Զորություն քահանայությունում
Տղամարդը կարող է բացել վարագույրները, որպեսզի արևի լույսի ջերմ շողերը թափանցեն սենյակ, սակայն արևը կամ լույսը, կամ դրա բերած ջերմությունը չեն պատկանում տղամարդուն:
Քահանայության օրհնությունները բոլորի համար են
Մինչ երեխաները հաղորդության ժողովի ժամանակ սիրով երգում էին «Այտեղ խոսվում է սիրո մասին» Երեխաների Խմբի երգը, բոլորը հավանությամբ ժպտում էին: Մի համարձակ մայր, ով մեծացնում էր հինգ երեխաներ, ուշադրությամբ լսեց երկրորդ տողը. «Իմ տան [ամեն] ժամը օրհնված է քահանայության [զորության] ուժով»:1 Տխրությամբ նա մտածեց. «Իմ երեխաները երբեք չեն ունեցել այսպիսի տուն»:2
Իմ ուղերձն այս հավատարիմ կնոջը և բոլորին այն է, որ մենք կարող ենք ապրել ամեն ժամ «օրհնված քահանայության զորության ուժով», անկախ մեր պայմաններից:
Մենք երբեմն չափազանցնելով զուգակցում ենք քահանայության զորությունը Եկեղեցու տղամարդկանց հետ: Քահանայությունը Աստծո զորությունն ու իշխանությունն է՝ տրված բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների փրկության և օրհնության համար:
Տղամարդը կարող է բացել վարագույրները, որպեսզի արևի լույսի ջերմ շողերը թափանցեն սենյակ, սակայն արևը կամ լույսը, կամ դրա բերած ջերմությունը չեն պատկանում տղամարդուն: Քահանայության օրհնությունները շատ ավելի մեծ են, քան մեկը, ում խնդրում են տալ այդ պարգևը:
Այս և հաջորդ կյանքում քահանայության օրհնությունները, զորությունը և խոստումները ստանալը մահկանացության մեծ հնարավորություններից և պարտականություններից մեկն է: Երբ մենք արժանի ենք, քահանայության արարողությունները հարստացնում են մեր կյանքը երկրի վրա և նախապատրաստում են մեզ գալիք աշխարհի փառահեղ խոստումներին: Տերն ասել է. «Արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:3
Աստծո կողմից հատուկ օրհնություններ են նախատեսված ամեն արժանի անձնավորության համար, ով մկրտվել է, ստացել Սուրբ Հոգին և մշտապես ճաշակում է հաղորդությունից: Տաճարը բերում է լրացուցիչ լույս և ուժ՝ հավերժական կյանքի խոստումի հետ միասին:4
Բոլոր արարողությունները հրավիրում են մեզ մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը և կապել ու պահել ուխտեր Աստծո հետ: Երբ մենք պահում ենք այս սրբազան ուխտերը, մենք ստանում ենք քահանայության զորությունը և օրհնությունները:
Արդյո՞ք չենք զգում քահանայության այս զորությունը մեր իսկ սեփական կյանքում և տեսնում այն Եկեղեցու ուխտ պահող անդամների մեջ: Մենք տեսնում ենք այն նորադարձների մեջ, երբ նրանք դուրս են գալիս մկրտության ջրերից՝ զգալով ներված և մաքուր: Մենք տեսնում ենք մեր զավակներին և պատանիներին ավելի զգայուն Սուրբ Հոգու հուշումների և առաջնորդության հանդեպ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են տաճարային արարողությունները դառնում ուժի և լույսի փարոս աշխարհով մեկ գտնվող տղամարդկանց և կանանց համար:
Նախորդ ամիս ես ականատես եղա, թե ինչպես մի երիտասարդ զույգ հսկայական ուժ ստացավ տաճարի կնքման խոստումներից, երբ նրանց թանկագին փոքրիկ տղան ծնվեց, սակայն ապրեց միայն մեկ շաբաթ: Այդ երիտասարդ զույգը և մենք բոլորս քահանայության արարողությունների միջոցով ստանում ենք մխիթարություն, ուժ, պաշտպանություն, խաղաղություն և հավերժական խոստումներ:5
Ինչ մենք գիտենք Քահանայության մասին
Ոմանք կարող են անկեղծորեն տալ այս հարցը. «Եթե քահանայության զորությունը և օրհնությունները բոլորի համար են, ինչո՞ւ են քահանայության արարողությունները կատարում տղամարդիկ»:
Երբ հրեշտակը հարցրեց Նեփիին. «Գիտե՞ս դու Աստծո բարեհաճության մասին»: Նեփին անկեղծորեն պատասխանեց.- «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների մասին»:6
Երբ մենք խոսում ենք քահանայության մասին, կան շատ բաներ, որոնք մենք գիտենք:
Բոլորը նման են
Մենք գիտենք, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և անաչառ է: «Նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, … այր [կամ] կին. … և բոլորը նույնն են Աստծո համար»:7
Ճիշտ ինչպես մենք գիտենք, որ Աստծո սերը «նույնն» է Իր որդիների և Իր դուստրերի հանդեպ, մենք նաև գիտենք, որ Նա չի ստեղծել տղամարդկանց և կանանց ճիշտ նույնությամբ: Մենք գիտենք, որ սեռը մեր մահկանացու և հավերժական ինքնության և նպատակի հիմնական բնութագիրն է: Սրբազան պարտականություններ են տրված յուրաքանչյուր սեռին:8
Ի սկզբանե
Մենք գիտենք, որ ի սկզբանե Տերը հաստատել է, թե ինչպես պետք է սպասավորվի Իր քահանայությունը: «Քահանայությունը առաջինը տրվել էր Ադամին»:9 Նոյը, Աբրահամը և Մովսեսը՝ բոլորն էլ կատարել են քահանայության արարողությունները: Հիսուս Քրիստոսն էր և է Մեծ Քահանայապետը: Նա կանչեց Առաքյալներ: «Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք»,- ասաց Նա,- «այլ ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի»:10 Մեր օրերում երկնային սուրհանդակներ են ուղարկվել Աստծո կողմից: Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին քահանայությունը երկրի վրա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:11 Այս եղանակով մեր Երկնային Հայրը տվեց Իր քահանայությունը:12
Շատ պարգևներ Աստծուց
Մենք գիտենք, որ սուրբ քահանայության զորությունը չի գործում հավատքից, Սուրբ Հոգուց և հոգևոր պարգևներից առանձին: Սուրբ գրությունները զգուշացնում են. «Մի ուրացեք Աստծո պարգևները, քանզի դրանք շատ են: … Եվ կան զանազան ուղիներ, որոնցով այս պարգևները տրվում են. բայց դա նույն Աստվածն է, որ գործում է [դրանք] ամենի մեջ»:13
Արժանավորություն
Մենք գիտենք, որ արժանավորությունը կարևոր է քահանայության արարողություններ կատարելու և ստանալու համար: Սփոփող Միության գերագույն նախագահ Քույր Լինդա Ք. Բըրթընն ասել է. «Արդարակեցություն է պահանջվում, … որ հրավիրենք քահանայության զորությունը մեր կյանք»:14
Օրինակ, խորհեք այն մասին, որ պոռնոգրաֆիան անվերահսկելիորեն աճում է՝ տարածվելով ողջ աշխարհով մեկ: Արժանավորության Տիրոջ չափանիշը թույլ չի տալիս պոռնոգրաֆիան նրանց մեջ, ովքեր կատարում են քահանայության արարողությունները: Փրկիչն ասել է.
«Ապաշխարեք ձեր … գաղտնի պղծություններից»:15
«Մարմնի ճրագն աչքն է: … Թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կլինի»:16
«[Քանզի] ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ»:17
Անարժանորեն հաղորդությունն օրհնելը կամ բաժանելը, հիվանդներին օրհնելը կամ այլ քահանայության արարողությունների մասնակցելը, ինչպես ասել է Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, Աստծո անունը զուր տեղը օգտագործել է:18 Եթե մեկը արժանի չէ, նա պետք է հեռու մնա քահանայության արարողություններ կատարելուց և աղոթի ու դիմի իր եպիսկոպոսին, որպես ապաշխարելու և պատվիրաններին վերադառնալու առաջին քայլ:
Խոնարհություն
Մենք գիտենք, որ քահանայության օրհնություններն առատ են այն ընտանիքներում, որտեղ արդար մայրը և հայրը միասին առաջնորդում են իրենց երեխաներին: Սակայն մենք նաև գիտենք, որ Աստված սիրով տալիս է այս նույն օրհնությունները նրանց, ովքեր գտնվում են շատ այլ իրավիճակներում:19
Մի մայր, ով տանում էր իր ընտանիքի համար և հոգևորապես, և նյութապես հոգալու բեռը, նրբանկատորեն բացատրեց, որ իր տնային ուսուցիչներին կանչելը, որ օրհնեն իր երեխաներից մեկին, պահանջում է իր խոնահությունը: Սակայն, նա խորաթափանցությամբ ավելացրեց, որ դա չի պահանջում ավելի շատ խոնարհություն, քան իր տնային ուսուցիչներինը, երբ նրանք պատրաստվում են, որ օրհնեն իր երեխային:20
Քահանայության բանալիները
Մենք գիտենք, որ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների կողմից կրվող քահանայությունը ղեկավարում է Տիրոջ աշխատանքը երկրի վրա: Յուրահատուկ քահանայության բանալիներ են հաստատվում ցցի նախագահների և եպիսկոպոսների վրա՝ իրենց տարածքներում պարտականություններ կատարելու համար: Եվ նրանք հայտնությամբ կանչում են տղամարդկանց և կանանց, ովքեր հաստատվում են և կարգվում, որ գործադրեն լիազորված իշխանությունը սովորեցնելու և ծառայելու համար:21
Չնայած, որ մենք շատ բան գիտենք քահանայության մասին, մահկանացության ոսպնյակներով դիտելը միշտ չէ, որ մեզ տալիս է Աստծո գործերի լիարժեք հասկացողություն: Սակայն Նրա մեղմ հիշեցումը՝ «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն»,22 հավաստիացնում են մեզ, որ ժամանակի ընթացքում և հավերժության հեռանկարում մենք կտեսնենք «բաները, ինչպես դրանք իրականում կան»23 և ավելի լիարժեքորեն կհասկանանք Նրա կատարյալ սերը:
Մենք բոլորս պատրաստակամորեն ենք ծառայում: Երբեմն թվում է ոգևորվում ենք մեր կոչումով և ցանկանում ենք, որ մեզ խնդրեն ավելին անել: Երբեմն էլ երախտապարտ ենք լինում, երբ կոչումից ազատվելու պահն է գալիս: Մեր կոչումները մենք չենք որոշում:24 Ես սովորեցի այս դասը իմ ամուսնության վաղ շրջանում: Երբ երիտասարդ զույգ էինք, իմ կինը՝ Քեյթին, և ես ապրում էինք Ֆլորիդայում: Մի կիրակի ցցի նախագահությունից մի խորհրդական բացատրեց ինձ, որ նրանք ոգեշնչում էին ստացել կանչել Քեյթիին որպես վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ:
«Ինչպե՞ս ենք մենք դա անելու,- հարցրեցի ես,- Մենք ունենք փոքր երեխաներ, սեմինարիան սկսվում է առավոտյան ժամը 5.00-ին, և ես ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահն եմ»:
Խորհրդականը ժպտաց և ասաց. «Ամեն բան լավ կլինի, եղբայր Անդերսեն: Մենք կկանչենք նրան, և մենք կազատենք ձեզ»:
Եվ հենց այդպես էլ եղավ:
Կանանց ավանդը
Անկեղծորեն հարցնելը և լսելը կանանց մտքերը և մտահոգություններն արժեքավոր է կյանքում, ամուսնության մեջ և Աստծո թագավորությունը կառուցելիս:
Քսան տարի առաջ, գերագույն համաժողովի ժամանակ, Երեց Մ. Ռասսել Բալլարդը պատմեց մի զրույցի մասին, որ ունեցել էր Սփոփող Միության գերագույն նախագահի հետ: Հարց էր բարձրացված միսիա ծառայելու համար նախապատրաստվող երիտասարդների արժանավորությունը բարձրացնելու մասին: Քույր Էլեյն Ջաքը ժպտալով ասել էր. «Դուք գիտեք, Երեց Բալլարդ, որ Եկեղեցու [կանայք] կարող են որոշ լավ առաջարկություններ ունենալ, եթե նրանց հարցնեն: Ի վերջո, … մենք նրանց մայրերն ենք»:25
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կանանց մտահոգությունների մասին հարցնելու և դրանց պատասխանելու մեծ փորձ ունի: Այն կինը, ով ամենամեծ ազդեցությունն է ունեցել նրա վրա, Քույր Ֆրանցիս Մոնսոնն է: Մենք բոլորս էլ կարոտում ենք նրան: Նախագահ Մոնսոնը նաև վերջերս հիշեցրեց Բարձրագույն Իշխանություններին, թե որքան բան է նա սովորել իր ծխի 84 այրի կանանցից: Նրանք մեծ ազդեցություն են ունեցել իր ծառայության և իր ողջ կյանքի վրա:
Զարմանալի չէ այն, որ նախքան միսիոներական ծառայության համար տարիքի փոփոխության վերաբերյալ Նախագահ Մոնսոնը աղոթքով որոշում կկայացներ, շատ քննարկումներ են անցկացվել Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների Խմբի գերագույն նախագահությունների հետ:
Եպիսկոպոսներ, երբ դուք հետևեք Նախագահ Մոնսոնի օրինակին, նույնիսկ ավելի առատորեն կզգաք, որ Տիրոջ առաջնորդող ձեռքն օրհնում է ձեր սուրբ աշխատանքը:
Մի քանի տարի մենք ապրել ենք Բրազիլիայում: Ժամանելուց կարճ ժամանակ անց ես հանդիպեցի Ադելսոն Պարելլային, ով ծառայում էր որպես Յոթանասունական, և նրա եղբայր Ադիլսոնին, ով ծառայում էր մեր ցցի նախագահությունում: Ավելի ուշ ես հանդիպեցի նրանց եղբայր Ադալտոնին, ով ծառայում էր որպես ցցի նախագահ Ֆլորիանոպոլիսում, և ևս մեկ եղբայր Ադելմոյին, ով ծառայում էր որպես եպիսկոպոս: Ինձ զարմացրեց այս եղբայրների հավատքը, և ես հարցրեցի նրանց ծնողների մասին:
Ընտանիքը մկրտվել էր Սանտոսում, Բրազիլիա, 42 տարի առաջ: Ադիլսոն Պարելլան ասաց. «Նախ թվաց, թե հայրս շատ ոգևորված էր Եկեղեցուն միանալու մտքից: Ինչևիցե, նա [շուտով] դարձավ քիչ ակտիվ և խնդրեց մեր մորը, որ նա եկեղեցի չհաճախեր»:
Ադիլսոնը պատմեց ինձ, որ իր մայրը հագուստ էր կարում հարևանների համար, որ վճարեր իր երեխաների ավտոբուսի համար եկեղեցի հաճախելու վարձը: Չորս փոքրիկ տղաները միասին քայլում էին մոտ մեկ մղոն մեկ այլ քաղաք հասնելու համար, 45 րոպե երթևեկում էին ավտոբուսով, և հետո ևս 20 րոպե քայլում էին դեպի աղոթատուն:
Չնայած, որ նա չէր կարողանում եկեղեցի գնալ իր զավակների հետ, Քույր Պարելլան կարդում էր սուրբ գրություններն իր որդիների և դուստրերի հետ, սովորեցնում էր նրանց ավետարանը և աղոթում էր նրանց հետ: Նրանց համեստ տունը լցված էր քահանայության զորության հարուստ օրհնություններով: Փոքրիկ տղաները մեծացան, միսիա ծառայեցին, կրթություն ստացան և ամուսնացան տաճարում: Քահանայության օրհնությունները լցրեցին նրանց տները:
Տարիներ անց, որպես ամուրի քույր, Վենի Պարելլան մուտք գործեց տաճար իր անձնական օժտման համար և ավելի ուշ երեք միսիա ծառայեց Բրազիլիայում: Այժմ նա 84 տարեկան է, և նրա հավատքը շարունակում է օրհնել սերունդներին, որոնք հետևել են իրեն:
Վկայություն և խոստում
Աստծո սուրբ քահանայության զորությունը գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Ես վկայում եմ, որ եթե դուք արժանիորեն մասնակցեք քահանայության արարողություններին, Տերը կտա ձեզ ավելի մեծ ուժ, խաղաղություն և հավերժական հեռանկար: Ինչ իրավիճակում էլ որ դուք լինեք, ձեր տունը կլինի «օրհնված քահանայության զորության ուժով» և ձեր մտերիմները ավելի շատ կցանկանան այս օրհնություններն իրենց համար:
Որպես տղամարդիկ և կանայք, քույրեր և եղբայրներ, Աստծո որդիներ և դուստրեր, մենք միասին առաջ ենք շարժվում: Սա մեր հնարավորությունն է, մեր պարտականությունը և մեր օրհնությունը: Սա մեր ճակատագիրն է, որ նախապատրաստենք Աստծո թագավորությունը Փրկչի վերադարձի համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: