2010–2019 թթ․
Մեր մարմինների վերահսկողությունը հանձնելով մեր հոգիներին
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


2:3

Մեր մարմինների վերահսկողությունը հանձնելով մեր հոգիներին

Ամենակարևոր բաներից մեկը, որ կարող ենք սովորել այս կյանքում այն է, թե ինչպես կարևորել մեր հավերժական հոգևոր էությունը և վերահսկել մեր չար ցանկությունները։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, երբ անցյալ տարի մոտենում էր հոկտեմբերի գերագույն համաժողովը, ես պատրաստեցի իմ համաժողովի ելույթը՝ կարևորելու համար հոգևոր աշխարհի մասին տեսիլքի 100-ամյակը, որը Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսել էր 1918 թվականի հոկտեմբերի 3-ին:

Իմ ելույթը թարգմանության ներկայացնելուց մի քանի օր անց, իմ սիրելի հավերժական ուղեկիցը՝ Բարբարան, ավարտեց իր մահկանացու փորձությունը և գնաց հոգևոր աշխարհ:

Բարբարայի մահից հետո օրեր, շաբաթներ, ամիսներ, իսկ այժմ մեկ տարի անց, ես սկսեցի ավելի գնահատել այս հատվածը․ «Ապրեք միասին սիրով, այնպես որ սգաք նրանց կորստի համար, ովքեր մահանում են»։ Բարբարան և ես օրհնված ենք եղել 67 տարի՝ «ապրելով միասին սիրով»։ Սակայն, ես իրականում զգացել եմ, թե ինչ է նշանակում «սգալ նրանց կորստի համար», ում սիրում ենք։ Օ՜, որքա՜ն եմ ես սիրում և կարոտում նրան։

Կարծում եմ, որ մեզանից շատերը չեն կարողանում լիովին գնահատել այն, ինչ ուրիշներն անում են մեզ համար, մինչև չենք կորցնում այդ մարդկանց: Գիտեի, որ Բարբարան միշտ զբաղված էր, բայց ես լիովին չէի հասկանում, թե ընտանիքը, Եկեղեցին և համայնքը որքան շատ ժամանակ էր պահանջում նրանից։ Մեր ընտանիքը տարիներ շարունակ կայուն պահելու համար հազարավոր անգամներ կրկնվող ամենօրյա նվիրաբերված ջանքեր պահանջվեցին։ Եվ այդ ամբողջ ժամանակ, մեր ընտանիքից ոչ-ոք չլսեց նրա բարձր ձայնը կամ որևէ վատ խոսք նրանից։

Ամբողջ անցյալ տարինհիշողությունները հեղեղել էին ինձ։ Ես մտածել եմ ֆիզիկական առողջություն պահանջող այն ընտրության մասին, որը նա կատարեց՝ լինելով յոթ երեխաների մայր։ Տնային տնտեսուհի լինելը միակ աշխատանքն էր, որը նա երբևէ ցանկացել է, և բոլոր ոլորտներում նա շատ հմուտ է եղել։

Հաճախ ես մտածել եմ, թե ինչպե՞ս էր նա հասցնում մեր բոլոր երեխաների և ինձ հետ։ Միայն կերակուր պատրաստելն իսկապես հոգնեցնող խնդիր էր, էլ չենք խոսում այնպիսի գործերի մասին, ինչպիսիք են մեր ընտանիքի համար կույտերով լվացք անելը և երեխաների կոշիկներին ու համապատասխան չափի հագուստին հետևելը: Մենք բոլորս դիմում էինք նրան մի շարք այլ հարցերի դեպքում, որոնք մեզ համար կարևոր էին: Եվ քանի որ դրանք մեզ համար կարևոր էին, դրանք կարևոր էին նաև նրա համար: Մի խոսքով, նա հոյակապ էր՝ որպես կին, որպես մայր, որպես ընկեր, որպես հարևան և որպես Աստծո դուստր:

Այժմ, երբ նա մահացել և շարունակում է հետագա ընթացքը, ես ուրախ եմ, որ նրա կյանքի վերջին մի քանի ամիսների ընթացքում գրասենյակից տուն գալիս նստում էի նրա կողքին և բռնում ձեռքը, երբ մենք դիտում էինք նրա սիրած մյուզիքլների վերջին մասերը՝ կրկին ու կրկին, քանի որ Ալցհեյմերի հիվանդությունը թույլ չէր տալիս նրան հիշել, որ նա դրանք տեսել էր այդ կեսօրին: Այդ ձեռքը բռնելու օրերի հիշողություններն այժմ շատ թանկ են ինձ համար։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում եմ առիթը մի կորցրեք ձեր ընտանիքի անդամների աչքերին սիրով նայելու համար: Երեխանե՛ր և ծնողնե՛ր, հանդիպեք իրար և արտահայտեք ձեր սերն ու գնահատանքը: Ինձ նման, ձեզանից ոմանք կարող են մի օր արթնանալ և հասկանալ, որ անցել է այդպիսի կարևոր շփման ժամանակը: Յուրաքանչյուր օր միասին ապրեք՝ ձեր սրտերը լի երախտագիտությամբ, լավ հիշողություններով, ծառայության պատրաստ և մեծ սիրով։

Այս անցած տարվա ընթացքում ես ավելի նպատակաուղղված եմ մտածել մեր Երկնային Հոր ծրագրի մասին, քան երբևէ։ Իր որդի Կորիանթոնին ուսուցանելիս, Ալման դա անվանեց «երջանկության մեծ ծրագիր»։

Այդ ծրագրի մասին մտածելիս այն բառը, որն այս պահին ծագում է իմ գլխում՝ «վերամիավորումն է»։ Դա մի ծրագիր է, որը մշակվել է մեր սիրող Երկնային Հոր կողմից, որի կենտրոնում ընտանեկան վերամիավորման մեծ ու փառահեղ հնարավորություններն են՝ Աստծո ընտանիքում սերնդե-սերունդ հավերժորեն վերամիավորելով ամուսիններին ու կանանց, ծնողներին ու զավակներին։

Այդ միտքն ինձ մխիթարություն և վստահություն է տալիս, որ ես կրկին կլինեմ Բարբարայի կողքին: Չնայած նա ֆիզիկապես տառապեց կյանքի վերջում, նրա հոգին ուժեղ էր, ազնիվ և մաքուր: Նա իրեն պատրաստել էր ամեն ինչում, որպեսզի երբ օրը գա, նա կարողանա կանգնել «Աստծո հաճելի դատարանի» առջև՝ լի վստահությամբ և խաղաղ համոզվածությամբ։ Բայց ահա ես այստեղ եմ, երկու օրից կդառնամ 91 տարեկան և դեռ մտածում եմ․ «Արդյո՞ք ես պատրաստ եմ։ Արդյո՞ք անում եմ ամեն անհրաժեշտ բան, որպեսզի կրկին կարողանամ բռնել նրա ձեռքը»։

Կյանքի պարզագույն, հիմնական անտարակուսելի փաստն այս է՝ մենք բոլորս կմեռնենք։ Անկախ նրանից, թե մենք կմեռնենք ծեր կամ երիտասարդ, հեշտ կամ դժվար մահով, հարուստ կամ աղքատ, սիրված կամ միայնակ, ոչ ոք չի խուսափի մահից:

Մի քանի տարի առաջ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասաց մի բան, որը հատկապես իմաստալից է այս պարագայում․ «Որքան քաղցր է հավաստիացումը, որքան մխիթարիչ է խաղաղությունը, որոնք գալիս են այն գիտելիքից, որ եթե մենք ճիշտ ամուսնանանք և ապրենք ճիշտ, մեր հարաբերությունը կշարունակվի, չնայած մահվան անխուսափելիությանը և ժամանակի ընթացքին»։

Ես, իհարկե, ամուսնացել եմ ճիշտ: Դրանում կասկած չի կարող լինել։ Բայց համաձայն Նախագահ Հինքլիի, դա բավարար չէ։ Ես նաև պետք է ճիշտ ապրեմ։

Այսօր «ճիշտ ապրելը» կարող է բավականին շփոթեցնող սկզբունք լինել, մանավանդ, եթե շատ ժամանակ եք ծախսում սոցիալական լրատվամիջոցների վրա, որտեղ ցանկացած ձայն կարող է հայտարարել «իրական» ճշմարտություններ կամ կեղծ սկզբունքներ Աստծո և Իր զավակների համար Նրա ունեցած ծրագրի մասին: Բարեբախտաբար, Եկեղեցու անդամներն ունեն հավերժորեն ճշմարիտ ավետարանի սկզբունքներ, որ իմանան, թե ինչպես ապրել, որպեսզի երբ մեռնենք, ավելի լավ պատրաստված լինենք:

Իմ ծնվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ, իմ առաքյալ պապիկը՝ Երեց Մելվին Ջ․ Բալլարդը, որոշ մարդկանց համար ելույթ ունեցավ և բացատրեց ճիշտ ապրելու հիմնական բնույթը։ «Պայքար հանուն Հոգու» խորագրով նրա ելույթը կենտրոնացել էր մեր ֆիզիկական մարմինների և մեր հավերժական հոգիների միջև շարունակվող պայքարի վրա:

Նա ասել է. «Ամենամեծ ընդհարումը, որը երբևէ կունենան տղամարդիկ կամ կանայք… կլինի այն պայքարը, որը տեղի կունենա նրանց մեջ», - բացատրելով, որ սատանան՝ «մեր հոգիների թշնամին», գրոհում է մեզ վրա՝ «մարմնական ցանկությունների, ախորժակի և հավակնությունների միջոցով»: Այսպիսով, առաջնային ճակատամարտը մեր աստվածային ու հոգևոր էության և մարմնական բնական մարդու միջև է: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, հիշեք, որ մենք կարող ենք հոգևոր օգնություն ստանալ Սուրբ Հոգու ազդեցության միջոցով, որը կարող է «ամեն բան սովորեցնել ձեզ»։ Օգնություն կարող եք ստանալ նաև քահանայության զորության ու օրհնությունների միջոցով։

Այժմ, ես հարցնում եմ ձեզանից յուրաքանչյուրին․ «Ինչպե՞ս է այդ պայքարն առաջ ընթանում ձեզ համար»։

Նախագահ Դեյվիդ Օ. Մաքկեյն ասել է. «Մարդու երկրային գոյությունը պարզապես փորձություն է այն բանի, թե արդյո՞ք նա կկենտրոնացնի իր ջանքերը, իր միտքը, իր հոգին այն իրերի վրա, որոնք նպաստում են նրա ֆիզիկական էության հարմարավետությանն ու բավարարմանը, թե՞ իր կյանքի նպատակը կդառնա հոգևոր որակների ձեռքբերումը»:

Մեր մարմնական և հոգևոր էության այս պայքարը նոր չէ։ Ժողովրդին ուղղված իր վերջին քարոզի ժամանակ Բենիամին թագավորն ուսուցանեց, որ «բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ»:

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ «մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։

Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն»։

Ինձ համար պարզ է, որ ամենակարևոր բաներից մեկը, որ կարող ենք սովորել այս կյանքում այն է, թե ինչպես կարևորել մեր հավերժական հոգևոր էությունը և վերահսկել մեր չար ցանկությունները։ Դա չպետք է այդքան դժվար լինի։ Ի վերջո, մեր հոգին, որը մեր ֆիզիկական մարմնից շատ ավելի երկար է գոյություն ունեցել, արդարությունն ընտրելու հարցում արդեն իսկ հաջողակ է եղել նախամահկանացու կյանքում։ Այս Երկրի ստեղծումից առաջ մենք ապրում էինք հոգևոր աշխարհում՝ որպես մեր Երկնային ծնողների որդիներ և դուստրեր, ովքեր սիրում էին մեզ և շարունակում են սիրել մինչ այժմ։

Այո՛, այդ նախամահկանացու աշխարհում մենք ստիպված եղանք կյանքի համար կարևոր որոշումներ և ընտրություններ կատարել։ Յուրաքանչյուր մարդ, ով երբևէ ապրել կամ ապրելու է այս մոլորակում, կարևոր որոշում կայացրեց՝ ընդունելու Երկնային Հոր ծրագիրը մեր փրկության համար: Այսպիսով, մենք բոլորս երկիր եկանք՝ ունենալով հաջողակ հոգևոր էության և հավերժական ճակատագրի ապացուցված ուղենիշ:

Մի պահ մտածեք այդ մասին: Իրականում դուք և ես այդ մարդն ենք և միշտ եղել ենք այդպիսին՝ Աստծո որդին և դուստրը, ունենալով հավերժության հոգևոր արմատներ և անսահման հնարավորությունների հորդող ապագա։ Դուք, նախ և առաջ, և միշտ հոգևոր էակ եք: Եվ այսպես, երբ մենք ընտրում ենք մեր մարմնական բնույթը վեր դասել մեր հոգևոր բնույթից, մենք ընտրում ենք մի բան, որը հակասում է մեր իրական, ճշմարիտ, իսկական, հոգևոր եսին:

Դեռևս կասկած չկա, որ մարմնական և երկրային ազդակները բարդացնում են որոշումների կայացումը: Նախաերկրային հոգևոր աշխարհի և այս մահկանացու աշխարհի միջև ընկած մոռացության շղարշի պատճառով, մենք կարող ենք աչքաթող անել Աստծո և մեր հոգևոր էության միջև եղած փոխհարաբերությունները, և մեր մարմնական էությունը կարող է առաջնահերթություն տալ նրան, թե ինչ ենք ուզում հենց հիմա: Սովորելով վեր դասել Հոգու բաները մարմնի բաներից, այն կարևոր պատճառներից է, թե ինչու է այս երկրային փորձառությունը կազմում Երկնային Հոր ծրագրի մասը։ Դա է նաև պատճառը, թե ինչու է ծրագիրը կառուցված Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության ամուր և հաստատուն հիմքի վրա, որպեսզի մեր մեղքերը, ներառյալ այն սխալները, որոնք մենք կատարում ենք մարմնին ենթարկվելիս, հնարավոր լինի հաղթահարել մշտական ապաշխարության միջոցով, և մենք կարողանանք ապրել հոգևորապես կենտրոնացած: Հիմա է ժամանակը վերահսկելու մեր մարմնի ախորժակը՝ Քրիստոսի հոգևոր վարդապետությանը ենթարկվելու համար։ Ահա, թե ինչո՞ւ մենք չպետք է հետաձգենք մեր ապաշխարության օրը։

Հետևաբար, ապաշխարությունը դառնում է անփոխարինելի զենք մեր եսի դեմ պայքարում։ Հենց անցած գերագույն համաժողովին Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն անդրադարձավ այս պայքարին և հիշեցրեց մեզ, որ «երբ փորձում ենք ապաշխարել, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին վերափոխելու և դարձնելու մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ուրախություն ստանալ՝ փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ փորձում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին»։

Ամեն օր, երբ աղոթում եմ իմ Երկնային Հորը և վերանայում այդ օրը, ես ներում եմ խնդրում իմ կատարած սխալների համար և խոստանում եմ վաղն ավելի լավը դառնալ։ Ես հավատում եմ, որ այդ ամենօրյա ապաշխարությունն օգնում է, որպեսզի իմ մարմինը հիշի, թե ով է վերահսկում ինձ։

Մեկ այլ միջոց մեր բոլորիս ունեցած շաբաթական հնարավորությունն է, որ հոգևորապես թարմանանք՝ ընդունելով հաղորդությունը որպես հիշեցում մեր հանդեպ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության և կատարյալ սիրո մասին։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հորդորում եմ բոլորիդ մի փոքր դադար տալ և մտածել այն մասին, թե ինչպես եք հպատակեցնում ձեր մարմնական էությունը և զորացնում ձեր աստվածային հոգևոր էությունը, որ երբ ժամանակը գա, դուք անցնեք հոգևոր աշխարհ և միավորվեք ձեր սիրելիների հետ․ որի մասին ես խոնարհաբար աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։