Կայուն մնանք փոթորիկների ժամանակ
Երբ կյանքի փոթորիկները սպառնում են ձեզ, դուք կարող եք կայուն կանգնել, քանի որ կանգնած եք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի վեմի վրա:
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք այսօր օրհնված ենք, որ կարող ենք լսել Աստծո ոգեշնչված ծառաների խորհուրդներն ու խրախուսանքները: Որտեղ էլ որ լինենք, մենք բոլորս հասկանում ենք, որ ապրում ենք ավելի ու ավելի վտանգավոր ժամանակներում: Ես աղոթում եմ, որ կարողանամ օգնել ձեզ խաղաղ սրտով կայուն կանգնել մեզ հանդիպող փոթորիկների ժամանակ:1
Պետք է սկսենք նրանից, որ անհրաժեշտ է հիշել, որ մեզանից յուրաքանչյուրը Աստծո սիրելի զավակն է, և Նա ունի ոգեշնչված ծառաներ: Աստծո այդ ծառաները կանխատեսել են այն ժամանակները, որում մենք ապրում ենք: Պողոս Առաքյալը գրել է Տիմոթեոսին․ «Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կգան»։2
Բոլոր նրանք, ովքեր աչքեր ունեն ժամանակների նշանները տեսնելու համար և ականջներ ունեն՝ լսելու մարգարեների խոսքերը, գիտեն, որ դա ճիշտ է: Ամենամեծ վտանգները գալիս են չարի ուժերից։ Այդ ուժերը գնալով ավելանում են։ Եվ այսպես, ավելի դժվար և ոչ թե հեշտ կլինի հարգել ուխտերը, որոնք մենք պետք է կապենք և պահենք Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար:
Նրանց համար, ովքեր մտահոգված են իրենց և իրենց սիրելիների համար, հույս կա այն խոստման մեջ, որ Աստված մի ապահով վայր է նախատեսել մեզ գալիք փոթորիկներից պաշտպանելու համար:
Ահա այդ վայրի բառային նկարագրությունը։ Այն բազմիցս նկարագրվել է ապրող մարգարեների կողմից: Օրինակ՝ ինչպես գրված է Մորմոնի Գրքում, ոգեշնչված և սիրող հայրն ասաց իր որդիներին, թե ինչպես զորացնեն իրենց, որպեսզի ամուր կանգնեն իրենց սպասվող փոթորիկների ժամանակ. «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, ․․․ որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:3
Թշվառությունն ու անվերջ վայը, որոնց մասին նա խոսում էր, մեղքերի սարսափելի հետևանքներն են, եթե մենք լիովին չապաշխարենք դրանցից: Ահագնացող փոթորիկները սատանայի գայթակղություններն ու աճող հարձակումներն են: Այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է հասկանալ, թե ինչպես կառուցել այդ հաստատուն հիմքի վրա: Ինձ համար կարդալու ամենալավ հատվածը Բենիամին թագավորի վերջին քարոզն է, որը նույնպես գրված է Մորմոնի Գրքում:
Բենիամին թագավորի մարգարեական խոսքերը կիրառելի են մեր օրերում։ Նա իր սեփական փորձից գիտեր պատերազմի սպառնալիքների մասին։ Նա պաշտպանել էր իր ժողովրդին մարտերում՝ ապավինելով Աստծո զորությանը: Նա պարզորոշ տեսավ Լյուցիֆերի՝ գայթակղելու մեծ զորությունը, որով վերջինս փորձում էր հաղթել և հուսահատեցնել Աստծո զավակներին:
Նա հրավիրեց իր ժողովրդին և մեզ՝ կառուցել անվտանգության միակ հաստատուն վեմի վրա, որը Փրկիչն է: Նա հստակեցրեց, որ մենք ազատ ենք՝ ընտրելու ճշտի և սխալի միջև, և չենք կարող խուսափել մեր ընտրության հետևանքներից: Նա խոսեց ուղիղ և կտրուկ, որովհետև գիտեր, թե ինչ վիշտ է սպասվում նրանց, ովքեր չէին լսի և ականջ դնի իր նախազգուշացումներին:
Ահա թե նա ինչպես է նկարագրել մեր ընտրության հետևանքները՝ կհետևենք մենք Հոգու հուշումներին, թե կհետևենք չար ուղերձներին, որոնք գալիս են սատանայից, և որի նպատակն է գայթակղել ու ոչնչացնել մեզ.
«Քանզի, ահա, մի վայ կա հայտարարված նրա վրա, ով կամենում է հնազանդվել այդ [չար] ոգուն. քանզի եթե նա կամենում է հնազանդվել նրան, և մնում ու մեռնում է իր մեղքերի մեջ, նույնը խմում է նզովք իր իսկ հոգու համար. քանզի նա ստանում է մի հավիտենական պատիժ՝ որպես իրեն վարձք, զանց արած լինելով Աստծո օրենքը՝ հակառակ իր սեփական իմացությանը:
Հետևաբար, եթե այդ մարդը չի ապաշխարում և մնում ու մեռնում է Աստծուն թշնամի, աստվածային արդարադատության պահանջները զարթնեցնում են նրա անմահ հոգին իր իսկ մեղավորության վառ զգացման, որն, իրոք, ստիպում է նրան ընկրկել Տիրոջ ներկայությունից և լցնում է նրա կուրծքը մեղավորությամբ և ցավով և տվայտանքով, որը նման է մի անմար կրակի, որի բոցը բարձրանում է վեր հավիտյանս հավիտենից»:
Բենիամին թագավորը շարունակում է․ «Ո՜վ դուք, բոլորդ՝ ծերե՛ր, և նաև դո՛ւք, երիտասարդներ, և դո՛ւք, փոքր երեխաներ, ովքեր կարող եք հասկանալ իմ խոսքերը, քանզի ես պարզ խոսեցի ձեզ համար, որպեսզի դուք կարողանաք հասկանալ. ես աղոթում եմ, որ դուք զարթնեք՝ հիշելու սոսկալի դրությունը նրանց, որ ընկել են օրինազանցության մեջ»:4
Ապաշխարելու այդ նախազգուշացման զորությունը իմ մտքում ձևավորում է այն գալիք ժամանակի պատկերը, երբ այս կյանքից հետո ես և դուք կկանգնենք Փրկիչի առջև: Մենք չենք ուզում ընկրկել ամբողջ սրտով, այլ ավելի շուտ ուզում ենք նայել Նրան, տեսնել Նրա ժպիտը և լսել Նրա խոսքերը, որ կասի․ «Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. մտիր ․․․ [ներս]»։5
Բենիամին թագավորը պարզաբանում է, թե մենք ինչպես կարող ենք հուսալ, որ կլսենք այդ խոսքերը, եթե այս կյանքում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով գտնենք մեր էությունը փոխելու ճանապարհը: Դա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք կառուցել հաստատուն հիմքի վրա, և այդպես ամուր մնանք գայթակղությունների և փորձությունների փոթորիկների ժամանակ: Բենիամին թագավորը նկարագրում է մեր էության այդ փոփոխությունը մի գեղեցիկ փոխաբերությամբ, որը միշտ հուզել է իմ սիրտը: Այն օգտագործվել է մարգարեների կողմից հազարամյակների ընթացքում և հենց Տիրոջ կողմից: Այդ փոխաբերությունն է․ մենք պետք է դառնանք երեխայի՝ փոքր երեխայի նման։
Ոմանց համար դա հեշտ չէ ընդունել: Մեզանից շատերը ցանկանում են ուժեղ լինել: Երեխայի նման լինելը մենք կարող ենք որպես թուլություն ընկալել։ Ծնողների մեծամասնությունը սպասում է այն օրվան, երբ իրենց երեխաները ավելի քիչ մանկամիտ կլինեն: Բայց Բենիամին թագավորը, որը բոլոր մահկանացուների նման հասկանում էր, թե ինչ է նշանակում լինել ուժեղ և քաջարի մարդ, հասկացնում է, որ երեխայի նման լինելը մանկամիտ լինել չէ: Դա նման է Փրկիչին նմանվելուն, ով ուժ ստանալու համար աղոթեց Իր Հորը, որպեսզի կարողանա կատարել Իր Հոր կամքը և քավի Իր Հոր բոլոր զավակների մեղքերը, որը և նա արեց: Մեր էությունը պետք է փոխվի, որպեսզի դառնանք երեխայի նման, որպեսզի ձեռք բերենք այն ուժը, որը պետք է ունենանք վտանգի ժամանակ՝ կայուն և խաղաղ մնալու համար:
Ահա Բենիամին թագավորի հուզիչ նկարագրությունը, թե ինչպես է այդ փոփոխությունը տեղի ունենում. «Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:6
Մենք ենթարկվում ենք այդ փոփոխությանը, երբ կապում և նորոգում ենք ուխտերն Աստծո հետ: Այդպիսով ստանում ենք Քրիստոսի Քավության զորությունը, որը թույլ է տալիս փոխակերպել մեր սրտերը: Մենք կարող ենք դա զգալ ամեն անգամ, երբ ճաշակում ենք հաղորդությունը, կատարում ենք տաճարային արարողություններ մեր հանգուցյալ նախնիների համար, վկայում ենք՝ որպես Փրկիչի վկա կամ հոգ ենք տանում կարիքավոր մարդու մասին՝ որպես Քրիստոսի աշակերտ:
Այդ փորձառություններում մենք ժամանակի ընթացքում դառնում ենք երեխայի նման՝ սիրելու և հնազանդվելու մեր կարողությամբ: Մենք գալիս և կանգնում ենք հաստատուն հիմքի վրա։ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը առաջ է բերում ապաշխարություն և օգնում է մեզ պահել Նրա պատվիրանները: Մենք հնազանդվում և զորություն ենք ստանում՝ դիմագրավելու գայթակղությանը և ձեռք ենք բերում Սուրբ Հոգու խոստացված ընկերակցությունը:
Մեր էությունը փոխվում է և դառնում ենք փոքր երեխա՝ հնազանդ Աստծուն և ավելի սիրող: Այդ փոփոխությունը մեզ արժանի կդարձնի այն պարգևներին, որոնք գալիս են Սուրբ Հոգու միջոցով: Հոգու ընկերակցությունը մեզ կմխիթարի, կառաջնորդի և կզորացնի:
Ես հասկացել եմ, թե ինչ նկատի ուներ Բենիամին թագավորը, երբ ասում էր, որ մենք Աստծո առաջ կարող ենք դառնալ ինչպես մի փոքր երեխա: Ես տարբեր փորձառություններից սովորել եմ, որ Սուրբ Հոգին ամենից հաճախ խոսում է մեղմ ձայնով, որը հեշտ է լսել, երբ մարդու սիրտը ենթարկվող է և հեզ՝ երեխայի սրտի նման: Իրականում, գործող աղոթքն է․ «Ես ուզում եմ միայն այն, ինչ դու ես ուզում: Պարզապես ասա ինձ, թե դա ինչ է: Ես կանեմ դա»։
Երբ կյանքի փոթորիկները սպառնում են ձեզ, դուք կարող եք կայուն կանգնել, քանի որ կանգնած եք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի վեմի վրա: Այդ հավատքը կօգնի ձեզ ամեն օր ապաշխարել և հետևողականորեն պահել ուխտերը: Որից հետո դուք միշտ կհիշեք Նրան: Եվ ատելության ու ամբարշտության փոթորիկների մեջ դուք ձեզ հաստատուն և հուսադրող կզգաք:
Ավելին՝ դուք կտեսնեք, որ ձեռք եք մեկնում և ձեզ հետ միասին ուրիշներին բարձրացնում ապահով վեմի վրա։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը միշտ արթնացնում է ավելի մեծ հույս և ուրիշների հանդեպ գթության զգացումներ, ինչը Քրիստոսի ճշմարիտ սերն է:
Ես բերում եմ ձեզ իմ հանդիսավոր վկայությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ է հղել «ինձ մոտ եկեք» հրավերը:7 Նա հրավիրում է, որ ձեր և ձեր սիրելիների հանդեպ սիրուց մղված մոտենաք Իրեն և խաղաղություն ստանաք այս կյանքում ու հավիտենական կյանք՝ գալիք աշխարհում: Նա հիանալի գիտի փոթորիկները, որոնց դուք կբախվեք ձեր քննության ժամանակ, որը մասն է երջանկության ծրագրի:
Ես խնդրում եմ ձեզ ընդունել Փրկիչի հրավերը: Հեզ և սիրող երեխայի նման ընդունեք Նրա օգնությունը: Կապեք և պահեք այն ուխտերը, որոնք Նա առաջարկում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Նրանք ձեզ ուժ կտան։ Փրկիչը գիտի փոթորիկների և ապահով վայրերի մասին, որոնք գտնվում են Իր և մեր Երկնային Հոր տուն տանող ճանապարհին: Նա գիտի ուղին։ Նա է Ճանապարհը: Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: