2010–2019 թթ․
Եւ մահն այլեւս չի լինի
Ապրիլ 2016


10:14

Եւ մահն այլեւս չի լինի

Հարությունը մեծ հույսի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր սգացել են սիրած էակի մահը։

Մի շաբաթ առաջ Զատիկ էր և մեր մտքերը կրկին անգամ կենտրոնացել էին Տեր Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության և հարության վրա։ Անցած տարի սովորականից շատ էի մտածում և խորհում Հարության վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի առաջ մեր դուստր Ալիսան մահացավ։ Նա ութ տարի շարունակ տառապում էր քաղցկեղով և տարավ մի քանի վիրահատություն, շատ տարբեր բուժումներ ընդունեց, ապրեցինք ոգևորիչ հրաշքներ և խորը հիասթափություն։ Մենք ականատես էինք լինում, թե ինչպես է նրա ֆիզիկական վիճակը վատթարանում, երբ նա մոտենում էր իր մահկանացու կյանքի վախճանին։ Շատ ցավալի էր տեսնել, որ դա տեղի էր ունենում մեր թանկագին դստեր հետ, այդ պայծառ աչքերով երեխայի հետ, ով մեծացել ու դարձել էր տաղանդավոր և հրաշալի կին ու մայր։ Կարծում էի` սիրտս կփշրվի։

Ալիսա Ջոնսոն Լինտոն

Անցած տարի Զատիկի օրերին, մահանալուց գրեթե մեկ ամիս առաջ Ալիսան գրել էր․ «Զատիկը հիշեցնում է այն հույսը, որը ես ունեմ ինձ համար։ Որ մի օր ես կբուժվեմ ու մի օր կատարյալ կլինեմ։ Մի օր ես մետաղյա կամ պլաստմասե իր չեմ ունենա իմ ներսում։ Մի օր իմ սիրտն ազատ կլինի վախից, իսկ միտքս՝ անհանգստություններից։ Չեմ աղոթում, որ դա շուտ տեղի ունենա, բայց իսկապես հավատում եմ հետմահկանացու հրաշալի կյանքին»։

Հիսուս Քրիստոսի Հարությունը երաշխավորում է այն բոլոր բաները, որոնց համար Ալիսան հույս ուներ և յուրաքանչյուրիս մեջ սերմանում է «մեր մեջ եղած հույսի պատճառը»։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Հարությունը կոչել է «մարդկության պատմության մեջ ամենամեծ իրադարձություններից մեկը»։

Հարությունն իրագործվեց Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և առանցքային դեր ունի փրկության մեծ ծրագրում։ Մենք երկնային ծնողների հոգևոր զավակներն ենք։ Երբ գալիս ենք այս երկրային կյանք, մեր հոգին միավորվում է մեր մարմնի հետ։ Մենք զգում ենք մահկանացու կյանքին առնչվող ուրախություններն ու դժվարությունները։ Երբ մարդը մեռնում է, հոգին բաժանվում է մարմնից։ Հարությունը կրկին անգամ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդու հոգին ու մարմինը նորից միավորվեն, միայն թե այս ժամանակ այդ մարմինը կլինի անմահ ու կատարյալ, որը ենթակա չի լինի ցավի, հիվանդության կամ այլ խնդիրների։

Հարությունից հետո, ոգին այլևս չի բաժանվի մարմնից, քանի որ Փրկիչի Հարությունը կատարյալ հաղթանակ է տարել մահվան դեմ։ Որպեսզի ձեռք բերենք մեր հավերժական ճակատագիրը, անհրաժեշտ կլինի, որպեսզի այս անմահ ոգին՝ հոգին ու մարմինը, հավերժ միավորվեն։ Անբաժան միավորված հոգու և անմահ մարմնի միջոցով մենք «կստանանք ուրախության լիությունը»։ Ի դեպ, առանց Հարության մենք երբեք չէինք ստանա ուրախության լիությունը և կմնար հավերժ թշվառ վիճակում։ Նույնիսկ հավատարիմ, արդար մարդիկ իրենց մարմնի ու հոգու բաժանումը դիտարկում են որպես գերություն։ Այդ գերությունից մենք ազատվում ենք Հարության շնորհիվ, որը փրկագնում է մահվան կապանքներից ու շղթաներից։ Չկա փրկություն առանց մեր հոգու և մարմնի։

Մեզանից յուրաքանչյուրն ունի ֆիզիկական, մտավոր ու զգացմունքային սահմանափակումներ ու թուլություններ։ Այդ դժվարություններից մի քանիսը, որոնք թվում են անհաղթահարելի, ի վերջո կհարթվեն։ Այդ խնդիրներից և ոչ մեկը մեզ չի անհանգստացնի մեր հարությունից հետո։ Ալիսան ուսումնասիրեց, թե քաղցկեղի իր տեսակը ունեցող մարդկանց քանի տոկոսն է ապրում և արդյունքը հուսադրող չէր։ Նա գրել էր․ «Սակայն բուժումը գոյություն ուներ, այնպես որ ես չեմ վախենում։ Հիսուսը բուժել է իմ քաղցկեղը և ձերը նույնպես։ … Ես ավելի լավը կլինեմ։ Ուրախ եմ, որ գիտեմ այդ մասին»։

Մենք կարող ենք փոխարինել քաղցկեղ բառը մեր ունեցած մեկ ուրիշ ֆիզիկական, մտավոր կամ զգացմունքային հիվանդությամբ։ Հարության շնորհիվ դրանք նույնպես բուժվել են։ Հարության հրաշքը` վերջնական բուժումը, վեր է ժամանակակից բժշկության ուժերից։ Սակայն այն վեր չէ Աստծո ուժերից։ Մենք գիտենք, որ այն կարելի է հաղթահարել, քանի որ Փրկիչը հարություն է առել և կարող է իրագործել նաև մեր բոլորիս հարությունը։

Փրկիչի Հարությունն ապացուցում է, որ Նա է Աստծո Որդին և Իր ուսուցանածն իրական է։ «Նա հարություն առավ, ինչպես ասեց»։ Չկա Նրա աստվածայնության մասին ավելի մեծ ապացույց, քան այն, որ Նա անմահ մարմնով դուրս եկավ գերեզմանից։

Նոր Կտակարանից մենք ճանաչում ենք Հարության վկաներին։ Բացի կանանցից ու տղամարդկանցից, որոնց մասին մենք կարդում ենք ավետարաններում, Նոր Կտակարանը հավաստիացնում է, որ իրականում հարյուրավոր մարդիկ տեսան հարություն առած Տիրոջը։ Իսկ Մորմոնի Գրքում գրված է ևս բազմաթիվ հարյուրավորների մասին․ «Եվ եղավ այնպես, որ բազմությունն առաջ եկավ, և մտցրեց իրենց ձեռքերը նրա կողը … և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և իմացան, անկասկած, ու վկայեցին, որ այդ նա էր, որի մասին գրվել էր մարգարեների կողմից, որ պիտի գար»։

Այդ հնագույն վկաներին ավելացել են վերջին օրերի վկաները։ Ի դեպ, այս տնտեսության սկզբում Ջոզեֆ Սմիթը տեսավ հարություն առած Փրկիչին և Հորը միասին։ Ապրող մարգարեները և առաքյալները վկայել են հարություն առած, կենդանի Քրիստոսի իսկությունը։ Այնպես, որ մենք նույնպես կարող ենք ասել․ «Մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած»։ Եվ մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել այդ վկաների բազմության մի մասը, ով Սուրբ Հոգու զորությամբ գիտի, որ այն ինչ տոնում ենք Զատիկին, իրականում տեղի է ունեցել, որ Հարությունն իրական է։

Փրկիչի Հարության իրականությունը հաղթահարում է մեր վշտերն ու փոխարինում դրանք հույսով, քանի որ դրա շնորհիվ համոզվում ենք, որ ավետարանի մյուս խոստումները նմանապես իրական են, խոստումներ, որոնք ոչ պակաս հրաշագործ են, որքան Հարությունը։ Մենք գիտենք, որ Նա զորություն ունի մաքրելու մեզ՝ մեր բոլոր մեղքերից։ Մենք գիտենք, որ Նա Իր վրա է վերցրել մեր ունեցած թուլությունները, ցավերը և անարդարությունը։ Մենք գիտենք, որ Նա «մեռելներից [հարություն է առել՝] Իր թևերի մեջ ունենալով բժշկություն»։ Մենք գիտենք, որ Նա մեզ կարող է կատարյալ դարձնել, անկախ նրանից, թե ինչն է կոտրված մեր մեջ։ Մենք գիտենք, որ Նա «կ’ջնջէ բոլոր արտասուքը [մեր] աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ»։ Մենք գիտենք, որ կարող ենք «Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ դարձվել, որն … իրագործեց այս կատարյալ քավությունը», եթե մենք միայն հավատք ունենանք և հետևենք Նրան։

Messiah ոգեշնչող օրատորիայի վերջաբանին, Հենդելն այդ գեղեցիկ երաժշտության մեջ դրել է Պողոս Առաքյալի խոսքերը, ով ուրախանում է Հարության իրողությամբ։

«Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ա՝նքս կ’ննջենք, այլ ա՝նքս կ’փոխուինք։

Յանկարծ՝ ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ `ռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ ՝նք կ’փոխուինք։

Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։

… այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։

Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։ …

Բայց շնորհակալութիւնն Աստուծուն, որ տուաւ ՝զ յաղթութիւնը ՝ր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը»։

Ես երախտապարտ եմ այն օրհնությունների համար, որոնք մերն են՝ շնորհիվ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության։ Հարությունը մեծ հույսի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր գերեզման են դրել զավակին, լացել են ամուսնու դագաղի վրա կամ սգացել ծնողի կամ սիրած էակի մահը։ Ինչպիսի զորեղ փորձառություն կլինի, երբ կրկին տեսնենք նրանց ոչ թե որպես հոգիներ, այլ հարություն առած էակներ։

Ես մեծապես ցանկանում եմ կրկին տեսնել մորս, զգալ նրա քնքուշ հպումը և նայել նրա սիրող աչքերին։ Ցանկանում եմ տեսնել հորս ժպիտը, լսել նրա ծիծաղը և տեսնել նրան որպես հարություն առած և կատարյալ էակ։ Հավատքի աչքերով ես պատկերացնում եմ Ալիսային, ով լիովին հեռու է երկրային խնդիրներից կամ մահվան խայթոցից հարություն առած, կատարյալ Ալիսային, ով հաղթական ու լի է ուրախությամբ։

Մի քանի տարի առաջ Զատիկին նա պարզապես գրել էր․ «Կյանքը տրված է Փրկիչի անվան շնորհիվ։ Ես այնքան մեծ հույս ունեմ։ Մշտապես։ Ամեն ինչի միջոցով։ Ես սիրում եմ Զատիկը, որը հիշեցնում է ինձ կյանքը՝ Նրա անվան շնորհիվ»։

Ես վկայում եմ, որ Հարությունը իրական է։ Հիսուս Քրիստոսն ապրում է և Նրա շնորհիվ բոլորս կրկին կապրենք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։