2010–2019 թթ․
Հայրեր
Ապրիլ 2016


15:59

Հայրեր

Այսօր ես կկենտրոնանամ այն լավի վրա, որոնք տղամարդիկ կարող են կատարել ամենակարևոր դերերն իրականացնելիս՝ որպես ամուսին և որպես հայր։

Այսօր ես կխոսեմ հայրերի մասին։ Հայրերը հիմնարար դեր ունեն երջանկության աստվածային ծրագրում, և ես ցանկանում եմ քաջալերել նրանց, ովքեր ջանում են լավագույնս կրել այդ կոչումը։ Հայրությունը և հայրերի փառաբանումն ու քաջալերումը որևէ մեկին ամաչեցնելու կամ անտեսելու նպատակ չունի։ Այսօր ես պարզապես կկենտրոնանամ այն լավի վրա, որոնք տղամարդիկ կարող են կատարել ամենակարևոր դերերն իրականացնելիս՝ որպես ամուսին և որպես հայր։

Դեյվիդ Բլանքենհորնը՝ «Անհայր Ամերիկա» գրքի հեղինակը, նկատում է․«Այսօր ամերիկյան հասարակությունը հիմնովին բաժանված է և հակասական վերաբերմունք ունի հայրության գաղափարին։ Որոշ մարդիկ նույնիսկ չեն էլ հիշում այդ մասին։ Ոմանց համար դա ցավոտ հարց է։ Ոմանք էլ, այդ թվում նաև ընտանիքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող մի քանի գիտնականներ, անտեսում են այն կամ արհամարհանքով վերաբերվում։ Շատերն էլ առանձնապես դեմ չեն, ոչ էլ առանձնապես նվիրված են այդ գաղափարին։ Շատ մարդիկ կցանկանային, որ մենք պահպանեինք այն, սակայն կարծում են, որ մեր հասարակությունը պարզապես այլևս չի կարող կամ չի անի դա»։

Մենք հավատում ենք հայրերին։
Հայրերը ղեկավարում են սիրով և առաքինությամբ։

Որպես Եկեղեցի, մենք հավատում ենք հայրերին։ Մենք հավատում ենք «տղամարդու այն կատարելատիպին, ով իր ընտանիքը դնում է առաջին տեղում»։ Մենք հավատում ենք, որ «ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը»։ Մենք հավատում ենք, որ իրար լրացնելով, ընտանեկան պարտականությունները կատարելիս «հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»։ Մենք հավատում ենք, որ բոլորովին էլ ավելորդ չէ նշել, որ հայրերը առանձնահատուկ ու անփոխարինելի են։

Ծնողներն ունեն հավասար պարտականություններ։
Հայրերն անփոխարինելի են։

Ոմանք հայրության լավ կողմերը տեսնում են հասարակական առումով որպես մի բան, որը պարտավորեցնում է տղամարդկանց իրենց ժառանգների հանդեպ, մղելով նրանց լինել լավ քաղաքացիներ և մտածել ուրիշների կարիքների մասին, լրացնելով «զավակների համար կատարած մայրական ներդրումները հայրական ներդրումներով։ … Կարճ ասած, տղամարդկանց համար շատ կարևոր է հայր լինելը։ Երեխաների համար շատ կարևոր է հայր ունենալը։ Հասարակության համար շատ կարևոր է հայրեր դաստիարակելը»։ Մինչդեռ այս մտքերն իրապես ճիշտ են ու կարևոր, մենք գիտենք, որ հայրությունը շատ ավելին է, քան հասարակական կառույցը կամ էվոլյուցիայի արդյունքը։ Հոր դերն ունի աստվածային բնույթ՝ սկսած Երկնային Հորից, իսկ այս մահկանացու միջավայրում՝ Հայր Ադամից։

Հայրության կատարյալ աստվածային օրինակը մեր Երկնային Հայրն է։ Նրա բնավորությունը և հատկանիշները ներառում են մեծ բարություն և կատարյալ սեր։ Նրա գործը և փառքը Իր զավակների զարգացումը, երջանկությունը և հավերժական կյանքն են։ Հայրերն այս ընկած աշխարհում չեն կարող հավակնել, նույնիսկ համեմատվել Բարձրյալի հետ, սակայն առավելագույնս ձգտում են նմանվել Նրան, և նրանք իսկապես կատարում են Նրա գործը։ Նրանք արժանացել են բացառիկ ու ողջամիտ վստահության։

Հայրությունը օգնում է մեզ՝ որպես տղամարդիկ, բացահայտել մեր իսկ թուլությունները և կատարելագործվելու անհրաժեշտությունը։ Հայրությունը պահանջում է զոհաբերություն, սակայն այն նաև բավականության և ուրախության անզուգական աղբյուր է։ Կրկին, կատարյալ օրինակը մեր Երկնային Հայրն է, ով այնպես սիրեց մեզ՝ Իր հոգեղեն զավակներին, որ տվեց Իր Միածին Որդուն՝ մեր փրկության և վեհացման համար։ Հիսուսն ասել է․ «Ոչ ով նորանից ավելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար»։ Հայրերը արտահայտում են այդ սերը, երբ օրեցօր դնում են իրենց կյանքը՝ աշխատելով ծառայել և աջակցել իրենց ընտանիքներին։

Իհարկե, հոր աշխատանքի կարևորագույն մասն է՝ դարձնել իր զավակների սրտերը իրենց Երկնային Հայրը։ Եթե իր օրինակի, ինչպես նաև իր խոսքերի միջոցով հայրը կարողանա ցուցադրել, թե առօրյա կյանքում ինչպես կարելի է հավատարիմ լինել Աստծուն, այդ հայրը իր զավակներին կտա բանալին՝ խաղաղություն գտնելու այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում։ Հայրը, ով սուրբ գրություններ է կարդում իր երեխաների համար և նրանց հետ միասին, ծանոթացնում է նրանց Տիրոջ ձայնի հետ։

Հայր, ով կարդում է սուրբ գրությունները:

Սուրբ գրություններում բազմիցս կրկնվում և շեշտվում է երեխաներին ուսուցանելու ծնողի պարտականությունը․

«Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված ցցերում, որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին։ …

Եվ նրանք նաև պետք է իրենց երեխաներին ուսուցանեն աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ »։

1833 թվականին Տերը հանդիմանեց Առաջին Նախագահության անդամներին՝ իրենց զավակներին ուսուցանելու պարտականությանն անբավարար ուշադրություն դարձնելու համար։ Նրանցից մեկին Նա ասաց հետևյալը․ «Դու քո երեխաներին լույս և ճշմարտություն չես ուսուցանում՝ պատվիրանների համաձայն․ և այն չարագործը դեռևս զորություն ունի քո վրա, և դա է քո չարչարանքի պատճառը»։

Հայրերը պետք է յուրաքանչյուր սերնդում կրկին ու կրկին ուսուցանեն Աստծո օրենքը և գործերը։ Ինչպես հայտարարել է Սաղմոսացը.

«Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրենք դրաւ Իսրայէլի մէջ. այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։

Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կծնուին․ վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։

Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չմոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն»։

Պարող հայր և դուստր

Ավետարանն ուսուցանելու պարտականությունն իհարկե կրում են և հայրերը, և մայրերը, սակայն Տերը պարզ ասում է, որ հայրերից ակնկալում է դարձնել դա առաջնահերթություն։ (Եկեք նաև հիշենք, որ իրար հետ զրուցելը, աշխատելը, խաղալը և լսելը ուսուցանելու կարևոր տարրերն են։) Տերն ակնկալում է հայրերից օգնել իրենց զավակներին ձևավորվել, իսկ երեխաներն ուզում են և կարիք ունեն օրինակի։

Միասին աշխատող հայր և որդի

Ես ինքս օրհնված եմ եղել, ունենալով օրինակելի հայր։ Հիշում եմ, երբ մոտ 12 տարեկան էի, հայրս դարձավ քաղաքի խորհրդի թեկնածու մեր բավականին փոքր համայնքում։ Նա մեծ նախընտրական քարոզարշավ չկազմակերպեց: Ես հիշում եմ, որ հայրս հանձնարարեց ինձ և եղբայրներիս դռնեդուռ անցնել ու թռուցիկներ բաժանել, հորդորելով մարդկանց քվեարկել Պոլ Քրիստոֆերսոնի օգտին։ Շատերը, ում ես տվեցի թռուցիկները, նշեցին, որ Պոլը լավ ու ազնիվ մարդ է, և նրանք խնդիր չեն ունենա քվեարկելու նրա օգտին։ Սիրտս լցվել էր հորս հանդեպ ունեցած հպարտության զգացումով։ Այն ինձ վստահություն տվեց և ցանկություն՝ հետևելու իր օրինակին։ Նա կատարյալ չէր, ոչ ոք կատարյալ չէ, սակայն նա անկեղծ էր, բարի ու լավ օրինակ իր որդու համար։

Կարգապահությունը և թերությունների շտկումը ուսուցման մասն են կազմում։ Ինչպես ասել է Պողոսը. «Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է»։ Սակայն կարգավարժելիս հայրը պետք է ցուցաբերի հատուկ հոգատարություն, բացառելով որևէ բռնություն, որը երբեք արդարացում չունի։ Դիտողություններ անելիս հայրը պետք է մղվի սիրուց և Սուրբ Հոգու առաջնորդությունից․

«Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով, և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի․

Որպեսզի նա իմանա, որ քո հավատարմությունն ավելի ամուր է, քան մահվան կապանքները»։

Կարգավարժումն, ըստ աստվածային օրինաչափության, պահանջում է ոչ թե պատժել, այլ օգնել սիրելիին ինքնատիրապետում զարգացնելիս։

Հայրիկն աշխատավայրում
Վաստակել ապրուստի միջոցներ

Տերն ասել է․ «Բոլոր երեխաները, մինչ չափահաս դառնալը, իրենց ապրուստի համար իրավունք ունեն աջակցություն ստանալ իրենց ծնողների կողմից»։ Հաց վաստակելը սուրբ գործ է։ Ընտանիքի կարիքները հոգալը, չնայած այն հիմնականում պահանջում է մի քանի ժամ անցկացնել ընտանիքից հեռու, անհամատեղելի չէ հայրության հետ․ դա լավ հայր լինելու էությունն է․ «Աշխատանքը և ընտանիքը իրար լրացնող պարտականություններ են»։ Սա, իհարկե, չի արդարացնում այն տղամարդուն, ով անտեսում է իր ընտանիքին իր կարիերայի կամ այլ ծայրահեղության պատճառով, մեկին, ով ջանք չի գործադրում և հակված է դնել իր պարտականությունները ուրիշների վրա։ Ինչպես ասել է Բենիամին թագավորը․

«Դուք չեք հանդուրժի, որ ձեր զավակները քաղցած կամ մերկ շրջեն․ ոչ էլ կհանդուրժեք, որ նրանք զանց առնեն Աստծո օրենքները, և կռվեն ու վիճեն միմյանց հետ։ …

Բայց դուք կսովորեցնեք նրանց՝ քայլել ճշմարտության և լրջմտության ուղիներով․ դուք կսովորեցնեք նրանց՝ սիրել միմյանց և ծառայել մեկմեկու»։

Մենք հասկանում ենք այն տղամարդկանց տառապանքը, ովքեր չեն կարողանում ուղիներ ու միջոցներ գտնել պատշաճ կերպով աջակցելուիրենց ընտանիքներին։ Չպիտի ամաչեն նրանք, ովքեր, չնայած իրենց լավագույն ջանքերին, այս պահին չեն կարողանում կատարել հայրական բոլոր պարտականությունները։ «Անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը»։

Սիրառատ ծնողներ
Պարող ծնողներ

Իր երեխաների մորը սիրելը և այդ սերը ցույց տալը երկու լավագույն բաներն են, որ հայրը կարող է անել իր երեխաների համար։ Դա վերահաստատում ու ամրացնում է ամուսնությունը, որն իրենց ընտանեկան կյանքի ու ապահովության հիմքն է։

Հայրն իր դեռահաս որդիների հետ

Որոշ տղամարդիկ միայնակ հայրեր են, որդեգիր հայրեր կամ խորթ հայրեր են։ Նրանցից շատերը ջանասիրաբար ձգտում են անել լավագույնը՝ հաճախ դժվար դերը կատարելու համար։ Մենք պատվում ենք նրանց, ովքեր անում են ամեն հնարավոր բան՝ սիրով, համբերատարությամբ և անձնազոհությամբ, որպեսզի հոգան անհատական և ընտանեկան կարիքները։ Հարկ է նշել, որ Աստված վստահեց Իր Միածին Որդուն որդեգիր հորը։ Անշուշտ շնորհակալ ենք Հովսեփին այն բանի համար, որ Հիսուսը «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ»։

Ցավոք՝ մահվան, լքվածության և ամուսնալուծության պատճառով որոշ երեխաներ ապրում են իրենց հայրերից առանձին։ Ոմանք, միգուցե, ունեն հայրեր, որոնք ֆիզիկապես ներկա են, սակայն էմոցիոնալ առումով բացակա կամ այլ առումներով անուշադիր ու չաջակցող։ Մենք կոչ ենք անում բոլոր հայրերին լինելու ավելի լավը։ Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին ու ժամանցի վայրերին ներկայացնել նվիրված և աջակցող հայրերի, ովքեր իսկապես սիրում են իրենց կանանց և խելացի ձևով առաջնորդում են իրենց երեխաներին, այլ ոչ թե խեղկատակների կամ «խնդիրներ առաջացնող տղամարդկանց», ինչպես հայրերը հաճախ ներկայացվում են։

Այն երեխաներին, որոնց ընտանեկան վիճակն անհանգստացնող է, մենք ասում ենք՝ ձեր ինքնագնահատականը չպիտի ընկնի դրա պատճառով։ Խնդիրները երբեմն շեշտում են այն փաստը, որ Տերը վստահում է ձեզ։ Նա կարող է օգնել ձեզ անձամբ կամ ուրիշների միջոցով, որպեսզի հաղթահարեք ձեզ հանդիպած դժվարությունները։ Դուք կարող եք դառնալ այն սերունդը, միգուցե առաջինը ձեր ընտանիքում, որտեղ աստվածային օրինաչափությունը, որն Աստված կարգել է ընտանիքների համար, իսկապես իրագործվում է և օրհնում ձեզ հաջորդող բոլոր սերունդներին։

Երիտասարդ տղամարդկանց, ովքեր գիտակցում են իրենց դերը` որպես ապահովող և պաշտպան, մենք ասում ենք՝ պատրաստվեք այժմ` լինելով ջանասեր դպրոցում և ծրագրելով ձեր ապագա կրթությունը։ Կրթությունը, որը կստանաք համալսարանում, մասնագիտացված դպրոցում, քոլեջում կամ նմանատիպ այլ հաստատություններում, բանալի է հանդիսանում՝ ձեր անհրաժեշտ հմտությունները և ունակությունները զարգացնելու համար։ Օգտվեք տարբեր տարիքի մարդկանց, այդ թվում նաև երեխաների հետ շփվելու հնարավորությունից և սովորեք, թե ինչպես կարող եք առողջ և հաճելի հարաբերություններ ստեղծել։ Դա հիմնականում նշանակում է դեմ առ դեմ խոսել մարդկանց հետ և երբեմն միասին ինչ-որ բան նախաձեռնել, այլ ոչ թե պարզապես զարգացնել հաղորդագրություններ գրելու հմտությունը։ Այնպես ապրեք ձեր կյանքը, որ որպես տղամարդ մաքրություն բերեք ձեր ամուսնության մեջ և ձեր երեխաների կյանքում։

Աճող սերնդին մենք ասում ենք՝ ինչ գնահատական էլ որ տաք ձեր հայրիկին՝ լավ, ավելի լավ, ամենալավ (և ես հուսով եմ, որ գնահատականն ավելի ու ավելի կբարձրանա մինչ կմեծանաք ու ավելի իմաստուն կդառնաք), տրամադրվեք պատվելու նրան և ձեր մորը՝ ձեր իսկ կյանքով։ Հիշեք կարոտով լի հոր հույսը, որն արտահայտել է Հովհաննեսը․ «Սորանից աւելի մեծ ուրախութիւն չունիմ, որ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում»։ Ձեր արդարությունն ամենամեծ պատիվն է, որին որևէ հայր կարող է արժանանալ։

Իմ եղբայրներին, ովքեր հայրեր են այս Եկեղեցում, ես ասում եմ՝ ես գիտեմ, որ դուք կցանկանայիք լինել ավելի կատարյալ հայր։ Ես էլ եմ դա ցանկանում։ Ուստի, անկախ մեր սահմանափակումներից, եկեք առաջ շարժվենք։ Եկեք մի կողմ դնենք սեփական ցանկությունները բավարարելու և բարոյական ազատության վերաբերյալ այսօրվա մշակույթի կեղծ քարոզները և նախ մտածենք ուրիշների երջանկության և բարօրության մասին։ Վստահ եմ, որ անկախ մեր անհամապատասխանության զգացումից, մեր Երկնային Հայրը կմեծարի մեզ և այնպես կանի, որ մեր հասարակ գործողությունները լավ արդյունքներ բերեն։ Ինձ համար շատ խրախուսող եղավ մի պատմություն, որը տարիներ առաջ կարդացի New Era ամսագրում։ Հեղինակը պատմում էր հետևյալը․

«Երբ երիտասարդ էի, իմ ընտանիքն ապրում էր երկրորդ հարկում գտնվող մեկ ննջասենյակ ունեցող բնակարանում։ Ես քնում էի հյուրասենյակի բազմոցին։ …

Հայրս, ով դարբին էր, ամեն օր վաղ առավոտյան գնում էր աշխատանքի։ Ամեն առավոտ նա … լավ ծածկում էր ինձ իմ վերմակով ու մի պահ կանգնում կողքիս։ Ես կիսաքուն վիճակում զգում էի, որ հայրս կանգնած էր իմ կողքին ու նայում էր ինձ։ Երբ աստիճանաբար արթնանում էի, փորձում էի լուռ մնալ, ձևացնելով, թե դեռ քնած եմ։ … Ես նկատում էի, որ իմ կողքին կանգնած նա ջերմեռանդորեն աղոթում էր ինձ համար։

Ամեն առավոտ հայրս աղոթում էր իմ համար։ Աղոթում էր, որ ես լավ օր անցկացնեի, որ ապահով լինեի, որ սովորեի ու պատրաստվեի ապագային։ Եվ քանի որ նա չէր կարող ինձ հետ լինել մինչ երեկո, նա աղոթում էր ուսուցիչների և իմ ընկերների համար, ում հետ ես կլինեի օրվա ընթացքում։ …

Սկզբում ես չէի հասկանում, թե ինչու էր հայրս ամեն առավոտ աղոթում ինձ համար։ Սակայն երբ մեծացա, սկսեցի զգալ նրա սերը և հասկանալ, որ նրան հետաքրքրում էիես և այն ամենը, ինչ անում էի։ Դրանք իմ ամենասիրած հիշողություններից են։Սակայն դա ես հասկացա շատ տարիներ անց, երբ ամուսնացա, ինքս երեխաներ ունեցա և մտնում էի նրանց սենյակը, մինչ քնած էին, և աղոթում նրանց համար։ Այդ ժամանակ ես լիովին հասկացա, թե ինչ էր հայրս զգում իմ հանդեպ»։

Ալման վկայեց իր որդուն․

«Ահա, ես ասում եմ քեզ, որ այդ [Քրիստոսն] է, որ հաստատ պիտի գա … , այո, նա գալիս է՝ իր ժողովրդին փրկության ավետիք հայտարարելու։

Եվ արդ, որդիս, այս էր ծառայությունը, որին դու կանչվել էիր՝ հայտարարելու այս ավետիքն այս ժողովրդին, պատրաստելու նրանց միտքը․ կամ, ավելի շուտ … որպեսզի նրանք կարողանան պատրաստել իրենց զավակների մտքերը՝ լսելու խոսքը նրա գալստյան ժամանակ»։

Դա է հայրերի ծառայությունն այսօր։ Թող Աստված օրհնի և ուժ տա նրանց անելու դա, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։