2010–2019 թթ․
Պտուղ
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


2:3

Պտուղ

Կենտրոնացած պահեք ձեր աչքերն ու սրտերը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և հավերժական ուրախության վրա, որը գալիս է միայն Նրա միջոցով:

Ես գիտեմ, թե դուք ինչ եք մտածում: Մենք կլսենք ևս մեկ ելույթ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնից: Հուսով եմ ձեզ արթուն պահել մի քանի րոպե, մինչ կսպասենք մեր սիրելի մարգարեին, ես ընտրել եմ մի շատ գրավիչ թեմա, իմ թեման պտուղն է:

Պտուղ

Հատապտուղները, բանանը, ձմերուկը և մանգոն իրենց գույնով, հյուսվածքով և քաղցրությամբ և ավելի էկզոտիկ մրգեր, ինչպես՝ կիվիի կամ նռան պտուղը վաղուց բաղձալի անուշեղեն են:

Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչը բարի պտուղը համեմատում էր հավերժական արժեք ունեցող բաների հետ: Նա ասել է. «Դուք պիտի ճանաչեք նրանց իրենց պտուղներից»: «Ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում»։ Նա խրախուսեց մեզ հավաքել «պտուղ հավերժական կյանքի համար»:

Մի վառ երազում, որին մենք բոլորս լավ ծանոթ ենք Մորմոնի Գրքից, Լեքի մարգարեն իրեն տեսնում է «մի մութ ու մռայլ անապատում»: Կա կեղտոտ ջուր, խավարի մեգ, տարօրինակ ճանապարհներ և արգելված արահետներ, ինչպես նաև երկաթյա ձող, որը ձգվում է նեղ արահետի երկայնքով, տանելով դեպի մի գեղեցիկ ծառ, «պտղով, [որը դարձնում է] մարդուն երջանիկ»: Պատմելով երազը, Լեքին ասում է. «Ես ճաշակեցի դրա պտղից. … այն ամենաքաղցրն էր բոլորից, որ ես նախկինում երբևիցե … փորձել էի: … [Եվ], այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ:» Այդ պտուղը «[ավելի] բաղձալի էր [քան որևէ այլ] պտուղ»:

Կյանքի ծառը իր համեղ պտղով

Ծառի և պտղի իմաստը

Ի՞նչ է խորհրդանշում այդ ծառը իր ամենաթանկարժեք պտղով: Այն ներկայացնում է «Աստծո սերը» և հռչակում Երկնային Հոր փրկագնման սքանչելի ծրագիրը: «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ»:

Այդ թանկարժեք պտուղը խորհրդանշում է Փրկիչի անզուգական Քավության սքանչելի օրհնությունները: Մահկանացու կյանքից հետո մենք ոչ միայն կրկին կապրենք, այլև Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, մեր ապաշխարության և պատվիրանները պահելու միջոցով մենք կարող ենք ներվել մեր մեղքերից և մի օր մաքուր և անբիծ կանգնել մեր Հոր և Նրա Որդու առջև:

Ծառի պտղից ճաշակելը խորհրդանշում է, որ մենք ընդունում ենք վերականգնված ավետարանի արարողությունները և ուխտերը` լինելով մկրտված, ստանալով Սուրբ Հոգու պարգևը և մտնելով Տիրոջ տունը, որպեսզի ի վերուստ օժտվենք զորությամբ: Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով և մեր ուխտերը պատվելով, մենք ստանում ենք անսահման խոստում` ապրել մեր արդարակյաց ընտանիքի հետ ողջ հավերժության ընթացքում:

Զարմանալի չէ, որ հրեշտակը նկարագրում է պտուղը՝ որպես «հոգու համար ամենաբերկրալին»: Դա իսկապես այդպես է:

Հավատարիմ մնալու մարտահրավերը

Ինչպես մենք բոլորս գիտենք, նույնիսկ, վերականգնված ավետարանի թանկարժեք պտուղը համտեսելուց հետո, անկեղծ և հավատարիմ մնալը Տեր Հիսուս Քրիստոսին, այնուամենայնիվ, հեշտ չէ: Ինչպես բազմիցս ասվեց այս համաժողովի ընթացքում, մենք շարունակում ենք դիմակայել շեղումների և խաբեությունների, խառնաշփոթի և իրարանցումի, հրապուրանքների և գայթակղությունների, որոնք փորձում են հեռու քաշել մեր սրտերը Փրկիչից և ուրախություններից ու գեղեցկություններից, որոնք մենք ճաշակել ենք Նրան հետևելիս:

Այս անբարենպաստության պատճառով Լեքիի երազը նաև նախազգուշացում է պարունակում: Գետի մյուս կողմում մի ընդարձակ շենք կա ամեն տարիքի մարդկանցով, ովքեր, ծաղրելով և ծանակելով, մատնացույց են անում Հիսուս Քրիստոսի արդար հետևորդներին:

Մարդիկ շենքում հեգնում են և ծիծաղում նրանց վրա, ովքեր պահում են պատվիրանները, հուսալով վարկաբեկել և ծաղրել նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը: Եվ կասկածի ու արհամարհանքի բանավոր հարձակումների պատճառով, որոնք տեղում էին հավատացյալների վրա, նրանցից ոմանք, ովքեր ճաշակել են պտղից, սկսում են ամաչել այն ավետարանից, որն իրենք մի ժամանակ ընդունել էին: Աշխարհի կեղծ հրապուրանքները գայթակղում են նրանց և նրանք շրջվում են ծառից և պտղից և, սուրբ գրությունների խոսքերով՝ «[մոլորվում] են դեպի արգելված ուղիներ և կորում»:

Մեր այսօրվա աշխարհում հակառակորդի շինարարական անձնակազմերն աշխատում են արտաժամյա, հապճեպ ուռճացնելով մեծ ու ընդարձակ շինությունը: Ընդարձակումը տարածվում է գետի վրայով` հույս ունենալով մտնել մեր տները, մինչ մատնացույց անողները և ծաղրողներն օր ու գիշեր աղաղակում են իրենց համացանցային մեգաֆոններով:

Նախագահ Նելսոնը բացատրել է. «Հակառակորդը քառապատկում է իր ջանքերը, որպեսզի քայքայի վկայությունները և խոչընդոտի Տիրոջ աշխատանքը»: Եկեք հիշենք Լեքիի խոսքերը. «Մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա»:

Չնայած մենք չպետք է վախենանք, սակայն պետք է զգոն լինենք: Երբեմն, փոքր բաները կարող են խախտել մեր հոգևոր հավասարակշռությունը: Խնդրում եմ,թույլ մի տվեք, որ ձեր հարցերը, ուրիշների վիրավորանքները, անհավատ ընկերները կամ չարաբաստիկ սխալներն ու հուսահատությունները ձեզ հեռու շրջեն քաղցր, մաքուր և հոգեզմայլ օրհնություններից, որոնք գալիս են ծառի թանկագին պտղից: Կենտրոնացած պահեք ձեր աչքերն ու սրտերը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և հավերժական ուրախության վրա, որը գալիս է միայն Նրա միջոցով:

Ջեյսոն Հոլլի հավատքը

Հունիսին կինս` Քեթին և ես մասնակցեցինք Ջեյսոն Հոլլի թաղմանը: Կյանքից հեռանալու պահին նա 48 տարեկան էր և ծառայում էր երեցների քվորումի նախագահ:

Ահա Ջեյսոնի խոսքերն այն իրադարձության մասին, որը փոխեց նրա կյանքը.

«[15 տարեկանում] ես վթարի ենթարկվեցի սուզվելիս: … Ես [ջարդեցի] վիզս և անդամալույծ դարձա կրծքավանդակիցս ներքև: Ես ամբողջովին կորցրի ոտքերիս վերահսկողությունը և մասնակիորեն ձեռքերիս վերահսկողությունը: Ես այլևս չէի կարողանում քայլել, կանգնել, … կամ ինձ կերակրել: Ես հազիվ էի կարողանում շնչել կամ խոսել:

«Սիրելի՛ Հայր [Երկնքում], աղաչում էի ես, «Եթե միայն կարողանայի ունենալ ձեռքեր, գիտեմ որ կկարողանայի հաղթահարել»: Խնդրում եմ Հայր, խնդրում եմ: …

…Պահիր ոտքերս Հայր, ես ուղղակի [աղոթում եմ] ձեռքերս օգտագործելու համար»:

Ջեյսոնը երբեք չօգտագործեց իր ձեռքերը: Կարողանո՞ւմ եք լսել ընդարձակ շենքի ձայները: «Ջեյսոն Հոլլ, Աստված չի լսում քո աղոթքները: Եթե Աստված սիրող Աստված է, ինչպե՞ս կարող է Նա թողնել քեզ այդպես: Ինչո՞ւ հավատք ունենանք առ Քրիստոս։ Ջեյսոն Հոլլը լսեց նրանց ձայները, բայց նրանց վրա նա ուշադրություն չդարձրեց: Փոխարենը նա սնուցվեց ծառի պտղով: Նրա հավատքն առ Հիսուս Քրիստոս դարձավ անսասան: Նա ավարտեց համալսարանը և ամուսնացավ Կոլետ Քոլմանի հետ տաճարում՝ նկարագրելով նրան որպես իր կյանքի սերը: Ամուսնությունից 16 տարի անց, ևս մեկ հրաշք տեղի ունեցավ, նրանց թանկագին որդին` Քոլմանը ծնվեց:

Ջեյսոնը և Կոլետ Հոլլը
Հոլլերի ընտանիքը

Նրանք ինչպե՞ս աճեցրին իրենց հավատքը: Կոլետը բացատրեց. «Մենք վստահեցինք Աստծո ծրագրին: Եվ դա մեզ հույս տվեց: Մենք գիտեինք, որ Ջեյսոնը [ապագայում մի օր] ողջ կլինի: … Մենք գիտեինք, որ Աստված տվել է մեզ Փրկիչ, ում քավիչ զոհաբերությունը հնարավորություն է տալիս մեզ շարունակել առաջ նայել, երբ մենք ուզում ենք հանձնվել»:

Քոլման Հոլլ

Խոսելով Ջեյսոնի թաղմանը, 10-ամյա Քոլմանն ասաց, որ իր հայրն ուսուցանել էր իրեն. «Երկնային Հայրը ծրագիր [ունի] մեզ համար, երկրային կյանքը կլինի սքանչելի, և մենք կարող ենք ապրել ընտանիքներով: … Բայց … մենք ստիպված կլինենք անցնել դժվարին բաների միջով և սխալներ կգործենք»:

Քոլմանը շարունակեց. «Երկնային Հայրն Իր Որդուն` Հիսուսին, երկիր ուղարկեց: Նրա գործն էր կատարյալ լինել: Բժշկել մարդկանց: Սիրել նրանց։ Իսկ հետո տառապել բոլոր մեր ցավերի, վշտերի և մեղքերի համար: Ապա Նա մահացավ մեզ համար»: Ապա Քոլմանը ավելացրեց. «Քանի որ Նա արել է այդ, Հիսուսը գիտի թե ինչպես եմ ես զգում հենց հիմա»:

Հիսուսի մահից երեք օր անց, Նա … նորից կենդանացավ Իր կատարյալ մարմնով: Սա կարևոր է ինձ համար, որովհետև ես գիտեմ որ … իմ [հայրիկիս] մարմինը կատարյալ կլինի և մենք միասին կլինենք որպես ընտանիք»:

Հոլլերի ընտանիքը

Քոլմանը եզրափակեց. «Ամեն գիշեր իմ մանկությունից սկսած հայրիկս ասում էր ինձ. «Հայրիկը սիրում է քեզ, Երկնային Հայրը սիրում է քեզ, և դու լավ տղա ես»:

Ուրախությունը գալիս է Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այսպես է նկարագրել, թե ինչու է Հոլլ ընտանիքը ուրախություն և հույս զգում: Նա ասաց.

«Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:

Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է…

«Եթե մենք նայենք աշխարհին … մենք երբեք ուրախություն չենք իմանա: … [Ուրախությունը] մի պարգև է, որը գալիս է, երբ նպատակադրված փորձում ենք ապրել արդար կյանքով, ինչպես ուսուցանել է Հիսուս Քրիստոսը»:

Խոստում, երբ վերադառնաք

Եթե դուք որոշ ժամանակ եղել եք առանց ծառի պտղի, խնդրում եմ իմացեք, որ Փրկիչի ձեռքերը միշտ մեկնված են դեպի ձեզ: Նա սիրով հրավիրում է.«Ապաշխարեք և եկեք դեպի ինձ»: Նրա պտուղը առատ է և միշտ ժամանակին: Այն չի կարող փողով գնվել, և նրան, ով ազնվորեն ցանկանում է այն, չի մերժվի:

Եթե դուք ցանկանում եք վերադառնալ ծառի մոտ և մեկ անգամ ևս համտեսել պտուղը, սկսեք՝ աղոթելով ձեր Երկնային Հորը: Հավատացեք Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զոհաբերության ուժին: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք նայեք առ Փրկիչը «բոլոր մտորումներում», ծառի պտուղը ձերը կլինի մեկ անգամ ևս` համեղ ձեր քիմքին, ուրախալի ձեր հոգուն, որն «ամենամեծն է Աստծո բոլոր պարգևներից»:

Երեց Անդերսենը պորտուգալացի Սրբերի հետ Լիսաբոնի Տաճարի նվիրագործման ժամանակ

Երեք շաբաթ առաջ, ես տեսա Փրկիչի պտղի ուրախության լիակատար դրսևորումը, երբ Քեթին և ես մասնակցեցինք Պորտուգալիայի Լիսաբոնի Տաճարի նվիրագործմանը: Վերականգնված ավետարանի ճշմարտությունները բացվեցին Պորտուգալիային 1975 թվականին, երբ կրոնական ազատությունը հասանելի դարձավ: Բազմաթիվ ազնիվ Սրբեր, ովքեր առաջինը համտեսեցին պտղից, երբ չկային համայնքներ, ժողովատներ և 1000 մղոնից (1,600 կմ) ավելի մոտ գտնվող տաճարներ, ցնծում էին մեզ հետ, որ ծառի թանկագին պտուղն այժմ Տիրոջ տանն է` Լիսաբոնում, Պորտուգալիա: Որքան եմ հարգում և մեծարում այս Վերջին Օրերի Սրբերին, ովքեր Փրկիչի վրա գամված են պահել իրենց սրտերը:

Փրկիչն ասել է, «Նա որ ինձանում մնում է, և ես նորանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել»:

Այս առավոտ խոսելով Եկեղեցու անդամների հետ ողջ աշխարհում, Նախագահ Նելսոնն ասաց. «Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, դուք ապրող օրինակներն եք այն պտուղների, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հետևելուց: Նա այնուհետև ավելացրեց. «Շնորհակալ եմ։ Ես սիրում եմ ձեզ»:

Նախագա՛հ Նելսոն, մենք սիրում ենք Ձեզ։

Ես ականատես եմ այն հայտնության զորությանը, որը հիմնվում է մեր սիրելի Նախագահի վրա: Նա Աստծո մարգարեն է: Հնադարյան Լեքիի նման, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրում է մեզ` Աստծո ընտանիքին, գալ և ճաշակել ծառի պտղից: Թող որ մենք խոնարհություն և ուժ ունենանք` հետևելու նրա խորհրդին:

Ես ուրախությամբ վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է։ Նրա սերը, Նրա զորությունը և Նրա շնորհը բերում են բոլոր հարատև արժեքները: Ես վկայում եմ այդ մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մատթեոս 7.16:

  2. Մատթեոս 7.17:

  3. Հովհաննես 4.36:

  4. 2007թ.-ի հունվարի սկզբին, երբ պատրաստվում էի Բրիգամ Յանգի Համալսարանի հոգևոր երեկույթի ելույթին որպես Յոթանասունի Նախագահության անդամ, որը տրվելու էր 2007 թ.-ի մարտի 4-ին, ես հարցրի Երեց Դեյվիդ Ա. Բեդնարին, թե ինչ էր պատրաստում 2007 թ.-ի իր փետրվարի 4-ի ելույթին այդ նույն լսարանի համար: Ես ընկրկեցի, երբ նա պատասխանեց, որ նրա ելույթը երկաթյա ձողից ամուր բռնելու մասին էր: Սա ճիշտ նույն վերնագիրն էր, որը ես էի ընտրել իմ ելույթի համար: Մեր տեքստերով միմյանց հետ կիսվելուց հետո մենք հասկացանք, որ մեր մոտեցումները տարբեր էին: Նրա ելույթը, որը կոչվում էր «Կենդանի ջրի աղբյուր», շեշտում էր երկաթյա ձողը կամ Աստծո խոսքը, որպես սուրբ գրություններն ընդգրկող: Իր ելույթում նա հարցրեց. «Արդյո՞ք դուք և ես ամեն օր կարդում ենք, ուսումնասիրում ենք և հետազոտում սուրբ գրությունները մի ձևով, որը հնարավորություն է տալիս մեզ ամուր կառչել երկաթյա ձողից» (speeches.byu.edu):

    Ապա, Երեց Բեդնարի հետ իմ զրույցից մեկ շաբաթ անց, Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ԲՅՀ-ի հոգևոր երեկույթի ժամանակ ելույթ ունեցավ, որը կոչվում էր «Լեքիի երազը և դուք»: Նախագահ Փաքերը շեշտեց երկաթյա ձողը՝ որպես անձնական հայտնություն և ոգեշնչում, որը գալիս է մեզ Սուրբ Հոգու միջոցով: Նա ասաց. «Եթե դուք բռնեք ձողից, կզգաք ձեր ճանապարհը առջևում Սուրբ Հոգու պարգևով: … Ամուր բռնեք երկաթե ձողը և բաց մի թողեք: Սուրբ Հոգու զորության միջոցով, դուք կարող եք զգալ ձեր ուղին կյանքում» (Հուն. 16, 2007, speeches.byu.edu):

    Իմ թեման, «Ամուր բռնեք մարգարեների խոսքերից», 2007 թ.-ի մարտին, երկաթյա ձողը ներկայացնում էր ապրող մարգարեների խոսքերը (Մարտ 4, 2007, speeches.byu.edu):

    Այս երեք ելույթների կապը պատահականություն չէր: Տիրոջ ձեռքը գործում էր որպես երեք ելույթներ, որոնք պատրաստված էին նույն լսարանի համար, բացահայտելով երկաթյա ձողի կամ Աստծո խոսքի երեք կողմերը. (1) սուրբ գրությունները կամ հնադարյան մարգարեների խոսքերը, (2) ապրող մարգարեների խոսքերը, և (3) Սուրբ Հոգու զորությունը: Դա մի կարևոր ուսուցողական փորձառություն էր ինձ համար:

  5. Տես 1 Նեփի 8․4-12:

  6. 1 Նեփի 11․25:

  7. Հովհաննես 3․16

  8. Տես Դեյվիդ Ա․ Բեդնար, «Լեքիի երազը` ամուր բռնվել ձողից», Լիահոնա, 2011, 32–37:

  9. 1 Նեփի 11․23:

  10. 1 Նեփի 8.28

  11. See Boyd K. Packer, “Lehi’s Dream and You” (Brigham Young University devotional, Jan. 16, 2007), speeches.byu.edu.

  12. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019թ․,68։

  13. 1 Նեփի 8․33:

  14. Stephen Jason Hall, “The Gift of Home,” New Era, Dec. 1994, 12.

  15. Stephen Jason Hall, “Helping Hands,” New Era, Oct. 1995, 46, 47.

  16. Անձնական նամակագրություն Երեց Անդերսենին Կոլետ Հոլլից:

  17. Անձնական նամակագրություն Երեց Անդերսենին Կոլետ Հոլլից:

  18. Թաղման ելույթ Քոլման Հոլլի կողմից, տրվել է Երեց Անդերսենին Կոլետ Հոլլի կողմից:

  19. Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյ. 2016, 82, 84:

  20. 3 Նեփի 21․6։

  21. Տես 2 Նեփի 26․25, 33:

  22. Վարդապետություն և Ուխտեր 6.36:

  23. 1 Նեփի 15.36:

  24. Հովհաննես 15․5:

  25. Ռասսել Մ. Նելսոն «Երկրորդ մեծ պատվիրանը» Լիահոնա, նոյեմբեր 2019, 100: