2010–2019 թթ․
Դարձի եկեք դեպի Տերը
Հոկտեմբեր 2013


11:33

Դարձի եկեք դեպի Տերը

Իրական դարձը տեղի է ունենում, երբ շարունակում եք գործել՝ ըստ այն վարդապետությունների, որոնք գիտեք, որ ճշմարիտ են և պահում եք պատվիրանները օրեցօր, ամիս առ ամիս:

Եղբայրեներ և քույրեր, ինչպիսի խոնարհեցնող փորձառություն է կանգնել այս ամբիոնում, որտեղ իմ կյանքի այնքան շատ հերոսներ են կանգնել: Կկամենայի կիսվել ձեզ հետ սրտիս մի քանի զգացումներով և դրանք ուղղել հատկապես երիտասարդությանը:

Հին Կտակարանի մեծ հերոսներից մեկը մարգարե զորավար Հեսուն էր: Նա ուղղեց այս հրավերը Իսրայելի զավակներին, որոնց առաջնորդում էր. «Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու. … բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու»:1 Հեսուի հայտարարությունը ցույց է տալիս ճշմարիտ դարձ դեպի ավետարանը: Հեսուի և մեզ բոլորիս համար՝ դարձը դեպի ավետարանի սկզբունքները գալիս է ավետարանի սկզբունքներով արդարկյաց ապրելու միջոցով և հավատարիմ լինելով Տիրոջ հետ կապած մեր ուխտերին:

Ես կկամենայի կիսվել դարձի մի պատմությամբ իմ ընտանիքի պատմությունից իմ մյուս հերոսների մասին: Նրա անունը Ագնես Հոգան էր, և նա ու իր ամուսինը միացան Եկեղեցուն Շոտլանդիայում 1861թ.: Տանելով մեծ հալածանքներ իրենց հայրենիքում, նրանք գաղթեցին Ամերիկա իրենց երեխաների հետ: Մի քանի տարի անց Ագնեսը այրիացավ, ունենալով ութ երեխա, որոնց մասին նա պետք է հոգար, և նա տքնաջան աշխատում էր նրանց կերակրելու և հագցնելու համար: Նրա 12 տարեկան դուստրը՝ Իզաբելը, բավականին հաջողակ գտնվեց՝ սպասուհու աշխատանք գտնելով մի հարուստ՝ ոչ ՎՕՍ ընտանիքում:

Իզաբելն ապրում էր նրանց ընդարձակ տանը և օգնում էր հոգալ նրանց փոքր երեխաների մասին: Իր ծառայությունների դիմաց նրա մայրիկն ամեն շաբաթ ստանում էր փոքր աշխատավարձ: Շուտով Իզաբելն ընդունվեց որպես ընտանիքի անդամ և սկսեց վայելել ընտանիքի արտոնություններից շատերը, ինչպես օրինակ՝ պարի դասերը, գեղեցիկ հագուստները և թատրոն հաճախելը: Այդ պայմանավորվածությունը շարունակվեց չորս տարի, մինչև որ ընտանիքը, որի համար Իզաբելն աշխատում էր, տեղափոխվեց մեկ այլ նահանգ: Նրանք այնքան էին հավանում Իզաբելին, որ մոտեցան նրա մայրիկին՝ Ագնեսին, և թույլտվություն խնդրեցին պաշտոնապես որդեգրել նրան: Նրանք խոստացան, որ կապահովեին նրան լավ կրթությամբ, հոգ կտանեին, որ նա հաջող ամուսնանար և իրենց սեփական երեխաների հետ միասին նրան կդարձնեին իրենց ունեցվածքի ժառանգորդ: Նրանք նաև կշարունակեին վճարումներ կատարել Ագնեսին:

Մաքառումների մեջ գտնվող այս այրին և մայրը խիստ դժվարին որոշում պետք է ընդուներ, բայց նա ոչ մի վայրկյան չտատանվեց: Լսեք շատ տարիներ հետո նրա թոռնուհու գրած խոսքերը. «Եթե նրա սերը չստիպեր նրան ոչ ասել, ապա նա ուներ նույնիսկ ավելի ծանրակշիռ պատճառ՝ նա եկել էր Շոտլանդիայից այդ ողջ ճանապարհը և հանուն Ավետարանի անցել չարչարանքների և փորձությունների միջով, և նա մտադիր չէր, եթե մարդկայնորեն հնարավոր էր, թողնել իր երեխային կորցնել այն, ինչը ձեռք բերելու համար նա եկել էր այսքան հեռու»:2 Հարուստ ընտանիքը օգտագործեց ամեն հնարավոր փաստարկ և Իզաբելն ինքն էր արտասվում և աղերսում, որ թույլ տրվեր իրեն գնալ, բայց Ագնեսն ամուր մնաց: Ինչպես պատկերացնում եք, 16-ամյա Իզաբելը այնպես էր զգում, կարծես իր կյանքը կործանվեց:

Իզաբել Հոգանը իմ մեծ տատիկն է, և ես շատ երախտապարտ եմ այն վկայության և համոզմունքի համար, որն այնպես պայծառ էր վառվում նրա մոր սրտում, որ թույլ չտվեց նրան փոխանակել իր դստեր Եկեղեցու անդամակցությունը աշխարհիկ խոստումների հետ:Ագնեսի խորը արմատավորված հավատքի և դեպի ավետարանը նրա դարձի գալու շնորհիվ այսօր նրա հարյուրավոր ժառանգներ Եկեղեցու անդամության օրհնությունները վայելող շահառուներն են:

Երիտասարդ բարեկամներ, մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում և որոշումները, որոնք դուք կոչված եք կայացնելու ամեն օր և նույնիսկ ամեն ժամ, հավերժական հետևանքներ ունեն: Որոշումները, որոնք դուք ընդունում եք ձեր ամենօրյա կյանքում, կսահմանեն այն, ինչ կպատահի ձեզ հետ հետագայում: Եթե դուք չունեք ամուր արմատավորված վկայություն և համոզմունք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո արքայությունն է երկրի վրա, այժմ է ժամանակը անել ինչ պահանջվում է՝ այդ համոզմունքը ձեռք բերելու համար: Այդպիսի համոզմունք վաստակելու համար պահանջվող ջանքերի հետաձգումը կարող է վտանգավոր լինել ձեր հոգու համար:

Իսկական դարձն ավելին է, քան պարզապես ավետարանի սկզբունքների մասին գիտելիք ունենալը և նույնիսկ ավելին է, քան ուղղակի այդ սկզբունքների վերաբերյալ վկայություն ունենալը: Հնարավոր է ավետարանի մասին վկայություն ունենալ՝ առանց դրանով ապրելու: Իսկապես դարձի գալը նշանակում է, որ մենք գործում ենք հիմնվելով նրա վրա, ինչին մենք հավատում ենք և թույլ տալիս ստեղծել «հզոր փոփոխություն մեր մեջ կամ մեր սրտերում»»:3 Հավատքին հավատարիմ գրքույկում մենք կարդում ենք, որ «դարձի գալը գործընթաց է, ոչ թե իրադարձություն: Դուք դարձի եք գալիս Փրկչին հետևելու արդար ջանքերի հետևանքով»:4 Դա պահանջում է ժամանակ, ջանքեր և աշխատանք: Իմ մեծ տատիկն ուներ ուժեղ համոզմունք, որ ավետարանն ավելի կարևոր էր իր երեխաների համար, քան այն բոլորն, ինչ աշխարհն էր առաջարկում հարստության և հարմարավետության տեսքով, քանի որ նա զոհաբերել էր, դիմացել և ապրել ավետարանով: Նա դարձի էր եկել ավետարանի սկզբունքներով ապրելու և դրանց համար զոհաբերելու հետևանքով:

Մենք պետք է անցնենք այդ նույն գործընթացով, եթե ուզում ենք ձեռք բերել այդ նույն տիպի պարտավորություն: Փրկիչն ուսուցանել է. «Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար, թե արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում»:5 Երբեմն, մենք փորձում ենք անել դա հակառակ ուղղությամբ: Օրինակ՝ մենք հնարավոր է կիրառենք այս մոտեցումը՝ Ես երջանիկ կլինեմ ապրել տասանորդի օրենքով, բայց նախ՝ ես պետք է իմանամ, որ այն ճշմարիտ է: Մենք գուցե, նույնիսկ, աղոթենք տասանորդի օրենքի վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար և հուսանք, որ Տերը կօրհնի մեզ այդ վկայությամբ, նախքան երբևէ կլրացնենք տասանորդի թերթիկը: Դա ուղղակի չի գործում այդ ձևով: Տերն ակնկալում է, որ մենք հավատք գործադրենք: Մենք պետք է հետևողականորեն լրիվ և ազնիվ տասանորդ վճարենք, որպեսզի վկայություն ձեռք բերենք տասանորդի վերաբերյալ: Այս նույն գործելակերպը վերաբերում է ավետարանի բոլոր սկզբունքներին, լինի դա մաքրաբարոյության օրենքը, համեստության սկզբունքը, Իմաստության խոսքը կամ ծոմի օրենքը:

Ես կկամենայի կիսվել մի օրինակով, թե ինչպես որևէ սկզբունքով ապրելն օգնում է մեզ դարձի գալ դեպի այդ սկզբունքը: Ես երիտասարդ աղջիկ էի 60-ականների ժամանակ և միակ ՎՕՍ աղջիկը իմ ավագ դպրոցում: Դա հեղափոխական ժամանակաշրջան էր, որը բնորոշվում էր ավանդական բարոյականության մերժումով, թմրանյութերի օգտագործմամբ և «ամեն ինչ կարելի է» մտածելակերպով: Իմ հասակակիցներից շատերը լավ մարդիկ էին, բայց նրանք հեշտությամբ տարվեցին այս նոր բարոյականության հովերով, որն իրականում ուղղակի հին անբարոյականությունն էր: Ծնողներս և ուսուցիչներս եկեղեցում իմ մեջ տպավորել էին մարմնիս հարգանքով վերաբերվելու արժեքը, միտքս մաքուր պահելը և ամենից կարևորը Տիրոջ պատվիրաններին վստահել սովորելը: Ես որոշեցի խուսափել իրավիճակներից, որտեղ գիտեի, որ ալկոհոլ էր լինելու և մնալ մաքուր ծխախոտից և թմրանյութերից: Դա հաճախ նշանակում էր, ես չէի հաճախում երկույթների և հազվադեպ էի ժամադրվում: Թմրանյութերի օգտագործումը դառնում էր ավելի ու ավելի սովորական երիտասարդների շրջանում և վտանգներն այնքան լավ հայտնի չէին ինչպես այժմ: Իմ հասակակիցներից շատերը հետագայում մնայուն վնաս կրեցին հոգեմետ դեղամիջոցներից կամ ձեռք բերեցին լուրջ հակվածություն: Ես երախտապարտ եմ, որ ինձ ուսուցանվել էր ապրել Իմաստության Խոսքով իմ տանը, և ես ձեռք բերեցի խորը վկայություն ավետարանի այդ սկզբունքի վերաբերյալ, երբ հավատք գործադրեցի և ապրեցի դրանով: Լավ զգացողությունը, որն ինձ պատեց ավետարանի ճշմարիտ սկզբունքով ապրելուց, Սուրբ Հոգու Ոգին էր, որը հաստատեց, որ սկզբունքը ճշմարիտ էր: Այդ ժամանակ է, երբ իսկական դարձ է տեղի ունենում:

Մարգարե Մորոնին Մորմոնի Գրքում ուսուցանել է. «Ես կկամենայի ցույց տալ աշխարհին, որ հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում. ուստի, մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:6 Մեր աշխարհում, որտեղ ակնկալիքը վայրկենական բավականությունն է, մենք հաճախ մեղավոր ենք՝ սպասելով պարգևատրության առանց դրա համար աշխատելու: Ես հավատում եմ, որ Մորոնին ասում է մեզ, որ եթե մենք առաջինը կատարենք աշխատանքը և հավատք գործադրենք, ապրելով ավետարանով, ապա կստանանք վկայություն, որ այն ճշմարիտ է: Իրական դարձը տեղի է ունենում, երբ շարունակում եք գործել՝ ըստ այն վարդապետությունների, որոնք գիտեք, որ ճշմարիտ են և պահում եք պատվիրանները օրեցօր, ամիս առ ամիս:

Եկեղեցում երիտասարդ լինելը մի փառահեղ ժամանակ է : Դուք առաջինն եք, որ մասնակցում եք երիտասարդական Հետևիր Ինձ ծրագրին, որի նպատակներից մեկն է՝ ձեզ դարձի բերել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Լավ կլինի հիշեք, որ անկախ նրանից, թե որքան ոգեշնչված են ձեր ծնողներն ու երիտասարդության ղեկավարները, դուք եք կրում ձեր սեփական դարձի հիմնական պատասխանատվությունը: Ոչ ոք չի կարող դարձի գալ ձեր փոխարեն, և ոչ ոք չի կարող ստիպել ձեզ դարձի գալ»:7 Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք ջանասեր ենք մեր աղոթքներն ասելիս, սուրբ գրություններն ուսումնասիրելիս, եկեղեցի հաճախելիս և տաճարային արարողություններին մասնակցելու համար արժանի լինելիս: Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք գործում ենք արդարակյաց սկզբունքների վրա հիմնվելով, որոնք սովորում ենք մեր տներում և դասարանում: Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք ապրում ենք ավետարանով, վայելում Սուրբ Հոգու ընկերակցությունը և ապրում մաքուր և առաքինի կյանքով: Այն գալիս է, երբ մենք հասկանում ենք Հիսուս Քրիստոսի Քավությունը, ընդունում ենք Նրան որպես մեր Փրկիչ և Քավիչ և թույլ ենք տալիս, որ Քավությունը գործի մեր կյանքում:

Ձեր անձնական դարձը կօգնի ձեզ, երբ դուք պատրաստվեք ուխտեր կապել տաճարում, միսիա ծառայել և հիմնել ձեր իսկ ապագա տները: Երբ դուք դարձի եկած եք, դուք ցանկություն կունենաք կիսվել ուրիշների հետ այն, ինչ սովորել եք և ձեր վստահությունն և համոզմունքով ու զորությամբ ուրիշներին վկայելու ձեր ունակությունը կմեծանա: Ուրիշների հետ ավետարանով կիսվելու այս ցանկությունը և համարձակորեն վկայելու վստահությունը իսկական դարձի բնական արդյունքներն են: Փրկիչն ուսուցանեց Պետրոսին. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»:8

Հիշեք մարգարե զորավար Հեսուին: Նա ոչ միայն ինքն էր դարձի եկած, այլ մինչև իր կյանքի վերջ անխոնջ ջանում էր Իսրայելի զավակներին դարձի բերել դեպի Աստված: Մենք կարդում ենք Հին Կտակարանում. «Եվ Իսրայէլը Տիրոջը պաշտեց Հեսուի բոլոր օրերումը»:9 Իսկապես դարձի եկած անձնավորությունը ապավինում է Քավությանը և փրկում է իր սեփական հոգին և ապա գործադրում հզոր ազդեցություն բոլոր նրանց վրա, ովքեր նրան գիտեն:

Ավետարանով ապրելը և սուրբ տեղերում կանգնելը միշտ չէ հարմարավետ կամ հեշտ, բայց ես վկայում եմ, որ դա արժե: Տերը խորհուրդ տվեց Էմմա Սմիթին «մի կողմ դնել այս աշխարհի բաները և ավել լավ բաների ձգտել»:10 Կարծում եմ, մենք ուղղակի չենք պատկերացնում, թե որքան սքանչելի է այդ «ավելի լավ բաների» աշխարհը:

Ես վկայում եմ, որ մենք ունենք սիրառատ Երկնային Հայր, որի մեծագույն ցանկությունն է օգնել և օրհնել մեզ ավետարանով ապրելու և դարձի գալու մեր ջանքերում: Նա հստակորեն նշել է, որ Նրա հիմնական նպատակը և աշխատանքը մեր «անմահությունն է ու հավերժական կյանքը»:11 Նա ցանկանում է տուն բերել մեզ Իր ներկայություն: Ես վկայում եմ, որ երբ մենք գործում ենք ավետարանի վարդապետությունների վրա հիմնվելով և դրանք դնում ամենօրյա օգտագործման մեջ, մենք դարձի կգանք և կլինենք շատ բարիք գործելու միջոց մեր ընտանիքում և աշխարհում: Թող որ մենք բոլորս օրհնվենք մեր ամենօրյա ջանքերում հասնելու այդ նպատակին՝ իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով ամեն: