացի Սարային՝ իմ կնոջը, այն ամենը, ինչ Տերն ասել էր ինձ,– Հետևաբար, ասա նրանց, խնդրում եմ քեզ, որ դու իմ քույրն ես, որ քո շնորհիվ ինձ համար լավ լինի և քո շնորհիվ իմ հոգին ապրի: