Երկու մեծ պատվիրանները
Մենք պետք է փորձենք պահել երկու մեծ պատվիրանները։ Դա անելու համար մենք պետք է քայլենք օրենքի և սիրո միջև ընկած նուրբ թելի վրայով։
Հիսուս Քրիստոսի ավետարանի իմ սիրելի քույրեր, ես ողջունում եմ ձեզ՝ որպես հավերժական ընտանիքի աստվածայնորեն նշանակված պահապաններ։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է մեզ․ «Այս Եկեղեցին վերականգնվել է, որպեսզի ընտանիքները ձևավորվեն, կնքվեն և հավերժական վեհացում ստանան»։ Այդ ուսմունքը կարևոր հետևանքներ ունի այն մարդկանց համար, ովքեր իրենց անվանում են լեսբուհի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսգենդեր, որոնց սովորաբար կոչում ենք ԼԳԲՏ։ Նախագահ Նելսոնը նաև հիշեցրել է մեզ, որ «պարտադիր չէ, որ միշտ իրար հետ համաձայնվենք՝ իրար սիրելու համար»: Այդ մարգարեական ուսմունքները կարևոր են ընտանեկան քննարկումների ժամանակ՝ երեխաների և երիտասարդության հարցերին պատասխանելու համար: Ես աղոթքով ոգեշնչում եմ փնտրել այս լսարանի հետ խոսելու համար, քանի որ այդ հարցերը յուրահատուկ կերպով են ձեզ առնչվում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են Եկեղեցու յուրաքանչյուր ընտանիքի վրա:
I.
Խոսքս սկսում եմ նրանով, ինչը Հիսուսն ուսուցանեց որպես երկու մեծ պատվիրաններ։
«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:
Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:
Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։
Դա նշանակում է, որ մեզ պատվիրված է սիրել բոլորին, քանի որ բարի սամարացու մասին Հիսուսի առակն ուսուցանում է, որ յուրաքանչյուր մարդ մեր ընկերն է։ Բայց այս երկրորդ պատվիրանը պահելու մեր նախանձախնդրությունը չպետք է մեզ մոռացնել տա առաջին պատվիրանը՝ սիրել Աստծուն մեր բոլոր սրտովը, բոլոր անձովը և մեր բոլոր մտքովը: Մենք ցույց ենք տալիս այդ սերը, երբ «պահում ենք [Նրա] պատվիրանները»։ Աստված պահանջում է, որ մենք հնազանդվենք Նրա պատվիրաններին, քանի որ միայն այդ հնազանդության և ապաշխարության միջոցով մենք կարող ենք վերադառնալ և ապրել Նրա ներկայության մեջ ու դառնալ Նրա նման կատարյալ։
Եկեղեցու չափահաս երիտասարդներին ուղղված իր վերջին ելույթի ժամանակ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոսել է նրա մասին, ինչն ինքն անվանում է «ամուր կապ Աստծո սիրո և Նրա օրենքների միջև»։ Օրենքները, որոնք առավելագույնս վերաբերում են իրենց ԼԳԲՏ կոչողներին, ամուսնության Աստծո օրենքներն են և դրա ուղեկից՝ մաքրաբարոյության օրենքը։ Երկուսն էլ կարևոր են Իր զավակների համար մեր Երկնային Հոր փրկության ծրագրում։ Ինչպես Նախագահ Նելսոնն է ուսուցանել․ «Աստծո օրենքներն ամբողջովին դրդված են մեր հանդեպ Նրա անսահման սիրուց և նրա ցանկությունից, որ մենք ձեռք բերենք մեր առավելագույն ներուժը»:
Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Շատ երկրներ ․․․ օրինականացրել են միասեռ ամուսնությունը։ Որպես Եկեղեցու անդամներ, մենք հարգում ենք երկրի օրենքները ․․․ այդ թվում՝ ամուսնության։ Սակայն, ճշմարտությունն այն է, որ սկզբում … ամուսնությունը կարգվեց Աստծո կողմից։ Եվ մինչ օրս Նրա կողմից ամուսնությունը սահմանվում է տղամարդու և կնոջ միջև։ Աստված չի փոխել ամուսնության Իր սահմանումը»։
Նախագահ Նելսոնը շարունակում է․ «Աստված նաև չի փոխել մաքրաբարոյության Իր օրենքը։ Տաճար մտնելու պահանջները չեն փոխվել»։
Նախագահ Նելսոնը մեզ բոլորիս հիշեցրել է, որ «Առաքյալ լինելու մեր հանձնառությունն է՝ սովորեցնել միայն ճշմարտությունը: Այդ հանձնառությունը իրավունք չի տալիս, որ [Առաքյալները] փոխեն աստվածային օրենքը»։ Այսպիսով, իմ քույրեր, Եկեղեցու ղեկավարները միշտ պետք է սովորեցնեն տղամարդու և կնոջ միջև ամուսնության յուրահատուկ կարևորությունը և դրան վերաբերող մաքրաբարոյության օրենքը։
II.
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու գործը, ի վերջո, վերաբերում է Աստծո զավակներին սելեստիալ արքայության համար պատրաստելուն, իսկ առավել ևս՝ նրա բարձրագույն փառքի՝ վեհացման կամ հավերժական կյանքի համար: Այդ բարձրագույն ճակատագրին հնարավոր է միայն արժանանալ հավերժության համար ամուսնության միջոցով: Հավերժական կյանքն իր մեջ ներառում է տղամարդու և կնոջ ողջ ստեղծարար զորությունը, ինչը ժամանակակից հայտնությունը նկարագրում է որպես՝ «սերունդների շարունակությունը հավիտյանս հավիտենից»։
Չափահաս երիտասարդներին ուղղված իր ելույթի ժամանակ Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Աստծու օրենքներին հնազանդվելը ձեզ ապահով կպահի, մինչ դուք զարգանում եք դեպի վերջնական վեհացում»:, որն է՝ դառնալ Աստծո նման և ունենալ վեհացած կյանք ու մեր Երկնային Ծնողների աստվածային ներուժը։ Դա այն ճակատագիրն է, որը մենք ցանկանում ենք մեր սիրելիների համար։ Այդ սիրո պատճառով մենք չենք կարող թույլ տալ, որ մեր սերը փոխարինի պատվիրաններին և Աստծո ծրագրին ու աշխատանքին, որը մենք գիտենք, որ մեր սիրելիներին կհասցնի նրանց մեծագույն երջանկությանը։
Բայց կան շատ մարդիկ, ում մենք սիրում ենք, այդ թվում նաև վերականգնված ավետարանն ունեցողներից ոմանք, ովքեր չեն հավատում կամ չեն հետևում ամուսնության և մաքրաբարոյության օրենքին վերաբերող Աստծո պատվիրաններին։ Ի՞նչ կասեք նրանց մասին:
Աստծո վարդապետությունը ցույց է տալիս, որ մենք բոլորս Նրա զավակներն ենք և Նա մեզ ստեղծել է, որ ուրախություն ունենանք։ Ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ Աստված մահկանացու կյանքի համար ծրագիր է պատրաստել, որտեղ բոլորը կարող են հնազանդություն ընտրել՝ Նրա բարձրագույն օրհնություններին ձգտելու համար կամ կատարել այնպիսի ընտրություններ, որոնք տանում են դեպի պակաս փառահեղ արքայություններից մեկը: Աստծո բոլոր զավակների հանդեպ Իր մեծ սիրո շնորհիվ այդ պակաս արքայությունները դեռևս առավել հրաշալի են, քան մահկանացուները կարող են հասկանալ։ Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում այս ամենը, քանի որ Նա «փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը»։
III.
Ես խոսեցի առաջին պատվիրանի մասին, իսկ ի՞նչ կասեք երկրորդի մասին։ Ինչպե՞ս ենք մենք պահում մեր ընկերոջը սիրելու պատվիրանը։ Մենք ձգտում ենք համոզել մեր անդամներին, որ այն մարդկանց, ովքեր հետևում են լեսբուհի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսգենդերային ուսմունքներին և գործողություններին, պետք է վերաբերվել սիրով, որը մեր Փրկիչը պատվիրում է ցուցադրել մեր բոլոր ընկերների հանդեպ: Այսպիսով, երբ միասեռ ամուսնությունները հայտարարվեցին օրինական Միացյալ Նահանգներում, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը հայտարարեցին․ «Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում է մեզ սիրել և բարյացակամորեն ու քաղաքավարի վերաբերվել բոլոր մարդկանց, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք համաձայն չենք նրանց հետ: Մենք հաստատում ենք, որ չպետք է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր օգտվում են համասեռ ամուսնությունը թույլատրող օրենքներից կամ դատական վճիռներից»։
Ավելին, մենք չպետք է երբեք հալածենք նրանց, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները և մեր չափանիշները: Դժբախտաբար, այս խնդիրներին բախվող որոշ մարդիկ շարունակում են իրենց անտեսված և մերժված զգալ մեր ընտանիքների, ծխերի և ցցերի որոշ անդամների և ղեկավարների կողմից: Մենք բոլորս պիտի ձգտենք դառնալ ավելի բարի և ավելի քաղաքավարի։
IV.
Մեզ անհասկանալի պատճառներով մեր մահկանացու փորձառության մեջ մենք ունենք տարբեր մարտահրավերներ։ Բայց մենք գիտենք, որ Աստված կօգնի մեզանից յուրաքանչյուրին հաղթահարել այս մարտահրավերները, եթե անկեղծորեն փնտրենք Նրա օգնությունը։ Տառապելով և ապաշխարելով մեր սովորած Աստծո օրենքները խախտելուց հետո, մեզ բոլորիս սպասվում է փառքի որևէ արքայություն։ Ամենամեծ և վերջին դատը կլինի Տիրոջ կողմից, ով միայն Ինքը ունի մեզ դատելու անհրաժեշտ գիտելիքը, իմաստությունը և շնորհը։
Միևնույն ժամանակ մենք պետք է փորձենք պահել այդ երկու մեծ պատվիրանները։ Դա անելու համար մենք պետք է քայլենք օրենքի և սիրո միջև ընկած նուրբ թելի վրայով՝ պահելով պատվիրանները, քայլելով ուխտի ճանապարհով և միևնույն ժամանակ սիրելով մեր մերձավորներին։ Այս քայլարշավը մեզանից պահանջում է փնտրել աստվածային ոգեշնչում, թե ինչին պետք է աջակցենք, ինչին ընդդիմանանք, ինչպես սիրենք, հարգալից լսենք և ուսուցանենք այդ ընթացքում: Մեր քայլարշավը պահանջում է, որ մենք ոչ թե փոխզիջումների գնանք պատվիրանների հարցում, այլ լիարժեք ցույց տանք փոխըմբռնում և սեր։ Մեր ճանապարհին պետք է ուշադիր լինենք երեխաների հանդեպ, ովքեր վստահ չեն իրենց սեռական կողմնորոշման մեջ, և չպետք է խրախուսել վաղաժամ պիտակավորումը, քանի որ շատ երեխաների մոտ ժամանակի ընթացքում այդ անվստահությունը նվազում է։ Մեր քայլարշավի ժամանակ պետք է հակառակվենք ուխտի ճանապարհից շեղող համոզմունքներից և մերժենք այն մարդկանց օգնությունը, ովքեր հեռացնում են Տիրոջից։ Այս ամենի ժամանակ մենք հիշում ենք, որ Աստված խոստանում է հույս, կատարյալ ուրախություն և օրհնություն բոլոր նրանց, ովքեր պահում են Նրա պատվիրանները:
V.
Մայրերն ու հայրերը և մենք բոլորս պատասխանատու ենք սովորեցնել երկու մեծ պատվիրանները: Եկեղեցու կանանց համար Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն այդ պարտականությունը նկարագրեց այս հրաշալի մարգարեության մեջ․ «Վերջին օրերում Եկեղեցում մեծ աճ տեղի կունենա հիմնականում այն պատճառով, որ աշխարհի լավ կանանցից շատերը … մեծ թվով կմիանան Եկեղեցուն։ Դա տեղի կունենա այնպիսի չափերով, որ Եկեղեցու կանայք իրենց կյանքով արդարակեցություն և պարզություն կարտացոլեն, և դա այնքան վառ կարտահայտվի, որ Եկեղեցու կանայք առանձնահատուկ ձևով կտարբերվեն աշխարհի կանանցից։ … Կլինի այնպես, որ վերջին օրերին Եկեղեցու օրինակելի կանայք վիթխարի ուժ կներկայացնեն, ինչ վերաբերում է Եկեղեցու թվական և հոգևոր աճին»:
Մարգարեության մասին Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հայտարարել է, որ «Նախագահ Քիմբալի կանխատեսած օրն այսօր է։ Դո՛ւք եք այդ կանխատեսված կանայք»։ 40 տարի առաջ այդ մարգարեությունը լսած մեզանից քչերն էին գիտակցում, որ Եկեղեցու այդ կանանց թվում կլինեն իրենց սիրելի ընկերները և ընտանիքի անդամները, որոնք ներկայումս կգտնվեն աշխարհիկ առաջնահերթությունների և սատանայական խեղաթյուրումների ներգործության ներքո։ Ես աղոթում եմ և օրհնում եմ ձեզ, որ դուք ուսուցանեք և գործեք՝ այդ մարգարեությունն իրականացնելու համար․ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։