2010–2019 թթ․
Ձեր մեծ արկածը
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


2:3

Ձեր մեծ արկածը

Ամեն օր Փրկիչը մեզ հրավիրում է մի կողմ դնել մեր հարմարավետությունն ու ապահովությունը և միանալ Իրեն աշակերտության ճանապարհին:

Հոբիթների մասին

Երեխաների կողմից սիրված ֆանտաստիկ վեպը, որը գրվել է տարիներ առաջ, սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Ժամանակով գետնի տակ, իր բնում մի հոբիթ էր ապրում»:

Բիլբո Բեգինսի պատմությունը շատ սովորական, ոչնչով աչքի չընկնող մի հոբիթի մասին է, որին արկած ունենալու ուշագրավ հնարավորություն ընձեռվեց՝ մեծ պարգև ստանալու խոստումով:

Փաստն այն էր, որ ինքնահարգանք ունեցող հոբիթները հիմնականում չէին ներքաշվում արկածների մեջ: Նրանք շատ հարմարավետ կյանքով էին ապրում: Նրանք օրական վեցանգամյա սնունդ էին վայելում և իրենց օրերն անցկացնում էին իրենց պարտեզներում՝ այցելուների հետ հեքիաթներ փոխանակելով, երգելով, նվագելով երաժշտական գործիքներ և ընկղմվելով կյանքի պարզ ուրախությունների մեջ:

Այնուամենայնիվ, երբ Բիլբոյին առաջարկում են մեծ արկածի հեռանկարը, մի բան դիպչում է նրա սրտին: Նա սկզբից ևեթ հասկանում է, որ ճամփորդությունը դժվար է լինելու: Գուցե՝ վտանգավոր: Նույնիսկ հավանական է, որ նա չվերադառնա:

Այնուամենայնիվ, արկածի կանչն արձագանք է գտնում նրա սրտի խորքում: Եվ այսպես, այս սովորական հոբիթը, թողնելով հարմարավետությունը, կանգնում է մեծ արկածի ճանապարհին, որի ընթացքն էր «գնալն ու գալը»:

Ձեր արկածը

Թերևս պատճառներից մեկը, որ այս պատմությունը հարազատ է շատերիս,այն է, որ սա նաև մեր պատմությունն է:

Շատ, շատ վաղուց, նույնիսկ նախքան մեր ծնվելը, մի տարիքում, որը ջնջվել է ժամանակով և ամպածածկ է եղել հիշողությունից, մեզ նույնպես հրավիրել են արկած ունենալ: Դա առաջարկել է Աստված՝ մեր Երկնային Հայրը: Արկածի առաջարկի ընդունումը կնշանակեր՝ թողնել Նրա անմիջական ներկայության հարմարավետությունն ու ապահովությունը: Դա կնշանակեր՝ գալ երկիր և արկած ունենալ, որը լի կլիներ անսպասելի վտանգներով ու փորձություններով:

Մենք գիտեինք, որ հեշտ չէր լինելու:

Բայց մենք նաև գիտեինք, որ ձեռք կբերեինք թանկարժեք գանձեր, այդ թվում՝ ֆիզիկական մարմիններ և կճաշակեինք մահկանացության ծայրաստիճան ուրախություններն ու վշտերը: Մենք կսովորեինք ձգտել, փնտրել և պայքարել: Մենք կհայտնաբերեինք ճշմարտություններ Աստծո և մեր վերաբերյալ:

Իհարկե, մենք գիտեինք, որ ճանապարհի ընթացքում շատ սխալներ էինք թույլ տալու: Սակայն մենք նաև խոստում ունեինք՝ որ Հիսուս Քրիստոսի մեծ զոհաբերության շնորհիվ կկարողանայինք մաքրվել մեր օրինազանցություններից, մաքրագործվել և զտվել հոգով և, մի օր, հարություն առնել ու վերամիավորվել նրանց հետ, ում մենք սիրում ենք:

Մենք գիտեինք, թե որքան շատ է Աստված մեզ սիրում: Նա մեզ կյանք է տվել և ցանկանում է, որ մենք հաջողենք: Հետևաբար, Նա մեզ համար Փրկիչ էր պատրաստել: Մեր Երկնային Հայրն ասել է. «Այնուամենայնիվ, դու կարող ես ընտրել քեզ համար, քանզի դա տրված է քեզ»:

Մահկանացության արկածի որոշ մասերը պետք է որ անհանգստացնող և, նույնիսկ, սարսափեցնող լինեին Աստծո զավակների համար, քանի որ մեր հոգևոր եղբայրներից և քույրերից շատերը որոշում կայացրին դեմ գնալ դրան:

Բարոյական ազատ կամքի պարգևով ու զորությամբ, մենք որոշեցինք, որ այն ներուժը, որը կարող ենք ձեռք բերել, և այն, ինչ կարող ենք դառնալ հավերժական առումով, գերազանցում է ռիսկը:

Եվ այսպես, վստահելով Աստծո և Նրա Սիրելի Որդու խոստումներին և զորությանը, մենք ընդունեցինք մարտահրավերը:

Ես ընդունել եմ:

Դուք՝ նույնպես:

Մենք համաձայնեցինք թողնել մեր առաջին վիճակի ապահովությունը և ձեռնամուխ եղանք մասնակցելու «գալ ու գնալու» մեծ արկածին:

Արկածի կանչը

Այնուամենայնիվ, մահկանացու կյանքը մեզ շեղելու միտում ունի, այդպես չէ՞: Մենք հակված ենք մոռանալ մեր նպատակաուղղվածությունը, աճի և առաջընթացի փոխարեն գերադասելով հարմարավետությունն ու հեշտությունը:

Բայց մեր սրտի խորքում մնում է անհերքելի մի բան, որը փափագում է ավելի բարձր ու վեհ նպատակ: Այս փափագը պատճառներից մեկն է, թե ինչու են մարդիկ մոտենում ավետարանին և Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն: Վերականգնված ավետարանը, ինչ-որ իմաստով, արկածի կանչի նորացում է, որը մենք ընդունել ենք այդքան վաղուց: Ամեն օր Փրկիչը մեզ հրավիրում է մի կողմ դնել մեր հարմարավետությունն ու ապահովությունը և միանալ Իրեն՝ աշակերտության ճանապարհին:

Այս ճանապարհին շատ ոլորաններ կան: Կան բլուրներ, դաշտավայրեր և շրջադարձեր: Կարող են լինել նաև փոխաբերական սարդեր, տրոլներ և նույնիսկ մեկ-երկու վիշապ: Բայց եթե դուք մնաք ճանապարհին և վստահեք Աստծուն, ապա, ի վերջո, կգտնեք ձեր փառահեղ ճակատագրի ուղին և կվերադառնաք ձեր երկնային տուն:

Ուրեմն, ինչի՞ց պետք է սկսեք:

Դա շատ պարզ է:

Դարձրեք ձեր սիրտը դեպի Աստված։

Առաջինը, դուք պետք է որոշեք ձեր սիրտը դարձնել դեպի Աստված: Ամեն օր ձգտեք գտնել Նրան: Սովորեք սիրել Նրան: Ապա, թույլ տվեք, որ այդ սերը ոգեշնչի ձեզ սովորել, հասկանալ, հետևել Նրա ուսմունքներին և պահել Աստծո պատվիրանները: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը տրվել է մեզ պարզ ու հասարակ մի եղանակով, այնպես, որ երեխան կարող է հասկանալ: Միևնույն ժամանակ, Հիսուս Քրիստոսի ավետարանը պարունակում է կյանքի դժվարագույն հարցերի պատասխանները, և ունի այնպիսի խորություն ու բարդություն, որ նույնիսկ ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրելով և խորհելով, մենք հազիվ թե հասկանանք նույնիսկ փոքրագույն մասը:

Եթե կասկած ունեք այս արկածի առումով, քանի որ կասկածում եք ձեր ունակության վրա, հիշեք, որ աշակերտությունն այն չէ, որ ամեն ինչ կատարյալ արվի, այլ՝ որ հասկանալով արվի: Այն, թե ով եք դուք իրականում, ավելի շատ ձեր ընտրություններն են ցույց տալիս, քան ձեր ունակությունները:

Նույնիսկ, երբ ձախողվում եք, կարող եք չդադարել փորձել, հակառակը՝ քաջություն գտնեք, առաջ մղվեք և վեր կացեք: Սա է ճամփորդության մեծ ստուգարքը:

Աստված գիտի, որ դուք կատարյալ չեք և ժամանակ առ ժամանակ կձախողվեք: Երբ պայքարում եք, Աստված ձեզ ավելի քիչ չի սիրում, քան երբ հաղթում եք:

Ինչպես սիրող ծնող, Նա ընդամենը ցանկանում է, որ դուք հասկանալով փորձեք: Աշակերտությունը նման է դաշնամուր նվագելուն: Սկզբում հնարավոր է միայն երկու մատով պարզ մեղեդի նվագել: Սակայն, երբ շարունակում ես պարապել, այդ պարզ հնչյունները մի օր վերածվում են հրաշալի սոնատների, ռապսոդիաների և համերգների:

Այդ օրը կարող է չգալ այս կյանքում, սակայն այն գալու է: Աստված միայն խնդրում է, որ գիտակցաբար շարունակեք ձգտել:

Սիրով օգնության հասեք ուրիշներին

Ձեր ընտրած այս ճանապարհի վերաբերյալ կա մի հետաքրքիր, համարյա զավեշտալի մի բան. ավետարանական ձեր արկածի ժամանակ առաջընթաց ունենալու միակ ճանապարհն է՝ օգնել ուրիշներին, որ նրանք նույնպես առաջադիմեն:

Աշակերտության ճանապարհը մյուսներին օգնելն է: Հավատքը, հույսը, սերը, կարեկցանքը և ծառայությունը հղկում են մեզ՝ որպես աշակերտներ:

Աղքատներին և կարիքավորներին օգնելու ձեր ջանքերի միջոցով հասնելով նրանց, ովքեր դժվարությունների մեջ են, ձեր սեփական բնավորությունը մաքրվում և կերտվում է, ձեր ոգին մեծանում է, և դուք մի փոքր ավելի վստահ եք քայլում:

Բայց այս սերը չի կարող գալ փոխհատուցում ստանալու ակնկալիքներով: Դա չի կարող լինել այնպիսի ծառայություն, որը կատարվում է ճանաչման, շողոքորթության կամ բարեհաճության նպատակներով:

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները սիրում են Աստծուն և Նրա զավակներին՝ առանց որևէ փոխադարձ բան ակնկալելու: Մենք սիրում ենք նրանց, ովքեր հիասթափեցնում են մեզ, ովքեր մեզ չեն սիրում: Նույնիսկ նրանց, ովքեր մեզ ծաղրում են, վիրավորում և վնաս են պատճառում:

Երբ դուք լցնում եք ձեր սիրտը Քրիստոսի մաքուր սիրով, ապա տեղ չեք թողնում վիրավորելու, դատելու և ամաչեցնելու համար: Դուք պահում եք Աստծո պատվիրանները, որովհետև սիրում եք Նրան: Ընթացքում, դուք աստիճանաբար նմանվում եք Քրիստոսին ձեր մտքերով ու գործերով: Սրանից մեծ ուրիշ ի՞նչ արկած կարող է լինել:

Պատմեք ձեր պատմությունը

Երրորդ բանը, որում մենք փորձում ենք վարպետանալ այս ճամփորդության ընթացքում այն է, որ մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը և չենք ամաչում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելուց:

Մենք չենք թաքցնում մեր հավատքը:

Մենք չենք կոծկում այն:

Հակառակը, մենք խոսում ենք մարդկանց հետ մեր ճամփորդության մասին սովորական, բնական ձևով: Դա այն է, ինչ ընկերներն են անում՝ նրանք խոսում են թեմաների շուրջ, որոնք կարևոր են իրենց համար: Թեմաների՝ որոնք բխում են իրենց սրտերից և նշանակալից են իրենց համար:

Ահա, թե ինչ եք դուք անում: Լինելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, դուք պատմում եք ձեր պատմություններն ու փորձառությունները:

Երբեմն ձեր պատմածը մարդկանց մոտ ծիծաղ է առաջացնում: Երբեմն արցունքներ են հայտնվում նրանց աչքերում: Երբեմն դրանք կօգնեն մարդկանց շարունակել համբերությամբ, ճկունությամբ և քաջությամբ հաղթահարել ևս մեկ ժամ, ևս մեկ օր, և մի փոքր էլ մոտենալ Աստծուն:

Պատմեք ձեր փորձառությունների մասին մարդկանց, սոցիալական կայքերում, խմբերում, ամենուրեք:

Վերջին խոսքերից մեկը, որ Հիսուսն ասաց Իր աշակերտներին այն էր, որ նրանք պետք է գնային, աշխարհի բոլոր ազգերին պատմեին հարություն առած Քրիստոսի մասին: Այսօր մենք նույնպես ուրախությամբ ստանձնում ենք այդ վեհ լիազորությունը:

Ի՜նչ հրաշալի ուղերձ մենք պետք է հաղորդենք. Հիսուս Քրիստոսի շնորհիվ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա կարող է ապահով տուն վերադառնալ՝ իրենց երկնային տունը, և այնտեղ բնակվել փառքի և արդարության մեջ:

Կիսվելու ուրիշ լավ նորություններ էլ կան:

Աստված հայտնվեց մարդուն մեր օրերում: Մենք ունենք կենդանի մարգարե:

Թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ Աստծուն պետք չէ, որ դուք «վաճառեք» վերականգնված ավետարանը կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:

Նա պարզապես ակնկալում է, որ դուք չթաքցնեք այն գրվանի տակ:

Եվ եթե մարդիկ որոշեն, որ Եկեղեցին իրենց հարմար չէ, դա նրանց որոշումն է:

Դա չի նշանակում, որ դուք ձախողվել եք: Շարունակեք լավ վերաբերվել նրանց: Չի բացառվում, որ կրկին հրավիրեք նրանց եկեղեցի:

Հազվադեպ սոցիալական շփումների և կարեկից քաջ աշակերտության միջև տարբերությունը՝ հրավերն է:

Մենք սիրում և հարգում ենք Աստծո բոլոր զավակներին, անկախ նրանց կյանքի դիրքից, ռասայից կամ կրոնից, կյանքում կատարած նրանց որոշումներից:

Մեր կողմից մենք կասենք. «Եկե՛ք և տեսե՛ք: Ինքներդ պարզեք, թե աշակերտության ճանապարհով քայլելն ինչպես է օգուտ բերում և ազնվացնում»:

Մենք հրավիրում ենք մարդկանց «գալ և օգնել աշխարհն ավելի լավը դարձնելու մեր ջանքերում»:

Մենք ասում ենք. «Եկե՜ք այստեղ: Մենք ձեր եղբայրներն ու քույրերն ենք: Մենք կատարյալ չենք: Մենք վստահում ենք Աստծուն և ձգտում ենք պահել Նրա պատվիրանները:

«Միացեք մեզ և մենք ավելի լավը կդառնանք ձեր շնորհիվ: Եվ ընթացքում, դուք նույնպես ավելի լավը կդառնաք: Եկեք միասին մասնակցենք այս արկածին»:

Ես ե՞րբ պետք է սկսեմ:

Երբ մեր ընկեր Բիլբո Բեգինսը զգաց իր մեջ արկածային կանչը, նա որոշեց գիշերը լավ հանգստանալ, վայելել նախաճաշը և առավոտյան սկսել պատրաստվել:

Երբ Բիլբոն արթնացավ, տեսավ, որ իր տանը խառնաշփոթ է, քիչ էր մնում հետ կանգներ իր վեհ ծրագրից:

Բայց հետո եկավ նրա ընկեր Հենդալֆը և ասաց. «Ախր ե՞րբ ես բարեհաճելու»: Ընկերներին միանալու համար Բիլբոն ստիպված էր ինքնուրույն որոշել, թե ինչ է անելու:

Եվ այսպես, շատ սովորական և ոչնչով աչքի չընկնող հոբիթն այժմ այնքան արագ դուրս վազեց շքամուտքից և հայտնվեց արկածային ուղու վրա, որ մոռացավ իր գլխարկը, ձեռնափայտը և գրպանի թաշկինակը: Նա նույնիսկ իր երկրորդ նախաճաշն անավարտ թողեց:

Թերևս այստեղից մենք նույնպես դաս ունենք քաղելու:

Եթե ես և դուք մեր մեջ մղում զգանք միանալու մեծ արկածի գործին և կիսվելու նրանով, թե մեր սիրող Երկնային Հայրն ինչ է պատրաստել մեզ համար երկար ժամանակ առաջ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսօր է այդ օրը, որ հետևենք Աստծո Որդուն և մեր Փրկիչին ծառայության և աշակերտության Նրա ճանապարհին:

Մենք կարող ենք ամբողջ կյանքում սպասել այն պահին, երբ ամեն ինչ կատարյալ կդասավորվի: Բայց հիմա է ժամանակը լիարժեք պարտավորվելու, որ փնտրենք Աստծուն, սպասավորենք մարդկանց և նրանց պատմենք մեր փորձառության մասին:

Մի մտածեք ձեր գլխարկի, ձեռնափայտի, թաշկինակի և թափթփված տան մասին:

Նրանց, ովքեր արդեն քայլում են այդ ճանապարհով, ես հորդորում եմ լինել քաջ, ունենալ կարեկցանք, վստահություն և առաջ շարժվել:

Նրանց, ովքեր լքել են այդ ճանապարհը, ես խնդրում եմ վերադառնալ, միանալ մեզ, որ ավելի ամուր լինենք:

Եվ նրանց, ովքեր դեռ չեն սկսել, ես ասում եմ՝ ինչո՞ւ հետաձգել: Եթե դուք ուզում եք մասնակից լինել այս հոգևոր մեծ ճամփորդության հրաշքներին, կանգնեք ձեր սեփական մեծ արկածի ճանապարհին: Խոսեք միսիոներների հետ: Խոսեք վերջին օրերի սուրբ ձեր ընկերների հետ: Խոսեք նրանց հետ այս զարմանալի գործի և զարմանքի մասին:

Սկսելու ժամանա՜կն է:

Եկե՛ք, միացեք մեզ:

Եթե դուք կարծում եք, որ ձեր կյանքը կարող է ավելի իմաստալից լինել, ավելի վեհ նպատակ ունենալ, ձեր ընտանեկան կապերը կարող են ավելի ամուր լինել և ավելի մոտ կարող եք լինել Աստծուն, ապա եկե՛ք, միացեք մեզ:

Եթե դուք փնտրում եք մարդկանց մի համայնք, ովքեր աշխատում են իրենց ուժերի ներածին չափով լինել լավագույն մարդիկ, օգնել կարիքավորներին և այս աշխարհն ավելի լավը դարձնել, եկե՛ք, միացեք մեզ:

Եկե՛ք և տեսեք, թե այս հրաշալի, հիասքանչ և արկածային ճամփորդությունն ինչ է իրենից ներկայացնում:

Ընթացքում, դուք կբացահայտեք ինքներդ ձեզ:

Դուք կբացահայտեք իմաստ:

Դուք կբացահայտեք Աստծուն:

Դուք կբացահայտեք ձեր կյանքի ամենաարկածային և փառահեղ ճամփորդությունը:

Սրա մասին ես վկայում եմ մեր Քավիչ և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջ. Ռ. Ռ. Թոլքին, Հոբիտ կամ գնալն ու գալը (Boston: Houghton Mifflin, 2001), 3:

  2. Հոբիտ վեպի ենթավերնագիր:

  3. Մովսես 3.17:

  4. Տես Հոբ 38.4–7 (Աստծո զավակները ուրախացել էին), Եսայիա 14.12–13 («Աստծո աթոռից բարձր կդնեմ իմ աթոռը»), Հայտնություն 12.7–11 (պատերազմ եղավ երկնքում):

  5. “The Prophet Joseph Smith described agency as ‘that free independence of mind which heaven has so graciously bestowed upon the human family as one of its choicest gifts’ [Teachings of the Prophet Joseph Smith, comp. Joseph Fielding Smith (1977), 49]. Այս «մտքի անկախությունը» կամ ազատ կամքը զորություն է, որը թույլ է տալիս անհատներին լինել «գործակալն իրենց կամքի»: (Վ&Ու 58.28): Այն ներառում է բարու և չարի միջև ընտրելու կամքի արտահայտություն, կամ՝ բարու և չարի տարբեր մակարդակների, ինչպես նաև հնարավորություն՝ զգալու այդ ընտրության հետևանքները: Երկնային Հայրն Իր զավակներին այնքան շատ է սիրում, որ ցանկանում է, որ մենք հասնենք մեր ամբողջ ներուժին` դառնանք Նրա նման: Առաջընթացի համար մարդը պետք է ունենա իր ցանկալի ընտրությունը կատարելու բնածին ունակություն: Իր զավակների ազատ կամքն այնքան էական Նրա ծրագրում, որ «նույնիսկ Աստված չկարողացավ մարդկանց դարձնել Իր նման՝ առանց նրանց ազատություն տալու» [Դեյվիդ Օ. Մակքեյ, “Whither Shall We Go? Or Life’s Supreme Decision,” Deseret News, June 8, 1935, 1]” (Byron R. Merrill, “Agency and Freedom in the Divine Plan,” in Roy A. Prete, ed., Window of Faith: Latter-day Saint Perspectives on World History [2005], 162).

  6. Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը վեպում հեղինակ Ջ. Ք. Ռոուլինգը Հոգվարտսի ղեկավար Դամբլդորի շուրթերով նման մի բան է ասում երիտասարդ Հարրի Փոթերին: Դա հրաշալի խորհուրդ է նաև մեզ համար: Ես օգտագործել եմ դա իմ նախկին ուղերձներում և կարծում եմ, որ արժե կրկնել:

  7. «Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է» (Ա Հովհաննես 3.2, շեշտադրումն ավելացված է):

    Թեև այդպիսի վերափոխումը գուցե վեր է մեր ըմբռնումից, «նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք:

    Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք:

    Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի» (Հռովմայեցիս 8.16–18, շեշտադրումն ավելացված է):

  8. Տես Մատթեոս 28․16-20:

  9. Թոլքին, Հոբիթ, 33:

  10. Տես Ղուկաս 9.59–62:

  11. See LeGrand Richards, A Marvelous Work and a Wonder, rev. ed. (1966).