2010–2019 թթ․
Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու
Ապրիլ 2016


19:25

Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու

Շարունակեք սիրել: Շարունակեք փորձել։ Շարունակեք վստահել։ Շարունակեք հավատալ։ Շարունակեք աճել։ Երկինքը ողջունում է ձեզ՝ այսօր, վաղը և հավիտյան։

Եղբայրներ և քույրեր, արդյո՞ք դուք հասկանում եք կամ ունե՞ք պատկերացում, թե որքան շատ ենք մենք ձեզ սիրում: 10 ժամ շարունակ դուք դիտել և սևեռել եք ձեր հայացքը այս բեմից ելույթ ունեցող մարդկանց վրա, իսկ այդ 10 ժամվա ընթացքում մենք նստել ենք այս բեմի հետևում ու նայել ձեզ: Դուք հուզել եք մեզ մինչև մեր հոգու խորքը՝ լինեն դրանք այս Համաժողովների կենտրոնում ներկաները, հավաքատներում հավաքված բազմաթիվ մարդիկ, թե աշխարհով մեկ իրենց համակարգիչների առջև հավաքված միլիոնավոր մարդիկ: Այստեղ թե այնտեղ՝ ձեր կիրակնօրյա լավագույն հագուստով, դուք ժամեր եք անցկացրել մեզ հետ: Դուք երգել ու աղոթել եք: Դուք լսել ու հավատացել եք: Դուք այս Եկեղեցու հրաշքն եք: Եվ մենք սիրում ենք ձեզ:

Ի՜նչ հերթական հիշարժան գերագույն համաժողով էր։ Մենք հատկապես օրհնվեցինք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ներկայությունից և մարգարեական ուղերձներից։ Նախագահ, մենք սիրում ենք ձեզ, մենք աղոթում ենք ձեզ համար ու ամենից առավել մենք աջակցում ենք ձեզ։ Նաև երախտապարտ ենք, որ ուսուցանվեցինք ձեր և ձեր հրաշալի խորհրդականների և մյուս հրաշալի ղեկավարների կողմից։ Լսեցինք հոյակապ երաժշտություն։ Մենք համառորեն աղոթեցինք ու աղերսեցինք։ Իսկապես, Տիրոջ հոգին առատորեն ներկա էր այստեղ։ Բոլոր առումներով այս շաբաթ ու կիրակի օրերը ոգեշնչող էին։

Այժմ, ես տեսնում եմ երկու խնդիր։ Մեկն այն է, որ ես միակ մարդն եմ, ով կանգնել է ձեր և այն պաղպաղակի միջև, որը յուրաքանչյուր գերագույն համաժողովից հետո պատրաստվում եք ուտել։ Մյուս սպառնացող խնդիրը պատկերված է այս լուսանկարում, որը վերջերս եմ տեսել համացանցում։

Դինոզավրը հետապնդում է երեխային

Ներողություն եմ խնդրում բոլոր այն երեխաներից, ովքեր թաքնվում են իրենց աթոռների տակ, բայց ճշմարտությունն այն է, որ մեզանից և ոչ մեկը չի ցանկանում վաղը կամ մյուս օրը փչացնել այն հրաշալի զգացողությունները, որը մենք այս երկու օրը զգացինք։ Մենք ցանկանում ենք ամուր բռնվել այն հոգևոր տպավորություններից, որոնք մենք ունեցանք և այն ոգեշնչող ուսմունքներից, որոնք մենք լսեցինք։ Բայց անխուսափելի է, որ մեր կյանքի հոգևոր պահերից հետո մենք պետք է վերադառնանք աշխարհիկ միջավայր, որտեղ կրկին կբախվենք այնպիսի հանգամանքների, որոնք, երբեմն, կատարյալ չեն։

Եբրայեցիս գիրքը գրողը այդ մասին զգուշացրեց մեզ, երբ գրեց․ «Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք»։ Լուսավորվելուց հետո ունեցած այդ չարչարանքները կարող են տարբեր կերպ ի հայտ գալ և կարողենէ ի հայտ գալ բոլորիս դեպքում։ Անշուշտ, երբևէ ծառայած յուրաքանչյուր միսիոներ շուտով հասկանում է, որ միսիայի տարածքում ունեցած կյանքը այնքան էլ նման չէ միսիոներական պատրաստման կենտրոնի փափուկ կյանքին։ Դա տեղի է ունենում բոլորիս հետ տաճարի սքանչելի նիստերից հետո կամ մի հատուկ, հոգևոր հաղորդության ժողովից հետո։

Հիշեք, որ երբ Մովսեսն իջավ Սինայ լեռան վրա ունեցած իր եզակի փորձառությունից հետո, նա տեսավ, որ իր ժողովուրդը «ապականվեցավ» և «շուտով խոտորեցին ճանապարհից»։ Այնտեղ՝ լեռան ստորոտում, նրա ժողովուրդը ձուլեց ոսկե մի հորթ և երկրպագություն արեց հենց այն նույն պահին, երբ Եհովան լեռան գագաթին Մովսեսին ասում էր․ «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս» և «Քեզ համար կուռք չշինես»։ Մովսեսն այդ օրը չէր հպարտանում իսրայելացիների իր թափառող հոտով։

Հիսուսն Իր երկրային ծառայության ընթացքում Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին տարավ Կերպարանափոխության սարը, որտեղ ըստ սուրբ գրությունների «նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան»։ Երկինքները բացվեցին, հնագույն մարգարեները եկան ու Հայր Աստվածը խոսեց։

Այդպիսի վեհացնող փորձառությունից հետո Հիսուսն ի՞նչ գտավ լեռան վրայից իջնելուց հետո։ Սկզբում Նա տեսավ Իր աշակերտներին ընդդիմախոսների հետ վիճելիս այն օրհնության վերաբերյալ, որն աշակերտներն իզուր տվել էին երիտասարդ տղային։ Ապա, Նրան չհաջողվեց համոզել Տասներկուսին և պարզվեց, որ շուտով Նրան պետք է հանձնեին տեղական առաջնորդներին, ովքեր կսպանեին Նրան։ Ապա, ինչ-որ մեկը նշեց, որ հարկերը վճարելու ժամանակն է, որը նա անմիջապես վճարեց։ Հետո, նա ստիպված եղավ հանդիմանել եղբայրներից մի քանիսին, որովհետև նրանք վիճում էին, թե ով պետք է լինի ամենամեծը Նրա արքայության մեջ։ Այդ ամենը նրան ստիպեց մի պահ ասել․ «Ով անհավատ ազգ, … մինչև ե՞րբ պիտի համբերեմ ձեզ»։ Իր ծառայության ընթացքում Նա պատճառ ունեցավ այդ հարցը հնչեցնել մեկից ավելի անգամներ։ Զարմանալի չէր, որ Նա ցանկացավ միայնակ աղոթել սարի գագաթին։

Գիտակցելով, որ մենք բոլորս էլ պետք է ցած իջնենք երազանքների գրկից ու առնչվենք կյանքի փոփոխական հանգամանքներին, թույլ տվեք գերագույն համաժողովի ավարտին այս խրախուսանքի խոսքերն ասել։

Առաջին հերթին, եթե գալիք օրերին ոչ միայն ձեզ շրջապատողների մեջ տեսնեք սահմանափակումներ, այլև տեսնեք ձեր կյանքի որոշ կետեր, որոնք դեռևս լիովին համահունչ չեն այս հանգստյան օրերին ձեր լսած ուղերձների հետ, խնդրում եմ, մի վհատվեք հոգեպես և մի հանձնվեք։ Ավետարանի, Եկեղեցու և տարին երկու անգամ տեղի ունեցող այս հրաշալի հավաքների նպատակն է հույս ու ոգեշնչում պարգևել: Նրանց նպատակը չէ հուսահատեցնել ձեզ։ Միայն հակառակորդը՝ մեր բոլորիս թշնամին, կփորձի համոզել մեզ, որ գերագույն համաժողովում ընդգծված սկզբունքները ճնշող ու անիրատեսական են, որ իրականում մարդիկ չեն կատարելագործվում, և ոչ մեկն իրականում առաջընթաց չի ապրում։ Եվ ինչո՞ւ է սատանան փորձում մեզ դրանում համոզել։ Քանի որ նա գիտի, որ նա չի կարող կատարելագործվել, որ նա առաջընթաց չի ունենա, ողջ հավերժության մեջ նա երբեք պայծառ ապագա չի ունենա։ Նա մի թշվառ մարդ է, ով կապված է հավերժական սահմանափակումներով և ուզում է, որ դուք նույնպես թշվառ դառնաք։ Մի տրվեք այդ խաբեությանը։ Հիսուս Քրիստոսի Քավության պարգևի և երկնքի զորության շնորհիվ մենք կարող ենք կատարելագործվել և ավետարանի լավն այն է, որ մենք պարգևատրվում ենք փորձելու համար, նույնիսկ, եթե միշտ չէ, որ հաջողում ենք։

Երբ Եկեղեցու վաղ տարիներին տարաձայնություններ կային, թե ով է արժանի երկնքի օրհնություններին, իսկ ով ոչ, Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտարարեց․ «Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ [Աստծո պարգևները] տրված են նրանց օգտի համար, ովքեր սիրում են ինձ և պահում են իմ բոլոր պատվիրանները, և [նրանց] համար, ովքեր ջանում են այդպես վարվել»։ Անշուշտ, բոլորս էլ շնորհակալ ենք այդ ավելացված դրույթի՝ « [և] փնտրում են այդպես վարվել» արտահայտության համար։ Դա սփոփիչ հանգամանք է, քանի որ երբեմն դա այն ամենն է, ինչ կարող ենք առաջարկել։ Մենք սփոփանք ենք զգում այն փաստից, որ եթե Աստված միայն պարգևատրեր կատարյալ հավատարիմներին, Նրա այդ ցուցակն այդքան էլ մեծ չէր լինի։

Խնդրում եմ հիշեք՝ վաղը և դրան հաջորդող օրերին, որ Տերն օրհնում է նրանց, ովքեր ցանկանում են կատարելագործվել, ովքեր ընդունում են պատվիրանների անհրաժեշտությունը և փորձում են պահել դրանք, ովքեր սնուցում են Քրիստոսանման արժանիքները և ձգտում են իրենց հնարավորության սահմանում ձեռք բերել դրանք։ Եթե ձախողեք այդ ջանքերը, ինչպես և բոլորը, Փրկիչը պատրաստ է ձեզ օգնության հասնել, առաջ շարժվեք։ Եթե ընկնեք, հայցեք Նրա օգնությունը։ Կանչեք Ալմայի նման. «O՜յ Հիսուս … ողորմություն ունեցիր ինձ վրա»: Նա կօգնի ձեզ ոտքի կանգնել: Նա կօգնի ձեզ ապաշխարել, վերականգնել, ուղղել այն, ինչն ուղղման կարիք ունի և առաջ շարժվել։ Ի վերջո դուք կհասնեք այն հաջողությանը, որը փնտրում էիք։

«Քեզ համար կկատարվի ճիշտ այնպես, ինչպես դու ցանկանում ես ինձանից», ասել է Տերը։

… Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել․ այո՛, արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել։

… [Ապա] ինչ-որ [արդարությամբ] կցանկանաս ինձանից, … դու պիտի ստանաս»։

Ես սիրում եմ այդ վարդապետությունը։ Այն բազմիցս ասում է, որ մենք կօրհնվենք բարիք գործելու մեր ցանկության համար, նույնիսկ, եթե մենք ձգտենք այդպես վարվել։ Եվ այն հիշեցնում է մեզ, որ այդ օրհնություններին արժանանալու համար մենք պետք է համոզվենք, որ չենք խանգարում մյուսներին ստանալու այդ օրհնությունները․ մենք պետք է գործենք արդար և ոչ անարդար, մենք պետք է քայլենք խոնարհ և ոչ մեծամտաբար, ոչ հպարտ, մենք պետք է դատենք արդարությամբ և ոչ ինքնահավան ու անարդար։

Իմ եղբայրներ ու քույրեր, ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանըմեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով Աստծուն սիրելն է, սակայն ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզԻր ողջ սրտով։ Այդ սերը հավերժության հիմնական սկզբունքն է, և այն պետք է լինի հավերժության հիմնական սկզբունք մեր առօրյա կյանքում։ Իրոք, միայն մեր հոգում վառվող հավաստիացման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ կշարունակենք կատարելագործվել, կփնտրենք թողություն մեր մեղքերից և կշարունակենք այդ շնորհը փոխանցել մեր մերձավորներին։

Նախագահ Ջորջ Քեննոնն ասել է. «Կարևոր չէ, թե որքան լուրջ է փորձությունը, որքան մեծ՝ ճնշումը, որքան դաժան՝ հալածանքը, [Աստված] երբեք մեզ չի լքի: Նա երբեք դա չի արել, և չի անի: Նա չի կարող անել դա: [Այդպես վարվելը] նրա բնավորությունը չէ: … Նա [միշտ] կլինի մեր կողքին: Միգուցե մենք անցնենք թեժ կրակի, խոր ջրերի մեջով, բայց մենք չենք ոչնչացվի կամ հոգնի: Մենք դուրս կգանք այդ բոլոր փորձությունների և դժվարությունների միջից, դառնալով ավելի մաքուր և լավը»։

Այժմ, եթե երկնքից հնչող Աստծո այդ փառահեղ բարեպաշտությունը մշտապես առկա լինի մեր կյանքում, որն առավել մաքուր ու կատարյալ կերպով դրսևորվել է Տեր Հիսուս Քրիստոսի կյանքում, մահվան և Քավության ժամանակ, մենք կարող ենք խուսափել մեր և ուրիշների մեղքի և հիմարության հետևանքներից, ինչ տեսքով էլ, որ նրանք հանդես գան մեր առօրյա կյանքում։ Եթե մեր սիրտը նվիրենք Աստծուն, եթե սիրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եթե լավագույնս ապրենք ավետարանով, ապա ի վերջո վաղվա և մնացած այլ օրերը կլինեն փառահեղ, նույնիսկ, եթե մենք միշտ չհասկանանք դա։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դա այդպես լինի։ Նա ցանկանում է օրհնել մեզ։ Պարգևատրվող, լիառատ և հավերժական կյանքն Իր զավակների համար Նրա ողորմած ծրագրի նպատակն է։ Այն մի ծրագիր է, որը հիմնված է հետևյալ ճշմարտության վրա՝ «Որ Աստծուն սիրողներին ա՝ն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց»։ Այսպիսով, շարունակեք սիրել, շարունակեք փորձել։ Շարունակեք վստահել։ Շարունակեք հավատալ։ Շարունակեք աճել։ Երկինքը ողջունում է ձեզ՝ այսօր, վաղը, հավիտյան։

«Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել»,- հայտարարել է Եսայիան։

[Աստված] է յոգնածին ոյժ տվողը. Եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։ …

… Բայց [Նրան] ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնի։ …

Որովհետեւ ես Եհովա … Աստուածը՝ զօրացնում է քո աջը. Որ ասում է [նրանց], Մի վախենար, ես կօգնեմ քեզ»։

Եղբայրներ և քույրեր, թող որ մեր սիրող Երկնային Հայրն օրհնի մեզ, որպեսզի վաղը մենք հիշենք այսօրվա տպավորությունները։ Թող որ Նա օրհնի մեզ, որպեսզի մենք համբերությամբ ու համառությամբ ձգտենք այն կատարյալ կետերին, որոնք մենք լսեցինք այս համաժողովին և վստահ լինենք, որ Նրա աստվածային սերն ու աննկուն օգնությունը մեզ հետ կլինեն նույնիսկ այն ժամանակ, երբ մաքառում ենք, ո՛չ, կլինեն մեզ հետ հատկապես այն ժամանակ, երբ մենք մաքառում ենք։

Եթե ավետարանի չափանիշները բարձր են թվում և գալիք օրերին անձնական կատարելագործումն անհավանական է թվում, հիշեք Հեսուի հորդորն իր ժողովրդին, երբ նրանք բախվեցին վհատեցնող ապագային։ Նա ասել է. «Սրբեցէք ձեր անձերը. որովհետեւ Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու»։ Ես տալիս եմ այդ նույն խոստումը: Դա այս համաժողովի խոստումն է: Դա այս Եկեղեցու խոստումն է: Դա խոստումն է այն Մարդու, ով կատարում է այդ հրաշքները, ով «Սքանչելի, խորհրդական, հզոր Աստված … Խաղաղության իշխան է»: Նրա մասին եմ ես վկայում: Նրա անվանն է նվիրված այս համաժողովը, որը վկայում է այս վերջին օրերին Նրա շարունակական աշխատանքի մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։