Ամփոփիչ ելույթ
Անձնական արժանավորությունը պահանջում է մտքի և սրտի ամբողջական փոխակերպում, որպեսզի ավելի շատ նմանվենք Տիրոջը։
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մոտենալով այս պատմական համաժողովի ավարտին, մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջն այս ուղերձների ոգեշնչման և այն երաժշտության համար, որը շենացրեց մեզ։ Իսկապես, մենք հոգևոր խնջույք վայելեցինք։
Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հույս և ուրախություն կպարգևի այն մարդկանց, ովքեր կլսեն և ականջ կդնեն Նրա վարդապետությանը։ Մենք նաև գիտենք, որ յուրաքանչյուր տունը կդառնա հավատքի ճշմարիտ սրբավայր, որտեղ կտիրի խաղաղություն, սեր և Տիրոջ Հոգին կբնակվի այնտեղ։
Իհարկե, Վերականգնման լավագույն զարդը սուրբ տաճարն է։ Նրա սուրբ արարողություններն ու ուխտերը առանցքային նշանակություն ունեն ժողովրդին նախապատրաստելու գործում, որ ողջունեն Փրկիչին Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ։ Ներկայումս ունենք 166 նվիրագործված տաճարներ և շատերն էլ գտնվում են շինարարության փուլում։
Յուրաքանչյուր նոր և նորոգված տաճարի նվիրագործումից առաջ տեղի է ունենում բաց դռների օրեր: Մեր հավատքին չհարող շատ ընկերներ մասնակցում են այդ տաճարների շրջագայություններին և ինչ-որ բան սովորում տաճարային օրհնությունների մասին: Եվ այդ այցելուներից ոմանք կոգեշնչվեն ավելին իմանալու համար: Ոմանք անկեղծ կհարցնեն, թե ինչպես կարող են արժանավոր դառնալ տաճարային օրհնություններին:
Որպես Եկեղեցու անդամներ, մենք պետք է պատրաստ լինենք՝ պատասխանելու նրանց հարցերին։ Կարող ենք բացատրել, որ տաճարային օրհնությունները հասանելի են բոլոր մարդկանց համար, ովքեր կնախապատրաստվեն դրան։ Սակայն, նվիրագործված տաճար մտնելուց առաջ նրանք պետք է արժանի լինեն։ Տերը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները մասնակցեն Նրա տաճարում հասանելի հավերժական օրհնություններին: Նա ցուցումներ է տվել, թե յուրաքանչյուր մարդ ինչ պետք է անի, որպեսզի արժանի գտնվի Նրա սուրբ տուն մտնելու համար:
Մեզ համար նման ուսուցումը սկսելու լավ հնարավորություն է, երբ ուշադրություն ենք դարձնում տաճարի արտաքին մասում նկարագրված բառերին. «Սրբություն Տիրոջը. Տիրոջ տունը»: Նախագահ Հենրի Բ․ Այրինգի այսօրվա ուղերձը և շատ ուրիշների ուղերձներ ոգեշնչել են մեզ, որ ավելի սուրբ դառնանք: Յուրաքանչյուր տաճար սուրբ վայր է. տաճարի յուրաքանչյուր այցելու ձգտում է դառնալ ավելի սուրբ:
Տաճար մուտք գործելու բոլոր պահանջները վերաբերում են մարդու սուրբ լինելուն: Այդ պատրաստակամությունը գնահատելու համար յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է վայելել տաճարային օրհնությունները, երկու հարցազրույց կանցնի՝ նախ եպիսկոպոսի, եպիսկոպոսության խորհրդականի կամ ճյուղի նախագահի հետ, իսկ երկրորդը՝ ցցի, միսիայի նախագահի կամ նրա խորհրդականներից մեկի հետ: Այդ հարցազրույցների ժամանակ մի քանի հարցեր կհնչեն։
Այդ հարցերից մի քանիսը պարզության համար խմբագրվել են։ Այժմ ես կուզենայի կրկնել դրանք ձեզ համար։
-
Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:
-
Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին:
-
Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին:
-
Դուք սատարո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահին՝ որպես մարգարե, տեսանող ու հայտնող և որպես միակ անձը Երկրի վրա, ով լիազորված է կիրառելու քահանայության բոլոր բանալիները:
Դուք սատարո՞ւմ եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:
Դուք սատարո՞ւմ եք Եկեղեցու մյուս Բարձրագույն Իշխանավորներին և տարածքային ղեկավարներին:
-
Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41)։
Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել Ձեր մտքերով և պահվածքով։
Դուք պահո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքը:
-
Դուք հետևո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին Ձեր ընտանիքի անդամների կամ ուրիշների հետ Ձեր անձնական կամ հասարակական հարաբերություններում։
-
Դուք աջակցո՞ւմ եք կամ առաջ տանում որևէ ուսմունք, գործունեություն կամ վարդապետություն, որը հակասում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ընդունված ուսմունքներին, գործունեությանը կամ վարդապետությանը:
-
Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը տանը և եկեղեցում, հաճախել Ձեր ժողովներին, պատրաստվել և արժանիորեն ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով:
-
Դուք ձգտո՞ւմ եք ազնիվ լինել Ձեր բոլոր գործերում։
-
Դուք լիարժեք տասանորդ վճարո՞ղ եք:
-
Դուք հասկանո՞ւմ և պահո՞ւմ եք Իմաստության Խոսքը:
-
Դուք ունե՞ք ֆինանսական կամ այլ պարտավորություններ նախկին կնոջ կամ երեխաների հանդեպ:
Եթե այո, դուք պարտաճանաչ կատարո՞ւմ եք այդ պարտավորությունները:
-
Դուք պահո՞ւմ եք ուխտերը, որոնք կապել եք տաճարում, այդ թվում՝ տաճարային հանդերձ կրելը, ինչպես հրահանգվել է օժտման ժամանակ։
-
Ձեր կյանքում կա՞ն լուրջ մեղքեր, որոնք պետք է շտկվեն քահանայության իշխանությունների հետ՝ որպես Ձեր ապաշխարության գործընթացի մաս։
-
Դուք ձեզ համարո՞ւմ եք արժանի՝ Տիրոջ Տուն մտնելու և տաճարային արարողություններին մասնակցելու համար:
Վաղը, տաճարային երաշխավորագրի այս վերանայված հարցերը կբաժանվեն Եկեղեցու ղեկավարներին ամբողջ աշխարհում:
Այս հարցերին ազնվորեն պատասխանելուց բացի, ակնկալվում է, որ տաճար գնացող յուրաքանչյուր չափահաս այցելու իր ամենօրյա հագուստի ներքո կրելու է քահանայության սուրբ հագուստը: Դա ներքին պարտավորվածության խորհրդանիշն է, որ ամեն օր պետք է ձգտել ավելի նմանվել Տիրոջը։ Այն նաև հիշեցնում է, որ մենք ամեն օր հավատարիմ մնանք կապած ուխտերին և ամեն օր ավելի բարձր և ավելի սուրբ ձևով քայլենք ուխտի ճանապարհով:
Այժմ, մի փոքր կցանկանայի խոսել մեր երիտասարդների հետ։ Մենք խրախուսում ենք ձեզ արժանի լինել սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր ստանալու համար։ Ձեզ կտրվեն միայն ձեզ համար կիրառելի հարցերը, երբ պատրաստվեք որպես փոխարինողներ կատարելու մկրտության և հաստատման արարողությունները։ Մենք շատ շնորհակալ ենք տաճարային սուրբ աշխատանքին մասնակցելու ձեր արժանավորության և պատրաստակամության համար: Մենք շնորհակալ ենք ձեզ:
Տիրոջ տուն մտնելու անձնական արժանավորությունը պահանջում է անհատական հոգևոր պատրաստվածություն։ Սակայն Տիրոջ օգնությամբ անհնարին ոչինչ չկա։ Որոշ առումներով, տաճար կառուցելն ավելի հեշտ է, քան տաճարին պատրաստ ժողովուրդ ստեղծելը: Անձնական արժանավորությունը պահանջում է մտքի և սրտի ամբողջական փոխակերպում, որպեսզի ավելի շատ նմանվենք Տիրոջը, լինենք ազնիվ քաղաքացիներ, լինենք ավելի լավ օրինակներ և լինենք ավելի սուրբ անձ:
Ես վկայում եմ, որ նախապատրաստական այդպիսի աշխատանքները բերում են անթիվ օրհնություններ այս կյանքում և անհավատալի օրհնություններ գալիք կյանքի համար, այդ թվում՝ «չվերջացող երջանկության» վիճակում ձեր ընտանեկան միավորի հավերժացումը ողջ հավերժության ընթացքում։
Այժմ ես կցանկանայի անդրադառնալ մեկ այլ թեմայի՝ գալիք տարվա ծրագրերին։ 2020 թվականի գարնանը կլրանա ճիշտ 200 տարին, երբ Ջոզեֆ Սմիթը տեսավ Աստծո հայտնվելը մարդուն, որը մեզ հայտնի է որպես Առաջին Տեսիլք։ Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին 14-ամյա պատանուն։ Այդ իրադարձությունը նշանավորեց Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման սկիզբը իր լրիվության մեջ, ճիշտ, ինչպես կանխատեսվել էր Սուրբ Աստվածաշնչում:
Այնուհետև իրար հետևից այցելություններ կատարեցին երկնային սուրհանդակներ, այդ թվում՝ Մորոնին, Հովհաննես Մկրտիչը և վաղ առաքյալներ՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը։ Մյուսները հաջորդեցին նրանց՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան։ Ամեն մեկն իր հետ բերեց Աստվածային իշխանություն՝ կրկին օրհնելու Աստծո զավակներին երկրի վրա։
Հրաշքով մենք ստացանք նաև Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին՝ զույգ սուրբ գրություն Սուրբ Աստվածաշնչի համար։ Վարդապետություն և Ուխտեր և Թանկագին Մարգարիտ գրքերում հրատարակված հայտնությունները նույնպես մեծապես հարստացրել են Աստծո պատվիրանների և հավերժական ճշմարտության վերաբերյալ մեր հասկացողությունը:
Քահանայության բանալիներն ու պաշտոնները վերականգնվել են, ներառյալ՝ Առաքյալի, Յոթանասունականի, հայրապետի, Քահանայապետի, երեցի, եպիսկոպոսի, քահանայի, ուսուցչի և սարկավագի պաշտոնները: Իսկ կանայք, ովքեր սիրում են Տիրոջը, քաջաբար ծառայում են Սփոփող Միությունում, Երեխաների Միությունում, Երիտասարդ Կանանց դասարանում, Կիրակնօրյա Դպրոցում և Եկեղեցու այլ կոչումներում. և բոլորը մասն են կազմում Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման՝ իր լրիվության մեջ։
Այսպիսով, 2020 թվականը կբնութագրվի որպես երկամյա տարի: Հաջորդ ապրիլի գերագույն համաժողովը կտարբերվի նախորդ համաժողովներից։ Ես հույս ունեմ, որ հաջորդ վեց ամիսների ընթացքում ամեն անդամ և ամեն ընտանիք կպատրաստվի եզակի համաժողովին, որը կնշի վերականգնված ավետարանի հիմնադրումը:
Գուցե ցանկանաք սկսել ձեր նախապատրաստությունը՝ վերստին կարդալով Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունը, ինչպես գրված է Թանկագին Մարգարիտում։ Հաջորդ տարի Եկ հետևիր ինձ ծրագրում մեր ուսումնասիրության նյութը կլինի Մորմոնի Գիրքը։ Հնարավոր է, դուք ցանկանաք մտածել հետևյալ կարևոր հարցերի շուրջ․ «Ինչպե՞ս իմ կյանքը կփոխվեր, եթե Մորմոնի Գրքից սովորած իմ գիտելիքը հանկարծակի վերցնեին ինձանից», կամ՝ «Ինչպե՞ս են Առաջին Տեսիլքից հետո տեղի ունեցած իրադարձությունները փոխել իմ և իմ սիրելի մարդկանց կյանքը»։ Նաև, գուցե ցանկանաք Մորմոնի Գրքի տեսանյութերը, որոնք այժմ հասանելի են դառնում, ներառել ձեր անհատական և ընտանեկան ուսումնասիրության մեջ:
Ընտրեք ձեր հարցերը։ Նախագծեք ձեր անձնական ծրագիրը։ Խորասուզվեք Վերականգնման փառահեղ լույսի մեջ։ Եթե այդպես անեք, հաջորդ ապրիլի գերագույն համաժողովը ոչ միայն կհիշվի, այլև կլինի անմոռանալի»։
Ավարտելով, ես կցանկանայի իմ սերն ու օրհնությունը փոխանցել ձեզ, որ յուրաքանչյուր անցնող օրվա հետ ձեզանից յուրաքանչյուրը դառնա ավելի երջանիկ և ավելի սուրբ։ Միևնույն ժամանակ խնդրում եմ համոզված լինել, որ հայտնությունը շարունակվում է Եկեղեցում և կշարունակվի Տիրոջ ղեկավարության ներքո, մինչև «Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է»։
Ես օրհնում եմ ձեզ, վերահաստատում իմ սերը ձեր հանդեպ և բերում եմ իմ վկայությունը, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է և մենք Նրա ժողովուրդն ենք: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: