Երիտասարդներին զորացնելու համար
Սայթաքումից մինչև հաղթանակ
Հուլիս 2024


«Սայթաքումից մինչև հաղթանակ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024։

Սայթաքումից մինչև հաղթանակ

Երբեք չպետք է հանձնվեք, նույնիսկ, երբ վայր եք ընկնում: Հավատացեք ինձ:

Նկար
Վազորդը հատում է ավարտի գիծը

Լուսանկար 2023 թվականի Տոյոտա ԱՄՆՃԴ (Toyota USATF) բացօթյա առաջնությունից, 2023 թվականի հուլիսի 8, ԱՄՆՃԴ-ից (USATF)

2022 թվականին ես մասնակցեցի 3000 մետր արգելքներով մրցավազքի Միացյալ Նահանգների ազգային առաջնությանը։ Վազքը կատարվում է մոտ յոթուկես պտույտ ուղու շուրջը, և յուրաքանչյուր պտույտում կա հինգ փայտե արգելապատնեշ, որոնց վրայով պետք է ցատկել, այդ թվում՝ մեկը ջրափոսից առաջ:

Ես մրցավազքի երկու շրջան էի անցել, երբ իմ դիմացի տղան սայթաքեց, և ես քիչ մնաց ընկնեի նրա վրա: Նա անցավ պատնեշի վրայով, բայց ես չանցա, ընկա:

Ես դանդաղ վեր կացա, քանի որ մի փոքր կորցրել էի վստահությունս: Ապա մտածեցի. «Թողնե՞մ և ուղղակի դո՞ւրս գամ ուղուց»: Բայց ես պատրաստվել էի: Ես նախապես որոշել էի, որ կշարունակեմ առաջ գնալ, եթե ընկնեմ, ուստի նորից սկսեցի վազել: Ես այնուամենայնիվ, ցանկանում էի գործադրել հնարավոր լավագույն ջանքերը, նույնիսկ, եթե չհաղթեի:

Ինձնից երկու պտույտ պահանջվեց, մինչև ես հասա այն տղային, որը կանգնած էր առաջին խմբի հետևի մասում: Շուտով մնաց երեք շրջան, իսկ հետո՝ երկու շրջան։ Սկսեցի մտածել, որ կարող եմ հայտնվել լավագույն եռյակում: Բայց ես բավականին հոգնած էի, և ինձ կես շրջան էր մնացել՝ անցնելու մի քանի տղաների: Ես չորրորդն էի, բայց հետո վերջին ջրային ցատկը իսկապես լավ կատարեցի: Եվ ես մտածեցի. «Այո, ես կարող եմ հաղթել այս մրցավազքում»:

Երբ ավարտեցի այդ վերջին 50 մետրը, հասկացա, որ հաղթելու եմ: Դա տարօրինակ էր և անիրական։ Ես մտածեցի. «Մի՞թե հենց հիմա ես իսկապես հաղթում եմ»: Եվ ես հաղթեցի: Ես հաղթեցի մրցավազքում՝ ընկնելուց հետո:

Ավելի ուշ ես հասկացա, որ կան որոշ դասեր, որոնք մենք կարող ենք քաղել կատարվածից:

1. Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ

Երբ ես ընկա, ուզում էի որքան հնարավոր է արագ հասնել մյուսներին: Բայց ես ստիպված էի առաջ գնալ վերահսկվող և չափավոր արագությամբ, խնայելով ուժերս, որպեսզի հնարավոր լինի ավարտել մրցավազքը: Կա մի սուրբ գրություն, որն ասում է. «Եվ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ» (Եբրայեցիներին 12.1): Դուք պարտավոր չեք միանգամից հաջողության հասնել կյանքում։ Երբեմն դա որոշ ժամանակ է պահանջում:

2. Շարունակեք առաջ ընթանալ

Նորմալ է զգալ, որ երբեմն ուզում ես հանձնվել: Երբ ես ընկա, չէի մտածում, որ կարող եմ հաղթել, բայց որոշեցի շարունակել: Միշտ հույս կա, երբ ընկնում եք, պարզապես պետք է վեր կենալ և կրկին փորձել: Փրկիչը կօգնի ձեզ հաղթահարել ձեր ունեցած մարտահրավերները: Ապավինեք և շարունակեք հավատալ նրան, ինչը գիտեք, որ ճշմարիտ է, ձեռք մեկնեք և օգնություն խնդրեք ուրիշներից: Ամեն ինչ ի վերջո կբարելավվի։

3. Ապավինեք Հիսուս Քրիստոսին

Երաշխավորված չէր, որ ես կհաղթեմ մրցավազքում ընկնելուց հետո: Բայց երբ մենք հեռանում ենք ավետարանից, երբ սխալներ ենք գործում կամ մեղանչում, միշտ կարող ենք գալ Քրիստոսի մոտ, անկեղծորեն ապաշխարել ու ներվել: Նա կօգնի մեզ ոտքի կանգնել: Մենք ունենք մեծ ներուժ՝ ավելի լավը լինելու և առաջադիմելու ներուժ: Նույնիսկ, եթե մենք նորից ու նորից ընկնենք, եթե շարունակենք ապաշխարել ու փորձել հետևել Փրկչին, ապա Նա խոստանում է, որ մենք կարող ենք հաղթել կյանքի մրցավազքում:

Տպել