2010–2019 թթ․
Սիրելի դուստրեր
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


2:3

Սիրելի դուստրեր

Երիտասարդ Կանանց Միությունում մեր կատարած գործերի առանցքում մեր ցանկությունն է՝ օգնել ձեզ ձեռք բերել անսասան հավատք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Իմ սիրելի քույրեր, ուրախ եմ ձեզ հետ լինելու համար։ Մենք վկա ենք առատ հայտնությունների, որոնք հոգևորապես թե՛ ծանր են, թե՛ հուզիչ:

Սկզբում ես կկամենայի ներկայացնել ձեզ իմ մի քանի ընկերների: Նրանք երիտասարդ կանայք են, ովքեր ունեն առանձնահատուկ տաղանդներ, սովորություններ և անհատական ու ընտանեկան հանգամանքներ: Նրանցից յուրաքանչյուրը, ինչպես դուք բոլորդ, գրավել է իմ սիրտը:

Բելլա

Նախ՝ ծանոթացեք Բելլայի հետ: Նա ամուր կանգնած միակ երիտասարդ կինն է Իսլանդիայի իր ճյուղում:

Ջոզեֆին

Ծանոթացեք Աֆրիկայից մի նվիրյալի՝ Ջոզեֆինի հետ, ով կրկին ստանձնել է Մորմոնի Գիրքն ամեն օր ուսումնասիրելու հանձնառությունը: Նա բացահայտում է այն զորությունն ու օրհնությունները, որոնք ստանում ենք այս պարզ, հավատարիմ գործողության արդյունքում:

Էշթին

Եվ, ի վերջո, ծանոթացեք իմ սիրելի ընկերուհու՝ Էշթինի հետ՝ մի արտասովոր երիտասարդ կնոջ, ով մահացավ քաղցկեղի դեմ վեց տարի պայքարելուց հետո: Նրա ամուր վկայությունը Հիսուս Քրիստոսի Քավության մասին դեռ արձագանքում է իմ սրտում:

Դուք բոլորդ հրաշալի երիտասարդ կանայք եք: Դուք առանձնահատուկ եք՝ յուրաքանչյուրդ ձեր պարգևներով ու փորձառություններով, սակայն նաև նման եք իրար շատ կարևոր ու հավերժական ձևով:

Դուք բառացիորեն Երկնային Ծնողների հոգևոր դուստրերն եք, և ոչինչ չի կարող բաժանել ձեզ Նրանց սիրուց և ձեր Փրկիչի սիրուց: Երբ դուք ավելի եք մոտենում Նրան՝ անգամ փոքր մանկական քայլերով առաջ գնալով, բացահայտում եք տևական խաղաղությունը, որը բնակություն է հաստատում, որպես մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտի, ձեր հոգում:

Մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խնդրել է, որ ես կիսվեմ մի քանի ոգեշնչված փոփոխություններով, որոնք կօգնեն ձեզ «զարգացնել [ձեր] անձնական և սրբազան ներուժը» և կմեծացնեն ձեր արդար ազդեցությունը: Ես կանդրադառնամ այդ փոփոխությունների չորս ոլորտներին:

Երիտասարդ Կանանց Թեմա

Առաջինը՝ Երիտասարդ Կանանց Միությունում մեր կատարած գործերի առանցքում մեր ցանկությունն է՝ օգնել ձեզ ձեռք բերել անսասան հավատք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, և ստանալ ձեր՝ որպես Աստծո դուստրերի, աստվածային ինքնության վստահ գիտակցումը:

Այս երեկո ես կցանկանայի հայտարարել Երիտասարդ Կանանց թեմայի վերանայման մասին: Ես աղոթում եմ, որ դուք զգաք, որ Սուրբ Հոգին կվկայի այս խոսքերի ճշմարտությունը, երբ ես հաղորդեմ նոր թեման.

Ես Երկնային Ծնողների սիրելի դուստրն եմ՝ աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես ձգտում եմ նմանվել Նրան: Ես ձգտում և գործում եմ ըստ անձնական հայտնության և ծառայում եմ ուրիշներին Նրա սուրբ անունով:

Ես կկանգնեմ որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում:

Ձգտելով արժանանալ վեհացման, ես փայփայում եմ ապաշխարության պարգևը և ձգտում եմ կատարելագործվել ամեն օր: Հավատքով ես կամրացնեմ իմ տունը և ընտանիքը, կկապեմ ու կպահեմ սրբազան ուխտերը, և կստանամ սուրբ տաճարի արարողությունները և օրհնությունները:

Նկատեք անցումը «մենք»-ից դեպի «ես»-ը: Այս ճշմարտություններն անհատապես կիրառելի են քեզ համար: Դու Երկնային Ծնողների սիրելի դուստրն ես: Դու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ուխտի աշակերտն ես։ Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել և խորհել այս խոսքերի շուրջ: Ես գիտեմ, որ երբ դուք անեք այդ, ձեռք կբերեք վկայություն դրանց ճշմարտացիության մասին: Հասկանալով այդ ճշմարտությունները, դուք այլ կերպ կվերաբերվեք դժվարություններին: Իմանալով ձեր ինքնությունը և նպատակը, կհամաձայնեցնեք ձեր կամքը Փրկիչի կամքի հետ:

Երբ հետևեք Հիսուս Քրիստոսին, դուք կգտնեք խաղաղություն և առաջնորդություն:

Երիտասարդ Կանանց դասարանները

Փոփոխությունների երկրորդ ոլորտը վերաբերում է Երիտասարդ Կանանց դասարաններին: Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է. «Շատ հաճախ մարդիկ կյանքի փոթորիկներից ամենից առավել պաշտպանվելու կարիք ունեն սրբավայրերում»: Մեր դասարանները պետք է սրբավայրեր լինեն՝ փոթորիկներից պաշտպանվելու համար, և ապահով վայր՝ սիրո և պատկանելության համար: Ջանալով ստեղծել ավելի ամուր միասնություն, ամրապնդել ընկերությունը և մեծացնել պատկանելության զգացումը Երիտասարդ Կանանց շրջանում, մենք որոշ փոփոխություններ ենք կատարում դասարանների կառուցվածքի մեջ:

Ավելի քան 100 տարի երիտասարդ կանայք բաժանված են եղել երեք դասարանների: Անմիջապես սկսելով, մենք հրավիրում ենք Երիտասարդ Կանանց ղեկավարներին ու եպիսկոպոսներին աղոթքով դիտարկել յուրաքանչյուր երիտասարդ կնոջ կարիքները և կազմավորել նրանց ըստ ծխի հատուկ հանգամանքների: Ահա մի քանի օրինակ, թե ինչպես պետք դա արվի:

  • Եթե դուք ունեք փոքր թվով երիտասարդ կանայք, կարող եք ունենալ Երիտասարդ Կանանց դասարան, որտեղ կընդգրկվեն բոլորը միասին:

  • Հավանաբար դուք ունեք 12 տարեկան երիտասարդ կանանց մի մեծ խումբ և երիտասարդ կանանց մի փոքր խումբ, ովքեր տարիքով ավելի մեծ են: Կարող եք կազմավորել երկու դասարան՝ Երիտասարդ Կանայք 12 և Երիտասարդ Կանայք 13-18:

  • Կամ, եթե դուք ունեք մեծ ծուխ, որտեղ հաճախում են 60 երիտասարդ կանայք, ապա կարող եք ունենալ վեց դասարան, յուրաքանչյուրը մի տարիքի համար՝ կազմավորված տվյալ տարում:

Ինչպես էլ որ ձեր դասարանները կազմավորված լինեն, դուք՝ երիտասարդ կանայք, կարևոր եք միասնության կառուցման գործում: Լույս եղեք ձեզ շրջապատողների համար։ Սիրո և հոգատարության աղբյուր եղեք, որը դուք հույս ունեք ստանալ ուրիշներից: Աղոթքով սրտում խորհեք և շարունակեք բարություն դրսևորել և բարի ազդեցություն ունենալ: Եթե այդպես վարվեք, ձեր կյանքը կլցվի բարությամբ: Դուք ավելի լավ զգացումներ կունենաք ուրիշների հանդեպ և, փոխարենը, կստանաք նրանց բարությունը:

Երիտասարդ Կանանց դասարանների անունները

Երրորդը՝ այս նոր կազմավորված դասարաններով հանդերձ, բոլոր դասարանները կունենան մեկ միասնական անուն՝ «Երիտասարդ Կանայք»: Մենք դադարում ենք օգտագործել Փեթակ, Համաստեղություն և Դափնի անունները:

Դասարանների նախագահությունների ուժեղացումը

Վերջին ոլորտը, որի մասին կցանկանայի խոսել, դասարանների նախագահությունների կարևորությունն է: Անկախ նրանից, թե ինչպես են կազմավորված Երիտասարդ Կանանց դասարանները, յուրաքանչյուր դասարան պետք է ունենա նախագահություն: Աստվածային ծրագրով երիտասարդ կանայք կանչված են առաջնորդելու պատանի հասակում:

Դասարանի նախագահության դերն ու նպատակն ուժեղացվել է և ավելի հստակ սահմանվել։ Փրկության աշխատանքն այդ նշանակալի պարտականություններից մեկն է, հատկապես՝ սպասավորության, միսիոներական աշխատանքի, ակտիվացման, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում: Այո, այսպես ենք մենք հավաքում Իսրայելը.մի փառավոր աշխատանք բոլոր երիտասարդ կանանց համար՝ որպես Տիրոջ երիտասարդների գումարտակ:

Ինչպես գիտեք, Եկեղեցու բոլոր մակարդակներում Տերը նախագահություններ է կանչում՝ Իր ժողովրդին ղեկավարելու համար։ Երիտասարդ կանայք, դասարանի նախագահության անդամ լինելը կարող է լինել ձեր առաջին հնարավորությունը՝ մասնակցելու առաջնորդության այս ոգեշնչված օրինակին: Չափահաս ղեկավարներ, դասարանի նախագահության կոչումը դարձրեք առաջնահերթություն, իսկ հետո ղեկավարեք նրանց հետ կողք կողքի՝ ուսուցանելով և ուղղորդելով նրանց, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել: Անկախ նրանից, թե ինչպիսին է դասարանի նախագահության ղեկավարման փորձառության մակարդակը, սկսեք այդ կետից և օգնեք նրանց զարգացնել այն հմտություններն ու վստահությունը, որոնք կօրհնեն նրանց՝ որպես ղեկավարներ: Սերտ կապերի մեջ եղեք նրանց հետ, բայց մի կառավարեք: Հոգին կուղղորդի ձեզ, երբ առաջնորդեք նրանց:

Քլոե

Ծնողների և ղեկավարների՝ որպես ուսուցիչների կարևոր դերը ցույց տալու համար ուզում եմ մի պատմություն պատմել: Քլոեն կանչվեց որպես դասարանի նախագահ։ Նրա իմաստուն քահանայության ղեկավարը խրախուսեց նրան փնտրել Տիրոջ օգնությունը՝ իր նախագահության համար անուններ տալու գործում: Քլոեն աղոթեց և շատ արագ ոգեշնչում ստացավ, թե ում երաշխավորի որպես իր խորհրդականներ: Երբ նա շարունակեց խորհել և աղոթել քարտուղարի համար, Հոգին բազմիցս նրա ուշադրությունը կենտրոնացրեց մի երիտասարդ կնոջ վրա, ինչը զարմացրեց Քլոեին, քանի որ երիտասարդ կինը հազվադեպ էր հաճախում եկեղեցի կամ մասնակցում միջոցառումներին:

Մի փոքր վստահ չզգալով հուշման վերաբերյալ, Քլոեն խոսեց իր մայրիկի հետ, ով բացատրեց, որ հայտնություն ստանալու եղանակներից մեկը կրկնվող մտքեր ունենալն է: Նորոգված վստահությամբ, Քլոեն զգաց, որ կարող է երաշխավորել այս երիտասարդ կնոջը: Եպիսկոպոսն առաջարկեց կոչումը, և երիտասարդ կինն ընդունեց: Ձեռնադրվելուց հետո այդ բարիացկամ քարտուղարն ասաց. «Գիտեք, ես երբեք չեմ զգացել, որ տեղ ունեմ կամ իմ կարիքը կա որևէ տեղ: Ես զգում էի, որ չեմ հարմարվի: Բայց այս կոչման վերաբերյալ կարծես զգում եմ, որ Երկնային Հայրը նպատակ և տեղ ունի ինձ համար»: Երբ Քլոեն և իր մայրը հեռացան ժողովից, Քլոեն շրջվեց ու դիմեց նրան. «Հայտնությունն իրական է: Հայտնությունն իրոք աշխատում է»:

Դասարանի նախագահություններ, դուք կանչված եք Աստծո կողմից, և ձեզ վստահված է Նրա դուստրերի խմբի առաջնորդությունը: Տերը ճանաչում է ձեզ… Նա ընտրել է ձեզ»: Դուք ձեռնադրվել եք մեկի կողմից, ով ունի քահանայության իշխանություն. դա նշանակում է, որ երբ կատարում եք ձեր կոչման պարտականությունները, դուք գործադրում եք քահանայության իշխանությունը: Ձեզանից յուրաքանչյուրը կարևոր աշխատանք ունի կատարելու։ Զգայուն եղեք Սուրբ Հոգու հուշումների հանդեպ և գործեք ըստ դրանց: Երբ այդպես վարվեք, դուք վստահությամբ կծառայեք, քանի որ մենակ չեք ծառայում:

Դասարանի նախագահնե՛ր, մենք ունենք ձեր իմաստության, կարծիքի ու եռանդի կարիքը ծխի երիտասարդների նոր խորհրդում, որի մասին Երեց Քվենթին Լ. Քուքը հայտարարեց այսօր: Դուք կարևոր մաս եք կազմում ձեր եղբայրների և քույրերի կարիքների լուծման գործում:

Հուսով եմ, որ դասարանների կազմավորման և ղեկավարման այս փոփոխությունները կսկսվեն, հենց որ ծխերն ու ճյուղերը պատրաստ լինեն, բայց պետք է ավարտին հասցվեն մինչև 2020թ. հունվարի 1-ը:

Իմ սիրելի քույրեր, ես վկայում եմ, որ փոփոխությունները, որոնց մասին ես խոսեցի այսօր, ոգեշնչված ուղղորդումներ են Տիրոջից: Երբ մենք ջանասիրաբար կատարենք այս փոփոխությունները, մեր տեսադաշտից երբեք չենք կորցնի մեր նպատակը. ամրացնել մեր վճռականությունը՝ հետևելու Հիսուս Քրիստոսին և օգնելու ուրիշներին գալ Նրա մոտ: Ես վկայում եմ, որ սա Նրա Եկեղեցին է: Որքան երախտապարտ եմ Նրան, որ մեզ թույլ է տալիս լինել Իր սրբազան աշխատանքի շատ կարևոր մասը:

Ես աղոթում եմ, որ նույն Հոգին, որն ուղղորդում է այս փոփոխությունները, առաջնորդի ձեզ, երբ դուք առաջ ընթանաք ուխտի ճանապարհով: Ես վկայում եմ այդ մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։