Վկաներ, Ահարոնյան Քահանայության քվորումներ, Երիտասարդ Կանանց դասարաններ
Փոփոխությունները, որոնք մենք այժմ կհայտարարենք, նպատակ ունեն օգնել երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց զարգացնել իրենց անձնական սրբազան ներուժը:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հրաշալի է կրկին ձեզ հետ լինել այս գերագույն համաժողովին։ Շաբաթվա սկզբում Եկեղեցու անդամներին հայտարարվեց քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու մասին առ այն, թե ովքեր կարող են ծառայել որպես վկաներ մկրտության և կնքման արարողությունների ժամանակ։ Կցանկանայի առանձնացնել այդ երեք կետերը:
-
Մահացած անձի փոխարինող մկրտության ժամանակ կարող է վկա լինել յուրաքանչյուր ոք, ով կրում է գործող տաճարային երաշխավորագիր, այդ թվում՝ սահմանափակ օգտագործման երաշխավորագիր։
-
Օժտում ստացած ցանկացած անդամ, ով կրում է գործող տաճարային երաշխավորագիր, կարող է ծառայել ապրող անձանց կամ փոխարինողների միջոցով կնքման արարողությունների վկա։
-
Եկեղեցու ցանկացած մկրտված անդամ կարող է ծառայել որպես վկա ապրող անձի մկրտության ժամանակ։ Այս փոփոխությունը վերաբերում է տաճարից դուրս բոլոր մկրտություններին:
Քաղաքականության այս ճշգրտումները ընթացակարգային են։ Հիմքում ընկած վարդապետություններն ու ուխտերն անփոփոխ են։ Բոլոր արարողություններում դրանք հավասարապես արդյունավետ են: Այս փոփոխությունները պետք է մեծապես խթանեն ընտանիքների մասնակցությունը այդ արարողություններին:
Այսօր նաև ուզում էի ձեզ ներկայացնել նաև այն փոփոխությունները, որոնք վերաբերում են մեր երիտասարդներին և նրանց ղեկավարներին:
Դուք կհիշեք, որ ես հրավիրեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդներին ընդգրկվել Տիրոջ երիտասարդների գումարտակում, որպեսզի մասնակցեն Երկրի վրա այսօր գոյություն ունեցող ամենամեծ գործին՝ Իսրայելի հավաքմանը։ Այս հրավերը ես հղեցի մեր երիտասարդներին, քանի որ նրանք առանձնապես շնորհալի են՝ ուրիշների հետ կապ հաստատելու և համոզիչ ձևով հաղորդելու այն, ինչին հավատում են: Հավաքման գործը կարևոր է՝ աշխարհը և մարդկանց Տիրոջ Երկրորդ Գալուստին նախապատրաստելու համար։
Յուրաքանչյուր ծխում Տիրոջ երիտասարդների գումարտակը ղեկավարում է եպիսկոպոսը՝ Աստծո մի նվիրված ծառա։ Նրա առաջին և ամենակարևոր պարտականությունն է հոգ տանել իր ծխի երիտասարդ տղաների և երիտասարդ աղջիկների մասին։ Եպիսկոպոսը և նրա խորհրդականները ծխերում ղեկավարում են Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների աշխատանքը։
Փոփոխությունները, որոնք մենք այժմ կհայտարարենք, նպատակ ունեն օգնել երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց զարգացնել իրենց անձնական սրբազան ներուժը: Մենք ուզում ենք նաև ամրապնդել Ահարոնյան Քահանայության քվորումները և Երիտասարդ կանանց դասարանները, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել եպիսկոպոսներին և չափահաս մյուս ղեկավարներին՝ աճող սերնդին ծառայելու գործում:
Երեց Քվենթին Լ. Քուքն այժմ կքննարկի այն փոփոխությունները, որոնք վերաբերում են երիտասարդ տղամարդկանց։ Եվ այսօր երեկոյան, կանանց գերագույն նիստի ժամանակ Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ Քույր Բոննի Հ. Քորդոնը կքննարկի այն փոփոխությունները, որոնք վերաբերում են երիտասարդ կանանց:
Առաջին Նախագահությունը և Տասներկուսը միավորված են մեր երիտասարդությանը զորացնելուն ուղղված այս ջանքերը հաստատելու գործում։ Օ՜, որքան ենք մենք սիրում նրանց և աղոթում նրանց համար։ Նրանք «Իսրայելի հույսն են, Սիոնի բանակը, խոստացված օրվա զավակները»։ Մենք մեր լիակատար վստահությունն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր երիտասարդներին։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: