2010–2019 թթ․
Արագացնել խաղի Տիրոջ ռազմավարական ծրագիրը:
Հոկտեմբեր 2013


2:3

Արագացնել խաղի Տիրոջ ռազմավարական ծրագիրը

Մենք պետք է զարգացնենք և իրականացնենք մեր իսկ մարտավարությունը՝ խանդավառությամբ կողք կողքի ծառայելով լիաժամկետ միսիոներների հետ:

Մի քանի տարի առաջ ես պետք է խոսեի մեր ցցի եպիսկոպոսներից մեկի կնոջ հետ, այսպիսով, ես զանգահարեցի նրանց տուն: Մի փոքրիկ տղա պատասխանեց զանգին: Ես ասացի. «Ողջույն, մայրիկդ տա՞նն է»:

Նա պատասխանեց. «Այո, տանն է: Ես կկանչեմ նրան: Ո՞վ է խոսում»:

Ես պատասխանեցի. «Ասա նրան, Նախագահ Նիլսենն է:»

Կարճ դադարից հետո մի շատ աշխույժ ձայն լսեցի. «Հե՜յ, մայրիկ Նախագահ Հինքլին է կանչում»:

Ես չեմ պատկերացնում, թե մոր մտքով ինչ էր անցնում: Դա պետք է որ ամենաերկարատև քայլերը լինեին, որ նա երբևէ արել էր հեռախոսին մոտենալու համար: Գլխումս միտք ծագեց. «Չկատակե՞մ»: Ես չկատակեցի, բայց մենք մի լավ ծիծաղեցինք: Այժմ, երբ մտածում եմ այդ մասին, նա պետք է որ այնքան հիասթափված լիներ պարզապես ինձ հետ խոսելով:

Ի՞նչ կանեիք դուք, եթե իսկապես Տիրոջ մարգարեն կանչեր ձեզ: Դե՜հ, նա կանչել է ձեզ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ինչպես այս առավոտ, կանչել է մեզանից յուրաքանչյուրին շատ կարևոր աշխատանքի: Նա ասել է. «Այժմ է ժամանակը անդամների և միսիոներների համար համախմբվել՝ միասին աշխատելու համար, տքնելու Տիրոջ այգում, բերելու հոգիներ դեպի Նա» (“Faith in the Work of Salvation” [worldwide leadership training broadcast, June 2013]; lds.org/broadcasts):

Իսկ մենք լսո՞ւմ ենք:

Ողջ աշխարհով մեկ ցցերը, շրջանները և միսիաները զգում են եռանդի մի նոր մակարդակ, քանի որ Փրկչի հայտարարությունը Ջոզեֆ Սմիթին 1832թ. իրականանում է. «Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին» (ՎևՈՒ 88.73):

Եղբայրներ և քույրեր, այդ ժամանակը հիմա է: Ես դա զգում եմ և համոզված եմ, դուք էլ եք զգում:

Ես ցանկություն եմ զգացել իմ հուզմունքը և Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը գործի մեջ դնել: Երբ ֆուտբոլ էի խաղում, ես մտածում էի խաղի ռազմավարության ծրագրի տերմիններով: Մրցախաղի ժամանակ կասկած չկար, որ եթե մեր թիմը լավ պատրաստված լինի ճիշտ մարտավարությամբ, մենք հաջողություն ենք ունենալու: Այնուամենայնիվ, ես վերջերս խոսեցի ԲՅՀ-ի առասպելական մարզիչ Լա Վելլ Էդուարդսի հետ՝ մեր խաղերի ռազմավարության ծրագրերի վերաբերյալ և նա ասաց. «Իմ մտահոգությունը մարտավարությունը չէ, այլ միավորներ հավաքելը»: Որպես նրա կիսապաշտպաններից մեկը՝ ես կարծել էի, թե դա ավելի բարդ է, բայց, հավանաբար, նրա պարզ փիլիսոփայությունն է պատճառը, որ նրա անունով կոչված մարզադաշտ կա:

Քանի որ մենք բոլորս Տիրոջ թիմում ենք, արդյոք մենք ունե՞նք խաղում հաղթելու մեր սեփական ռազմավարական ծրագիրը: Արդյոք պատրաստ ե՞նք խաղալու: Եթե մենք անդամներս իսկապես սիրում ենք մեր ընտանիքը, ընկերներին և ծանթներին, մի՞թե չենք կամենում կիսվել վերականգված ավետարանի մեր վկայությամբ նրանց հետ:

Հունիսին՝ նոր միսիայի նախագահների սեմինարին, ռեկորդային թվով՝ 173 նոր ղեկավարներ և նրանց կանայք ստացան վերջնական հրահանգներ նախքան իրենց ծառայությունը սկսելը: Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր 15 անդամները ողջունեցին այս հատուկ խմբին:

Երեց Լ. Թոմ Փերին ավելացրեց եզրափակիչ մեկնաբանություններ. «Սա ամենանշանավոր դարաշրջանն է Եկեղեցու պատմության մեջ: Սա մի բան է, որը դասվում է մեծ իրադարձությունների շարքում, որոնք տեղի են ունեցել անցյալի պատմության ընթացքում, ինչպես Առաջին Տեսիլքը, ինչպես Մորմոնի Գրքի պարգևը, ինչպես ավետարանի վերականգնումը, ինչպես բոլոր այն բաները, որոնք հիմք են կառուցում մեզ համար՝ առաջ գնալու և ուսուցանելու մեր Երկնային Հոր արքայությունում» («Եզրափակիչ խոսք» [ելույթ տրված Նոր Միսիայի Նախագահների սեմինարում, հունիս 26, 2013] 1, Church History Library, Salt Lake City):

Մենք պետք է նախկինից ավելի շատ ներգրավված լինենք, որպեսզի համապատասխանենք մեր ղեկավարների ոգևորությանը և մեր լիաժամկետ միսիոներների պարտավորվածությանը: Այս աշխատանքը առաջ չի գնա Տիրոջ նախատեսած ձևով առանց մեզ: Ինչպես Նախագահ Այրինգն է ասել. «Ինչպիսին էլ լինի մեր տարիքը, ունակությունը, Եկեղեցական կոչումը կամ տեղանքը, մենք՝ որպես մեկ, կանչված ենք աշխատելու՝ օգնելու Նրան հոգիների Իր բերքահավաքում» («Մենք մեկ ենք», Լիահոնա, մայիս 2013, 62):

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ խաղի մի ռազմավարական ծրագրով, որը ես ոգեշնչվել եմ կիրառելու խորհրդածելուց, աղոթելուց և Քարոզեք Իմ Ավետարանի 13-րդ գլուխըկարդալուց հետո: Ես կոչ եմ անում մտածել այս երեք կետերի մասին, երբ դուք կմտածեք ձեր սեփական ծրագրի մասին:

Առաջինը՝ ամեն օր առանձնապես աղոթեք ինչ-որ մեկին ավելի մոտ բերելու դեպի Փրկիչը և Նրա ավետարանը: Մենք կարող ենք դա անել՝ բոլոր մարդկանց տեսնելով որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ օգնելով միմյանց դեպի տուն տանող նրանց ճանապարհին: Մտածեք նոր ընկերների մասին, որոնց ձեռք կբերեք:

Երկրորդը՝ աղոթեք միսիոներների համար, ովքեր ծառայում են ձեր տարածքում և նրանց ունկնդիրների համար՝ անուններով: Այդ անելու միակ ուղին նրանց ողջունելն է, նրանց կրծքանշաններին նայելը, նրանց անունով դիմելը, և հարցնելը, թե ում են այժմ ուսուցանում: Երեց Ռասսել Մ. Նելսոնը իմաստուն ձևով ասաց. «Մինչև դուք չիմանաք այդ անձնավորությանը անունով և դեմքով, Տերը չի կարող օգնել ձեզ իմանալ նրա սիրտը»:

Ես մասնակցեցի մի հրաշալի քրոջ մկրտությանը, ով կիսվեց իր վկայությամբ: Ես ընդմիշտ կհիշեմ նրա խոսքերը. «Երբեք այդքան մարդ չի աղոթել ինձ համար և երբեք այդքան շատ սեր չեմ զգացել: Ես գիտեմ, որ այս աշխատանքը ճշմարիտ է»:

Երրորդը՝ հրավիրեք որևէ ընկերոջ միջոցառման՝ ձեր տանը կամ դրսում: Ուր էլ որ գնաք կամ ինչ էլ որ անեք, խորհեք, թե ով բավականություն կստանար այդ առիթից, իսկ հետո լսեք Հոգուն, երբ Նա առաջնորդի ձեզ:

Փրկիչն ուսուցանել է ինձ մի նուրբ դաս ավետարանի իմ աձնական ուսումնասիրության վերաբերյալ, որը կարծում եմ հիանալիորեն վերաբերվում է «արագացմանը»: Երբ ես ինչ-որ բանի վերաբերյալ հույզերով լիցքավորված եմ լինում, այն երևում է իմ գրվածքներում և հաճախ վերջանում է բացականչական նշանով, որն ըստ սահմանման արտահայտում է «ուժեղ զգացում կամ նշանակում է մեծ կարևորություն» (Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. [2003], “exclamation point”):

Հետաքրքրությունս գրգռվեց, երբ «հավաքման» վերաբերյալ սուրբ գրությունները սկսեցին խիստ ակնհայտ դառնալ, որոնք վերջանում էին այս կետադրական նշանով, ինչպես օրինակ Ալմայի սրտառուչ աղերսանքը. «Ա՜խ, երանի ես մի հրեշտակ լինեի, և կարողանայի ունենալ իմ սրտի իղձը, որ ես առաջ գնայի և խոսեի Աստծո փողով, երկիրը ցնցելու ձայնով, և ապաշխարություն աղաղակեի ամեն ժողովրդի» (Ալմա 29.1):

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կան այս տիպի 65 հատվածներ, որոնք ցույց են տալիս ուժեղ միսիոներական հույզեր, ներառյալ այս մեկը.

«Որքա՜ն մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է… .

Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ, իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ Իմ Հոր արքայություն, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ» (ՎևՈՒ 18.13, 15–16):

Իմ արթնացումը այս առանձնահատուկ հատվածների հանդեպ կարևոր դեր խաղաց որպես Տարածքային Յոթանասունական իմ առաջին հանձնարարությունը կատարելիս: Ես մի քիչ լարված էի զգում՝ լինելով Առաքյալի, Երեց Քվենթին Լ. Քուքի ընկերակիցը ցցի համաժողովում: Երբ ես մտա ցցի նախագահի գրասենյակը այդ շաբաթավերջի առաջին ժողովի համար, ես նկատեցի մի զույգ քրքրված, բրոնզապատ կոշիկներ նրա գրասեղանի ետևի պահարանում, որին ուղեկցում էր մի սուրբ գրության հատված, որը վերջանում էր բացականչական նշանով: Երբ ես կարդացի այն, ես զգացի, որ Տերը տեղյակ է իմ ուսումնասիրությանը, պատասխանեց իմ աղոթքներին, և որ Նա ճշգրիտ գիտեր, թե ինչի կարիք ունեի սփոփելու իմ անհանգիստ սիրտը:

Ես խնդրեցի ցցի նախագահին պատմել ինձ այդ կոշիկների պատմությունը:

Նա ասաց.

«Սրանք Եկեղեցու մի երիտասարդ նորադարձի կոշիկներն են, որի ընտանեկան վիճակն աղքատիկ էր, սակայն նա վճռել էր ծառայել հաջող միսիա և դա արեց Գվատեմալայում: Նրա վերադառնալուց հետո, ես հանդիպեցի նրա հետ, որ հանձնեի պատվով ազատվելու վկայականը և տեսա, որ նրա կոշիկները պատառոտված վիճակում էին: Այդ երիտասարդը իր ողջ ունեցածը տվել էր Տիրոջը՝ չունենալով շատ ընտանեկան աջակցություն:

Նա նկատեց, որ ես սևեռուն նայում էի նրա կոշիկներին և հարցրեց ինձ. «Նախագահ, ինչ-որ բան այնպես չէ՞»:

Ես պատասխանեցի. «Ոչ, Երեց, ամեն ինչ կարգին է: Կարո՞ղ ես ինձ նվիրել այդ կոշիկները»:

Ցցի նախագահը շարունակեց.«Իմ հարգանքը և սերը այդ վերադարձած միսիոների հանդեպ անսահման էր: Ես ուզում էի հավերժացնել այդ փորձառությունը, այդպիսով՝ ես բրոնզապատել տվեցի նրա կոշիկները: Սա հիշեցում է ինձ, երբ մտնում եմ այս գրասենյակ, այն ջանքի մասին, որ մենք բոլորս պիտի ցույց տանք, անկախ մեր հանգամանքներից: Հատվածը Եսայիայից էր. «Ինչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիոնին՝ քո Աստուածը թագաւոր է» (Եսայիա ԾԲ.7):

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, բարի եպիսկոպոսի կինը գուցե զարմանում էր, թե ինչու էր մարգարեն կանչում իրեն: Ես վկայում եմ՝ նա և մենք այլևս պե՜տք չէ–(ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆ) զարմանանք::

Մենք պետք է զարգացնենք և իրականացնենք մեր իսկ մարտավարությունը՝ խանդավառությա՜մբ (ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆ) կողք կողքի ծառայելով լիաժամկետ միսիոներների հետ:

Ես ավելացնում եմ իմ վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությանը. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրում է» (ՎևՈՒ 76.22): Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: