Սրբերի ուրախությունը
Ուրախությունը գալիս է Քրիստոսի պատվիրանները պահելու, Նրա միջոցով վիշտն ու թուլությունը հաղթահարելու և Նրա նման ծառայելու արդյունքում:
Մորմոնի Գրքի մարգարե Ենովսը՝ Լեքիի թոռը, գրել է մի յուրահատուկ փորձառության մասին, որը տեղի էր ունեցել նրա կյանքի վաղ շրջանում: Անտառում որս անելիս Ենովսը սկսել է խորհել իր հոր՝ Հակոբի ուսմունքների մասին: Նա գրել է. «Խոսքերը, որոնք ես հաճախ լսել էի իմ հորն ասելիս, հավերժական կյանքի և սրբերի ուրախության մասին, խորը ընկղմվել էին իմ սրտում»: Հոգևոր քաղցից մղված, Ենովսը ծնկի եկավ աղոթքով՝ մի ուշագրավ աղոթքով, որը տևեց մի ամբողջ օր ու շարունակվեց գիշերը, աղոթքով՝ որը տվեց նրան ճակատագրական հայտնություններ, հավաստիացումներ և խոստումներ:
Ենովսի փորձից սովորելու շատ բան կա, բայց այն, ինչ առանձնանում է ինձ համար, Ենովսի հիշողությունն է, որ հայրը հաճախ էր խոսում «սրբերի ուրախության» մասին:
Երեք տարի առաջ այս համաժողովում, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոսել է ուրախության մասին: Ի թիվս այլ բաների, նա ասել է.
«Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:
Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ… Վերջին օրերի սրբերի համար Հիսուս Քրիստոսը ուրախություն է»:
Սրբերը նրանք են, ովքեր ավետարանի ուխտ են կապել մկրտությամբ և ձգտում են հետևել Քրիստոսին՝ որպես Նրա աշակերտները: Այսպիսով, «սրբերի ուրախությունը» Քրիստոսի նման դառնալու ուրախությունն է:
Ես կցանկանայի խոսել այն ուրախության մասին, որը գալիս է Նրա պատվիրանները պահելու արդյունքում, ուրախության, որը զգում ենք Նրա միջոցով վիշտը և թուլությունը հաղթահարելիս, և ուրախության, որը բնորոշ է այնպիսի ծառայությանը, ինչպիսին Նրա ծառայությունն էր:
Քրիստոսի պատվիրանները պահելու ուրախությունը
Մենք ապրում ենք հեդոնիզմի դարաշրջանում, երբ շատերը կասկածի տակ են դնում Տիրոջ պատվիրանների կարևորությունը կամ պարզապես անտեսում են դրանք: Հազվադեպ չէ, երբ մարդիկ, ովքեր արհամարհում են աստվածային հրահանգները, ինչպիսիք են՝ մաքրաբարոյության օրենքը, ազնվության չափանիշը և Հանգստության օրվա սրբությունը, կարծես թե բարգավաճում են և վայելում կյանքի բարիքները, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան նրանք, ովքեր ձգտում են հնազանդ լինել: Ոմանք սկսում են մտածել, թե արդյո՞ք արժե ջանք գործադրել և զոհողություններ անել: Հին Իսրայելի ժողովուրդը մի անգամ բողոքել էր.
«Դուք ասում էք. Դարտակ է Աստուծոյ ծառայելը, եւ ի՞նչ օգուտ որ մենք նորա պահպանութիւնները պահել ենք, եւ սուգով վարուեցանք Զօրաց Տիրոջ առաջին։
Եւ հիմա մենք երանում ենք գոռոզներին, եւ բարեշէն էլ են անօրէնութիւն անողները, մինչեւ անգամ Աստուծուն էլ փորձում են եւ պրծնում»:
Միայն սպասեք, ասել է Տերը, մինչև «այն օրը, որ ես կ’անեմ իմ սեպհականութիւնը»: «Եւ դուք ետ կ’դառնաք եւ կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը»: Ամբարիշտները «ուրախություն ունեն իրենց գործերում միառժամանակ», բայց դա միշտ ժամանակավոր է: Սրբերի ուրախությունը հարատև է:
Աստված իրերը տեսնում է իրական տեսանկյունից, և Նա հաղորդում է այդ հեռանկարը մեզ իր պատվիրանների միջոցով՝ արդյունավետորեն առաջնորդելով մեզ մահկանացության վտանգների միջով դեպի հավերժական ուրախություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է. «Երբ Նրա պատվիրանները սովորեցնում են մեզ, դա հավերժության տեսանկյունից է, քանզի Աստված նայում է մեզ, կարծես մենք հավերժությունում ենք: Աստված բնակվում է հավերժությունում և չի նայում ամեն ինչին այնպես, ինչպես մենք ենք նայում»:
Ես չեմ հանդիպել որևէ մեկին, ով գտնելով ավետարանն իր կյանքի որոշակի փուլում, չէր ցանկանա, որ դա ավելի շուտ տեղի ունենար: Նրանք ասում են. «Չէ՞ որ, ես կարող էի խուսափել վատ ընտրություններից ու սխալներից»: Տիրոջ պատվիրանները մեր ուղեցույցն են, որ ավելի լավ ընտրություններ և ավելի դրական արդյունքներ ունենանք: Մենք որքա՜ն ուրախ պետք է լինենք և շնորհակալություն հայտնենք Նրան, որ մեզ ցույց տվեց այս հրաշալի ուղին:
Դեռահաս տարիքում Քույր Կալոմբո Ռոզեթ Կամվանյան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, ով այժմ ծառայում է Կոտ դ՛Իվուարի Աբիջան Արևմտյան միսիայում, երեք օր ծոմ էր պահել և աղոթել էր՝ պարզելու համար, թե ինչ ուղղությամբ է Աստված ցանկանում, որ ինքը գնա: Գիշերային ուշագրավ տեսիլքում նա տեսել էր երկու շենք, որոնցից մեկը հավաքատուն էր, իսկ մյուսը՝ ինչպես հիմա է հասկանում՝ տաճար էր: Նա սկսել էր փնտրել և շուտով գտել էր երազում տեսած հավաքատունը: Անվանումն այսպիսին էր՝ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»: Սկզբում Քույր Կամվանյան մկրտվեց, այնուհետև մկրտվեց նրա մայրը, հետո՝ վեց եղբայրները: Քույր Կամվանյան ասել է. «Երբ ես ստացա ավետարանը, ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ ես գերեվարված թռչուն էի և ազատություն ստացա: Սիրտս լցված էր ուրախությամբ: … Ես հավաստիացում ունեցա, որ Աստված սիրում է ինձ»:
Տիրոջ պատվիրանները պահելով, մենք ավելի լիարժեք և ավելի հեշտ ենք զգում Նրա սերը: Պատվիրանների նեղ ու անձուկ ճանապարհը տանում է ուղիղ կյանքի ծառի մոտ, իսկ ծառն ու դրա պտուղները, որոնք ամենաքաղցրն են և «բաղձալի բոլոր մյուս պտուղներից ավելի», ներկայացնում են Աստծո սերը և հոգին լցնում «չափազանց մեծ ուրախությամբ»: Փրկիչն ասել է.
«Եթե իմ պատուիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատուիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ:
Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի»:
Դժվարությունները Քրիստոսի միջոցով հաղթահարելու ուրախությունը
Նույնիսկ, երբ մենք հավատարմորեն պահում ենք պատվիրանները, լինում են փորձություններ և ողբերգություններ, որոնք կարող են ընդհատել մեր ուրախությունը: Բայց, երբ փորձում ենք Փրկիչի օգնությամբ հաղթահարել այդ մարտահրավերները, ապա ներկայիս ուրախության մեր զգացումին ավելանում է նաև այն ուրախությունը, որն ակնկալում էինք: Հիսուսն Իր աշակերտներին ասել է. «Աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»: Երբ դառնում ենք դեպի Հիսուսը, հնազանդվում ենք Նրան, կապվում ենք Նրա հետ, փորձությունն ու վիշտը վերածվում են ուրախության: Կբերեմ մի օրինակ:
1989 թվականին Ջեք Ռաշթոնը ծառայում էր որպես Միացյալ Նահանգերի Իրվին Կալիֆորնիա ցցի նախագահ: Կալիֆորնիայի ծովափին ընտանեկան հանգիստն անցկացնելու ժամանակ, երբ Ջեքը բոդիսերֆինգով էր զբաղվում, մի ալիք նրան տարել և հարվածել էր մոտակա ժայռին, ինչի արդյունքում նա ստացել էր պարանոցի և ողնաշարի ծանր վնասվածքներ: Հետագայում Ջեքն ասել է. «Այն պահին, երբ ալիքն ինձ խփեց, ես գիտեի, որ անդամալույծ էի դառնալու»: Նա այլևս չէր կարող խոսել, և նույնիսկ ինքնուրույն շնչել:
Ընտանիքը, ընկերներն ու ցցի անդամները աջակցում էին եղբայր Ռաշթոնին և նրա կնոջը՝ Ջո Էննին, և, ի թիվս այլ բաների, նրանք վերափոխել էին նրանց տան մի հատվածը՝ Ջեքի անվասայլակը տեղավորելու համար: Ջո Էննը դարձավ Ջեքի հիմնական խնամակալը հետագա 23 տարիների ընթացքում: Վկայակոչելով Մորմոնի Գրքի պատմությունները, որտեղ Տերն այցելել էր Իր ժողովրդին իրենց չարչարանքների մեջ և թեթևացրել նրանց բեռը, Ջո Էնն ասել է. «Ինձ հաճախ զարմացնում է սրտի այն թեթևությունը, որը ես զգում եմ ամուսնուս խնամելիս»:
Ջեքի շնչառության համակարգի բարեփոխման արդյունքում վերականգնվեց նրա խոսելու ունակությունը, և մեկ տարվա ընթացքում Ջեքը կանչվեց ծառայելու որպես ավետարանի վարդապետության ուսուցիչ և ցցի հայրապետ: Երբ նա հայրապետական օրհնություն էր տալիս, մեկ այլ քահանայություն կրող դնում էր Եղբայր Ռաշթոնի ձեռքը օրհնություն ստացողի գլխին և օրհնության ընթացքում պահում էր նրա ձեռքն ու բազուկը: 2012 թվականի սուրբ ծննդյան օրը Ջեքը մահացավ, 22 տարի անձնվեր ծառայելուց հետո:
Հարցազրույցներից մեկում Ջեքն ասել էր. «Մեր ողջ կյանքի ընթացքում լինելու են խնդիրներ. դա պարզապես այս երկրի վրա գտնվելու պայմաններից մեկն է: Ոմանք կարծում են, թե կրոնը կամ Աստծո հանդեպ հավատք ունենալը կպաշտպանեն վատ բաներից: Չեմ կարծում, որ դա է կարևորը: Կարծում եմ, կարևորն այն է, որ մեր հավատքն այնքան ամուր լինի, որ երբ վատ բաներ պատահեն, իսկ դրանք պատահելու են, մենք կարողանանք հաղթահարել… Իմ հավատքը երբեք չի սասանվել, բայց դա չի նշանակում, որ ես ընկճախտի մեջ չեմ եղել: Երբ կյանքումս առաջին անգամ ես մտածեցի, որ հատվել է ունակություններիս սահմանը, և բառացիորեն ոչ մի տեղ չկար շրջվելու, ես շրջվեցի դեպի Տերը, և մինչ օրս անսահման ուրախություն եմ զգում»:
Այսօր այնպիսի ժամանակաշրջան է, երբ սոցիալական լրատվամիջոցներում և անհատական շփումներում երբեմն անողոք հարձակումներ են կատարվում նրանց վրա, ովքեր փորձում են պահել Տիրոջ չափանիշները հագուստի, զվարճանքի և սեռական մաքրության տեսանկյունից: Սրբերի շրջանում հաճախ երիտասարդներն ու չափահաս երիտասարդներն են, ինչպես նաև կանայք և մայրերը, ովքեր կրում են ծաղրի և հալածանքների այս խաչը: Հեշտ չէ հաղթահարել նման հալածանքը, բայց հիշեք Պետրոսի խոսքերը. «Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. Որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում»:
Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան անմեղ վիճակում էին, «չունենալով ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն»: Այժմ, որպես պատասխանատու էակներ, մենք ուրախություն ենք գտնում ցանկացած տեսակի թշվառության հաղթահարման մեջ՝ մեղքի, փորձության, թուլության կամ երջանկության ցանկացած այլ խոչընդոտի: Սա է աշակերտության ճանապարհին ուրախություն զգալը՝ «ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն», ուրախության այնպիսի զգացումը, երբ հոգին մեծանում ու աճում է Քրիստոսի շնորհով:
Քրիստոսի նման ծառայելու ուրախությունը
Փրկիչն ուրախություն է գտնում՝ իրականացնելով մեր անմահությունն ու հավերժական կյանքը: Փրկիչի Քավության մասին խոսելիս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․
«Ինչպես բոլոր բաներում, Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [Եբրայեցիս 12.2]: Ի՜նչ հրաշալի բան: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա:
Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք՝ ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ»:
Նմանապես, «մեր առաջ դրված» ուրախությունը Փրկիչին օգնելն է Նրա փրկագնման գործում: Որպես Աբրահամի զավակներ և սերունդ, մենք մասնակցում ենք երկրի բոլոր ընտանիքների օրհնությանը “Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն՝ հավերժական կյանքի օրհնություններն են»:
Միտքս են գալիս Ալմայի խոսքերը.
«Սա է իմ հրճվանքը, որ գուցե կարողանամ Աստծո ձեռքում գործիք լինել, որ ինչ-որ մի հոգու ապաշխարության բերեմ. և այս է իմ ուրախությունը:
Եվ ահա, երբ ես տեսնում եմ իմ եղբայրներից շատերին՝ իսկապես զղջացող, և եկող դեպի Տերը՝ իրենց Աստվածը, այդ ժամանակ է իմ հոգին լցվում ուրախությամբ…
Բայց ես չեմ ուրախանում իմ սեփական հաջողությամբ միայն, այլ իմ ուրախությունն ավելի լիուլի է իմ եղբայրների հաջողության պատճառով, ովքեր եղել են Նեփիի երկրում…
Այժմ, երբ ես մտածում եմ իմ այս եղբայրների հաջողության մասին, իմ հոգին տարվում է հեռուն, մինչև իսկ կարծես թե անջատվելն իմ մարմնից, այնքան մեծ է իմ ուրախությունը»:
Եկեղեցում միմյանց հանդեպ մեր ծառայության պտուղները «մեր առաջ դրված» ուրախության մի մասն են: Նույնիսկ հուսալքության կամ տագնապի ժամանակ մենք կարող ենք համբերատար ծառայել, եթե կենտրոնացած ենք Աստծուն հաճույք պատճառելու և Նրա զավակներին՝ մեր եղբայրներին ու քույրերին լույս, թեթևություն և երջանկություն պարգևելու ուրախության վրա:
Անցյալ ամիս Պորտ-օ-Պրենս տաճարի նվիրագործման առիթով գտնվելով Հաիթիում, Երեց Դեյվիդ Բեդնարը և Քույր Սյուզան Բեդնարը հանդիպեցին մի երիտասարդ քրոջ, որի ամուսինը մի քանի օր առաջ վախճանվել էր ողբերգական վթարի հետևանքով: Նրանք սգացին այդ քրոջ հետ: Սակայն կիրակի օրը այս բարի կինն իր տեղում էր որպես նվիրագործման ծառայությունների վերահսկող՝ մեղմ, ողջունող ժպիտով դիմավորում էր բոլորին, ովքեր մտնում էին տաճար:
Ես հավատում եմ, որ «սրբերի ուրախությունը» գալիս է այն գիտելիքից, որ Փրկիչը պաշտպանում է իրենց դատը, «և ոչ մեկը չի կարող երևակայել այն ուրախությունը, որը լց[նում է] մեր հոգիներն այն պահին, երբ մենք լսում [ենք Հիսուսին]՝ մեզ համար Հորն աղոթելիս»: Միանալով Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին, ես վկայում եմ, որ ուրախությունը հավատարիմ սրբերի պարգևն է, «ովքեր դիմացել են աշխարհի խաչերին» և ովքեր «նպատակադրված փորձում են ապրել արդար կյանքով, ինչպես ուսուցանել է Հիսուս Քրիստոսը»: Թող ձեր ուրախությունը լիարժեք լինի, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: