Գերագույն համաժողով
«Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:59

«Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»

Երբ մենք խոնարհեցնում ենք ինքներս մեզ և հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, Քրիստոսի շնորհը և Նրա անսահման քավող զոհաբերությունը մեզ հնարավորություն են տալիս փոխվել:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մի անգամ կիսվել է բանտապետ Քլինթոն Դաֆիի պատմությունով: «1940–1950-ականներին մի ամերիկացի բանտապետ [Վարդեն Դաֆի] անունով, լավ հայտնի էր իր բանտում մարդկանց ուղղելու իր ջանքերի շնորհիվ: Մի քննադատ նրան ասել է․ «Դուք պետք է իմանաք, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում»:

Բանտապետը պատասխանել է. «Բայց ես կովերի հետ չէ, որ գործ ունեմ: Ես աշխատում եմ մարդկանց հետ, իսկ մարդիկ փոխվում են ամեն օր»:1

Սատանայի ամենամեծ ստերից մեկն այն է, որ տղամարդիկ և կանայք չեն կարող փոխվել: Այդ սուտը պատմվում և վերապատմվում է տարբեր ձևերով, քանի որ աշխարհն ասում է, որ մենք պարզապես չենք կարող փոխվել կամ ավելի վատ, որ մենք չպետք է փոխվենք: Մեզ ասում են, որ մեր հանգամանքներն են որոշում, թե ովքեր ենք մենք: Մենք պետք է «ընդունենք այն, ինչ իրականում կանք», ասում է աշխարհը, «և լինենք անկեղծ ինքներս մեզ հետ»:

Մենք կարող ենք փոխվել

Թեև անկեղծ լինելն իսկապես լավ է, որպես Աստծո որդիներ և դուստրեր մենք պետք է անկեղծ լինենք մեր իրական, ճշմարիտ եսի նկատմամբ՝ աստվածային էությամբ և Նրան նմանվելու ճակատագրով:2 Եթե մեր նպատակն է լինել անկեղծ այս աստվածային էության և ճակատագրի նկատմամբ, ապա մենք բոլորս փոխվելու կարիք կունենանք: Սուրբ գրքերում փոփոխությունը բնորոշող բառը ապաշխարությունն է։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանում է․ «Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել, բացառությամբ՝ առավել լուրջ հանգամանքների: «Երբ Հիսուսն ինձ ու ձեզ խնդրում է «ապաշխարել» Նա հրավիրում է մեզ փոխվել»։3

Աստծո պայմանները

Համակարգչային ծրագրեր մշակողները օգտագործում են պայմանական հրահանգներ՝ համակարգիչներին ասելու, թե ինչ անել: Դրանք երբեմն կոչվում են «եթե-ապա» հրահանգներ: Եթե x-ը ճշմարիտ է, ապա արեք y:

Տերը նույնպես գործում է պայմանների միջոցով՝ հավատքի պայմաններ, արդարության պայմաններ, ապաշխարության պայմաններ: Կան Աստծո կողմից պայմանական հրահանգների բազմաթիվ օրինակներ, ինչպիսիք են.

«Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, [ապա] դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»։4

Կամ «Եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, [ապա] նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»:5

Նույնիսկ Աստծո սերը, թեև անսահման և կատարյալ է, նույնպես ենթակա է պայմանների։6 Օրինակ.

«Եթե իմ պատուիրանները պահեք, [ապա] կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատուիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ»:7

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ավելի մանրամասնեց այս ավետարանի ճշմարտությունը, երբ ուսուցանեց. «Ոմանք հաճախ ասում են․ «Փրկիչը սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ», և դա իսկապես ճիշտ է։ Սակայն նա չի կարող մեզանից որևէ մեկին տանել Իր արքայությունը այնպիսին, ինչպիսին կանք, «քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ» [Մովսես 6․57]։ … Մեր մեղքերը նախ պետք է լուծում գտնեն»։8

Թույլ կողմերը կարող են դառնալ ուժեղ

Մեր փոխվելու համար անհրաժեշտ Աստծո զորությունը ստանալու օրհնությունը նույնպես պայմանական է: Մորմոնի Գրքում խոսելով Մորոնի մարգարեի միջոցով՝ Փրկիչն, ուսուցանել է. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։9

Եկեք ուշադիր նայենք, թե Տերն ինչ է ուսուցանում մեզ այստեղ․ նախ Նա ասում է, որ տղամարդկանց և կանանց տալիս է թուլություն (եզակի թվով), որը մեր մահկանացու փորձառության մի մասն է՝ որպես ընկած կամ մարմնավոր էակներ: Մենք բնական տղամարդիկ և կանայք ենք դարձել Ադամի Անկման պատճառով: Բայց Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել մեր թուլությունը կամ մեր ընկած էությունը:

Այնուհետև նա ասում է, որ իր շնորհը բավական է, և եթե մենք խոնարհենք ինքներս մեզ և հավատանք Նրան, ապա Նա «[մեր] թույլ կողմերը կդարձի ուժեղ»: Այլ կերպ ասած, եթե մենք նախ փոխում ենք մեր ընկած էությունը, մեր թուլությունը, ապա կկարողանանք փոխել մեր վարքագիծը՝ մեր թուլությունները:

Փոփոխության պահանջները

Եկեք վերանայենք փոխվելու պահանջները, որը համապատասխանում է Տիրոջ օրինաչափությանը․

Նախ՝ մենք պետք է խոնարհեցնենք ինքներս մեզ: Փոփոխության համար Տիրոջ պայմանը խոնարհությունն է: «Եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև»,-10 ասում է Նա։ Խոնարհության հակառակը հպարտությունն է: Հպարտությունն այն է, երբ մենք մտածում ենք, որ ավելի լավ գիտենք․ երբ այն, ինչ մենք մտածում կամ զգում ենք, առաջնահերթ է դառնում այն ամենից, ինչ Աստված է մտածում կամ զգում:

Բենիամին թագավորն ուսուցանել է, որ «բնական մարդն Աստծո մի թշնամի է, …և կլինի հավիտյանս հավիտենից, … չհանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ»։11

Փոխվելու համար մենք պետք է հանենք բնական մարդուն և դառնանք խոնարհ ու հնազանդ: Մենք պետք է բավականաչափ խոնարհ լինենք, որպեսզի հետևենք ապրող մարգարեին: Բավականաչափ խոնարհ՝ տաճարային ուխտեր կապելու և պահելու համար: Բավականաչափ խոնարհ՝ ամեն օր ապաշխարելու համար: Մենք պետք է բավականաչափ խոնարհ լինենք, որպեսզի ցանկանանք փոխվել, «[մեր] սրտերը ենթարկել Աստծուն»:12

Երկրորդ՝ մենք պետք է հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոս: Կրկին Փրկիչի խոսքերը. «Եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում»,13 Նա մեզ ուժ կտա հաղթահարելու մեր թուլությունները: Խոնարհությունը, զուգորդված Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի հետ, թույլ կտա մեզ ստանալ Նրա շնորհի հնարավորություն տվող զորությունը և օրհնությունների լրիվությունը, որը հասանելի է Նրա Քավության շնորհիվ:

Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ «ճշմարիտ ապաշխարությունը սկսվում է հավատով առ այն, որ Հիսուս Քրիստոսն ունի մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու զորություն… Մեր հավատքն է, որ բացահայտում է Աստծո զորությունը մեր կյանքում»։14

Երրորդ՝ Իր շնորհի միջոցով Նա կարող է թույլ կողմերը դարձնել ուժեղ»։ Եթե մենք խոնարհեցնենք մեզ և հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոս, ապա Նրա շնորհը մեզ թույլ կտա փոխվել: Այլ կերպ ասած, Նա մեզ զորություն կտա փոխվելու: Դա հնարավոր է, քանի որ Նա ասել է․ «Իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար»։15 Նրա զորացնող, արտոնող շնորհը մեզ ուժ է տալիս հաղթահարելու բոլոր խոչընդոտները, բոլոր մարտահրավերները և բոլոր թուլությունները, մինչ մենք ձգտում ենք փոխվել:

Մեր ամենամեծ թույլ կողմերը կարող են դառնալ մեր ամենամեծ ուժեղ կողմերը: Մենք կարող ենք փոխվել և «դառնալ նոր ստեղծվածներ»:16 Թույլ կողմերը կարող են «դառնալ ուժեղ [մեզ] համար»։17

Փրկիչն իրագործեց Իր անսահման և հավերժական Քավությունը, որպեսզի մենք իրականում կարողանանք փոխվել, ապաշխարել և ավելի լավը դառնալ: Մենք իրականում կարող ենք նորից ծնվել: Մենք կարող ենք հաղթահարել սովորությունները, կախվածությունները և նույնիսկ «չարիք գործելու հակումը»:18 Որպես սիրառատ Երկնային Հոր որդիներ և դուստրեր, մենք փոխվելու զորություն ունենք:

Փոփոխության օրինակներ

Սուրբ գրությունները լի են տղամարդկանց և կանանց օրինակներով, որոնք փոխվել են։

Սողոսը, որը մի փարիսեցի և վաղ քրիստոնեական եկեղեցու ակտիվ հալածող էր,19 դարձավ Պողոս՝ Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալը:

Ալման քահանա էր ամբարիշտ Նոյի արքունիքում: Նա լսեց Աբինադիի խոսքերը, լիովին ապաշխարեց և դարձավ Մորմոնի Գրքի մեծ միսիոներներից մեկը:

Նրա որդի Ալման իր երիտասարդությունն անցկացրեց՝ ձգտելով կործանել Եկեղեցին: Նա եղել է «մեղսավորներից հենց ամենանողկալին»20, մինչև որ ունեցավ սրտի փոփոխություն և իր ջանքերի շնորհիվ դարձավ հզոր միսիոներ:

Մովսեսը որդեգրվեց փարավոնի ընտանիքում և շքեղության մեջ մեծացավ՝ որպես եգիպտական արքայազն: Բայց երբ հասկացավ, թե ով է ինքը իրականում, և իմացավ իր աստվածային ճակատագրի մասին, նա փոխվեց և դարձավ Հին Կտակարանի մեծ օրենսդիր մարգարեն:21

Կնոջս պապը՝ Ջեյմս Բ. Քեյսորը, միշտ զարմացրել է ինձ իր սրտի հզոր փոփոխությամբ:22 Նա ծնվել է Վերջին Օրերի Սրբերի հավատարիմ ռահվիրա նախնիներից Սոլթ Լեյքի հովտում 1906 թվականին: Պատանեկան տարիքում կորցրել է մորը և մաքառումների մեջ է եղել իր երիտասարդության տարիներին: Նրա պատանեկան և երիտասարդ տարիներն անցել են Եկեղեցուց հեռու, որի ընթացքում նա ձեռք է բերել մի շարք վատ սովորություններ։ Այնուամենայնիվ, նա հանդիպեց և ամուսնացավ մի հավատարիմ կնոջ հետ և միասին մեծացրին հինգ երեխա։

1943 թվականին, Մեծ ճգնաժամի դժվարին տարիներից հետո և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Բադը, ինչպես նրան անվանում էին ընկերներն ու իր ընտանիքը, աշխատանք փնտրելու պատրվակով հեռացավ Յուտայից և տեղափոխվեց Լոս Անջելես (Կալիֆորնիա): Տնից հեռու այս ժամանակահատվածում նա ապրում էր իր քրոջ և նրա ամուսնու հետ, որը ծառայում էր որպես իրենց ծխի եպիսկոպոս:

Իր քրոջ ու փեսայի սիրո և ազդեցության շնորհիվ նա սկսեց վերականգնել իր հետաքրքրությունը Եկեղեցու նկատմամբ և սկսեց կարդալ Մորմոնի Գիրքը ամեն գիշեր քնելուց առաջ:

Մի գիշեր, երբ նա կարդում էր Ալմայի 34-րդ գլուխը, նրա սիրտը հուզվեց՝ կարդալով հետևյալ խոսքերը.

«Այո, ես կկամենայի, որ դուք գործի անցնեք և չկարծրացնեք ձեր սրտերն այլևս։…

Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը»։23

Այս տողերը կարդալիս մի հզոր զգացում պատեց նրան, և նա գիտեր, որ պետք է փոխվի, ապաշխարի, և նա գիտեր, թե ինչ պետք է անի: Նա վեր կացավ իր անկողնուց, ծնկի իջավ և սկսեց աղոթել՝ աղաչելով Տիրոջը, որ ների իրեն և տա իրեն անհրաժեշտ ուժ՝ իր կյանքում փոփոխություններ կատարելու համար: Նրա աղոթքն ընդունվեց, և այդ ժամանակից նա երբեք հետ չնայեց: Բադը շարունակեց ծառայել Եկեղեցում և մինչև իր կյանքի վերջը մնաց հավատարիմ, նվիրված Վերջին Օրերի Սուրբ: Նա փոխվեց բոլոր առումներով։ Նրա միտքը, նրա սիրտը, նրա արարքները, նրա էությունը փոխվել էին։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր աստվածային ճակատագիրն ու նպատակը, ի վերջո, մեր Երկնային Հորը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին նմանվելն է: Մենք դա անում ենք, երբ փոխվում ենք կամ ապաշխարում: Մենք «ընդունում ենք Փրկիչի պատկերը [մեր] դեմքին»:24 Մենք դառնում ենք նոր, մաքուր, տարբերվող, և մենք պարզապես շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ ամեն օր: Երբեմն, կարող է թվալ՝ երկու քայլ առաջ և մեկ քայլ հետ ենք գնում, բայց մենք շարունակում ենք խոնարհաբար առաջ գնալ հավատքով:

Եվ երբ մենք խոնարհեցնում ենք ինքներս մեզ և հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, Քրիստոսի շնորհը և Նրա անսահման քավող զոհաբերությունը մեզ հնարավորություն են տալիս փոխվել:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն իրականում մեր Փրկիչն ու Քավիչն է: Նրա շնորհը իսկապես բավական է: Ես հայտարարում եմ, որ Նա է «ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը»:25 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։