Քարոզենք խաղաղության ավետարանը
Մենք սուրբ պատասխանատվություն ունենք կիսվելու Հիսուս Քրիստոսի զորությամբ ու խաղաղությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն մեզ:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բարի գալուստ գերագույն համաժողով: Ես մեծ անհամբերությամբ եմ սպասել այս օրվան։ Ես ամեն օր աղոթում եմ ձեզ համար։ Ես նաև աղոթել եմ, որ այս համաժողովը բոլորիդ համար լինի հոգևոր նորոգման ժամանակ:
Վերջին համաժողովից հետո աշխարհում դժվարությունները շարունակվում են։ Համավարակը դեռևս ազդում է մարդկանց վրա։ Իսկ այժմ աշխարհը ցնցվել է հակամարտությունով, որը սարսափ է տարածում միլիոնավոր անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների վրա:
Մարգարեները կանխատեսել են մեր օրերը, երբ կլինեն պատերազմներ և պատերազմների մասին լուրեր, և ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի:1 Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ մենք աղերսում ենք ազգերի ղեկավարներին, որ խաղաղ լուծումներ գտնեն իրենց տարաձայնությունների համար: Մենք կոչ ենք անում բոլոր մարդկանց աղոթել կարիքավորների համար, անել ամեն ինչ՝ տառապյալներին օգնելու համար և փնտրել Տիրոջ օգնությունը՝ վերջ դնելու ցանկացած մեծ հակամարտություն:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ավետարանը երբեք ավելի անհրաժեշտ չի եղել, քան՝ այսօր։ Վեճերը խախտում են այն ամենը, ինչը Փրկիչը պաշտպանել և ուսուցանել է: Ես սիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին և վկայում եմ, որ Նրա ավետարանը խաղաղության միակ մնայուն լուծումն է: Նրա ավետարանը խաղաղության ավետարան է:2
Նրա ավետարանը միակ լուծումն է, երբ աշխարհում շատերը նվաղած են վախից:3 Սա ընդգծում է հրատապ անհրաժեշտությունը, որ մենք պետք է հետևենք Իր աշակերտներին տված Տիրոջ հրահանգին․ «Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի»։4 Մենք սուրբ պատասխանատվություն ունենք կիսվելու Հիսուս Քրիստոսի զորությամբ ու խաղաղությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն և թույլ կտան, որ Աստված տնօրինի իրենց կյանքում:
Բոլոր այն մարդիկ, որոնք ուխտեր են կապել Աստծո հետ, խոստացել են հոգ տանել ուրիշների մասին և ծառայել կարիքավորներին: Մենք կարող ենք հավատք դրսևորել Աստծո հանդեպ և միշտ պատրաստ լինել պատասխանելու բոլոր նրանց, ովքեր հարցնում են «[մեր] մեջ եղած հույսի մասին»։5 Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի Իսրայելի հավաքման գործում։
Ես այսօր վճռականորեն վերահաստատում եմ, որ Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում: Վերջին Օրերի Սրբերի երիտասարդ տղաների համար միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է: Երիտասարդ տղանե՛ր, ձեզ պահել են այս ժամանակի համար, երբ տեղի է ունենում Իսրայելի խոստացված հավաքումը: Երբ դուք ծառայում եք միսիաներում, դուք առանցքային դեր եք խաղում այս աննախադե՛պ իրադարձության մեջ:
Երիտասարդ և ընդունակ քույրե՛ր, ձեզ համար միսիան նույնպես հզոր, բայց կամավոր հնարավորություն է: Մենք սիրում ենք քույր միսիոներներին և ամբողջ սրտով ողջունում ենք նրանց: Այն, ինչ դուք ներդնում եք այս աշխատանքում, փառահեղ է: Աղոթեք, որ իմանաք՝ արդյո՞ք Տերը ցանկանում է, որ դուք ծառայեք միսիայում, և Սուրբ Հոգին կպատասխանի ձեր սրտին և մտքին:
Սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, դուք բոլորդ շատ կարևոր եք Տիրոջ համար: Մինչ այս պահը Նա ձեզ պահել է պահեստազորում, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Միսիայում ծառայելու ձեր որոշումը, լինի դա քարոզիչ, թե ծառայողական միսիա, կօրհնի ձեզ և շատերին: Մենք նաև ողջունում ենք մեծահասակ զույգերին, ովքեր կարող են ծառայել, երբ իրենց հանգամանքները թույլ են տալիս: Նրանց ջանքերն ուղղակի անփոխարինելի են։
Բոլոր միսիոներները ուսուցանում և վկայում են Փրկիչի մասին: Աշխարհում տիրող հոգևոր խավարը Հիսուս Քրիստոսի լույսի կարիքն ավելի է մեծացնում: Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու, թե որտեղ կարող է գտնել այն խաղաղությունը, որը «վեր է ամեն հասկացողությունից»։6
Թող այս համաժողովը ձեզ համար լինի խաղաղության և հոգևոր խնջույքի ժամանակ: Թող որ դուք փնտրեք և ստանաք անձնական հայտնություն այս նիստերի ընթացքում․ ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: