Երիտասարդներին զորացնելու համար
Տանել բոլոր բաները
Հուլիս 2024


«Տանել բոլոր բաները», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024։

Տանել բոլոր բաները

Ձախորդությունները Երկնային Հոր ծրագրի մասն են: Բայց ինչ եք անում, երբ դրանք տեղի են ունենում անսպասելի և առանց նախազգուշացման:

Նկար
մարդը վազում է անտառով

Նկարը՝ Պաուլինա Վիրթի

Այդ չարաբաստիկ առավոտյան մեկ անգամ չէ, որ վստահ էի, որ մահանալու եմ: Երբ տեսնում էի այդ ամբողջ արյունը՝ իմ արյունը, որը ներծծվում էր արահետի մեջ, և զգում էի գորշ արջի վայրագությունը, որը կատաղած պտտվում էր իմ շուրջը՝ ատամներն ու ճանկերը պարզած, ես ինձ զգում էի ջախջախված և անհույս:

Կատարյալ առավոտ

Ինչպիսի մեծ հակադրություն՝ ընդամենը երկու ժամ առաջվա իրավիճակի համեմատ: Ես երանությամբ ճամփա ընկա հեռավոր շրջանները տանող ճանապարհով: Այդ ամառվա հրաշալի օրերից մեկն էր արևմտյան Վայոմինգի (ԱՄՆ) բարձրադիր վայրերում: Երկինքը նեոնային կոբալտ կապույտի երանգ ուներ, վայրի ծաղիկները ծածկել էին սարալանջերը, իսկ առավոտյան օդը զով ու թարմ էր, բայց հաճելի: Կատարյալ օր էր լեռներում 15 մղոն (24 կմ) վազելու համար։

Դա դասական մարզումային վազք էր: Ես փորձում էի իմ ուժն ու տոկունությունը կուտակել մարաթոնի համար, որին ընդամենը երկու ամիս էր մնացել: Վազորդները մեծացնում են ուժը՝ կրկնվող կարճ տարածություններով վազելով: Սա զարգացնում է տոկունություն, որն իր հերթին ամրացնում է ճկունությունը:

Ես չգիտեի, որ շուտով ինձ պետք կգա իմ տոկունության և ուժի յուրաքանչյուր կաթիլը, քանի որ ես կմասնակցեի իմ կյանքի մրցավազքին:

Հանկարծակի հարձակում

Հետ նայելով հասկանում եմ, ես պետք է տեսնեի նշանները: Ի վերջո, Տերն ասում է մեզ, որ Նա «գալիք բաների մասին կպատմի [մեզ]» Սուրբ Հոգու զորությամբ (Հովհաննես 16.13): Երեց Գարի Ի. Սթիվենսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է. «Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ՝ նախապես զգուշացնելով ձեզ ֆիզիկական և հոգևոր վտանգների մասին»: Եվ Նա արեց այդ:

Իմ վազքից ընդամենը մի քանի րոպե անց ես նայեցի ներքև և ինչ-որ բան նկատեցի: Սիրտս արագ բաբախեց, երբ իմ դիմաց՝ կեղտի մեջ տեսա արջի հետքի անսխալական ուրվագիծը։ Դա հստակ նախազգուշացում էր։ Հիմարաբար, ես հիմնավորեցի, որ արջը իսկապես անցել է այս ճանապարհով, բայց մինչ այժմ ես ապահով էի: Անհանգստանալու կարիք չկա, այդպես չէ՞: Եվ այսպես ես շարունակեցի վազել։

Մեկ ժամ չանցած, ես մի փոքր վերելք բարձրացա և բլրով իջա դեպի խիտ անտառապատ բացատը։ Երբ վազում էի բլրի ստորոտի ոլորանով, լսեցի մի բախման ձայն՝ այնքան ուժեղ, այնքան դաժան, որ պարանոցիս հետևի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Ես անմիջապես կանգ առա և դանդաղ հայացք նետեցի դեպի ձախ։ Հետո սարսափից քարացա։ Ձայնը, որը ես արագ ճանաչեցի որպես կոտրվող ճյուղեր, գալիս էր մեծ արագությամբ։ Հետո ես տեսա մի տեսարան, որը երբեք չեմ մոռանա. մեծահասակ գորշ արջը թռչում էր ուղիղ դեպի ինձ։

Նկար
հարձակվող արջ

Դրան հաջորդող սարսափելի հարձակումը պետք է որ խլեր իմ կյանքը: Սա ակնհայտորեն շատ զայրացած արջ էր, որին ես զարմացրել էի, երբ շատ արագ վազքով հայտնվել էի այդ բացատում: Սակայն, այն պահին, երբ ես կարծում էի, որ մահը հաստատ վրա է հասել, հաջորդեց իմ կյանքի ամենաանկեղծ աղոթքը: Այնուհետև, միջամտեցին երկնքից իջնող ողորմությունները:

Անբացատրելի կերպով արջը դադարեցրեց իր անողոք հարձակումը և փախավ անտառ։ Դա լավ նորություն էր։ Վատ լուրն այն էր, որ ես 16 ծանր վերքեր ունեի արջի ատամներից և ճանկերից, մենակ էի անտառում, արյունով պատված, և մոտակա զբոսայգու ճանապարհից 11 մղոն (18 կմ) հեռավորության վրա՝ առանց որևէ օգնության:

Որոշման պահը

Ես հանկարծ հայտնվեցի իմ կյանքի գլխավոր որոշումը կայացնելու կետում: Եթե դուք նման պահ չեք ունեցել, վստահ եղեք, որ կունենաք: Ձախորդությունները Երկնային Հոր ծրագրի մասն են: Բարեբախտաբար, արջի կողմից հարձակման ենթարկվելն այդ ցուցակում չէ, գոնե մեզանից շատերի համար: Բայց ինչ-որ պահի, դուք կարող եք ճնշված զգալ ցանկացած ձախորդության պատճառով, որին դուք բախվում եք: Դա անհույս զգացողություն է, որը Տերը մի անգամ վառ կերպով նկարագրել է որպես «դժոխքի ծնոտները», որոնք «լայն [կ]բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան» (Վարդապետություն և Ուխտեր 122.7):

Ձեր կյանքի այդ ճգնաժամերի խաչմերուկում դուք պետք է որոշում կայացնեք: Դուք կարող եք հանձնվել, պառկել ու մեռնել; կամ կարող եք ինչ-որ կերպ համախմբել ձեր ողջ քաջությունն ու ուժը և խիզախորեն պայքարել՝ վստահ լինելով, որ եթե դուք կատարեք ձեր բաժինը, Տերը կկատարի Իրենը: Տերը Ջոզեֆ Սմիթին բացատրեց կյանքի փորձությունների նպատակը, երբ նա բանտարկված էր Լիբերթիի բանտում. «Այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 122.7):

Եվ դրանք ձեզ օգուտ են բերում: Դրանք հղկում և կատարելագործում են ձեզ, երբ դուք ուժեղանում եք և ձևավորում եք ճկունություն: Ահա թե ինչու Տերն ասաց Ջոզեֆին, նաև ասում է ձեզ՝ «շարունակիր ճանապարհդ», ի դեմս փորձությունների և ձախորդությունների (Վարդապետություն և Ուխտեր 122.9): Նույնիսկ, եթե դուք ձեռքերով կառչած եք կյանքին, նկատում եք, որ ձեր ուժը չնչին է Տիրոջ ուժի համեմատ: Ինչպես Նա է խոստացել՝ Ինքը «հզոր է փրկելիս» (2 Նեփի 31.19):

Շարունակեք

Դա հենց այն էր, ինչը կատարվեց ինձ հետ: Հանձնվելու փոխարեն ես որոշեցի վեր կենալ։ Ես վճռել էի ապրել, ինչը նշանակում էր, որ պետք է օգնություն գտնեի: Անընդհատ սայթաքելով՝ արահետով քայլեցի ավելի քան մեկ մղոն, և վերջապես հանդիպեցի անտառում գտնվող միակ այլ խումբ մարդկանց: Այդ հրաշք հանդիպումն ի վերջո հանգեցրեց ուղղաթիռով փրկարարական աշխատանքներին, երեք փրկարար վիրահատությունների և «շարունակիր ճանապարհդ» վճռականության օրհնության ավելի հստակ ըմբռնմանը։

Նկար
Մայքլ Ա. Դանը հիվանդանոցում

Երեց Դանը օգնություն գտավ, փրկվեց և անցավ երեք փրկարար վիրահատությունների միջով:

Այդ փորձառությունը մեծացրեց իմ ուժը, վճռականությունը և հավատքը: Այն նաև զորացրեց և պատրաստեց ինձ հաղթահարել կյանքի այլ մարտահրավերները: Ես համոզված եմ, որ երբ դուք «հանդուրժ[եք ամեն բան], ամեն բանի հավատ[աք], ամեն բանի հանդեպ հույս ուն[ենաք], ամեն բանի համբեր[եք]» (Ա Կորնթացիներին 13.7), ապա կձևավորեք ճկունություն և ուժ, որն անհրաժեշտ է մարտահրավերներին դիմակայելու համար: Դուք կտեսնեք, թե ինչպես է Տիրոջ ձեռքը ձեզ հավասարեցնում այն ամենին, ինչը հանդիպում է ձեր ճանապարհին, նույնիսկ, եթե դրանք հենց «դժոխքի ծնոտներն» են։

Տպել