Ամենամեծ առաջնորդները մեծագույն հետևորդներն են
Լինելու են պահեր, երբ ճանապարհն առջևում կթվա մութ, այնուամենայնիվ շարունակեք հետևել Փրկիչին։ Նա գիտի ճանապարհը, իրականում, Նա՜ է ճանապարհը։
Երբ ես 12 տարեկան էի, հայրս տարավ ինձ որսի լեռներում։ Մենք արթնացանք առավոտյան ժամը 3։00-ին, թամբեցինք մեր ձիերը և ճանապարհ ընկանք անտառապատ լեռնալանջով լիակատար մթության մեջ։ Որքան էլ ես սիրել եմ որսի գնալ հայրիկիս հետ, այդ պահին ես մի փոքր անհանգստություն զգացի։ Ես նախկինում երբեք չէի եղել այս լեռներում և պարզապես չէի կարող տեսնել արահետը կամ որևէ այլ բան։ Միակ բանը, որ ես կարողացա տեսնել, հայրիկիս ձեռքի փոքր էլեկտրոնային լապտերն էր, որը մեր առջևում թույլ լույս էր գցում սոճիների վրա։ Ի՞նչ կպատահի, եթե իմ ձին սայթաքի և ընկնի. արդյո՞ք նա կարող էր տեսնել, թե ուր էր գնում։ Բայց այս միտքը սփոփեց ինձ. «Հայրիկս գիտի, թե ուր է գնում։ Եթե հետևեմ նրան, ամեն ինչ լավ կլինի»։
Եվ ամեն ինչ լավ եղավ։ Արևն ի վերջո դուրս եկավ, և մենք հրաշալի օր անցկացրինք միասին։ Երբ մենք սկսեցինք շարժվել դեպի տուն, հայրիկս ցույց տվեց մի փառահեղ, զառիվայր լեռնագագաթ, որն աչքի էր ընկնում մյուսների մեջ։ «Դա Ուինդի Ռիջն է», ասաց նա։ «Լավ որսը այստեղ է լինում»։ Ես անմիջապես հասկացա, որ ուզում էի մի օր վերադառնալ և բարձրանալ Ուինդի Ռիջը։
Հաջորդող տարիներին ես հաճախ լսում էի, թե ինչպես էր հայրս խոսում Ուինդի Ռիջի մասին, բայց մենք երբեք այնտեղ չգնացինք, մինչև մի օր՝ 20 տարի անց, ես զանգեցի հայրիկիս և ասացի. «Արի գնանք Ուինդի»։ Մենք կրկին թամբեցինք մեր ձիերը և լեռնալանջով շարժվեցինք վերև։ Ես արդեն 30 տարին բոլորած փորձառու հեծյալ էի, այնուամենայնիվ ես զարմացած էի, զգալով նույն անհանգստությունը, որը զգացել էի 12 տարեկանում։ Բայց հայրիկս գիտեր ճանապարհը, և ես հետևում էի նրան։
Վերջապես մենք հասանք Ուինդիի գագաթը։ Տեսարանը աշխուժացնող էր, և ես մի անհաղթահարելի զգացում ունեցա, ես ցանկանում էի վերադառնալ՝ այս անգամ ոչ թե ինձ, այլ իմ կնոջ և երեխաներիս համար։ Ես ցանկանում էի, որ նրանք էլ զգան այն, ինչ ես էի զգացել։
Տարիներ շարունակ, ես շատ հնարավորություններ ունեցա առաջնորդելու իմ որդիներին և ուրիշ երիտասարդ տղաների դեպի լեռնագագաթներ, ինչպես հայրս առաջնորդեց ինձ։ Այս փորձառությունները հուշել են ինձ խորհրդածել այն մասին, թե ինչ է նշանակում առաջնորդել, և ինչ է նշանակում հետևել։
Հիսուս Քրիստոսը՝ ամենամեծ առաջնորդը և մեծագույն հետևորդը
Եթե ես հարցնեի ձեզ. «Ո՞վ է ամենամեծ առաջնորդը, ով երբևիցե ապրել է», ի՞նչ կասեիք։ Պատասխանը, իհարկե՝ Հիսուս Քրիստոսն է։ Նա կատարյալ օրինակ է ծառայում այնպիսի առաջնորդի, ով օժտված է ցանկացած երևակայելի առանձնահատկություններով:
Բայց եթե ես հարցնեի ձեզ. «Ո՞վ է մեծագույն հետևորդը, ով երբևիցե ապրել է», արդյո՞ք պատասխանը կրկին չէր լինի Հիսուս Քրիստոսը։ Նա ամենամեծ առաջնորդն է, որովհետև Նա մեծագույն հետևորդն է. Նա կատարելապես հետևում է Իր Հորը բոլոր բաներում։
Աշխարհը սովորեցնում է, որ առաջնորդները պիտի հզոր լինեն, Տերը սովորեցնում է, որ նրանք պիտի հեզ լինեն։ Աշխարհիկ առաջնորդները ստանում են զորություն և ազդեցություն իրենց տաղանդի, հմտության ու հարստության շնորհիվ։ Քրիստոսանման առաջնորդները ստանում են զորություն և ազդեցություն «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ, հեզությամբ և անկեղծ սիրով»։
Աստծո աչքերում ամենամեծ առաջնորդները միշտ մեծագուն հետևորդներն են եղել։
Թույլ տվեք կիսվել Եկեղեցու երիտասարդ տղաների հետ իմ վերջին փոխհարաբերությունից երկու փորձառությունով, որոնք սովորեցրել են ինձ առաջնորդելու և հետևելու մասին։
Մենք բոլորս էլ առաջնորդներ ենք
Վերջերս ես ու կինս մասնակցեցինք մեկ այլ ծխի հաղորդության ժողովին։ Ժողովը սկսվելուց առաջ, մի երիտասարդ տղա մոտեցավ ինձ և խնդրեց օգնել բաժանել հաղորդությունը։ Ես ասացի. «Կանեմ մեծ սիրով»։
Ես նստեցի մյուս սարկավագների հետ և հարցրի իմ մոտ նստած մեկին. «Ո՞րն է իմ հանձնարարությունը»։ Նա ասաց, որ ես պետք է սկսեի բաժանել աղոթատան միջին հատվածի ետևի մասից, իսկ նա լինելու էր նույն հատվածի մյուս կողմում, և մենք միասին գնալու էինք առաջ։
Ես ասացի. «Ես դա չեմ արել երկար ժամանակ»։
Նա պատասխանեց. «Ոչինչ, լավ կլինի. Ես էլ նույնն էի զգում առաջին անգամ»։
Քիչ անց քվորումի ամենաերիտասարդ սարկավագը, ով այդ պաշտոնին էր կարգվել մի քանի շաբաթ առաջ, ելույթ ունեցավ հաղորդության ժողովին։ Ժողովից հետո մյուս սարկավագները հավաքվեցին նրա շուրջ` ասելու նրան, թե իրենք որքան հպարտ էին իրենք իրենց քվորումի անդամով։
Այդ օրը այցելելով նրանց, ես իմացա, որ այդ ծխի Ահարոնյան քահանայության քվորումների բոլոր անդամներն ամեն շաբաթ դիմում են ուրիշ երիտասարդ տղաներին և հրավիրում նրանց միանալ իրենց քվորումներին։
Այս երիտասարդ տղաները բոլորն էլ մեծ առաջնորդներ էին։ Եվ բեմի ետևում միանշանակ կային հրաշալի Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներ, ծնողներ և ուրիշներ, ովքեր նրանց խորհուրդներ էին տալիս իրենց պարտականությունների վերաբերյալ։ Նրանց պես հոգատար մեծահասակները տեսնում են երիտասարդ տղաներին ոչ թե` ինչպես նրանք կան, այլ` ինչպիսին նրանք կդառնան։ Երբ նրանք խոսում են երիտասարդ տղաների հետ կամ նրանց մասին, նրանց թերությունների վրա չեն կենտրոնանաում։ Փոխարենը նրանք շեշտադրում են առաջնորդելու նրանց դրսևորած հրաշալի հատկանիշները։
Երիտասարդ տղաներ, Տերը այսպես է տեսնում ձեզ։ Ես հրավիրում եմ ձեզ` այսպես տեսնել ինքներդ ձեզ։ Ձեր կյանքում կլինեն պահեր, երբ անհրաժեշտ է լինելու, որ դուք առաջնորդեք։ Այլ պահերին ակնկալվում է, որ դուք հետևեք։ Բայց այսօր իմ ուղերձը ձեզ կայանում է նրանում, որ անկախ ձեր կոչումից, դուք միշտ և առաջնորդ եք, և հետևորդ։ Առաջնորդ լինելը աշակերտության դրսևորումն է. այն պարզապես օգնում է ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, ինչն անում են ճշմարիտ աշակերտները։ Եթե դուք ձգտում եք լինել Քրիստոսի հետևորդ, ապա կարող եք օգնել ուրիշներին հետևել Նրան, և դուք կարող եք առաջնորդ լինել։
Առաջնորդելու ձեր ունակությունը չի գալիս ձեր անմիջականությունից, ոգևորելու հմտությունից կամ նույնիսկ հասարակության առջև խոսելու տաղանդից։ Այն գալիս է Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր նվիրվածությունից։ Աբրահամի խոսքերով, այն գալիս է. «արդարության ավելի մեծ հետևորդ» լինելու ձեր ցանկությունից։ Եթե դուք կարող եք դա անել, նույնիսկ եթե կատարյալ չեք դրանում, բայց ջանք եք թափում, ապա դուք առաջնորդ եք։
Քահանայական ծառայությունն առաջնորդ լինելն է
Մեկ այլ առիթով, երբ Նոր Զելանդիայում էի, այցելեցի երեք դեռահաս երեխա ունեցող մի միայնակ մոր տուն։ Ավագ որդին 18 տարեկան էր և ստացել էր Մելքիսեդեկյան Քահանայությունը հենց նախորդ կիրակի։ Ես հարցրի, թե արդյոք նա արդեն հնարավորություն էր ունեցել գործածելու այդ քահանայությունը։ Նա ասաց. «Ես վստահ չեմ, թե ինչ է դա նշանակում»։
Ես ասացի նրան, որ ինքն արդեն ուներ սփոփանքի կամ բժշկության համար քահանայության օրհնություն տալու իշխանություն։ Ես նայեցի նրա մորը, ով իր կողքին երկար տարիներ չէր ունեցել Մելքիսեդեկյան Քահանայություն կրող։ «Կարծում եմ, շատ հրաշալի կլիներ», ես ասացի, «եթե դու օրհնություն տայիր մայրիկիդ»։
Նա պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչպես այդ անել»։
Ես բացատրեցի, որ նա կարող էր դնել իր ձեռքերը մոր գլխին, ասել նրա անունը, ասել, որ տալիս է նրան օրհնություն Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ, ասել այն, ինչը Հոգին կհուշեր նրան մտքում ու սրտում և փակել Հիսուս Քրիստոսի անունով։
Հաջորդ օրը ես նրանից էլ-նամակ ստացա. այնտեղ մասամբ ասվում էր. «Այսօր ես օրհնեցի մայրիկիս։ … Ես շատ, շատ հուզված ու անհարմար էի զգում, այնպես որ ես շարունակ աղոթեցի, հետևելով, որ Հոգին ինձ հետ ունենամ, որովհետև ես չէի կարող օրհնություն տալ առանց նրա։ Երբ սկսեցի, լիովին մոռացա ինձ և իմ թուլությունները: … Ես [չէի ակնկալում] այդ վիթխարի հոգևոր և զգացմունքային զորությունը, որ ես ապրեցի։ … Դրանից հետո սիրո հոգին այնքան ուժգին պարուրեց ինձ, որ ես չկարողացա զսպել զգացմունքներս, ուստի ես գրկեցի մայրիկիս և մանկիկի պես լաց եղա։ … Նույնիսկ այժմ, այդ մասին գրելիս, [ես զգում եմ] Հոգին [այնքան ուժեղ, որ] չեմ ուզում երբեք մեղք գործել կրկին։ … Ես սիրում եմ այս ավետարանը»։
Ոգեշնչող է՞ տեսնել, թե ինչպես սովորական թվացող երիտասարդը կարող է հասնել մեծ բաների քահանայական ծառայության շնորհիվ, նույնիսկ, երբ նա անհարմարություն է զգում։ Ես վերջերս իմացա, որ այս երիտասարդ երեցը ստացել է իր միսիայի կանչը և հաջորդ ամիս ընդունվելու է միսիոներների պատրաստման կենտրոն։ Ես հավատացած եմ, որ նա շատ հոգիներ կտանի Քրիստոսի մոտ, որովհետև նա սովորել է, թե ինչպես հետևել Քրիստոսին իր քահանայական ծառայության մեջ՝ սկսելով իր սեփական տնից, որտեղ նրա օրինակը խորիմաստ ազդեցություն է ունենում իր 14-ամյա եղբոր վրա։
Եղբայրներ, արդյոք մենք գիտակցում ենք, թե ոչ, մենք օրինակ ենք ծառայում մարդկանց՝ ընտանիքի անդամներին, ընկերներին, նույնիսկ անծանոթներին։ Մեզ՝ որպես քահանայություն կրողների համար, բավական չէ միայն գալ դեպի Քրիստոսը. այժմ մեր պարտականությունն այն է, որ «հրավիրենք բոլորին գալ դեպի Քրիստոսը»։ Չի կարելի բավարարվել մեր ստացած հոգևոր օրհնություններով, այլ մենք պետք է առաջնորդենք մեր սիրելի մարդկանց դեպի այդ նույն օրհնությունները, իսկ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պիտի սիրենք բոլորին։ Պետրոսին տված Փրկիչի հանձնարարությունը նաև տրված է մեզ. «Եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»։
Հետևեք Գալիլեացուն
Լինելու են պահեր, երբ ճանապարհն առջևում կթվա մութ, սակայն շարունակեք հետևել Փրկչին։ Նա գիտի ճանապարհը, իրականում, Նա՜ է ճանապարհը։ Որքան ավելի ջերմեռանդ դուք գաք դեպի Քրիստոսը, այնքան ավելի խիստ ը կցանկանաք օգնել ուրիշներին զգալ ձեր զգացածը։ Եվս մեկ բառ այս զգացման համար՝ գթությունն է. «որը [Հայրը] շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են»։ Ապա դուք կհամոզվեք, որ Քրիստոսին հետևելու գործում, դուք նաև առաջնորդում եք ուրիշներին Նրա մոտ, քանզի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերի համաձայն. «Երբ հետևենք այդ Գալիլեացուն, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսին, մեր անձնական ազդեցությունը զգացվելու է բարու համար, ուր էլ մենք լինենք, ինչ կոչումներ էլ ունենանք»։
Ես վկայում եմ, որ սա Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է։ Մեզ առաջնորդում է Աստծո մարգարե Նախագահ Մոնսոնը՝ մեծ առաջնորդը, ով նաև Փրկիչի ճշմարիտ հետևորդն է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։