Գտնվել է Մորմոնի Գրքի զորությամբ
Բոլորը պետք է զգան և գտնվեն Մորմոնի Գրքում պարունակվող ճշմարտությունների զորությամբ:
Երբ ես այցելում եմ նորադարձներին իրենց տներում, հարցերից մեկը, որ սիրում եմ հաճախակի ուղղել նրանց, այն է, թե նրանք ու նրանց ընտանիքներն ինչպես են իմացել Եկեղեցու մասին, և ինչպես են որոշել մկրտվել: Նշանակություն չունի՝ արդյոք մարդը այդ պահին ակտիվ անդամ է, թե չի հաճախել եկեղեցի մի քանի տարի: Պատասխանը միշտ նույնն է. ժպիտով և դեմքի ուրախ արտահայտությամբ նրանք սկսում են պատմել այն մասին, թե ինչպես են իրենք գտնվել: Փաստորեն, թվում է, որ դարձի այդ պատմությունը միշտ այն մասին է, թե նրանք ինչպես են գտնվել:
Ինքը՝ Հիսուս Քրիստոսը, Տերն է կորսված բաների: Նա հոգում է կորսված բաների մասին։ Անկասկած, դրա համար նա ուսուցանեց երեք առակները, որոնք մենք գտնում ենք Ղուկասի 15-րդ գլխում. մոլորված ոչխարի, կորած դրամի և, ի վերջո, անառակ որդու առակները: Այս բոլոր պատմություններն ունեն մեկ ընդհանուր նմանություն. նշանակություն չունի, թե նրանք ինչու էին կորսվել: Անգամ նշանակություն չունի՝ արդյո՞ք նրանք տեղյակ էին, որ կորսված են:: Այնտեղ տիրում է ուրախության գերագույն զգացումը, որին հետևում է բացականչությունը. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»: Ի վերջո, ոչինչ հիրավի կորսված չէ Նրա համար:
Ես կկամենայի այսօր ձեզ հետ կիսվել ինձ համար մի շատ թանկ պատմությամբ այն մասին, թե ես ինքս ինչպես գտնվեցի:
Իմ 15 տարին լրանալուց առաջ իմ քեռին՝ Մանուել Բուստոսը, հրավիրեց ինձ որոշ ժամանակ անցկացնել իր և իր ընտանիքի հետ այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Դա լավ հնարավորություն կլիներ, որ ես անգլերեն սովորեի։ Իմ քեռին միացել էր Եկեղեցուն շատ տարիներ առաջ և հրաշալի միսիոներական հոգի ուներ: Հավանաբար, դրա համար իմ մայրը, առանց իմ գիտության, խոսել էր նրա հետ և ասել, որ ինքը կընդունի հրավերը մի պայմանով, որ նա չփորձի համոզել ինձ դառնալ իր Եկեղեցու անդամ: Մենք կաթոլիկ էինք, մենք կաթոլիկ ենք եղել բազմաթիվ սերունդներ, և պատճառ չկար փոխվելու: Իմ քեռին լիովին համաձայն էր և պահում էր իր խոստումն այն աստիճան, որ անգամ չէր ցանկանում պատասխանել Եկեղեցու մասին իմ պարզ հարցերին:
Իհարկե, իմ քեռին ու նրա հրաշալի կինը՝ Մարջորին, չէին կարող խուսափել լինել այն, ինչ իրականում կային:
Ինձ հատկացրին մի սենյակ, որը մեծ գրադարան ուներ: Ես տեսա, որ այդ գրադարանում կոպիտ հաշվարկով կար Մորմոնի Գրքի 200 օրինակ տարբեր լեզուներով, որոնցից 20-ը՝ իսպաներեն:
Մի օր հետաքրքրությունից դրդված, ես վերցրի Մորմոնի Գրքի մի օրինակ իսպաներենով:
Դա այն օրինակներից մեկն էր՝ վառ կապույտ փափուկ կազմով, որի վրա կար Մորոնի հրեշտակի պատկերը: Երբ բացեցի այն, առաջին էջի վրա գրված էր հետևյալ խոստումը. «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»:
Ապա ավելացնում էր. «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:
Դժվար է բացատրել այն ազդեցությունը, որ այս սուրբ գրություններն ունեցան իմ մտքի ու սրտի վրա: Անկեղծ ասած, ես «ճշմարտություն» չէի փնտրում: Ես պարզապես պատանի էի, ապրում էի երջանիկ կյանքով և վայելում էի այդ նոր մշակույթը:
Այնուամենայնիվ, մտքում ունենալով այդ խոստումը, ես գաղտնի սկսեցի կարդալ գիրքը: Երբ շարունակեցի կարդալ, հասկացա, որ եթե ես իրոք ցանկանում էի ինչ-որ բան քաղել դրանից, պետք է սկսեի աղոթել: Իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ է պատահում, երբ դուք որոշում եք ոչ միայն կարդալ, այլև աղոթել Մորմոնի Գրքի վերաբերյալ: Դա հենց այն էր, ինչ կատարվեց ինձ հետ: Դա այնքան հատուկ բան էր և այնքան անզուգական, այո, նույնը, ինչ պատահել է միլիոնավոր մարդկանց հետ ամբողջ աշխարհում: Սուրբ Հոգու զորությամբ ես հասկացա, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
Հետո ես գնացի իմ քեռու մոտ՝ բացատրելու, թե ինչ էր պատահել և ասելու, որ ես պատրաստ էի մկրտվելու: Իմ քեռին չկարողացավ թաքցնել իր զարմանքը: Նա նստեց իր ավտոմեքենան, գնաց օդանավակայան, ապա վերադարձավ ինքնաթիռի իմ հետդարձի տոմսով և իմ մայրիկին ուղղված մի երկտողով, որում պարզապես ասվում էր. «Ես ոչ մի առնչություն չունեմ սրա հետ»:
Ինչ-որ իմաստով նա ճիշտ էր: Ես ուղղակի գտնվել էի Մորմոնի Գրքի զորությամբ:
Ամբողջ աշխարհում կարող են լինել շատ մարդիկ, ովքեր գտնվել են մեր հրաշալի միսիոներների կողմից՝ ամեն անգամ որևէ հրաշագործ եղանակով: Կամ գուցե նրանք գտնվել են ընկերների միջոցով, որոնց Աստված դիտավորյալ դրել է նրանց ճանապարհին: Կարող է նույնիսկ պատահել, որ նրանք գտնվել են այս սերնդից ինչ-որ մեկի կամ իրենց նախնիներից մեկի կողմից: Ինչ էլ որ լինի, որպեսզի առաջ ընթանան դեպի ճշմարիտ դարձ, վաղ թե ուշ նրանք բոլորը պետք է զգան և գտնվեն Մորմոնի Գրքում պարունակվող ճշմարտությունների զորությամբ: Միևնույն ժամանակ նրանք պետք է անձամբ լուրջ պարտավորություն ստանձնեն Աստծո հանդեպ, որ կձգտեն պահել Նրա պատվիրանները:
Երբ վերադարձա Բուենոս Այրես, իմ մայրը հասկացավ, որ ես իրոք ցանկանում էի մկրտվել: Քանի որ ես ապստամբ հոգի ունեի, ընդդիմանալու փոխարեն նա շատ իմաստուն կերպով աջակցեց ինձ իմ որոշման մեջ: Եվ նույնիսկ առանց իմանալու այդ, նա՝ ինքը, անցկացրեց իմ մկրտության հարցազրույցը: Իսկապես, ես կարծում եմ, որ նրա հարցազրույցը նույնիսկ ավելի մանրամասն էր, քան մեր միսիոներների հարցազրույցը: Նա ասաց ինձ. «Եթե դու ցանկանում ես մկրտվել, ես կաջակցեմ քեզ: Բայց նախ ես պատրաստվում եմ մի քանի հարց տալ քեզ և ցանկանում եմ, որ դու շատ խորը մտածես ու ազնվորեն պատասխանես: Դու պարտավորվու՞մ ես ամեն կիրակի անպայման հաճախել եկեղեցի»:
Ես ասացի նրան. «Այո, իհարկե, ես պատրաստվում եմ անել այդ»:
«Դու գաղափար ունե՞ս, թե ինչքան է տևում կիրակնօրյա եկեղեցին»:
«Այո, ես գիտեմ»,- ասացի ես:
Նա պատասխանեց. «Դե, եթե դու մկրտվես, ես պիտի համոզվեմ, որ դու կհաճախես եկեղեցի»: Հետո նա հարցրեց ինձ, արդյոք ես իսկապես պատրաստ եմ երբեք ալկոհոլ չօգտագործել կամ չծխել:
Ես պատասխանեցի. «Իհարկե, ես պատրաստվում եմ հնազանդվել այդ կանոնին, ևս»:
Ինչին նա ավելացրեց. «Եթե դու մկրտվես, ես պիտի համոզվեմ, որ դու կհետևես դրան»: Հետո այդ ձևով շարունակեց քննել ինձ յուրաքանչյուր պատվիրանի վերաբերյալ:
Իմ քեռին զանգել էր մայրիկիս և ասել, որ նա չանհանգստանա, և որ ես շուտով կհաղթահարեմ այդ ամենը: Չորս տարի անց, երբ ես ստացա Ուրուգվայ Մոնտեվիդեո միսիայում ծառայելու իմ կանչը, մայրս զանգահարեց քեռուս և հարցրեց, թե ես ճշգրտորեն երբ էի պատրաստվում հաղթահարել այդ ամենը: Ճշմարտությունն այն է, որ այն ժամանակից ի վեր, երբ ես մկրտվեցի, նա ամենաերջանիկ մայրն էր:
Ես հասկացա, որ Մորմոնի Գիրքը վճռորոշ էր դարձի գործընթացում, քանի որ անձամբ էի զգում խոստումը, որ «ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն»:
Նեփին այսպես է բացատրել է Մորմոնի Գրքի հիմնական նպատակը.
«Մենք աշխատում ենք ջանասիրաբար՝ գրելու և համոզելու մեր զավակներին, նաև մեր եղբայրներին հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ: …
Եվ [այսպիսով] մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, … որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։
Ամբողջ Մորմոնի Գիրքը լի է այդ նույն սրբազան նպատակով:
Այս պատճառով ցանկացած ընթերցող, ով անկեղծորեն ուսումնասիրում է այն աղոթքի ոգով, ոչ միայն կսովորի Քրիստոսի մասին, այլև կսովորի Քրիստոսից: Հատկապես, եթե նրանք որոշում կայացնեն «փորձե[լ] Աստծո խոսքի ուժը» և հապճեպ չմերժեն այն՝ կանխակալ անհավատության պատճառով, ինչ ուրիշներն ասել են այն բաների մասին, որոնք երբեք չեն կարդացել:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Երբ ես մտածում եմ Մորմոնի Գրքի մասին, միշտ հիշում եմ զորություն բառը: Մորմոնի Գրքի ճշմարտությունները զորություն ունեն բժշկելու, սփոփելու, վերականգնելու, սատար կանգնելու, զորացնելու, մխիթարելու և քաջալերելու մեր հոգիները»:
Այսօր ես հրավիրում եմ մեզ բոլորիս, անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք եկեղեցու անդամ, թույլ տալ, որ Մորմոնի Գրքի ճշմարտությունների զորությունը գտնի և ընդունի մեզ կրկին և օրեցօր, մինչ մենք ջանասիրաբար փնտրում ենք անձնական հայտնություն: Այն կվարվի այդպես, եթե մենք թույլ տանք:
Ես հանդիսավոր վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը և, որ Սուրբ Հոգին ժամանակ առ ժամանակ կհաստատի դրա ճշմարտությունը բոլոր նրանց, ովքեր անկեղծ սրտով գիտելիք են փնտրում իրենց հոգիների փրկության համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։