Հաստատուն և անվհատ վստահություն
Աստծուն վստահելը ներառում է՝ վստահել Նրա ժամանակին, և պահանջում է համբերություն ու տոկունություն, որը դիմանում է կյանքի փոթորիկներին:
Մեր որդի Դանը Աֆրիկայում իր միսիայի ժամանակ շատ լուրջ հիվանդացավ, և նրան տարան սահմանափակ միջոցներով մի բուժկենտրոն: Երբ կարդացինք մեզ ուղղված նրա առաջին նամակը, մենք ակնկալում էինք, որ նա հուսահատված կլիներ, բայց փոխարենը գրել էր. «Նույնիսկ այն ժամանակ, երբ պառկած էի անհետաձգելի օգնության սենյակում, ես խաղաղություն էի զգում: Երբևէ իմ կյանքում այդքան հաստատուն և անվհատ երջանկություն չեմ զգացել»:
Երբ ես և կինս կարդացինք այս խոսքերը, չկարողացանք զսպել մեր հուզմունքը: Հաստատուն և անվհատ երջանկություն: Մենք երբևէ չէինք լսել, որ երջանկությունը նկարագրվեր այդ ձևով, բայց նրա խոսքերը ճշմարիտ էին հնչում: Մենք գիտեինք, որ երջանկությունը, որը նա նկարագրում էր, պարզապես հաճույք չէր կամ բարձր տրամադրություն, այլ խաղաղություն և ուրախություն, որոնք գալիս են, երբ մենք անձնատուր ենք լինում Աստծուն և վստահում ենք Նրան բոլոր բաներում: Մենք նույնպես ունեցել էինք այդպիսի ժամանակներ մեր կյանքում, երբ Աստված խաղաղություն էր խոսել մեր հոգիներին, և հորդորել մեզ հույս ունենալ Քրիստոսի հանդեպ, երբ կյանքը դժվարին էր ու անորոշ:
Լեքին ուսուցանում է, որ եթե Ադամի ու Եվայի անկումը չլիներ, «նրանք մնացած կլինեին անմեղության վիճակում, չունենալով ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն: …
Բայց, ահա, բոլոր բաներն արվել են նրա իմաստությամբ, ով գիտե բոլոր բաները:
Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:
Տարօրինակ կերպով, չարչարանքներն ու վշտերը պատրաստում են մեզ, որ մենք զգանք ուրախություն, եթե վստահենք Տիրոջը և մեզ համար ունեցած Նրա ծրագրին: Այս ճշմարտությունը հրաշալի է նկարագրված 13-րդ դարի մի պոետի կողմից. «Վիշտը պատրաստում է ձեզ ուրախության համար: Այն բռնի կերպով մաքրում է ամեն բան ձեր տնից, որպեսզի նոր ուրախությունը տեղ ունենա մուտք գործելու համար: Այն թափ է տալիս դեղին տերևները ձեր սրտի ճյուղերից, որպեսզի նոր, կանաչ տերևներ կարողանան աճել դրանց տեղում: Այն դուրս է բերում նեխած արմատները, որպեսզի դրանց տակ թաքնված նոր արմատներն աճելու տեղ ունենան: Ինչ էլ որ վիշտը տանի ձեր սրտից, շատ ավելի լավ բաներ կփոխարինեն դրանց»:
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ուսուցանել է. «Ուրախությունը, որը Փրկիչն առաջարկում է [մեզ] … հաստատուն է, հավաստիացնելով մեզ, որ մեր «ձախորդություններն ու չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ» [Վարդապետություն և Ուխտեր 121.7] և կնվիրագործվեն մեր օգտի համար»: Մեր փորձություններն ու չարչարանքները կարող են տեղ ազատել ավելի մեծ ուրախության համար:
Ավետարանի բարի լուրը ոչ թե վշտերից ու դժբախտություններից ազատ կյանքի խոստումն է, այլ նպատակով և իմաստով լի կյանքի խոստումն է. կյանք, որտեղ վշտերն ու չարչարանքները կարող են «կուլ գնա[լ] Քրիստոսի ուրախության մեջ»: Փրկիչը հայտարարել է.«Աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»: Նրա ավետարանը հույսի ուղերձ է: Վիշտը, Հիսուս Քրիստոսի հանդեպ հույսով զուգակցված, իր մեջ կրում է երկարատև ուրախության խոստումը:
Դեպի խոստումի երկիր Հարեդացիների ուղևորության պատմությունը կարող է որպես այլաբանություն օգտագործվել մահկանացու կյանքի մեր ուղևորության համար: Տերը խոստացել էր Հարեդի եղբորը և նրա ժողովրդին, որ «կգնա [նրանց] առջևից դեպի մի երկիր, որն ամենաընտիրն է աշխարհի բոլոր երկրներից»: Նա պատվիրեց նրանց բեռնանավեր կառուցել, և նրանք հնազանդորեն գնացին կառուցելու դրանք՝ համաձայն Տիրոջ հրահանգների: Սակայն, երբ գործն առաջ էր գնում, Հարեդի եղբոր մոտ մտահոգություններ առաջացան, որ Տիրոջ նախագիծը բեռնանավերի կառուցվածքի մասին բավարար չէր: Նա բացականչեց.
«Ո՛վ Տեր, ես կատարեցի գործը, որ դու պատվիրել էիր ինձ, և ես կառուցել եմ բեռնանավերը, ինչպես որ դու ես հրահանգել ինձ:
Եվ ահա, ո՜վ Տեր, դրանցում լույս չկա»:
Ահա, ո՜վ Տեր, մի՞թե դու թույլ կտաս, որ մենք անցնենք այս մեծ ջուրը խավարի մեջ»:
Երբևէ դատարկե՞լ եք ձեր հոգին Աստծո առաջ այդ ձևով: Երբ ձգտում ենք ապրել՝ ինչպես Տերն է պատվիրում, և արդար ակնկալիքները չեն իրականանում, երբևէ հետաքրքրվե՞լ եք՝ արդյո՞ք դուք պետք է անցնեք այս կյանքը խավարի միջով:
Հետո Հարեդի եղբայրը ավելի մեծ մտահոգություն արտահայտեց բեռնանավերում գոյատևելու իրենց կարողության մասին: Նա աղաղակեց. «Եվ բացի այդ մենք կմեռնենք, քանզի դրանցում մենք չենք կարող շնչել, բացի այն օդից, որ դրանցում կա»: Արդյո՞ք կյանքի դժվարությունները երբևէ դժվարացրել են ձեր շնչառությունը և ստիպել են ձեզ հետաքրքրվել, թե դուք ինչպե՞ս կարող եք դիմանալ մինչև օրվա վերջ, էլ ուր մնաց վերադառնաք դեպի երկնային տուն:
Տերը աշխատեց Հարեդի եղբոր հետ՝ լուծում տալով նրա բոլոր մտահոգություններին, բայց հետո Նա բացատրեց. «Դուք չեք կարող անցնել այս մեծ ջրանդունդը, եթե ես չնախապատրաստեմ [ուղի] ձեզ ծովի ալիքների դեմ, և քամիների, որոնք առաջ գնացած կլինեն, և ջրհեղեղների, որոնք պիտի գան»:
Տերը հստակեցրեց, որ, ի վերջո, Հարեդացիները չէին կարող հասնել խոստումի երկիր առանց Իրեն: Նրանք չէին վերահսկում իրավիճակը, և միակ ճանապարհը, որով նրանք կարող էին հատել մեծ ջրանդունդը, Նրան վստահելն էր: Այս փորձառություններն ու Տիրոջ խրատները, կարծես, խորացնում էին Հարեդի եղբոր հավատքը և ամրապնդում Տիրոջ հանդեպ Նրա վստահությունը:
Նկատեք, թե նրա աղոթքները հարցերից ու մտահոգություններից ինչպես փոխվեցին հավատքի ու վստահության արտահայտությունների.
«Եվ ես գիտեմ, ո՜վ Տեր, որ դու ունես ամենայն զորություն և կարող ես անել ինչ որ կամենաս՝ մարդկանց օգտի համար. …
«Ահա, ո՜վ Տեր, դու կարող ես անել այս: Մենք գիտենք, որ դու ի վիճակի ես ցույց տալ մեծ զորություն, որը փոքր է թվում մարդկանց հասկացողությանը»:
Գրված է, որ հետո Հարեդացիները «նստեցին … բեռնանավերը, և դուրս եկան ծով, իրենց հանձնելով Տիրոջը՝ իրենց Աստծուն»: Հանձնել նշանակում է վստահել կամ անձնատուր լինել: Հարեդացիները նստեցին իրենց բեռնանավերը ոչ թե նրա համար, որ նրանք ճշգրտորեն գիտեին, թե ինչ կպատահեր իրենց ուղևորության ընթացքում: Հարեդացիները նստեցին իրենց բեռնանավերը, քանի որ նրանք սովորել էին վստահել Աստծո զորությանը, բարությանն ու ողորմությանը, ուստի նրանք պատրաստ էին Տիրոջը հանձնել իրենց և իրենց բոլոր կասկածներն ու վախերը:
Վերջերս մեր թոռնիկ Էբին վախենում էր վարել կարուսելի կենդանիներից մեկը, որը վերև ու ներքև էր շարժվում: Նա նախընտրեց մեկ ուրիշը, որը չէր շարժվում: Ի վերջո, նրա տատիկը համոզեց նրան, որ այն ապահով կլինի, ուստի վստահելով նրան, Էբին բարձրացավ կենդանու վրա: Ապա լայն ժպտալով, ասաց. «Ես ապահով չեմ զգում, բայց ապահով եմ»: Հավանաբար հարեդացիներն այդպես էին զգում: Վստահելով Աստծուն, միշտ չէ, որ կարող ենք ապահով զգալ, բայց դրան հետևում է ուրախությունը:
Ուղևորությունը հեշտ չէր Հարեդացիների համար։ «Նրանք բազմաթիվ անգամներ թաղվեցին ծովի խորքերում «ալիքների լեռների պատճառով, որոնք փլուզվում էին նրանց վրա»: Սակայն «քամին երբեք չդադարեց փչել խոստացված երկրի ուղղությամբ»: Որքան էլ դժվար է հասկանալ, հատկապես մեր կյանքի այնպիսի ժամանակներում, երբ հանդիպակաց քամիներն ուժեղ են, իսկ ծովերը փոթորկալից, մենք կարող ենք հանգիստ լինել՝ իմանալով, որ Աստված Իր անսահման բարությամբ ուղղորդում է մեզ առաջ ընթանալ դեպի մեր երկնային տուն:
Ապա շարունակվում է. «Նրանք առաջ էին քշվում. և ծովի ոչ մի հրեշ չէր կարող նրանց ջարդուփշուր անել, ոչ էլ կետ, որ կարողանար վնասել նրանց. և նրանք անընդհատ լույս ունեին՝ լիներ ջրի վրա, թե ջրի տակ»: Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մահվան, մտավոր և ֆիզիկական հիվանդությունների, ամեն տեսակի փորձությունների ու չարչարանքների հրեշավոր ալիքները հարվածում են մեզ: Սակայն, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և Նրան վստահելու մեր ընտրությամբ, մենք կարող ենք մշտապես լույս ունենալ՝ լինի ջրի վրա, թե՝ ջրի տակ: Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված երբեք չի դադարի մեր նավերը տանել դեպի երկնային տուն:
Մինչ Հարեդացիները տարուբերվում էին բեռնանավերում, «նրանք գովք էին երգում առ Տերը. … և գովերգում Տիրոջն ամբողջ օրը. և երբ գալիս էր գիշերը, նրանք չէին դադարում գովերգել Տիրոջը»: Նրանք ուրախություն և երախտագիտություն էին զգում նույնիսկ իրենց չարչարանքների ժամանակ: Նրանք դեռ չէին հասել խոստումի երկիրը, սակայն ցնծում էին խոստացված օրհնություններով Նրա հանդեպ ունեցած հաստատուն և անվհատ վստահության շնորհիվ:
Հարեդացիների բեռնանավերը ջրի վրա 344 օր առաջ մղվեցին։ Կարո՞ղ եք պատկերացնել: Աստծուն վստահելը ներառում է՝ վստահել Նրա ժամանակին, և պահանջում է համբերություն ու տոկունություն, որը դիմանում է կյանքի փոթորիկներին:
Ի վերջո, Հարեդացիները «խոստացված երկրի ափն իջան: Եվ երբ նրանք իրենց ոտքը դրեցին խոստացված երկրի ափերին, նրանք վար կռացան երկրի երեսին, և իրենց խոնարհեցրին Տիրոջ առջև, և ուրախության արցունքներ թափեցին Տիրոջ առջև, իրենց վրա նրա բազում գորովագութ ողորմությունների համար»:
Եթե մենք հավատարիմ ենք և պահում ենք մեր պատվիրանները, մենք ևս մի օր ապահով տուն կհասնենք, կխոնարհվենք Տիրոջ առաջ և ուրախության արցունքներ կհեղենք մեր կյանքում նրա գորովագութ ողորմությունների համար, ներառյալ՝ վշտերի, որոնք տեղ ազատեցին ավելի շատ ուրախության համար:
Ես վկայում եմ, որ երբ մենք ինքներս մեզ հանձնենք Տիրոջը և հաստատուն և անվհատ կերպով վստահենք Հիսուս Քրիստոսին և մեր կյանքում Նրա աստվածային նպատակներին, Նա կայցելի մեզ հավաստիացումներով, խաղաղություն կխոսի մեր հոգիներին և «մենք կհուսանք մեր ազատմանը նրանով»:
Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է: Նրա շնորհը բավարար է և Նա հզոր է փրկելիս: Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը։ Նա չի թողնի, որ մենք կորչենք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։