2010–2019 թթ․
Եղեք հավատով, այլ ոչ անհավատ
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


2:3

Եղեք հավատով, այլ ոչ անհավատ

Մենք պետք է մտածված կերպով ամեն օր ժամանակ հատկացնենք, որպեսզի կտրվենք աշխարհից և կապվենք երկնքի հետ:

Վերջերս ես արթնացա և պատրաստվեցի ուսումնասիրել սուրբ գրությունները: Ես վերցրի իմ հեռախոսը և նստեցի մահճակալիս կողքի աթոռին, մտադրություն ունենալով բացել Ավետարանի գրադարան հավելվածը: Բացեցի հեռախոսս և նոր էի սկսել ուսումնասիրությունը, երբ տեսա մի շարք տեքստային հաղորդագրություններ և էլ-նամակներ, որոնք եկել էին գիշերվա ընթացքում: Ես մտածեցի.«Արագ կստուգեմ հաղորդագրությունները, իսկ հետո անմիջապես կանցնեմ սուրբ գրություններին»: Այսպիսով, երկու ժամ անց ես դեռ կարդում էի տեքստային հաղորդագրությունները, էլ-նամակները, լրատվական տեղեկագրերը և սոցիալական լրատվամիջոցների գրառումները: Երբ հասկացա, թե ժամը քանիսն է, ես անհապաղ վեր թռա, որպեսզի պատրաստվեմ այդ օրվա համար: Այդ առավոտ ես բաց թողեցի սուրբ գրություններիս ուսումնասիրությունը, և հետևաբար չստացա հոգևոր սնուցում, ինչը հույս ունեի անել:

Հոգևոր սնուցում

Համոզված եմ, ձեզանից շատերն են ունեցել նման փորձառություններ: Ժամանակակից տեխնոլոգիաները օրհնում են մեզ բազմաթիվ եղանակներով: Դրանք կարող են կապել մեզ ընկերների և ընտանիքի հետ, տեղեկատվություն տալ ողջ աշխարհում ընթացող իրադարձությունների ևնորությունների վերաբերյալ: Սակայն, դրանք կարող են նաև շեղել մեզ ամենակարևոր կապից` երկնքի հետ մեր կապից:

Ես կրկնում եմ այն, ինչ մեր մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ասել. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որը բարդ է, և գնալով ավելի հակասական է դառնում: Սոցիալական լրատվամիջոցների հասանելիությունը և 24-ժամյա նորությունները անողոք հաղորդագրությունների տարափ են տեղում մեզ վրա: Եթե ուզում ենք անհամար ձայների և մարդկանց փիլիսոփայությունների միջից մաղել ճշմարտությունը, մենք պետք է սովորենք հայտնություն ստանալ»:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը շարունակում է զգուշացնել, որ «գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:

Տարիներ առաջ Նախագահ Բոյդ Ք. Փաքերը պատմեց եղնիկների մի հոտի մասին, որը ձյան առատ տեղումների պատճառով դուրս էր մնացել իր բնական կենսամիջավայրից և դիմակայում էր հնարավոր սովամահությանը: Որոշ մարդիկ բարի մտադրությամբ` ջանալով փրկել եղնիկներին, բեռնատարներով չոր խոտ բերեցին և լցրեցին այդ ողջ տարածքում. դա այն չէր ինչ սովորաբար եղնիկներն ուտում են, բայց նրանք հույս ունեին, որ դա առնվազն նրանց կպահեր ձմռան ընթացքում: Դժբախտաբար, հետագայում եղնիկների մեծ մասին գտան անկենդան: Նրանք կերել էին չոր խոտը, բայց դա նրանց չէր սնուցել, և նրանք սովամահ էին եղել լիքը ստամոքսներով:

Շատ հաղորդագրություներ, որոնք տեղում են մեզ վրա այս տեղեկատվական դարում, հոգևորապես համարժեք են եղնիկներին խոտով կերակրելուն. մենք կարող ենք դա ամբողջ օրն ուտել, բայց այն չի սնուցի մեզ:

Որտե՞ղ գտնենք իսկական հոգևոր սնուցում: Բոլորից հաճախ այն չի հայտնվում սոցիալական լրատվամիջոցներում: Մենք գտնում ենք այն, երբ «առաջ ենք մղվում [մեր] ճանապարհով» ուխտի արահետի վրա «անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից» և ճաշակում ենք կյանքի ծառի պտղից: Սա նշանակում է, որ մենք պետք է մտածված կերպով ամեն օր ժամանակ հատկացնենք, որպեսզի կտրվենք աշխարհից և կապվենք երկնքի հետ:

Իր երազում Լեքին տեսավ մարդկանց, ովքեր ճաշակեցին պտղից, բայց հետո թողեցին այն` մեծ և ընդարձակ շենքի` աշխարհի հպարտության, ազդեցության պատճառով: Հնարավոր է, որ երիտասարդ մարդիկ մեծանան Վերջին Օրերի Սրբերի տանը, հաճախեն Եկեղեցու բոլոր օգտակար ժողովներին և դասերին, նույնիսկ մասնակցեն տաճարային արարողություններին, իսկ հետո հեռանան «դեպի արգելված ուղիներ և [կորսվեն]»: Ինչո՞ւ է այդպես պատահում: Շատ դեպքերում դա այն պատճառով է, որ մինչ նրանք անցնում էին հոգևորության թելադրանքների միջով, նրանք իրոք դարձի չէին եկել: Նրանք կերակրվել էին, բայց չէին սնուցվել:

Երիտասարդների միջոցառումներ

Ի հակադրություն սրա, ես հանդիպել եմ ձեզանից շատերի հետ` Վերջին Օրերի Սրբե՛ր, դուք խելացի եք, ուժեղ և հավատով լի: Ես գիտեմ, որ դուք Աստծո որդիներն ու դուստրերն եք, և որ Նա աշխատանք ունի ձեզ համար անելու: Դուք սիրում եք Աստծուն ձեր ողջ «սրտով, զորությամբ, մտքով և ուժով»: Դուք պահում եք ձեր ուխտերն ու ծառայում ուրիշներին՝ սկսելով տնից: Դուք հավատք եք գործադրում, ապաշխարում և կատարելագործվում ամեն օր և սա բերում է ձեզ հարատև ուրախություն: Դուք պատրաստվում եք տաճարային օրհնությունների և այլ հնարավորությունների, որոնք դուք կունենաք՝ որպես Փրկիչի ճշմարիտ հետևորդներ: Եվ դուք օգնում եք աշխարհին պատրաստվել Երկրորդ Գալուստին՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա Քավության օրհնությունները: Դուք կապված եք երկնքի հետ:

Երիտասարդների տաճարային ուղևորություն

Այո, դուք հանդիպում եք մարտահրավերների: Բայց դա այդպես է ամեն սերունդի հետ: Սրանք մեր ժամանակներն են, և մենք պետք է հավատով լինենք, այլ ոչ անհավատ: Ես վկայում եմ, որ Տերը գիտի մեր մարտահրավերների մասին, և Նախագահ Նելսոնի ղեկավարության միջոցով Նա պատրաստում է մեզ՝ դիմակայելու դրանց: Հավատում եմ, որ մարգարեի վերջին կոչը տնակենտրոն եկեղեցու վերաբերյալ, որն աջակցվում է նրանով, ինչ մենք անում ենք մեր շենքերում, նախատեսված է օգնելու մեզ գոյատևել, նույնիսկ բարգավաճել այս օրերի հոգևոր թերսնուցման պայմաններում:

Տնակենտրոն

Ի՞նչ է նշանակում լինել տնակենտրոն եկեղեցի: Տները կարող են շատ տարբեր տեսք ունենալ ողջ աշխարհում: Գուցե դուք պատկանում եք մի ընտանիքի, որը Եկեղեցում է եղել շատ սերունդների ընթացքում: Կամ գուցե դուք Եկեղեցու միակ անդամն եք ձեր ընտանիքում։ Գուցե դուք ամուսնացած եք կամ ամուրի, երեխաների հետ տանն եք կամ առանց նրանց:

Անկախ ձեր հանգամանքներից, դուք կարող եք դարձնել ձեր տունը ավետարանը սովորելու և դրանով ապրելու կենտրոն: Դա ուղղակի նշանակում է անձնական պատասխանատվություն ստանձնել ձեր դարձի և հոգևոր աճի համար: Դա նշանակում է հետևել Նախագահ Նելսոնի խորհրդին. «[Վերափոխել ձեր] տունը հավատքի սրբավայրի»:

Հակառակորդը կփորձի համոզել ձեզ, որ հոգևոր սնուցումը անհրաժեշտ չէ, կամ ավելի խորամանկորեն կհամոզի, որ դա կարող է սպասել: Նա է կործանման վարպետը և հապաղման հեղինակը: Նա ձեր ուշադրությանը կկենտրոնացնի այնպիսի բաների վրա, որոնք հրատապ են թվում, բայց իրականում այդքան էլ կարևոր չեն: Նա կկամենա ստիպել ձեզ այնքան «անհանգստանալ շատ բաների մասին», որ դուք կանտեսեք «այն մեկ բանը [որն] անհրաժեշտ է»:

Որքան երախտապարտ եմ «լավ ծնողների» համար, ովքեր մեծացրել են իրենց ընտանիքը կայուն հոգևոր սնուցման, սիրառատ փոխհարաբերությունների և զվարճալի, օգտակար միջոցառումներով լի տան մթնոլորտում: Իմ պատանեկության ընթացքում նրանց ուսուցանած ուսմունքները շատ օգտակար էին ինձ համար: Ծնողնե՛ր, խնդրում եմ ամուր փոխհարաբերություններ ստեղծեք ձեր երեխաների հետ: Նրանք ամենաշատը ձեր ժամանակի կարիքն ունեն, ուրիշ ոչինչ:

Եկեղեցու կողմից աջակցվող

Մինչ դուք կառուցում եք ձեր ընտանեկան հարաբերությունները, Եկեղեցին պատրաստ է աջակցել ձեզ: Եկեղեցու մեր փորձառությունները կարող են զորացնել հոգևոր սնուցումը, որը կատարվում է տանը: Մինչ այժմ այս տարի մենք տեսել ենք այդպիսի Եկեղեցական աջակցություն Կիրակնօրյա Դպրոցում և Երեխաների Միությունում: Մենք կտեսնենք ավելին Ահարոնյան Քահանայությունում և Երիտասարդ Կանանց ժողովներում ևս: Սկսած այս հունվարից այդ ժողովների ծրագիրը թեթևակի կփոփոխվի: Այն առաջվա նման կկենտրոնանա ավետարանի թեմաների վրա, բայց այդ թեմաները կհամաձայնեցվեն Եկ, հետևիր ինձ. Անհատների և Ընտանիքների համար ձեռնարկի հետ: Սա փոքր փոփոխություն է, բայց կարող է մեծ ազդեցություն ունենալ երիտասարդների հոգևոր սնուցման վրա:

Ուրիշ ի՞նչ աջակցություն է ապահովում Եկեղեցին: Եկեղեցում մենք ճաշակում ենք հաղորդությունը, որն օգնում է մեզ ամեն շաբաթ վերահաստատել մեր պարտավորությունը Փրկիչի հանդեպ: Եվ Եկեղեցում մենք հավաքվում ենք մյուս հավատացյալների հետ, ովքեր կապել են նույն ուխտերը: Սիրառատ փոխհարաբերությունները, որոնք մենք զարգացնում ենք Հիսուս Քրիստոսի ընկերակից աշակերտների հետ, կարող են հզոր աջակցություն լինել մեր տնակենտրոն աշակերտության համար:

Երբ 14 տարեկան էի, իմ ընտանիքը տեղափոխվեց մի նոր վայր: Գուցե ձեզ սոսկալի ողբերգություն չթվա, բայց դա ինձ համար շատ դժվարին ժամանակ էր: Դա նշանակում էր՝ շրջապատված լինել մարդկանցով, ում ես չգիտեի: Դա նշանակում էր, որ իմ ծխի մյուս բոլոր երիտասարդ տղամարդիկ հաճախելու էին ուրիշ դպրոց: Եվ ես մտածում էի ինչպես14-ամյա պատանի. «Ինչպե՞ս կարող էին ծնողներս այդպես վարվել ինձ հետ»: Ես զգում էի այնպես, կարծես կյանքս խորտակվել էր:

Այնուամենայնիվ, մեր Երիտասարդ տղամադկանց միջոցառումների միջոցով, ես կարողացա փոխհարաբերություններ հաստատել իմ քվորումի մյուս անդամների հետ, ովքեր դարձան իմ ընկերները: Բացի այդ, եպիսկոպոսության անդամները և Ահարոնյան Քահանայության խորհրդականները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել իմ կյանքին: Նրանք մասնակցում էին իմ սպորտային մրցումներին: Նրանք գրում էին խրախուսական երկտողեր, որոնք ես պահել եմ մինչև այսօր: Նրանք շարունակում էին կապ պահպանել ինձ հետ քոլեջ գնալուց հետո, և երբ ես մեկնեցի միսիա: Նրանցից մեկը նույնիսկ օդանավակայանում էր, երբ ես տուն եկա: Ես ընդմիշտ երախտապարտ կլինեմ այդ հրաշալի եղբայրների և նրանց սիրո և բարձր ակնկալիքների համադրության համար: Նրանք ուղղորդեցին ինձ դեպի Երկնային Հայրը և կյանքը դարձավ պայծառ, երջանիկ և ուրախ:

Ինչպե՞ս ենք մենք, որպես ծնողներ և ղեկավարներ, օգնում երիտասարդներին իմանալ, որ իրենք մենակ չեն, երբ քայլում են ուխտի արահետով: Անձնական փոխհարաբերություններ ստեղծելուց բացի, մենք հրավիրում ենք նրանց մեծ և փոքր հավաքների՝ Երիտասարդներին Զորացնելու համար համաժողովներից և երիտասարդական ճամբարներից մինչև ամենշաբաթյա քվորումի և դասարանական միջոցառումների: Երբեք մի թերագնահատեք այն ուժը, որը գալիս է մյուսների հետ հավաքվելուց, ովքեր նույնպես փորձում են ուժեղ լինել: Եպիսկոպոսնե՛ր և մյուս ղեկավարնե՛ր, խնդրում ենք, ձեր ծխում կենտրոնացեք երեխաներին և երիտասարդներին սնուցելու վրա: Նրանք ամենաշատը ձեր ժամանակի կարիքն ունեն, ուրիշ ոչինչ:

Լինեք դուք ղեկավար, հարևան, քվորումի անդամ, թե ուղղակի ընկերակից Սուրբ, եթե հնարավորություն ունեք ազդել որևէ երիտասարդ անձնավորության կյանքի վրա, օգնեք նրանց կապվել երկնքի հետ: Ձեր ազդեցությունը կարող է լինել հենց «Եկեղեցու աջակցությունը», որի կարիքն ունի այդ երիտասարդ անձնավորությունը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն է այս Եկեղեցու ղեկավարը։ Նա ոգեշնչում է մեր ղեկավարներին և մեզ առաջնորդում դեպի հոգևոր սնուցում, որի կարիքը մենք ունենք` վերջին օրերում գոյատևելու և բարգավաճելու համար: Այդ հոգևոր սնուցումը կօգնի մեզ հավատով լինել, ոչ թե անհավատ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։