2010–2019 թթ․
Եկե՛ք, միացեք մեզ
Հոկտեմբեր 2013


18:1

Եկե՛ք, միացեք մեզ

Անկախ ձեր հանգամանքներից, ձեր կյանքի պատմությունից կամ ձեր վկայության ուժից, ձեզ համար տեղ կա այս Եկեղեցում:

Մի մարդ կար, ով երազում տեսել էր, թե մի մեծ դահլիճում էր, որտեղ հավաքվել էին աշխարհի բոլոր կրոնները: Նա գիտակցեց, որ յուրաքանչյուր կրոն, կարծես, բաղձալի և արժանապատիվ շատ բաներ ունի:

Նա հանդիպեց մի հաճելի ամուսնական զույգի, որոնք ներկայացնում էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, և հարցրեց. «Ի՞նչ եք դուք պահանջում ձեր անդամներից»:

«Մենք ոչինչ չենք պահանջում, – պատասխանեցին նրանք, – սակայն Տերը պահանջում է, որ պատրաստ լինենք ամեն ինչ նվիրաբերել»:

Ամուսինները սկսեցին բացատրել Եկեղեցու կոչումները, տնային և այցելությամբ ուսուցումը, լիաժամկետ միսիայում ծառայելը, շաբաթական ընտանեկան երեկոները, տաճարի աշխատանքը, բարօրության և մարդասիրական ծառայությունները և ուսուցանելու առաջադրանքները:

«Դուք վճարո՞ւմ եք ձեր ժողովրդին այն բոլոր գործերի համար, ինչ նրանք կատարում են», – հարցրեց մարդը:

«Օ՜, ոչ, – բացատրեցին ամուսինները: – Նրանք անհատույց տրամադրում են իրենց ժամանակը»:

«Բացի այդ, – շարունակեցին նրանք, – յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ շաբաթավերջին, մեր Եկեղեցու անդամները ծախսում են 10 ժամ հաճախելու կամ դիտելու գերագույն համաժողով»:

«Տասը ժամ մարդկանց համար խոսո՞ւմ են», – մտածեց մարդը:

«Իսկ ի՞նչ կասեք ձեր շաբաթական եկեղեցական ծառայությունների մասին: Որքա՞ն են դրանք տևում»:

«Երեք ժամ, ամե՛ն կիրակի»:

«Օ՜, ոչ, – ասաց մարդը: – Եվ ձեր եկեղեցու անդամներն իրականում անո՞ւմ են այն, ինչ դուք ասացիք»:

«Այո՛, և ավելին: Մենք չնշեցինք ընտանեկան պատմությունը, երիտասարդական ճամբարները, հոգևոր երեկոները, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ղեկավարների վերապատրաստումը, երիտասարդների միջոցառումները, վաղ առավոտյան սեմինարիան, Եկեղեցու շենքերի մաքրությունը, և, իհարկե, կա նաև Տիրոջ առողջության օրենք, աղքատներին օգնելու համար ամսվա մեջ մեկ անգամ ծոմապահություն և տասանորդ»:

Մարդն ասաց. «Ես շփոթված եմ: Ինչո՞ւ պետք է որևէ մարդ ցանկանա միանալ նման Եկեղեցու»:

Ամուսինները ժպտացին ու ասացին. «Մենք կարծում էինք, դա ձեզ չի հետաքրքրի»:

Ինչո՞ւ պետք է որևէ մարդ միանա նման Եկեղեցու:

Այն ժամանակ, երբ շատ եկեղեցիներ ողջ աշխարհում զգալի նվազում են թվաքանակով, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, թեև փոքր է ի համեմատ շատ այլ կրոնների, ամենաարագ աճող եկեղեցիներից մեկն է աշխարհում: 2013թ. սեպտեմբերի դրությամբ Եկեղեցին ունի ավելի քան 15 միլիոն անդամ ողջ աշխարհում:

Դրա համար կան բազմաթիվ պատճառներ. թույլ տվեք առաջարկեմ մի քանիսը:

Փրկչի Եկեղեցին

Նախ՝ այս Եկեղեցին մեր օրերում վերականգնվել է Ինքը՝ Հիսուս Քրիստոսը: Այստեղ դուք կգտնեք Իր անունից գործելու իշխանություն՝ մկրտելը մեղքերի թողության համար, շնորհելը Սուրբ Հոգու պարգևը և կնքելը երկրի վրա ու երկնքում:1

Այս Եկեղեցուն միացողները սիրում են Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ցանկանում են հետևել Նրան: Նրանք ուրախանում են գիտելիքով, որ Աստված կրկին խոսում է մարդկության հետ: Երբ նրանք ստանում են սուրբ քահանայության արարողությունները և ուխտեր են կապում Աստծո հետ, նրանք զգում են Նրա զորությունն իրենց կյանքում:2 Երբ մտնում են սուրբ տաճար, նրանք զգում են, որ Նրա ներկայության մեջ են: Երբ կարդում են սուրբ գրությունները3 և ապրում են Նրա մարգարեների ուսմունքներով, նրանք ավելի են մոտենում Փրկչին, ում այդքան սիրում են:

Գործուն հավատք

Մյուս պատճառն այն է, որ Եկեղեցին բարիք գործելու հնարավորություններ է տալիս:

Աստծուն հավատալը գովելի է, բայց մարդկանց մեծ մասը ցանկանում է անել ավելին, քան ոգեշնչող քարոզներ լսելը կամ երկնային ապարանքների մասին երազելը:4 Նրանք ցանկանում են գործի դնել իրենց հավատքը: Նրանք ցանկանում են թևքերը կշտել և ջանքեր ներդնել այս մեծ գործում:

Եվ ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ նրանք միանում են մեզ՝ նրանք շատ հնարավորություններ են ստանում բարի գործի վերածելու իրենց տաղանդները, կարեկցանքը և ժամանակը: Քանի որ աշխարհասփյուռ համայնքներում մենք չունենք վճարվող տեղական հոգևորականություն, մեր անդամները իրենք են կատարում սպասավորության աշխատանքը: Նրանք կանչվում են ոգեշնչմամբ: Երբեմն, ինքներս ենք առաջարկում կամավոր ծառայություն, երբեմն էլ՝ ուրիշներն են մեզ հանձնարարում «կամավոր» ծառայություն: Այդպիսի հանձնարարությունները մենք դիտում են ոչ թե որպես բեռ, այլ հնարավորություն իրականացնելու սիրով կապած մեր ուխտերը՝ ծառայելու Աստծուն և Նրա զավակներին:

Թանկագին օրհնություններ

Երրորդ պատճառը, թե ինչու են մարդիկ միանում Եկեղեցուն, այն է, որ աշակերտության ճանապարհով քայլելը բերում է թանկարժեք օրհնություններ:

Մենք դիտում ենք մկրտությունը որպես աշակերտության մեր ճանապարհի սկիզբ: Հիսուս Քրիստոսի հետ ամեն օր քայլելը բերում է խաղաղություն և նպատակ այս կյանքում և լիակատար ուրախություն և հավերժական փրկություն գալիք աշխարհում:

Նրանք, ովքեր հավատարմորեն հետևում են այս ճանապարհին, խուսափում են կյանքի շատ որոգայթներից, վշտից ու ափսոսանքից:

Հոգով աղքատները և սրտով մաքուրներն այստեղ գտնում են գիտության մեծ գանձեր:

Տառապյալներն ու վշտաբեկներն այստեղ գտնում են ապաքինում:

Մեղքով ծանրաբեռնվածները գտնում են մեղքի ներում, ազատություն և հանգստություն:

Նրանց, ովքեր հեռանում են

Ճշմարտության որոնումները միլիոնավոր մարդկանց են բերել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Սակայն կան ոմանք, ովքեր լքել են ժամանակին սիրված Եկեղեցին:

Կարելի է հարցնել. «Եթե ավետարանը այդքան հրաշալի է, ինչո՞ւ է որևէ մարդ հեռանում»:

Երբեմն, մենք ենթադրում ենք, որ դա այն պատճառով է, որ նրանք վիրավորվել են կամ ծուլացել կամ մեղքի մեջ ընկել: Իրականում, դա այդքան էլ հասարակ հարց չէ: Փաստորեն, չկա միայն մեկ պատճառ, որը կիրառելի լինի բոլոր իրավիճակներին:

Մեր թանկագին անդամներից ոմանց տարիներ շարունակ մտատանջում է այն հարցը, թե արդյոք պետք է իրենք առանձնանան Եկեղեցուց:

Այս Եկեղեցին հարգում է անձի կամքի ազատությունն այնքան ուժեղ, որ վերականգնվել է մի պատանիի կողմից, ով հարցեր էր տալիս և պատասխաններ էր փնտրում, այնպես որ մենք հարգում ենք նրանց, ովքեր ազնվորեն փնտրում են ճշմարտությունը: Մեր սիրտը կոտրվում է, երբ նրանց որոնումների ճանապարհը նրանց հեռու է տանում մեր սիրված Եկեղեցուց ու մեր գտած ճշմարտություններից, սակայն մենք հարգում ենք սեփական խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու նրանց իրավունքը՝ ճիշտ այնպես, ինչպես պահանջում ենք այդ արտոնությունը մեզ համար:5

Անպատասխան հարցեր

Ոմանց անհանգստացնում են անպատասխան հարցերը բաների մասին, որոնք արվել կամ ասվել են անցյալում: Մենք բացահայտ ընդունում ենք, որ մոտ 200 տարվա Եկեղեցու պատմության մեջ, որն ուղեկցվել է ոգեշնչված, պատվարժան և աստվածային իրադարձությունների չընդհատվող շարանով, ասվել և արվել են բաներ, որոնք, հնարավոր է, մարդկանց մոտ հարցեր առաջացրած լինեն:

Երբեմն, հարցերն առաջանում են, քանի որ մենք պարզապես չունենք ամբողջական տեղեկություն, և մենք, պարզապես, պետք է մի քիչ ավելի համբերատար լինենք: Երբ ողջ ճշմարտությունն, ի վերջո, հայտնի է դառնում, անտրամաբանական բաները հասկանալի են դառնում՝ ի բավարարվածություն մեզ:

Երբեմն, կա կարծիքների տարբերություն, թե որոնք են իրական «փաստերը»: Մի հարց, որը ստեղծում է կասկած մեկի մոտ, մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո կարող է հավատքն ամրապնդելու փորձառություն դառնալ մյուսի համար:

Անկատար մարդկանց սխալները

Եվ եթե կատարելապես անկեղծ լինենք, եղել են դեպքեր, երբ Եկեղեցու անդամները կամ ղեկավարները պարզապես սխալ են թույլ տվել: Հնարավոր է ասված կամ արված լինեն բաներ, որոնք համահունչ չեն եղել մեր արժեքներին, սկզբունքներին կամ վարդապետությանը:

Կարծում եմ, որ Եկեղեցին կատարյալ կլիներ, եթե ղեկավարվեր կատարյալ էակների կողմից: Աստված կատարյալ է, և Նրա վարդապետությունը մաքուր է: Բայց Նա աշխատում է մեր՝ Իր անկատար զավակների միջոցով, իսկ անկատար մարդիկ թույլ են տալիս սխալներ:

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթում կարդում ենք. «Եվ արդ, եթե կան թերություններ, դրանք մարդկանց սխալներն են, ուստի, մի դատապարտեք Աստուծո բաները, որպեսզի դուք կարողանաք անբիծ համարվել Քրիստոսի ատյանի առաջ»:6

Այդպիսին է եղել ուղին և միշտ այդպես կլինի, մինչև կատարյալ օրը, երբ Քրիստոսն Ինքը անձամբ կթագավորի երկրի վրա:

Ցավալի է, որ ոմանք գայթակղվել են մարդկանց կողմից թույլ տված սխալների պատճառով: Սակայն, չնայած դրան, վերականգնված ավետարանի հավերժական ճշմարտությունը, որ գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, ոչ խամրել է, ոչ նվազել, ոչ էլ՝ ոչնչացել:

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ և որպես մեկը, ով անձամբ մասնակցել է այս Եկեղեցու խորհուրդներին ու գործառույթներին, ես հանդիսավոր վկայում եմ, որ այս Եկեղեցու կամ նրա անդամների հետ կապված ոչ մի նշանակալի որոշում երբևէ չի կայացվում առանց լրջորեն ոգեշնչում, առաջնորդություն և վավերացում փնտրելու մեր Հավերժական Հոր կողմից: Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Աստված թույլ չի տա, որ Իր Եկեղեցին շեղվի իր նշանակված ուղուց, ոչ էլ, որ թերանա իրականացնել իր աստվածային ճակատագիրը:

Այստեղ ձեզ համար տեղ կա

Իմ խոսքն եմ հղում նրանց, ովքեր առանձնացել են Եկեղեցուց, և ասում եմ՝ իմ թանկագին ընկերներ, այստեղ ձեզ համար դեռ տեղ կա:

Եկեք և ձեր տաղանդները, պարգևները և էներգիան ավելացրեք մերին: Արդյունքում մենք բոլորս ավելի լավը կդառնանք:

Ոմանք հնարավոր է մտածեն. «Իսկ ի՞նչ անեմ իմ կասկածների հետ»:

Հարցեր ունենալը բնական բան է. ազնիվ հարցման կաղինը հաճախ սերմ է դառնում և, աճելով, ըմբռնման մեծ կաղնու վերածվում: Կան Եկեղեցու անդամներ, որոնք ոչ մի անգամ ջանք չեն թափել լուրջ կամ զգայուն հարցերի պատասխաններ գտնելու համար: Եկեղեցու նպատակներից մեկը հավատքի սերմը սնուցելն ու մշակելն է, երբեմն, նույնիսկ կասկածի և անորոշության ավազոտ հողում: Հավատքը հույս է բաների մասին, որոնք չենք տեսնում, բայց որոնք ճշմարիտ են:7

Ուստի, իմ սիրելի եղբայրներ և քույրեր՝ իմ սիրելի ընկերներ, խնդրում եմ, առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը:8 Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ կասկածը մեզ գերի դարձնի և մեզ ետ պահի աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով:

Ոմանք, հնարավոր է, ասեն. «Ես պարզապես ինձ չեմ պատկերացնում ձեր Եկեղեցու մարդկանց շարքում»:

Եթե դուք տեսնեիք ձեր սրտի խորքը, հավանաբար, կնկատեիք, որ դուք համապատասխանում եք ավելի լավ, քան կարծում եք: Դուք, հնարավոր է, զարմանայիք, որ մենք ունենք միևնույն ձգտումները, դժվարությունները և հույսերը, ինչ դուք: Ձեր անցած ճանապարհը կամ դաստիարակությունը կարող է տարբեր թվալ նրանից, ինչ դուք լսել եք Վերջին Օրերի Սրբերի մասին, սակայն դա կարող է օրհնություն լինել: Եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, մեզ պետք են ձեր ուրույն տաղանդներն ու հեռանկարները: Մարդկանց և ժողովուրդների բազմազանությունը ողջ աշխարհով մեկ այս Եկեղեցու ուժն է:

Ոմանք, հնարավոր է, ասեն. «Ես չեմ կարծում, որ կարող եմ ապրել ըստ ձեր չափանիշների»:

Դա գալու ավելի մեծ առիթ է: Եկեղեցին նախատեսված է սնուցելու թերի մարդկանց, մաքառողներին և ուժասպառներին: Այն լի է մարդկանցով, ովքեր ողջ սրտով ցանկանում են պահել պատվիրանները, նույնիսկ եթե նրանք դեռ չեն սերտել դրանք:

Ոմանք, հնարավոր է, ասեն. «Ես գիտեմ ձեր Եկեղեցու մի անդամի, որը կեղծավոր է: Ես երբեք չեմ կարող միանալ մի եկեղեցու, որի անդամը նման մարդ է»:

Եթե, ըստ ձեզ, կեղծավորն այն մարդն է, որը թերանում է կատարելապես ապրել իր համոզմունքներով, ապա մենք բոլոր կեղծավորներ ենք: Մեզանից ոչ ոք էլ այնքան Քրիստոսանման չէ, որքան գիտենք, որ պետք է լինենք: Այնուամենայնիվ, մենք լրջորեն ցանկանում ենք հաղթահարել մեր թուլությունները և մեղք գործելու միտումները: Մեր սրտով և հոգով մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը Հիսուս Քրիստոսի Քավության օգնությամբ:

Եթե դրանք նաև ձեր ցանկություններն են, ապա անկախ ձեր հանգամանքներից, ձեր անձնական պատմությունից կամ ձեր վկայության ուժից, ձեզ համար տեղ կա այս Եկեղեցում:

Եկե՛ք, միացեք մեզ:

Չնայած մեր մարդկային թերություններին, վստահ եմ, որ այս Եկեղեցու անդամների միջև դուք կգտնեք լավագույն հոգիներից շատերին, որ այս աշխարհն ունի առաջարկելու: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, կարծես, թե գրավում է բարի և հոգատար, ազնիվ և աշխատասեր մարդկանց:

Եթե դուք ակնկալեք այստեղ գտնել կատարյալ մարդկանց, դուք կհիասթափվեք: Սակայն, եթե դուք փնտրում եք Քրիստոսի մաքուր վարդապետությունը՝ վիրավոր հոգին ամոքող Աստծո խոսքը»9 և Սուրբ Հոգու սրբագործող ազդեցությունը, ապա այստեղ դուք կգտնեք դրանք: Թուլացող հավատքի այս դարաշրջանում, մի ժամանակաշրջան, երբ այնքան շատերն են երկնային ընդունելությունից օտարացած զգում, այստեղ դուք կգտնեք մարդկանց, ովքեր ձեզ պես ձգտում են իմանալ և մոտենալ իրենց Փրկչին՝ ծառայելով Աստծուն և մերձավորին: Եկե՛ք, միացեք մեզ:

Մի՞թե դուք էլ եք ուզում հեռանալ:

Մտաբերում եմ Փրկչի կյանքի մի դրվագ, երբ շատերը լքեցին Նրան:10 Հիսուսը հարցրեց Իր տասներկու աշակերտներին.

«Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ։

Սիմօն Պետրոսն էլ պատասխանեց նորան. Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու»։11

Կան ժամանակներ, երբ մենք պետք է պատասխանենք նույն հարցին: Մի՞թե մենք էլ ենք ուզում հեռանալ: Թե՞ մենք՝ Պետրոսի նման, կառչած ենք մնում հավերժական կյանքի խոսքերին:

Եթե դուք ճշմարտություն, իմաստ և հավատքը գործերի վերափոխելու ուղի եք փնտրում, եթե դուք Աստծո ընտանիքին պատկանելու տեղ եք փնտրում, ապա՝ Եկե՛ք, միացեք մեզ:

Եթե դուք ժամանակին հարել եք այս հավատքին, բայց հետո հեռացել եք, վերադարձե՛ք ետ: Միացե՛ք մեզ:

Եթե դուք հանձնվելու գայթակղություն եք զգում, դիմացեք ևս մի փոքր: Այստեղ ձեզ համար տեղ կա:

Ես խնդրանք եմ հղում բոլոր նրանց, ովքեր լսում կամ կարդում են այս խոսքերը. Եկե՛ք, միացեք մեզ: Եկե՛ք, ուշք դարձրեք մեղմ Քրիստոսի կանչին: Վերցրեք ձեր խաչը և հետևեք Նրան:12

Եկե՛ք, միացեք մեզ, քանի որ այստեղ դուք կարող եք գտնել այն, ինչ թանկ է, նույնիսկ անգին:

Ես վկայում եմ, որ այստեղ դուք կգտնեք հավերժական կյանքի խոսքերը, օրհնված փրկագնման խոստումը և խաղաղության ու երջանկության ճանապարհը:

Իմ ջերմեռանդ աղոթքն է, որ ճշմարտության ձեր անձնական որոնումները ձեր սրտում ցանկություն առաջացնեն գալ և միանալ մեզ: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: