Հավերժական որոշումներ
Հոգևոր աճի համար անչափ կարևոր է անձնական որոշումները կայացնելու ձեր ազատության խելամիտ օգտագործումը՝ այժմ և հավիտյան:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, յուրաքանչյուր օրը որոշում կայացնելու օր է: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է մեզ, որ «որոշումները բնորոշում են ճակատագիրը»:1 Հոգևոր աճի համար անչափ կարևոր է անձնական որոշումները կայացնելու ձեր ազատության խելամիտ օգտագործումը՝ այժմ և հավիտյան: Երբեք շատ երիտասարդ չեք սովորելու համար, երբեք շատ ծեր չեք փոխվելու համար: Սովորելու և փոխվելու ձեր փափագը՝ հավերժական առաջընթացի համար աստվածայնորեն ներշնչված ձգտման արդյունք է:2 Յուրաքանչյուր օրը հավերժական որոշումներ կայացնելու հնարավորություն է ընձեռում:
Մենք հավերժական էակներ ենք՝ երկնային ծնողների հոգևոր զավակներ: Աստվածաշնչում ասվում է, որ՝ «Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. … արու և էգ ստեղծեց նորանց»:3 Վերջերս երեխաների երգչախմբի կատարմամբ լսեցի «Աստծո զավակն եմ»4 սիրելի երգը: Ինձ հետաքրքիր էր՝ «Ինչո՞ւ չեմ լսել այդ երգն ավելի հաճախ մայրերի կամ հավատարիմ հայրերի կատարմամբ»: Արդյո՞ք մենք բոլորս էլ Աստծո զավակները չենք: Իրականում, մեզանից ոչ ոք երբեք չի դադարում Աստծո զավակը լինելուց:
Որպես Աստծո զավակներ, մենք պետք է սիրենք Նրան մեր ողջ սրտով և հոգով, անգամ ավելի, քան սիրում ենք մեր երկրային ծնողներին:5 Մենք պետք է սիրենք մեր մերձավորներին որպես եղբայրներ և քույրեր: Սրանից ավելի մեծ պատվիրան չկա:6 Եվ մենք պետք է միշտ հարգենք մարդկային կյանքի արժեքը՝ իր բոլոր փուլերում:
Սուրբ գրությունն ուսուցանում է, որ մարմինը և ոգին մարդու հոգին են:7 Որպես երկակի էակ ձեզանից յուրաքանչյուրը կարող է երախտապարտ լինել Աստծուն Իր անգին պարգևների՝ մարմնի և հոգու համար:
Մարդկային մարմինը
Որպես բժիշկ իմ մասնագիտական տարիները ինձ մոտ խորը հարգանք են առաջացրել մարդկային մարմնի հանդեպ: Որպես պարգև ձեզ համար Աստծո կողմից ստեղծված մարմինը հիասքանչ է: Ձեր աչքերը տեսնում են, ականջները լսում են, իսկ մատերը զգում են ձեր շուրջը գտնվող ամեն հրաշալի բան: Ձեր ուղեղն օգնում է սովորել, մտածել և կշռադատել: Ձեր սիրտն օր ու գիշեր անխոնջ աշխատում է անգամ առանց ձեր գիտակցության:8
Ձեր մարմինը պաշտպանում է ինքն իրեն: Ցավը գալիս է որպես զգուշացում, որ ինչ-որ բան այն չէ, և ուշադրության կարիք կա: Ժամանակ առ ժամանակ վարակիչ հիվանդություններ են գլուխ բարձրացնում, և այդ դեպքում հակամարմիններ են ձևավորվում, որոնք մեծացնում են ձեր դիմադրողականությունը՝ տվյալ վարակի դեմ:
Ձեր մարմինն ինքնիրեն վերականգնվում է: Կտրվածքներն ու կապտուկները բուժվում են: Կոտրված ոսկորները կրկին ամրանում են: Ես նշեցի ձեր մարմնի Աստվածատուր զարմանալի հատկություններից միայն մի քանիսը:
Նույնիսկ այդ դեպքում, եթե ոչ ամեն մարդու մեջ, առնվազն ամեն ընտանիքում կան որոշակի ֆիզիկական խնդիրներ, որոնց համար հատուկ հոգածություն է պահանջվում:9 Տերը տվել է նման խնդիրներ հաղթահարելու օրինակը: Նա ասել է. «Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. … քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց … և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»:10
Երբեմն հրաշալի հոգիներ են բնակվում անկատար մարմիններում:11 Նման մարմնի պարգևը կարող է ամրացնել ընտանիքը, երբ ծնողներն ու տան մյուս երեխաները պատրաստակամորեն հոգ են տանում հատուկ կարիքներով ծնված երեխայի համար:
Ծերացման ընթացքը, ինչպեսև՝ մահը պարգև են Աստծուց: Ի վերջո, ձեր մահկանացու մարմնի մահանալը կարևոր դեր է խաղում Աստծո երջանկության մեծ ծրագրում:12 Ինչո՞ւ: Որովհետև մահը թույլ է տալիս, որ ձեր հոգին վերադառնա Իր մոտ:13 Հավերժական տեսակետից մահը վաղահաս է լինում նրանց համար, ովքեր պատրաստ չեն հանդիպելու Աստծուն:
Քանի որ մարմինն այդքան կարևոր մասն է Աստծո հավերժական ծրագրի, զարմանալի չէ, որ Պողոս Առաքյալը բնութագրում է այն որպես «Աստծո տաճար»:14 Ամեն անգամ հայելու մեջ նայելիս՝ ձեր մարմնին նայեք որպես ձեր տաճար: Ամեն օր այդ ճշմարտությունը երախտագիտությամբ թարմացնելը կարող է դրական ազդեցություն թողնել ձեր մարմնի մասին հոգ տանելու և այն խելամտորեն օգտագործելու ձեր որոշումների վրա: Իսկ այդ որոշումները կբնորոշեն ձեր ճակատագիրը: Ինչպե՞ս կարող է դա լինել: Որովհետև ձեր մարմինը ձեր հոգու տաճարն է: Եվ այն, թե ինչպես կօգտագործեք ձեր մարմինը, կազդի ձեր հոգու վրա: Ձեր հավերժական ճակատագիրը բնորոշող որոշումներից են՝
-
Ինչպե՞ս եք որոշում հոգ տանել և օգտագործել ձեր մարմինը:
-
Ինչպիսի՞ հոգևոր հատկանիշներ եք ցանկանում զարգացնել:
Մարդկային հոգին
Ձեր հոգին հավերժական էություն է: Տերն ասաց Իր մարգարե Աբրահամին. «Դու սրանցից մեկն ես. դու ընտրվել էիր նախքան քո ծնվելը»:15 Տերը նման բան ասել է Երեմիայի16 և շատ-շատերի մասին:17 Նա նույնիսկ դա ասել է ձեր մասին:18
Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ երկար ժամանակ: Դուք, որպես Նրա որդի կամ դուստր, ընտրվել եք Նրա կողմից, որ գաք երկիր այս ճշգրիտ պահին և լինեք ղեկավար Նրա մեծ աշխատանքում:19 Դուք ընտրվել եք ոչ թե ձեր մարմնական առանձնահատկությունների, այլ հոգևոր հատկանիշների համար, որոնք են՝ քաջությունը, համարձակությունը, սրտի մաքրությունը, ճշմարտության ծարավը, իմաստության քաղցը և մյուսներին ծառայելու ցանկությունը:
Նախքան ծնվելը դուք զարգացրել եք այդ գծերից մի քանիսը: Մյուսները կարող եք զարգացնել այստեղ երկրի վրա20 հաստատակամորեն ձգտելով դրան:21
Հոգևոր կարևոր հատկանիշը ինքնատիրապետումն է՝ դատողությունը ցանկությունից վեր դասելու ուժը: Ինքնատիրապետումը զարգացնում է ամուր խիղճ: Իսկ խիղճը որոշում է ձեր բարոյական արձագանքը դժվար, գայթակղիչ և փորձող իրավիճակներում: Ծոմապահությունն օգնում է, որ ձեր հոգին գերիշխանություն զարգացնի ձեր ֆիզիկական ցանկությունների վրա: Ծոմը նաև մեծացնում է երկնքի օգնությունը ստանալու հնարավորությունը, քանի որ այն ուժեղացնում է ձեր աղոթքները: Ինչո՞ւ ինքնատիրապետման կարիքն ունենք: Աստված ուժեղ ցանկություններ է դրել մեր մեջ սնուցման և սիրո համար, որը էական է մարդկային ընտանիքի գոյատևման համար:22 Երբ տիրապետում ենք մեր ցանկությունները Աստծո օրենքների սահմաններում, մենք կունենանք երկար կյանք, մեծ սեր և լիակատար ուրախություն:23
Զարմանալի չէ, որ հիմնականում Աստծո երջանկության ծրագրից շեղող գայթակղությունները գալիս են այդ կարևոր, Աստվածատուր ցանկությունները սխալ գործածելու պատճառով: Մեր ցանկությունները վերահսկելը միշտ չէ որ հեշտ է տրվում: Մեզանից ոչ ոք չի կարող կատարելապես կառավարել դրանք:24 Սխալներ են կատարվում: Մեղքեր են գործվում: Այդ դեպքում, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք սովորել դրանցից: Եվ կարող ենք իսկապես ապաշխարել:25
Մենք կարող ենք փոխել մեր վարքը: Մեր բուն ցանկությունները կարող են փոխվել: Ինչպե՞ս: Կա միայն մեկ ելք: Իրական, այսինքն՝ մշտական փոփոխությունը կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսի Քավության բժշկող, մաքրագործող և օժանդակող զորությունից:26 Նա սիրում է ձեզ՝ յուրաքանչյուրիդ:27 Նա թույլ է տալիս ձեզ ստանալ Իր զորությունից, երբ պահում եք Նրա պատվիրանները՝ ձգտումով, անկեղծորեն և ճշգրտորեն: Դա այդքան պարզ ու հստակ է: Հիսուս Քրիստոսի ավետարանը փոփոխության ավետարան է:28
Մարմնի ցանկությունները զսպող ամուր հոգին դառնում է զգացմունքների և կրքերի կառավարիչը, ոչ թե՝ գերին: Նման ազատությունը հոգու համար այնքան կարևոր է, որքան թթվածինը՝մարմնի համար: Ինքն իրեն գերությունից ազատելը իրական ազատագրում է:29
Մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ ընտրելու գերություն և մահ»:30 Երբ մենք ընտրում ենք դեպի ազատություն և հավերժական կյանք տանող վեհ ուղին, այն ներառում է ամուսնությունը:31 Վերջին Օրերի Սրբերը հայտարարում են, որ «տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»: Մենք նաև գիտենք, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»:32
Տղամարդու և կնոջ ամուսնությունն առանցքն է Տիրոջ վարդապետության և կարևոր դեր ունի Աստծո հավերժական ծրագրում: Տղամարդու և կնոջ ամուսնությունը երկրի վրա և երկնքում լիարժեք կյանքի Աստծո նախատեսած օրինակն է: Ամուսնության Աստծո օրինակը չի կարող չարաշահվել, սխալ ընկալվել կամ սխալ մեկնաբանվել,33 եթե փափագում եք լիարժեք ուրախություն: Աստծո ամուսնության օրինակը պաշտպանում է ծննդաստեղծ սուրբ զորությունը և ամուսնական կենակցության ուրախությունը:34 Մենք գիտենք, որ Ադամը և Եվան ամուսնացան Աստծո կողմից, նախքան կապրեին ամուսնուն և կնոջը միավորող ուրախությունը:35
Մեր օրերում քաղաքացիական կառավարությունները հատկապես հետաքրքրված են պաշտպանելու ամուսնությունը, քանի որ ամուր ընտանիքներն աճող սերնդի առողջության, կրթության, բարօրության և բարգավաճման լավագույն գրավականն են:36 Սակայն քաղաքացիական կառավարությունների վրա մեծապես ազդում են սոցիալական ուղղվածությունները և աշխարհիկ փիլիսոփայությունները, երբ նրանք գրում, վերարտադրում և գործադրում են օրենքները: Անկախ նրանից, թե ինչ քաղաքացիական օրենսդրություն է ընդունվում, ամուսնության և բարոյականության վերաբերյալ, Տիրոջ վարդապետությունը չի կարող փոխվել:37 Հիշեք՝մեղքը, եթե անգամ մարդու կողմից օրինականացվում է, դեռևս մեղք է Աստծո աչքում:
Ճիշտ է, մենք պետք է ընդօրինակենք մեր Փրկչի բարությունն ու կարեկցանքը և արժեվորենք Աստծո բոլոր զավակների իրավունքներն ու զգացմունքները, սակայն չենք կարող փոխել Նրա վարդապետությունը: Մենք ոչ թե պետք է փոխենք, այլ պետք է ուսումնասիրենք, հասկանանք և պաշտպանենք Նրա վարդապետությունը:
Կյանքի Փրկչի ուղին բարի է: Այն ընդգրկում է մաքրաբարոյություն՝ նախքան ամուսնությունը և լիարժեք հավատարմություն՝ ամունության ընթացքում:38 Տիրոջ ուղին մեզ համար՝ հարատև երջանկություն ունենալու միակ ուղին է: Այն պարգևում է երկարատև հանգստություն մեր հոգիներին և խաղաղություն՝ մեր տներին: Իսկ ամենակարևորը, Նրա ուղին տանում է մեզ տուն՝ Նրա և մեր Երկնային Հոր մոտ, դեպի հավերժական կյանք և վեհացում:39 Դա է Աստծո գործի և փառքի բուն էությունը:40
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, յուրաքանչյուր օրը որոշում կայացնելու օր է, և մեր որոշումները բնորոշում են մեր ապագան: Մի օր մենք կկանգնենք Տիրոջ առաջ՝ դատվելու:41 Մեզանից յուրաքանչյուրն անձնական հարցազրույց կանցնի Հիսուս Քրիստոսի հետ:42 Մենք հաշվետու կլինենք մեր որոշումների համար, որ կայացրել ենք մեր մարմնի, հոգևոր հատկանիշների և այն ամենի վերաբերյալ, թե ինչպես ենք պատվել ամուսնության և ընտանիքի Աստծո օրինակը: Իմ ջերմեռանդ աղոթքն է, որ մենք խելամտորեն կայացնենք մեր ամենօրյա որոշումները, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: